Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Մա՛րկ, ինչո՞ւ ես բուհի 2-րդ կուրսի ուսանողների մասին խոսում արհամարհանքով` նրանց համարելով տղեկներ

Մա՛րկ, ինչո՞ւ ես բուհի 2-րդ կուրսի ուսանողների մասին խոսում արհամարհանքով` նրանց համարելով տղեկներ
08.11.2013 | 12:09

Սոկրատ ԽԱՆՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԼՂՀ
գիտության վաստակավոր գործիչ,
Արցախի պետական
համալսարանի դասախոս

Հարգելի «Իրատես de facto»-ի խմբագրություն, կներեք, որ առաջին անգամ նամակ եմ հղում մի այնպիսի առիթով, որն այնքան էլ հաճելի չէ, սակայն անհրաժեշտ է այն առումով, որ մեր ժամանակակից մամուլի էջերում հաճախ են տպագրվում նյութեր` շարադրված ավելի շատ սուբյեկտիվ դրդապատճառներով, փաստերի ու իրադարձությունների անտեղյակությամբ կամ երևույթը ժխտելու միտումով:
Ինչպես հայտնի է, այս տարվա հոկտեմբերի 17-19-ին ՀՀ ԳԱԱ-ն կազմակերպել էր հայագիտական միջազգային համաժողով` «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» թեմայով: Համաժողովին Արցախի պետական համալսարանից մասնակցել ենք մի խումբ դասախոսներ: Մի քանի օր մնալով Երևանում, ինչպես միշտ, գնել եմ առանձին հանդեսների ու թերթերի թարմ համարներ, այդ թվում նաև` «Իրատես de facto»-ի թիվ 64-ը: Ծանոթանալով համարում զետեղված նյութերին, ինձ խիստ մտահոգեց «1915-ին վախճանված մարդը հանդիպել է Պարույր Սևակին» հոդվածը` Մարկ Եղիազարյան ստորագրությամբ: Չեմ թաքցնում, այն կարդացի զարմանքով ու զայրույթով, որովհետև գրված է վրիժառության անհարկի ու ցցուն միտումնայնությամբ, մի երևույթ, որ, ցավոք, նկատելի է եղել մեր մշակույթի պատմության մեջ և՛ 19-րդ դարում, և՛ խորհրդային մարդակուլ տարիներին:
Որպեսզի խոսքս պաշտպանության փորձ չթվա, կպատասխանեմ հոդվածում բերված մի կողմից` կասկածամտության ու անտեղյակության, մյուս կողմից` ժխտողականության կսմիթներին:
Այսպես, հոդվածի հենց վերնագրի տակ, որպես մուտք, հեղինակը հայտնում է, որ Պարույր Սևակի մասին հոդվածներ փնտրելիս նկատել է մի հղում, վերնագիրը` «Ես հանդիպել եմ Աստծո քարտուղարին»: Ապա շարունակում է, որ հղումով մտնելով ինչ-որ կայք, նկատել է, որ ճակատին գրված է «Վարդան Հակոբյան. գրող, բանասիրական գիտությունների դոկտոր»: Այնուհետև հումորախառն ավելացնում է. «Պարզվում է` մարդը հուշեր ունի Սևակի մասին»: Կանխակալ վերաբերմունք` հենց սկզբից:
Հոդվածի առաջին պարբերականում Մարկը նշում է, որ Վարդան Հակոբյանի հուշերում «արժանահավատ տող անգամ» չի գտնում, որ հավատա, «թե այս մարդը հանդիպել է Պարույր Սևակին ու հետն էլ բաժակ խփել»: Շարունակելով խոսքը, ընդգծում է. «Հուշագրությունն ընթերցելուց հետո որոշեցի որքան հնարավոր է ծանոթանալ ինձ անհայտ այս «գրող, դոկտորի» կենսագրությանն ու գործունեությանը»:
Այստեղ հարկ եմ համարում դիմել հոդվածագրին. «Մա՛րկ, ինչպե՞ս է, որ Հայաստանի գրողների միության համարյա բոլոր անդամները, ինչպես նաև Սփյուռքի հայ մշակույթի անվանի գործիչները, մեր Հայաստանի և Արցախի բուհերի վաստակաշատ գրականագետները ճանաչում են Վարդան Հակոբյանին` որպես ժամանակակից հայ պոեզիայի ինքնատիպ ներկայացուցիչներից մեկի, որն իր գրական թարմ հունձքի շնորհիվ արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման, Հայաստանի նախագահի մրցանակին, ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, իսկ դու չես ճանաչում նրան և ձգտում ես գրական վաստակին ծանոթանալ, այն էլ` համացանցի միջոցով: Որպես արցախյան համազգային շարժման ակտիվ գործչի` նրան ամբողջ հայությունն է ճանաչում, գոնե այս եզրույթում էլ ծանոթ չէ քեզ նրա անունը… Հազիվ թե… Այդ նա է, որ 1988-ին գրեց (երջանկահիշատակ Հրաչյա Բեգլարյանի հետ) Արցախի մտավորականների պատմական նամակը` Արցախը մայր Հայաստանին միացնելու պահանջով, նամակի տակ առաջինը դնելով իր ստորագրությունը (ի դեպ, այնտեղ կա և իմ ստորագրությունը, չորրորդն է), այդ նա է, ով շարժման ակտիվ գործիչների հետ մասնակցեց ու կազմակերպեց ԼՂ մարզային խորհրդի պատմական նստաշրջանը, այդ նա է, որ նույն այդ պատմական նստաշրջանի դահլիճից խիզախորեն դուրս հրավիրեց Ադրբեջանի գերագույն ղեկավարությանը` Բագիրովի գլխավորությամբ, այդ նա է, որ շարժման գործունեությունը ղեկավարող «Կռունկ» կոմիտեի փոխնախագահն էր, և նա է, որ դեռևս խորհրդային տարիներին (Արցախում առաջինը) գրողների կազմակերպությունը հանեց Ադրբեջանի կազմից ու դարձրեց միութենական ենթակայության, այդ նա է, ում գրած երգը դարձավ «Արցախի հիմնը»… Ամբողջ աշխարհի հայությունն այն լսելիս ոտքի է կանգնում, մի՞թե երբևէ դու չես լսել այն, Մարկ։ Վարդանի գրական վաստակն իր հերթին, բայց հենց այս վերոնշյալ փաստերը, կարծում եմ, բավական են, որ ցանկացած ճշմարիտ հայ Վարդան Հակոբյան անվան նկատմամբ, թերևս, որոշակի հարգանք տածի, հարգելի Մարկ, գոնե նրա մասին չմտածի քամահրանքով… Այդ ինչպե՞ս է, որ Վարդան Հակոբյանի պոեզիան արժանացել է Ամենայն հայոց կաթողիկոս, երջանկահիշատակ Վազգեն Առաջինի ուշադրությանն ու դրվատանքին, հայ անվանի գրողներ Հովհ. Շիրազի, Սերո Խանզադյանի, Համո Սահյանի, Հովհ. Գրիգորյանի և շատ ուրիշների բարձր գնահատականին (խոսում ենք գրավոր փաստերով), դարձել է առանձին նշանավոր գրականագետների ուսումնասիրության առարկա, նրա մասին մենագրական գրքեր են գրվել, իսկ դու ծանոթ չես նրա ստեղծագործությանը, որն ընդգրկում է քնարական հիանալի բանաստեղծություններ, պոեմներ, պիեսներ, մանկական գործեր, ինչպես նաև վերջերս տպագրված պատմական վեպը` 20-րդ դարում Արցախի անցած տառապալից ու հերոսական ճանապարհի մասին: Ականավոր գրող Սիլվա Կապուտիկյանը Վարդանի մասին գրել է, որ նա «մշակութային մեծ գործիչ է»: Իսկ ինչ վերաբերում է Հակոբյան-գրականագետի ծառայությանը, ապա առավել ևս դու պետք է իմանայիր ոչ միայն նրա թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների մասին, այլև նրա կրակոտ ու բանիմաց գիտական աշխատանքների, որոնք արժանացել են մեր ականավոր գրականագետների (Սուրեն Աղաբաբյան, Էդվարդ Ջրբաշյան, Սերգեյ Սարինյան…) ուշադրությանն ու խրախուսող գնահատականներին:
Մարկ, դու իզուր ես կասկածում, որ Վ. Հակոբյանը զրույցներ է լսել Բաքվում Չարենցի անցկացրած ամիսների մասին: Կասկածելու առիթ չկա: 1927 թ. նոյեմբերի 9-ին Չարենցը ժամանել է Բաքու, այնտեղ ապրել և ստեղծագործել մինչև 1928 թ. հունվարի վերջը: Այդ ժամանակաընթացքում նա ղեկավարել է «Կոմունիստ» (հայերեն) թերթի գրականության բաժինը: Երկար ժամանակ «Կոմունիստ» թերթի այդ բաժնում պահպանվել է այն գրասեղանը, որն օգտագործել է մեծ բանաստեղծը: Եվ Բաքվում ապրող, և Երևանից ժամանած հայ գրողները մասունք դարձած այդ գրասեղանը դիտելիս, շոշափելիս ինչ որ խանդաղատանք էին ապրում: Ես, որ 1953-1962 թթ. աշխատել եմ «Կոմունիստ» թերթի նույն բաժնում` որպես գրական աշխատող, համարյա ամեն օր այդ սեղանը տեսնելիս, ասես զգում էի պոետի շունչը: Տարիներ անց հայ մշակույթի մի շարք ընկերների առաջարկով ու խնդրանքով այդ գրասեղանը տեղափոխվել է, եթե չեմ սխալվում, Չարենցի անվան տուն-թանգարան: Ահա հենց վերը նշված սրբազան զգացումների մասին է, որ գրել է Վարդան Հակոբյանը: Ինչ վերաբերում է Հակոբյանի Սլավիկ անվանը, ապա նշեմ, որ նրա գրական Վարդան անունը կնքել է մեծանուն Հովհ. Շիրազը: Նա գրել է Սլավիկ Հակոբյանին, թե գրական անունդ «Վարդան դիր, այն, որ Ավարայրն է հիշեցնում և սաստում է ազգի դավաճաններին, որոնցով լիքն է իմ շուրջի Հայաստանիկը: Ապրես, որ միշտ ստեղծագործում ես: Հուսանք…» (ձեռագիր նամակը պահպանվում է):
Այո, Մարկ, 1967 թ. աշնանը Ադրբեջանի գրողների միության դահլիճում տեղի է ունեցել Կովկասի հանրապետություններից հրավիրված գիտնականների գիտաժողով` նվիրված Հոկտեմբերյան հեղափոխության 50-րդ տարեդարձին: Նշեմ, որ ես 1962-ից թողել էի «Կոմունիստ» թերթի աշխատանքը, սովորել ասպիրանտուրայում, 1965-ին Երևանում, ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել թեկնածուական թեզ` «Ն. Զարյանի դրամատուրգիան» թեմայով, այնուհետև դասախոսում էի Բաքվի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնում:
1967-ին ես ևս ներկա եմ եղել Բաքվում կազմակերպված գիտաժողովին, որի մասին ակնարկում է Վարդան Հակոբյանը: Այո, մեծն Սևակը մասնակցում էր գիտաժողովին: Վարդան Հակոբյանին և նրա ընկերներին առաջին և երկրորդ կուրսերում դասավանդել եմ «Հայ գրականություն» առարկան ու յուրաքանչյուր երկժամի վերջում առաջարկում էի, որ Վարդանը կարդա իր նոր բանաստեղծությունները: Նա տարբերվում էր ստեղծագործող ընկերներից իր պատկերավոր մտածողությամբ:
Ադրբեջանի գրողների միությունում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ Վարդանն իր ընկերների հետ եկել էր հանդիպելու Պ. Սևակին, հիրավի` Աստծո քարտուղարին, դրա վկայություններից էր հենց այն հանդիպումը, որի վերաբերյալ իր հիացմունքն է արտահայտել Վարդանը: Ես ևս ներկա եմ գտնվել այդ հանդիպմանը, որը տեղի է ունեցել ծովափնյա հյուրանոցում, ուր իջևանել էր Սևակը` հանճարեղ-համեստ, անմիջական-հոգատար, մարդամոտ-բարեսիրտ այդ հսկան: Վարդանի պատմածը հորինվածք չէ, կոնկրետ փաստ է և իրականություն, մանրամասն ու ճշգրիտ: Սևակի մեծությունը հենց կայանում էր նրանում, որ կարողանում էր մեծին ու փոքրին ընդունել, հարգել` մոռանալով իր մեծությունը: Նա, այո, հյուրասիրեց սևակավարի, հայկական կոնյակով: Ի դեպ, Սևակը տարբեր առիթներով այցելում էր Բաքու: Այդ մասին ես բազմիցս եմ գրել ու տպագրել մամուլում: Նա Բաքու է ժամանել և ելույթ ունեցել Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակի օրերին, Անդրկովկասյան ժողովուրդների պոեզիայի փառատոնի օրերին, ինչպես նաև Հոկտեմբերի 50-ամյակին նվիրված գիտաժողովին: Մենք անպայմանորեն հանդիպում էինք նրան, լսում, ըմբոշխնում նրա խորհուրդները: Նման հանդիպումների արդյունքում սկիզբ առավ նրա և բանաստեղծ, «Գրական Ադրբեջան» հանդեսի պատասխանատու քարտուղար Վահե Հովակիմյանի նամակագրությունը` ժամանակակից պոեզիայի ընթացքի մասին: Այդ նամակ-աշխատությունների մի մասը տպագրվել է Պ. Սևակի 6-հատորյակի վերջին հատորում: ՈՒստի կարիք չկա կասկածելու, որ Սևակը, դիմելով երիտասարդներին, ասել է. «Ինչ լավ է, որ Բաքվում դուք կաք»: Այդ տարիներին Բաքվում (այն միշտ եղել է հայ մշակույթի կենտրոններից մեկը) ապրում էր 400 հազար հայ: Սակայն Սևակն արդեն ափսոսում էր, որ քաղաքի հայ ընտանիքների մեծ մասի երեխաներն այցելում էին ռուսական դպրոց: Այդ կապակցությամբ նա նույնիսկ հանդես է եկել «Գարուն» ամսագրում:
Դառնանք բուն խնդրին: Հյուրանոցում Սևակը, ծանոթանալով Վարդան Հակոբյանի բանաստեղծությունների ձեռագիր տետրին, նրան խրախուսեց, նույնիսկ տողերի կողքին` իր ձեռագրով թողեց հավանության հղումներ: Այո, ափսոսում եմ նաև ես, որ Սևակի նշումներով տետրը չի պահպանել Վարդանը: Ես դա շատ լավ եմ հիշում: Մինչդեռ դու, Մարկ, Վարդան Հակոբյանի հուշերը Պ. Սևակի մասին համարում ես կեղծիք, սուտ, հնարանք: Ո՛չ, Մարկ, հազար անգամ` ո՛չ, այդ հանդիպումը տեղի է ունեցել և բոլորիս վրա թողել է անջնջելի տպավորություն: Հետաքրքիր է, Մա՛րկ, ինչո՞ւ ես բուհի 2-րդ կուրսի ուսանողների մասին խոսում արհամարհանքով` նրանց համարելով տղեկներ: Դա որտեղի՞ց է գալիս: Չմոռանանք, որ Արցախյան ազգային-ազատագրական պայքարին մասնակցել են հարյուրավոր առաջին և երկրորդ կուրսի ուսանողներ, իրենց կյանքի գնով ապահովել ոչ միայն մեր ժողովրդի հաղթանակը, այլև փրկել մեր ազգային արժանապատվությունը:
Գուցե և համաձայնենք, Մարկ, քո հոդվածի հետգրության հետ, որտեղ ընդգծում ես. «Ընդհանրապես, պետք է նկատել, որ հայ ժամանակակից գրողներից շատերն են տարվում սեփական կենսագրությունը սրբագրելու, հորինելու և զարդարելու մոլուցքով և շատերին ձգտում ապացուցել, որ իրենց իբրև բանաստեղծ «մկրտել» է Պարույր Սևակը»:
Կրկնեմ, որ Վարդան Հակոբյանը մեր ժամանակակից պոեզիայի համահայկական ճանաչում գտած բանաստեղծներից է, ավելին, նրա գրքերը տպագրվել են ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, վրացերեն, բուլղարերեն և այլ լեզուներով, նրա հեռագնա, արարող պոետական շնորհքը ժամանակին նկատել է Աստծո ազնվագույն քարտուղար Պարույր Սևակը և չի սխալվել:
Քանի որ խոսքն այն երևույթի մասին էր, որի վկան ու ականատեսն եմ եղել, ես չէի կարող չարձագանքել, ես միշտ էլ, ըստ իմ բնույթի, դեմ եմ անիմաստ ու ժամանակ վատնող վիրավորական բանավեճերին: Վերջապես վերհիշենք Մեծ լոռեցու խորհուրդը. «Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ: Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայնսիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք… Մի՞թե չենք կարող… բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի:
Մի՞թե դժվար է»:
Իհարկե, Մարկ, դժվար չէ, միայն ցանկություն է պետք: Այդ ցանկության մասին քիչ չի խոսել նաև անմոռանալի Պարույր Սևակը, որը երբեք իրեն կուռք չի դարձրել, քանզի նա մեծ էր և որպես գեղագետ, և որպես ՄԱՐԴ:

Դիտվել է՝ 2604

Մեկնաբանություններ