Հայ-գերմանական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՍԱՐՈՅԱՆԸ տարիներ առաջ ուներ երաշխիքներ, որ Հայաստանում կհիմնադրվի Գերմանական համալսարան, որտեղ գերմաներենին տիրապետողները կարող են ձեռք բերել ժամանակակից աշխարհում պահանջարկ վայելող մասնագիտություններ: Հայաստանում գործում են Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, Ֆրանսիական և Ամերիկյան համալսարանները, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի բացման հարցը ներառված է միջկառավարական հանձնաժողովի օրակարգում: Ինչո՞ւ չգործեց Գերմանական համալսարանը, որի հիմնադրման համար այդքան ջանք էր թափվել: Էդուարդ Սարոյանը հիշեցնում է, որ վերոնշյալ համալսարանները մեզ մոտ սկսեցին գործել միջպետական համաձայնագրերի շնորհիվ: «Գերմանիայի կառավարությունը չունի նման քաղաքականության հեռանկար: Եվ՝ ոչ միայն Հայաստանում, այլև՝ ողջ տարածաշրջանում, հենց թեկուզ՝ Վրաստանում: Նման ծրագիր չկա նաև հեռանկարում»,- ասաց մեր զրուցակիցը: Երբ մտահղացվել էր Գերմանական համալսարան բացելու գաղափարը, Էդուարդ Սարոյանը կապեր էր հաստատել նաև արտերկրի իր գործընկերների հետ, կնքել համագործակցության պայմանագրեր: «Հայաստանում շատ դասախոսներ, գործընկերներ ոգևորությամբ էին ընդունել այդ փաստը, մեծ հետաքրքրություն էր առաջացել: Եվ ձևավորվեցին վերապատրաստման դասընթացներ, հետազոտական ծրագրեր: Այս ամենը հիմք էր տալիս ենթադրելու, որ մեր նախաձեռնությունը կպսակվի հաջողությամբ, և կկարողանանք բացել համալսարան: Պատկերացումն այնպիսին էր, որ նման համալսարանները կարող են լինել պետական հովանու ներքո, բայց, որպես մասնավոր կառույց, այն չհետաքրքրեց ո՛չ հայկական, ո՛չ էլ գերմանական կառավարությանը: 2009 թ. ստացել էինք լիցենզիա, 2011թ. պատրաստվում էինք ընդունել առաջին դիմորդներին, սակայն հենց նույն թվականին էլ լիցենզիան կասեցվեց»,- ասաց Էդուարդ Սարոյանը: Պարոն Սարոյանը հիշում է, որ գերմանական կողմից եղել է աջակցություն, Քեհլի բարձրագույն դպրոցի ռեկտորն այցելել է Հայաստան: Այսօր էլ, ըստ նրա, շարունակվում է համագործակցությունը գերմանական կողմի հետ: Էդուարդ Սարոյանը համոզված է՝ եթե Հայաստանի կառավարությունը կարողանար վստահեցնել գերմանական կողմին, որ այդ համալսարանը պետք է մեր երկրին, գերմանական կողմն էլ իր հերթին ամեն ինչ կաներ այն կյանքի կոչելու համար: «Գերմանական կողմը չցանկացավ պաշտոնականացնել այդ գործընթացը, քանի որ դա չէր համապատասխանում Գերմանիայի կառավարության քաղաքականությանը: Նրանք շատ կոռեկտ են գործել»,- կարծում է Էդուարդ Սարոյանը: «Փլատակների չվերածվեցինք, որովհետև մի քանի տարի շարունակ աշխատում էինք, հրապարակում էինք համալսարանի պարբերականներ, որոնք լավ արձագանք ունեին և այսօր էլ ունեն: Մեզ հաջողվեց այդ ամենը պահպանել: Այն ենթակառուցվածքները, որոնք առկա էին, մենք տեղափոխեցինք հայ-գերմանական նախաձեռնությունների տանիքի տակ»,- ասաց մեր զրուցակիցը: Հետագա ծրագրերից նա կարևորում է մի քանի մասնագիտություններ՝ կազմակերպությունների զարգացման խորհրդատվությունը, կոնֆլիկտաբանությունը և մեդիացիան (հաշտարարությունը), թեև այդ մասնագիտությունները մեր երկրեւմ առայժմ պահանջարկ չեն վայելում:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ