ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Կայուն» դրամը մեռավ, կեցցե՛ «ուժեղ» դոլարը

«Կայուն» դրամը մեռավ, կեցցե՛ «ուժեղ» դոլարը
06.03.2009 | 00:00

ՇՈԿԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱ
Այս շաբաթ Հայաստանում, փաստորեն, ավարտվեց արդեն վեց տարի ձգվող «ամուր դրամ» գործողությունը, և կառավարությունն ու կենտրոնական բանկը վերադարձան «լողացող» դրամի քաղաքականությանը: Երբ 2003-ից դրամն սկսեց աննախադեպ ուժգնությամբ ամրապնդվել, և շատերը զգուշացնում էին, թե դա ոչ այլ ինչ է, եթե ոչ տնտեսական համակարգը փլուզող գործոն, մանավանդ Հայաստանի նման նոր զարգացող երկրում, այն ժամանակվա իշխանություններն անտեսեցին դա, և սկսվեց դրամի հաղթարշավը: Բայց դա ամենևին հենց այնպես չկատարվեց: Եթե հիշենք, որ վերջին տարիներին Հայաստանի հիմնական տնտեսական շարժիչ ուժը շինարարությունն էր, որտեղ ներդրվեցին միլիարդավոր դոլարներ, և դա Հայաստանի, այսպես կոչված, երկնիշ տնտեսական աճի մոտ կեսն էր ապահովում, ապա պարզ է, որ «ուժեղ» դրամի քաղաքականությունը միտված էր հենց թափ հավաքած շինարարության շահերը սպասարկելուն: Քանի որ տասնյակ անգամներ աճեցին շինարարությանն անհրաժեշտ ներկրվող շինանյութի ծավալները, ուստի դրա համար պահանջվում էր համապատասխան դոլարային զանգված: Եվ եթե հիշենք, որ Հայաստանի դոլարային հիմնական «դոնորներից» մեկը դրսում աշխատող հայաստանցիներն էին, ապա պետք էր այնպես անել, որ նրանց փոխանցումների ծավալները տարեցտարի աճեին: Իսկ դրա համար անհրաժեշտ էր արհեստականորեն ցածր պահել դոլարի փոխարժեքը: Թեև հարկ է նշել, որ վերջին 5-6 տարիներին դոլարն աշխարհի բոլոր երկրներում արժեզրկվել էր. ՌԴ-ում` 20, եվրոպական երկրներում՝ 15-25 տոկոսով: Սակայն Հայաստանում այն արժեզրկվեց կրկնակի, ինչն աննախադեպ էր: Եվ արժևորվող դրամի պայմաններում մեր հայրենակիցները, որոնք դոլարային փոխանցումներ էին իրականացնում Հայաստան, ստիպված ավելացրին իրենց փոխանցումների չափաքանակը, քանի որ եթե 100 դոլարն առաջ արժեր 58000 դրամ, ապա 31000 դրամի պայմաններում իրենց ընտանիքների կենսամակարդակը նորմալ պահելու համար արդեն ոչ թե 100, այլ 200 դոլար էին ուղարկում: Դրան նպաստում էր նաև այն հանգամանքը, որ հիմնական փոխանցումների երկիրը` Ռուսաստանը, տնտեսական բուռն վերելքի շրջանում էր, և հավելյալ դոլար ուղարկելը մեծ դժվարություն չէր ներկայացնում:
Եվ ահա էժան դոլարով Հայաստանում վեր խոյացան, այսպես կոչված, «էլիտար» շենքերը, որոնց հիմնական մասը լավ գներով վաճառվեց: Դրան զուգահեռ 5-6 տարվա ընթացքում ներմուծման ծավալներն աճեցին 5-6 անգամ, քանի որ էժան դոլարն այնպիսի գործիք էր, որի գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար էր:
Բայց տնտեսական ճգնաժամը, պակասող դոլարային փոխանցումներն ավարտին հասցրին ոմանց համար «բարեբեր» երակի վերածված այս քաղաքականությունը, և կառավարությունն ու ԿԲ-ն, մի քանի ամսվա «համառ» պայքարից հետո, տեղի տվեցին ու կրկին վերադարձան «լողացող» դրամի քաղաքականությանը: Այսուհետև այդ նավը, երևի թե, շարժվելու է այնպես, ինչպես կուղղորդի շուկան:
Բայց մինչ այդ հայաստանյան շուկայում վերջին օրերին իրականացվեց թեթև «շոկային» թերապիա: Հասարակությունը, որն արդեն իսկ զգում է օրեցօր ահագնացող տնտեսական ճգնաժամի հետևանքները, լավ, հին օրերի ավանդույթով նետվեց խանութները և, չնայելով թանկացած ապրանքներին, սկսեց գնել այն, ինչ անհրաժեշտ է ու անհրաժեշտ չէ: Իսկ դրա պատճառը հենց «լողացող» քաղաքականությունն էր, որի արդյունքում հայկական դրամը միանգամից արժեզրկվեց 22 տոկոսով, որին համարժեք օպերատիվությամբ արձագանքեց պարենային շուկան, և տեղի ունեցավ աննախադեպ թանկացում: Այստեղ մեղավորության իրենց լուրջ բաժինն ունեն կառավարությունն ու ԿԲ-ն, որոնց քայլերի արդյունքում շուկայում ստեղծվեց «աննախադեպ» սպասումային վիճակ: Այսինքն, մինչև մարտի 3-ը Հայաստանում արհեստական դոլարային «սով» էր: Մարդիկ, խուճապի մատնված, նետվեցին բանկերն ու փոխանակման կետերը՝ դրամը դոլարի վերածելու: Պարենային շուկայի թանկացման գործում մեղքի իր բաժինն ունի նաև մեր ազգաբնակչությունը, որի տեղեկացվածությունն այնքան քիչ է տնտեսական ճգնաժամի մասին, որ եթե հասկանային, որ այն իրադրությունում, երբ նույնիսկ դրամն արժեզրկվում է 22 տոկոսով, ապրանքների պահանջարկն այնքան է նվազում, որ գների բարձրացում կարող է և տեղի չունենալ: Սակայն մարդկանց՝ վաղվա օրվա նկատմամբ ունեցած անվստահությունից, փաստորեն, օգտվեցին մի խումբ մարդիկ, որոնք, կարելի է ասել, մոտակա ամսվա վաճառքի պլանը ոչ միայն կատարեցին, այլև գերակատարեցին՝ չհաշված ստացած գերշահույթները:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5462

Մեկնաբանություններ