ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Լեռնային Ղարաբաղը և պատերազմի թարմ սպիները

Լեռնային Ղարաբաղը և պատերազմի թարմ սպիները
26.12.2020 | 20:53

The National Interest-ը (ԱՄՆ) գրել է.

«Նոյեմբերի 10-ին կնքվեց զինադադարի պայմանագիր, որով վերջ դրվեց Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմին: Այժմ երկու հակառակ կողմերը զբաղված են հետպատերազմյան ներքին գործերով: Երևանն ու Բաքուն ընդհանուր առմամբ համաձայն են, որ Բաքուն հաղթեց, իսկ Երևանը պարտվեց: Գոնե այս հարցում նրանց միջև համաձայնություն կա: Ադրբեջանում մեկը մյուսի հետևից տոնակատարություններ էին տեղի ունենում, որոնք ավարտվեցին մեծ հաղթական շքերթով: «Եթե Հայաստանը դարձյալ փորձի ցույց տալ իր ֆաշիստական հակումները Ադրբեջանի հանդեպ, երկաթե բռունցքի տակ կընկնի: Ադրբեջանի համար նոր փուլ է սկսվում»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաղթանակին նվիրված տոնական արարողության ժամանակ: Մինչդեռ Հայաստանը բորբոքված է համազգային սուգի և հակակառավարական կատաղության պայթյունավտանգ խառնուրդով: Ընդդիմադիր կուսակցությունները անընդհատ փորձում են հեռացնել Փաշինյանին իշխանությունից, նրա կառավարությունն իբր սխալ է կառավարել ռազմական գործողությունները: Այս շաբաթվա սկզբին ցուցարարները դարձյալ փորձեցին գրոհել Երևանի կառավարական շենքը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը: Այս զգացմունքները ամրապնդվում են միջազգային լայն կոնսենսուսի շնորհիվ, որ տարածվում է Վաշինգտոնից Մոսկվա: Այս պատերազմի զանգվածային ընկալման մեջ կա անհերքելի տրամաբանություն: Ադրբեջանը հաջողությամբ վերականգնել է 1988-1994 թթ. Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ընթացքում կորցրած տարածքները՝ Ադրբեջանի յոթ շրջանները, նաև Շուշիի մշակութային հուշարձանը: Հայաստանը, ընդհակառակը, ավելի քան մեկ ամիս տևած ծանր մարտերից հետո ստիպված եղավ լքել գրավյալ տարածքների մի մասը: Սակայն այս պարզեցումը կատարվածի միայն մի մասն է փոխանցում: Ադրբեջանի հարձակման հիմքում ընկած հանգամանքների ավելի մանրամասն ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ երկարաժամկետ հեռանկարում Բաքվի հաղթանակը կարող է արժենալ ավելին, քան Երևանի պարտությունը:
Հայտնվում են շատ ավելի ապացույցներ, որ Թուրքիան է պլանավորել, համակարգել և հիմնականում իրականացրել է Ադրբեջանի ռազմական գործողությունները: Անկարայի ռազմական օգնությունը ներառում էր թուրքական Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքեր, հատուկ նշանակության ջոկատներ և Թուրքիայի հետ կապված սիրիացի վարձկաններ, բայց դրանցով միայն չէր սահմանափակվում: Թուրքիայի վերահսկողությունն Ադրբեջանի զինված ուժերի վրա այնքան ուժեղ է, որ Անկարայի հրամանով մի քանի ադրբեջանցի ռազմական սպաներ աշխատանքից հեռացվեցին, երբ քննադատեցին հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածության ծավալը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցեց վերջերս Բաքվում կայացած հաղթանակի շքերթին: Պետությունների ղեկավարները ցնցող պատկեր ցույց տվեցին։ Նրանք կանգնած էին կողք կողքի, իսկ նրանց հետևում անընդմեջ ցուցադրվում էին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները: Բաքվի փողոցներում այնքան թուրքական դրոշ կար, որքան ադրբեջանական: Այն նույն չափով, որով Ալիևը հաղթեց, նրա հաղթանակը վճարվեց Ադրբեջանի ինքնիշխանությամբ:
Ադրբեջանում կմնա թուրքական ռազմական ներկայությունը, որն ավելի ու ավելի է հիշեցնում սյուզերենություն: Թուրքիայի աճող վետոն Ադրբեջանի արտաքին և ռազմական քաղաքականության վրա հավանաբար կամրապնդվի Հարավային Կովկասում Թուրքիայի պանթյուրքիստական զավթողական քաղաքականության հովանու ներքո: Էրդողանի օգուտը ակնհայտ է, բայց ի՞նչ շահեց Ալիևը: 45 օրվա ծանր մարտերից ու Ադրբեջանի կողմից հազարավոր կորուստներից հետո գրավյալ տարածքի զգալի մասը մնաց հայերի վերահսկողության տակ: Նոյեմբերի 9-ին միայն Ռուսաստանի միջամտությունից հետո էր, որ հրադադարի համաձայնագրի շրջանակներում Հայաստանը ստիպված եղավ լքել ադրբեջանական մնացած շրջանները: Այնուամենայնիվ, ռուս խաղաղապահներն այժմ անորոշ ժամանակով տեղակայված են Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայկական անկլավում: Այս կետը արժե կրկնել. պատերազմի հետևանքով Ալիևը կորցրեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելու ուղին: Բաքուն ոչ միայն չկարողացավ վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլև բախվեց կրկնակի ռազմական օկուպացիայի, որի վերջը հայտնի չէ:
Դիտարկենք փաստերը Երևանի կողմից: Հայաստանի կառավարությունը սկզբունքորեն համաձայնեց պնդման հետ, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի իրավականորեն ճանաչված տարածք է: Միևնույն ժամանակ, երկար ժամանակ հրաժարվում էր որևէ նշանակալի քայլ ձեռնարկել անկլավը կամ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ընթացքում հայկական ուժերի գրաված 7 շրջաններից որևէ մեկը հանձնելու ուղղությամբ: Միտումնավոր կամ իներցիայով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի ռազմավարությունն էր ամեն ինչ պահել սառեցված հակամարտության վիճակում: Դրան, ըստ էության, հասան հրադադարի մասին համաձայնագրով:
Հարավային Կովկասում աշխարհագրական կտրուկ տեղաշարժերի բացակայության դեպքում Լեռնային Ղարաբաղը կմնա որպես ինքնավար հայկական անկլավ Ադրբեջանի իրավական սահմաններում: Ռուս խաղաղապահների համաձայնեցված ներկայությունը, որը հեռու է հայերի համար պարտություն լինելուց, Լեռնային Ղարաբաղի բնակիչներին կապահովի անվտանգություն, որին երբեք հնարավոր չէր հասնել միայն հայկական զենքի ուժով: Երևանը սգում է գրավյալ յոթ շրջանների կորուստը, բայց այստեղ արժե նորից նայել նորագույն պատմությանը: Ինչպես իրավացիորեն նկատեց հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, Հայաստանի քաղաքական դասի ներսում գոյություն ուներ քաղաքական և պաշտոնական համաձայնություն, որ անհնար է անընդհատ պահել Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ շրջանները: Երկար ժամանակ նպատակն էր փոխանակել այս տարածքները, որոնք երբեմն նույնիսկ անվանում էին «անվտանգության գոտի», ավելի լավ պայմաններով Լեռնային Ղարաբաղի կայուն ինքնավար կարգավիճակի դիմաց: Քանի որ ռուս խաղաղապահներն արդեն երաշխավորում են Լեռնային Ղարաբաղի ներքին ինքնավարությունը, սակարկելու ոչինչ չկա: Այսպիսով, այս 7 տարածքները ավելի շատ բեռ են, քան ակտիվ: Դրանց տնօրինումը Հայաստանին ոչ մի ռազմավարական օգուտ չէր բերում, միևնույն ժամանակ Ադրբեջանի կողմից ռևանշիզմի մշտական աղբյուր էին:


Հրադադարի մասին համաձայնագրով Հայաստանը, թեկուզ դաժան ու անկանոն, բայցև վերջապես իրեն ազատեց ձգձգվող տարածքային բախումից, որում երբեք չէր հաղթի: Պատերազմի թարմ սպիները ժամանակի ընթացքում կբուժվեն, և Երևանը Փաշինյանի կամ մեկ այլ վարչակազմի վերահսկողության ներքո կկարողանա նվիրվել Հայաստանի ներկայիս պետական սահմաններում ապրող մոտավորապես երեք միլիոն մարդու ներքին խնդիրների լուծմանը: Մյուս կողմից՝ Բաքուն պատրաստ է մեծ գին վճարել «հաղթանակի» համար, մինչդեռ առաջիկա տարիներին պետք է լուծի պետականության և ինքնիշխանության էքզիստենցիալ խնդիրները:

Դիտվել է՝ 6345

Մեկնաբանություններ