ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայկական շախմատի 9-րդ ալիքը

Հայկական շախմատի 9-րդ ալիքը
28.11.2008 | 00:00

ԵՎ ԱՅԴ ՄԵԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷՐ
Եղավ այն, ինչ պետք է լիներ։ Այն, ինչով սկսել ենք ապրել 1963 թվականից, երբ աշխարհի 9-րդ շախմատային արքա հռչակվեց Տիգրան Պետրոսյանը։ Հետո եկավ Գարրի Կասպարովի՝ համաշխարհային դասական շախմատի վերջին՝ 13-րդ արքայի գահակալության տասնամյակը։ 1992 թվականին առաջին իսկ փորձից Հայաստանի հավաքականը նվաճեց Մանիլայում անցկացված 30-րդ համաշխարհային օլիմպիադայի բրոնզե պարգևները, ապա հաջորդեցին 1997, 2001 և 2005 թվականների աշխարհի առաջնությունների, 2002-ի 35-րդ օլիմպիադայի բրոնզե փայլը և, վերջապես, 2006 թվականի Թուրինի և 2008-ի Դրեզդենի ոսկե վերելքը Oլիմպոս։
Դրեզդենը մեր շախմատիստների համար սկսվեց տհաճ անակնկալով։ Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ մասնակից 152 երկրների դրոշների թվում չկար օլիմպիադայի գործող չեմպիոն երկրի եռագույնը։ Պատահականությո՞ւն էր, թե՞ հոգեբանական ճնշում, դժվար է ասել, սակայն պատասխանը չուշացավ։ Արդեն առաջին խաղափուլում իտալացիները ստիպված էին բոլոր չորս խաղատախտակների վրա կանգնեցնել ժամացույցները։ Հետո հաջորդեցին մյուս հաղթանակները։ Մեր ոսկե քառյակը 11 խաղափուլերից իննում հասավ հաղթանակի, կրեց մեկ պարտություն և մեկ հանդիպում ավարտեց ոչ-ոքի, խաղացված 44 պարտիաներից ընդամենը երկուսում հաղթանակը զիջեց մրցակիցներին, ինչը նույնպես օլիմպիադայի լավագույն ցուցանիշն էր։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի հավաքականը մինչև օլիմպիադայի մեկնարկը իր անդամների միջին վարկանիշով միայն 9-րդն էր։ Ըստ հերթականության, առջևից էին ընթանում Ռուսաստանի, ՈՒկրաինայի, Չինաստանի, Ադրբեջանի, Հունգարիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի և Իսրայելի թիմերը, իսկ ահա վերջին խաղափուլի ավարտից հետո օլիմպիական վարկանիշային աղյուսակն այսպիսի տեսք ուներ. Իսրայելի հավաքականը՝ միակ թիմը, որն առավելության հասավ մեր ընտրանու նկատմամբ, կանգնեց արծաթե պատվանդանին, ուկրաինացիները չորրորդն էին, իրենցից առաջ թողնելով ԱՄՆ-ի հավաքականին (ի դեպ, ամերիկացիների կազմում բրոնզե պարգևի արժանացավ նաև նախկին երևանցի Վարուժան Հակոբյանը), Ռուսաստանը հինգերորդն էր, Ադրբեջանը՝ վեցերորդը, ապա հաջորդում էին Չինաստանը և Հունգարիան։ ՖԻԴԵ-ն հաշվի չէր առել լրացուցիչ ցուցանիշներից ամենակարևորը՝ միասնականության ոգին։ Մեր տղաները հանդես եկան «Մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար» հանրահայտ կարգախոսով, և այդ մեկը... Հայաստանն էր, համաշխարհային քարտեզի վրա մի փոքրիկ օազիս, որը վերջին 15 օրերին ապրում և շնչում էր Դրեզդենի ժամանակով։ Այս ամենի մասին, թեկուզ և զուսպ, այնուամենայնիվ, ստիպված էին հիշատակել իմաստուն խաղի նշանավոր դեմքերը կամ պարզապես լռել, ինչպես, ասենք, Ռուսաստանի Դաշնության լրատվական գործակալությունները, որոնք 7-րդ խաղափուլում մեր թիմից 1,5։2,5 հաշվով կրած պարտությունից հետո այդպես էլ մինչև օլիմպիադայի ավարտը ոչ մի խոսք չասացին դրեզդենյան ճակատամարտերի մասին։ Սա նույնպես գալիս էր ոգու միասնությունից։ Ռուսական լրատվամիջոցները ժամանակից շուտ դավաճանեցին իրենց նշանավոր պատվիրակներին, ինչը չէր կարող չազդել նրանց հետագա խաղի վրա։
Դրեզդենում օլիմպիական փառքով պսակվեցին ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ, ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ կրտսերը և հայկական շախմատի ավագ ջոկատի փայլուն ներկայացուցիչ, Խորհրդային Միության վերջին առաջնության հաղթող ու վերջին 16 տարիներին հավաքականի անփոփոխ անդամ ԱՐՏԱՇԵՍ ՄԻՆԱՍՅԱՆԸ։
Այսօր, իհարկե, հարկ չկա առանձին-առանձին ներկայացնելու մեր տղաներին։ Նրանց ոսկե փայլատակումները հայտնի են բոլորին, թերևս, բացառությամբ մեկի։
1993 թվականին պատանեկան միջազգային մրցաշարերից մեկում տոնած փայլուն հաղթանակից հետո 11-ամյա Արոնյանի հետ լուսանկարվելու ցանկություն հայտնեց մեծագույն աճպարար Հարություն Հակոբյանը։
«Ժամանակին ես լուսանկարվեցի Կասպարովի հետ, և նա նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Հիմա ցանկանում եմ քեզ հետ լուսանկարվել, որպեսզի դու էլ արժանանաս նույն թագին։ Ես հրաշագործ եմ, բայց դու ավելին ես»,- ասել էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստը։
Հայկական շախմատի առաջատարի կենսագրության որ էջն էլ բացես, հանդիպում ես միայն ոսկե երակների. մինչև 12 և 20 տարեկանների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի թիմային առաջնության հաղթող, աշխարհի գավաթակիր, Ֆիշերի շախմատի (շախմատ-960) աշխարհի 2007 թ. չեմպիոն։ Նվաճումները շատ են, շատ են նաև 20-րդ կարգի գերմրցաշարերի առաջին մրցանակները։ Համաշխարհային շախմատային օլիմպիադաների կրկնակի չեմպիոնն ընդամենը 26 տարեկան է, այնպես որ Լևոնի գլխավոր «հրաշագործությունները» դեռ առջևում են։
Առջևում են նաև մինչև 16, 18 և 20 տարեկանների աշխարհի չեմպիոն, 1999 թվականի ՖԻԴԵ-ի աշխարհի փոխչեմպիոն, «Երևան» թիմի կազմում 1995 թվականին ակումբային թիմերի Եվրոպայի չեմպիոն, երկու տասնյակից ավելի միջազգային մրցաշարերի հաղթող Վլադիմիր Հակոբյանի, մինչև 14 տարեկանների աշխարհի, 16 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, վերջին վեց տարիներին Հայաստանի հավաքականի հետ փառահեղ հաջողությունների հասած Գաբրիել Սարգսյանի նվաճումները։
Մեր ոսկե թիմի միակ նորեկը Տիգրան Պետրոսյանն է, ում շախմատային կենսագրությունը, կարելի է ասել, սկսվել է... ծննդյան օրից, երբ ծնողները նրան անվանակոչեցին Տիգրան։
Եվ, վերջապես, ոսկե հավաքականի 1999-2008 թվականների անփոփոխ ավագ մարզչի՝ ԱՐՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մասին։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածուն միջազգային գրոսմայստերի նորմը լրացրել է 1984 թվականին, մինչև 1999 թվականը հանդես եկել Հայաստանի հավաքականի կազմում, մրցանակային տեղեր գրավել երեք տասնյակից ավելի միջազգային խոշոր մրցաշարերում։ 2008-ը հոբելյանական տարի է վաստակաշատ մարզչի համար։ Դեկտեմբերի 16-ին կլրանա նրա 55-ամյակը, ու նաև այդ առիթով տղաները հոյակապ նվեր մատուցեցին իրենց «գերագույն գլխավոր հրամանատարին»։
Ահա այսպիսին է հայկական շախմատի ընտրանին, որի անդամներին դափնեպսակներով զարդարեցին «Զվարթնոց» օդանավակայանում նախագահական ինքնաթիռի վայրէջքից հետո, իսկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մեծարման երեկոյի ժամանակ նրանց կուրծքը զարդարեցին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով։
Այս հաջողություններում մեծ է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի ներդրումը, ով վերջին խաղափուլից առաջ ժամանեց Դրեզդեն և իր ներկայությամբ ոգևորության մեծ լիցք հաղորդեց տղաներին։
Այս օրերին Երևանն ու ողջ հայ ժողովուրդը ցնծության մեջ են։ Շախմատային 9-րդ ալիքը դեռ երկար կթևածի հանրապետության երկնակամարում ճիշտ այնպես, ինչպես հեռավոր 1963 թվականին, իսկ այսօրվա պատանիները մի նոր եռանդով ու նվիրվածությամբ կսկսեն խորանալ այս իմաստուն խաղի բավիղներում՝ արդեն այսօրվանից ճանապարհ հարթելով դեպի ապագա հաղթանակներ։
Դրեզդենում իրենց հիանալի դրսևորեցին նաև մեր աղջիկները։ Գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի սաները՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը, Լիլիթ Գալոյանը և Սիրանուշ Անդրիասյանը, վաստակեցին 16 միավոր և գրավեցին 6-րդ տեղը՝ ընդամենը մեկ միավորով զիջելով ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականներին, իսկ հաղթողի կոչումը նվաճեց Վրաստանի հավաքականը, որը, ինչպես նաև ՈՒկրաինայի ընտրանին, վաստակեց 18 միավոր։
Դրսում ոսկե աշնան վերջին օրերն են, սակայն սա դեռ վերջը չէ։ Այս պահին Հունաստանում ընթացքի մեջ են ծանրորդների համաշխարհային ուսանողական անդրանիկ խաղերը, և այստեղ էլ արդեն արձանագրվել է առաջին հաջողությունը։ Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանող, օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին՝ Առաքելը, երկամարտում հավաքելով 312 կգ, արծաթե մեդալ է նվաճել 69 կգ քաշային կարգում։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4821

Մեկնաբանություններ