«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ինչպես Փոքրիկ իշխանի միակ վարդը

Ինչպես Փոքրիկ իշխանի միակ վարդը
16.07.2024 | 11:35

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն ասաց՝ Sah ein Knab' ein Röslein stehn, Հովհաննես Թումանյանը ոսկեղենիկով արձագանքեց՝ Փոքրիկ տղան մի վարդ տեսավ, Ռոմանոս Մելիքյանն արձագանքը բարուրեց վարդահունչ մեղեդու մեջ... Կամ Ռոբերտ Բըրնսը բացականչեց O my Luve is like a red, red rose - Օ՜, իմ սերը նման ա կարմիր-կարմիր վարդի... Իսկ Օսկար Ուայլդը դայլայլեց The nightingale and the rose - Սոխակն ու վարդը...

Վա՜րդ... Քանի-քանի պոետի լեզու ա քաղցրացրել վարդը, քանի-քանի գրողի գրիչ ա ծաղկել նրա գրկախառնված թերթիկների հմայքից, քանի-քանի սիրահարվածի գլուխ ա պտտվել նրա բույրից...

Բայց վարդերի մեջ կա մեկը՝ փոքր, նուրբ, վարդագույն թերթիկներով, որին ծաղկաբույծի ձեռք չի կպել։ Էդ վարդը չեն նվիրում, էդ վարդին երգ չեն ձոնում, նրան մուրաբա են ձոնում։ Դա վայրի վարդն ա՝ դեռատի աղջկա նման նրբիկ ու եթերային։

Վարդի մուրաբան սիրո երգի նման ա։ Հա՛, իսկապես, չէ՞ որ մենք նրա թերթիկներից քաղցր մուրաբա ենք սարքում ու ձմռանը վայելում դրանց նուրբ քաղցրությունը։ Տենց էլ սիրո երգը՝ սիրահարվածն իր սերն ա գտնում դրա մեջ, իսկ չսիրահարվածը նորից վայելում ա իր անցած սիրո նուրբ քաղցրությունը։

Մաման մեծ տոպրակով բերում էր վարդերը, լցնում սեղանին ու սկսում էր երիցուկի թերթիկների նման հերթով պոկել վարդի թերթիկները։ Ու սիրումա-չիսիրումների մի երկարատև ու բուրավետ վարդագուշակություն էր սկսվում։ Մեծ թասի մեջ սիրումաները խառնվում էին չսիրումաներին, ու բոլորը դառնում էին սիրում ա, պաշտում ա, լոզերը գնում ա, ամբողջ տունը լցրած վարդի նուրբ հոտից գլուխը պտտվում ա․․․ Հետո օշարակն էր սարքում ու վարդի թերթերը լցնում մեջը։

Շաքարով քաղցրացրած դեռատի վարդի թերթիկները նույնն են, ինչ հիշողությամբ քաղցրացրած առաջին պատանեկսն սերը, ու կապ չունի, թե պոկելիս որ մեկն են եղել՝ սիրում ա՞, թե՞ չի սիրում, երկուսն էլ քաղցր են, երկուսն էլ սեր են։ Հետո սերը լցվում էր բանկաների մեջ ու սպասում ձմեռվան։

Էներգիայի փոխակերպման օրենքի ամենազարմանալի դրսևորեւմներից մեկն ա, երբ վարդի հոտը դառնում ա վարդի համ, ու դու քիմքով զգում ես էն, ինչը ռունգերո՛վ պիտի զգայիր։ Հրաշքն էլ ո՞նց ա լինում։ Դա նույնն ա, ինչ համտեսես գարունը կամ թթվաշ մոշի նման՝ բերանումդ զգաս Էլիզաբեթ Թեյլորի մանուշակագույն հայացքը։

Ձմռանը բացում ես բանկան։ Վարդի թերթիկները դեղին սաթի նման լողում են թանձր հյութի մեջ։ Մի քիչ լցնում ես ամանի մեջ, հետո մի գդալ դնում ես բերանդ ու ատամներդ սեղմում։ Քաղցր հյութի մեջ թաթախված թերթիկները թեթևակի ճռճռում են ատամներիդ տակ։ Նրանք դեռ պահպանել են ամառային թարմությունը, ասես հենց նոր հարսի գլխից պոկած քող լինեն՝ սիրով, հույսերով, քաղցր երազներով ներծծված։

Հիմա ես երբեմն խանութից առնում եմ վարդի մուրաբա։ Լավն ա, համով ա, վարդի մուրաբան չի կարա համով չլինի։ Բայց վարդի թերթիկների մեջ ներծծված սերը խանութի մուրաբայի մեջ ուրիշ ա՝ մի տեսակ, տիրաժավորված ա, գործարանային ա, ինչպես ծախու սերը։ Իսկ մամայի եփած մուրաբայի մեջ վարդի թերթիկներից ամեն մեկը յուրահատուկ էր՝ ինչպես Փոքրիկ Իշխանի միակ վարդը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ