Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Իսկ ընկերները չկային

Իսկ ընկերները չկային
24.02.2009 | 00:00

ՀԻՄԱ ՄԻԱՑԱ՞Ն, ԹԵ՞ ՉՄԻԱՑԱՆ
Նախօրեին տեղի ունեցած ՀՌԱԿ-ի համագումարը որոշակի պարզություն մտցրեց տևական ժամանակ կուսակցության շուրջ ծավալված քաղաքական խմորումներում՝ միաժամանակ շատ բաներ վերստին իրար խառնելով։ Սակայն ամեն ինչ հերթով։
Ռամկավարների հերթական համագումարը տեղի էր ունենում «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, քանի որ կառավարության նիստերի դահլիճը «բյուրոկրատական քաշքշուկներից» հետո ու համագումարից միայն երկու օր առաջ, երեկոյան էր տրամադրվել։ Այս հանգամանքը խիստ էր նյարդայնացրել ռամկավարների ատենապետ Հարություն Առաքելյանին, ով սա համարեց վարչապետի «խղճուկ» գործունեության արդյունք։ «Համենայն դեպս, ամեն ինչ արեցին, որ մենք կազմակերպված հանդես չգանք։ Ե՛վ հայրենիքում, և՛ սփյուռքում մեր կուսակցության գործերին խառնվելու առումով բացահայտ գործում է վարչապետը»,- վստահեցրեց Առաքելյանը։ Չնայած, եթե հաշվի առնենք ներկաների քանակը, ապա կարծես թե կառավարության նիստերի դահլիճը բավականին դատարկ տեղեր էր ունենալու։ Մինչ ՀՌԱԿ-ի ներքաղաքական թնջուկի վերծանումը փաստենք, որ համագումարի սկիզբը նմանվեց «հուշ-ցերեկույթի», քանի որ ՀՌԱԿ-ը որոշել էր 14 հայրենակիցների «պատվել ՀՌԱԿ-ի ոսկե հուշաշքանշանով»։ Պատվեցին պարի ու քանոնի կնքահորն ու կնքամորը, սրտաբանին ու երգչին, դրամատուրգին ու լեզվաբանին և այլոց։ Հետո ՀՌԱԿ ատենապետն անցավ «չոր» կուսակցական աշխատանքներին, այսինքն՝ օրակարգում ընդգրկված հարցերին։ Բայց մինչ կուսակցության հաշվետվությունն ու ընտրական գործընթացները, Հարություն Առաքելյանը, անսալով լրագրողների հարցադրումներին, բլից հարցազրույց տվեց։ Ահա և հասանք գլխավորին։ Ինչպես նախօրոք հայտարարել էին, «Դաշինք» և «Ազգային վերածնունդ» կուսակցությունները, համապատասխանաբար Սամվել Բաբայանի և Ալբերտ Բազեյանի գլխավորությամբ, պետք է միավորվեին ՀՌԱԿ-ին, ու թվում էր, թե այս համագումարն այդ առումով հետաքրքրաշարժ կլիներ։ Սակայն դահլիճում ներկա չէին ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։ ՈՒշագրավ է։ Այս փաստը յուրովի մեկնաբանեց Առաքելյանը՝ Բաբայանը և Բազեյանը կուսակցական չեն և պարտավոր չէին ներկա գտնվել, չնայած «հրավերներ ստացել էին»։ Իա՜, բա էլ ինչի՞ էին միավորվում, որ անգամ համագումարին հարկ չեն համարել մասնակցել։ Բայց դե, նրանք Առաքելյանի «ընկերներն են», ու կրկին վերջինս հավաստում է. «Նրանց բոլոր կառույցները մեզ միացած են։ Արդարադատության նախարարությունը նրանց գրանցել է, և ՀՌԱԿ-ը հանդիսանում է «Դաշինք», «Ազգային վերածնունդ» կուսակցությունների և ՀԱԱԿ-ի իրավահաջորդը»։ Իսկ կուսակցական դառնալը, ըստ նրա, շատ անձնական հարց է, և ընկերների փոխարեն ինքը չէր ցանկանա հանդես գալ մեկնաբանությամբ։ Այսուհանդերձ, լրագրողների համար նորից մութ մնաց՝ լավ, ինչո՞ւ ՀՌԱԿ-ի «ընկերները», բացի Էդուարդ Անտինյանից, «լայաղ չեն արել» միավորված կուսակցության համագումարին ներկայանալ։ «Ով ինչով է զբաղված, կխնդրեի հարցերը տալ ամեն մեկին»,- հարցերի ճիշտ հասցեատերերին է մատնանշում կուսակցության ատենապետը՝ միաժամանակ նշելով, որ գիտե, թե ինչու Բազեյանն ու Բաբայանը չեն եկել։ Չեն եկել, որովհետև զբաղված են։ Առաքելյանը նաև զարմանում է, թե ինչու են անընդհատ լարվածություն փնտրում Առաքելյան-Բազեյան-Բաբայան հարաբերություններում։ «Մամուլով հազար անգամ ասել եմ՝ նրանք իմ ընկերներն են։ Ի՞նչ է, մնում է պլակատ բռնեմ, մա՞ն գամ»։ Այս ուղղությամբ հարցերի տարափը կանխելով՝ Առաքելյանը խոստացավ առաջիկայում ասուլիս հրավիրել։
Մի նկատառում էլ։ Հերթական համագումարի միակ «շրջադարձային» հարցը սփյուռքի հետ կուսակցության հարաբերություններն էին։ Հայաստանի ռամկավարների սրտով չէ, թե ինչպես է աշխատում սփյուռքի ղեկավարությունը։ «Սփյուռքի ղեկավարման ձևը համարում ենք իր դարն ավարտած։ ՈՒնենք կոնգրեսի առաջարկ»,- նշեց ՀՌԱԿ -ի ատենապետը՝ տեղեկացնելով, որ այս տարի տեղի է ունենալու սփյուռքի համագումարը։ Ի դեպ, օրակարգում ընդգրկված էր նաև ՀՌԱԿ-ի ատենապետի ընտրության հարցը։ Հիշեցնենք, որ քաղաքական կուլիսներում պարբերաբար շրջանառվում էր Սամվել Բաբայանի անունը՝ որպես ատենապետի։ Սակայն համագումարում միակ առաջադրված թեկնածուն Հարություն Առաքելյանն էր, որն էլ վերընտրվեց։ Վերջակետ դրվեց նաև այս խոսակցություններին՝ Սամվել Բաբայանի, Ալբերտ Բազեյանի, Հարություն Առաքելյանի և Էդուարդ Անտինյանի միջև հաստատելով հեռակա «ընկերություն»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3116

Մեկնաբանություններ