ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կոալիցիայի մոտալուտ մահվան մասին լուրերը չափազանցված են

Կոալիցիայի մոտալուտ մահվան մասին լուրերը չափազանցված են
26.06.2009 | 00:00

ПАЦИЕНТ СКОРЕЕ ЖИВ, ЧЕМ МЕРТВ
«Իմ մահվան մասին ձեզ հասած լուրերը չափազանցված են»,- գրել է ժամանակին Մարկ Տվենն իր նամակագիրներից մեկին ի պատասխան։ Այդ ժամանակից ի վեր սա դարձել է յուրօրինակ թևավոր խոսք, որը շատ տեղին է օգտագործել այսօր` երկրիս կառավարող կոալիցիայի ապագա ճակատագրի վերաբերյալ։
Հետաքրքիր է, սակայն, որ կոալիցիայի մոտալուտ «մահվան», այսինքն` լուծարման մասին լուրերը սկսեցին շրջանառվել անմիջապես Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի «ջախջախիչ» հաղթանակից հետո։ Այդ գործընթացի վրա, թերևս, յուղ լցրեց նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հայտարարելով, թե իրենք մայրաքաղաքի ավագանու կազմում ՀՀԿ-ի հետ կոալիցիա չեն ձևավորի։ Հաղթողները պետք է իրականացնեն իրենց նախընտրական խոստումները, իսկ ԲՀԿ-ն իրեն կվերապահի վերահսկողական գործառույթ։ Ընդհանուր առմամբ, բնական է ու տրամաբանական, որ երբ մի քաղաքական ուժ երկրում ողջ իշխանությունը տնօրինելու հնարավորություն է ստանում, դժվար թե ցանկանա այն կիսել որևէ մեկի հետ։ Եվ ավագանու ընտրություններից հետո ՀՀԿ-ի ներսում այդպիսի տրամադրությունների ի հայտ գալը, ինչ-որ իմաստով, միանգամայն նորմալ էր. ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի` նախկինում զբաղեցրած գործադիր պաշտոնները պակաս գայթակղիչ չեն նույն հանրապետականների համար։ Մանավանդ, ԱԺ նախագահի այն խորիմաստ նախաձեռնությունից հետո, երբ վերջինս սկսեց, թեկուզ ձևականորեն, անկախ կարգավիճակ ունեցող մի երկու պատգամավորների էլ ՀՀԿ-ի հետ «ներդաշնակեցնելու» ինչ-որ անհասկանալի գործընթաց, նույնքան անհասկանալի դիմումի ձևով, բայց որը, շատերի կարծիքով, հանրապետականների կողմից առանց ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի խորհրդարանում որակյալ մեծամասնություն (66 ձայն) ապահովելու խնդիր ուներ։
Բայց ցանկությունը մի բան է, իրականությունը` այլ։ ՀՀԿ-ի հզորությունը կամ ամենազորությունը շատ կողմերով թվացյալ է, որպեսզի հանրապետականներն այսօր դիմեն կոալիցիան լուծարելու ռիսկին, եթե անգամ այդպիսի տրամադրություններ կան։ Ամենից առաջ այն պատճառով, որ ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն բոլորովին էլ ոգևորված չեն այդ նախաձեռնությամբ։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այս կոալիցիան գաղափարական չէ, այլ մեխանիկական է և ձևավորվել է հիմնականում մարտի 1-ից հետո երկրում ստեղծված իրավիճակում ներքին կայունություն ապահովելու համար։ Կոալիցիայի կազմում առավել գաղափարականացված ուժը դաշնակցությունն էր, որ արդեն հեռացել է։ ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն այդ քայլին դիմելու սկզբունքային որևէ շարժառիթ չունեն, մանավանդ որ երկուսի համար էլ իշխանության մեջ լինելը ոչ միայն վարչական ռեսուրսին տիրապետելու որոշակի հնարավորություն է, այլև բիզնեսի համար տանիք ապահովելու խնդիր։ Հետևապես, եթե հանրապետականները նախաձեռնեն կոալիցիայի փլուզում, դաշնակիցների կողմից իրավացիորեն կմեղադրվեն մենիշխանություն հաստատելու ձգտման մեջ։
Բացի այդ, դա կնշանակի, որ իշխանությունը, համարելով, թե համաներման միջոցով «հանգստացրել է» արմատական ընդդիմությանը, արդեն որոշել է նախաձեռնել ներիշխանական ռեսուրսի վերաբաշխում, որը, բնականաբար, առնչվելու է նաև տնտեսության տարբեր ոլորտներին։ Այդ համատեքստում հատկապես ԲՀԿ-ին իշխանությունից դուրս մղելու փորձը կնշանակեր նաև ուղղակի հարված Ռոբերտ Քոչարյանին։ Հանգամանք, որ գուցե և առերես կողջունի արմատական ընդդիմությունը, սակայն իշխանության ներսում կստեղծի բավականին լարված իրավիճակ, որի հանգուցալուծումը կարող է լինել շատ բարդ ու ցավոտ։ Հազիվ թե Սերժ Սարգսյանն այսօր խնդիր ունի ընդդիմության դեմ պայքարում լարվածությունը մի փոքր թոթափելուց հետո նոր լարվածություն ստեղծելու։ Այնպիսի հիմնավորումները, թե կոալիցիոն կուսակցությունները վարչական համակարգում առանձնապես լավ չեն դրսևորում իրենց, և անհրաժեշտ է «կադրերի թարմացում», նույնպես քննադատության չեն դիմանում։ Իհարկե, դժվար թե ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի նախարարները կամ այդ կուսակցությունների քվոտայով առաջադրված այլ պաշտոնյաներն աշխատեն անթերի, բացառիկ ազնվությամբ ու անխոնջ նվիրվածությամբ, բայց իրականությունն այն է, որ ՀՀԿ-ն էլ իր շարքերում չունի կադրային այնպիսի բազա, որի հաշվին կարող է, ասենք, Մհեր Շահգելդյանին կամ Գերասիմ Ալավերդյանին ավելի լավ փոխարինողներ գտնել։
Կոալիցիայի լուծարումն իշխող կուսակցությանը և հատկապես նրա առաջնորդ գործող նախագահին ձեռնտու չէ նաև զուտ բարոյաքաղաքական տեսանկյունից։ Ամենից առաջ դա կնշանակեր ՀՀԿ-ի կողմից ամբողջական պատասխանատվության ստանձնում այն ամենի համար, ինչը կոալիցիայի լուծարումից ի վեր կկատարվի Հայաստանում։ Մանավանդ որ 1999-ի խորհրդարանական ընտրություններից ի վեր ՀՀԿ-ն, այսպես թե այնպես, եղել և մնում է առանցքային կամ հիմնական իշխանական կուսակցությունը։ Կոալիցիայի լուծարումը կնշանակեր խիստ սահմանափակել ներքին մանևրի դաշտը, կրկնելով նույն սխալը, ինչ արեց ժամանակին ՀՀՇ-ն։
Մասնավորապես, երբ 1995-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ձևավորվեց «Հանրապետություն» միավորումը և, հայկական ընտրություններին բնորոշ ոճով, «վճռական հաղթանակ» տարավ, այն ժամանակ միավորման առանցքը կազմող Հայոց համազգային շարժումը ցույց տվեց, որ խորհրդարանական կոալիցիան համարվում է զուտ ձևականություն, և, ըստ այդմ, ՀՀԿ-ին, ՔԴՄ-ին, «Շամիրամին», «Մտավորական Հայաստան» միությանն ու հնչակյաններին կառավարությունում ոչ մի նախարարական պորտֆել չհատկացվեց։ Երբ տեղի ունեցավ իշխանափոխություն, այս կուսակցություններից ոչ մեկը որպես այդպիսին պատասխանատու չդիտվեց գործադիր իշխանության գործունեության համար, թեպետ մաս էր կազմում իշխանական մեծամասնության։ Պատասխանատու համարվեց և առայսօր համարվում է միայն ՀՀՇ-ն։ Հազիվ թե ՀՀԿ-ի ներկա ղեկավարությունը կրկնի այս սխալը։
Եվ, վերջապես, արտաքին զարգացումները հուշում են, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը դեռ ոչ մեկ անգամ և ոչ այնքան հաճելի անակնկալներ է մատուցելու Հայաստանին։ Ամենից առաջ այն պատճառով, որ ռուս-ամերիկյան մրցակցության թուլացման միտում Կովկասում չի նկատվում, բավականին բարդ է իրադրությունն Իրանում, Թուրքիան տարածաշրջանում սեփական խաղն է սկսել, որի նպատակներն ու հնարավոր հետևանքները հազիվ թե նպաստավոր լինեն Հայաստանի համար։ Այսպիսի պայմաններում իշխանությանն անհրաժեշտ է մանևրի լայն դաշտ, արտաքին զարգացումներում աննպաստ իրավիճակներից խուսանավելու հնարավորություն։ Միաժամանակ փաստ է, որ արմատական ընդդիմության և, առհասարակ, ընդդիմության հետ այս դաշտում համաձայնեցված գործողություններից խոսելն ուղղակի իրատեսական չէ, որովհետև չափից ավելի շատ են տարակարծությունները, փոխադարձ վիրավորվածությունն ու տարբեր հարցերի շուրջ խորքային տարաձայնությունները։ Լավագույն դեպքում այդպիսի համագործակցության կայացման համար ժամանակ է պետք, իսկ իրադարձությունները, այդ թվում և` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, չեն սպասելու։
Ըստ այդմ, այս պահին իշխանության համար արտաքին քաղաքականության մեջ մանևրի գոնե որոշակի դաշտ կարող են ապահովել միայն կոալիցիոն գործընկերները։ Այսինքն, իշխանության շահերից է բխում իրադրությունն արտաքին աշխարհում ներկայացնել այնպես, որ գործող նախագահն ու նրա հենարանը հանդիսացող կուսակցությունը չունեն Ազգային ժողովում որոշիչ մեծամասնություն և հարկադրված են իրենց գործողությունները համաձայնեցնել կառավարող կոալիցիայի գործընկերների հետ։ Այլ կերպ ասած, եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային սեղանին Հայաստանի առջև միջնորդների կողմից դրվի անհիմն զիջումներ պահանջող փաստաթուղթ, ու գործող նախագահի վրա ճնշում գործադրվի այն ստորագրելու առումով, վերջինս չստորագրելը պիտի կարողանա ամենից առաջ փաստարկել այն հանգամանքով, որ իր կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն չունի, և այդ համաձայնագիրը վավերացնելը սկզբունքորեն անհնարին է, հետևաբար ստորագրումն անիմաստ է։ Այդպիսի մանևրի դաշտ Սերժ Սարգսյանի համար առայժմ կարող են ապահովել միայն կոալիցիայի երկու գործընկեր կուսակցությունները, վերապահումներով գուցե նաև ՀՅԴ-ն։ Թեպետ հայ-թուրքական և հայ-վրացական հարաբերություններում իշխանությունների վարած քաղաքականությունն ու դաշնակցության դիրքորոշումներն այնքան տարբեր են, որ ավելի կանխատեսելի է հակասությունների հետագա խորացումը, քան դրանց հարթումը։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2304

Մեկնաբանություններ