«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-40

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-40
11.01.2024 | 12:30

(սկիզբը` այստեղ)

Պետք է միանգամայն լուրջ վերաբերվել ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի զգուշացմանը, որ եթե երկրի նախագահի պաշտոնում վերընտրվի գործող նախագահ Ջո Բայդենը, ապա Միացյալ Նահանգները կներգրավվի Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ: ТАСС-ի տեղեկացմամբ , Թրամփն այս մասին օրերս ասել է Այովա նահանգում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս: Համոզված ենք, որ սա սոսկ նախընտրական հակաքարոզչություն չէ մրցակցի հանդեպ:

«Մենք կհայտնվենք Երրորդ համաշխարհայինում…»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը:

Թրամփը չի ասել միայն այն, որ Բայդենի ընտրության դեպքում ԱՄՆ- ը ոչ միայն կներգրավվի Երրորդ համաշխարհային պատերազմում, կհայտնվի դրա մեջ, այլև հենց Միացյալ Նահանգները կդառնա Երրորդ համաշխարհայինի սկզբնավորողը, հրձիգը:

Թրամփն ավելի վաղ Բայդենի օրոք ԱՄՆ-ին բազմիցս կանխատեսել է ամենավատը։ 2023 թ. նոյեմբերին քաղաքական գործիչը հնարավոր է համարել, որ Միացյալ Նահանգների ներկայիս առաջնորդը կարող է իր գործողություններով աշխարհը տանել Երրորդ համաշխարհային պատերազմի և միջուկային հակամարտության, և աշխարհի համար այժմ ամենամեծ սպառնալիքը համարել է ոչ թե գլոբալ տաքացումը, այլ միջուկային պատերազմի վտանգը:

Դեռ անցյալ տարվա նոյեմբերի սկզբին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը RAI հեռուստաալիքին տված հարցազրույցում զգուշացրել է «շատ մութ ժամանակի» վրա հասնելու վտանգի մասին: Նա հայտարարել է, որ աշխարհը պատերազմի մեջ է, և այն կարծիքը հայտնել, թե դրա մեղավորը զենքի արդյունաբերությունն է։ Արևմուտքում սպառազինություն արտադրողներն, իհարկե, շահագրգռված են այժմ ընթացող պատերազմներում, նախկինում էլ է այդպես եղել, սակայն միայն զենքի արդյունաբերությունը մեղավոր ներկայացնել, նշանակում է ասել կիսաճշմարտությունը ու դրա հետևում թաքցնել ներկայումս աշխարհում ընթացող երկու հիմնական պատերազմների (Արևմուտքի պատերազմը Ռուսաստանի դեմ և իսրայելա-պաղեստինյանը) իրական պատճառները:

«Ժամանակը շատ մութ է,- РБК-ի փոխանցմամբ, ասել է Հռոմի պապը:- Չի գտնվի հնարավորություն հստակ մտածելու, և ամենամութ ժամը կավելանա»:

Աշխարհը կարծես խելագարվել է. հիմա էլ շվեդներին են կոչ արել պատրաստվել պատերազմի: Շվեդիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միքայել Բյուդենը և քաղաքացիական պաշտպանության նախարար Կարլ- Օսկար Բուլինը, РБК- ի փոխանցմամբ , շվեդիայի քաղաքացիներին կոչ են արել պատրաստվել նրան, որ երկրում կարող է պատերազմ սկսվել: Բուլինը հայտարարել է, որ խաղաղությունն «անփոփոխ հաստատուն» չէ նույնիսկ Շվեդիայում:

«Շատերը դա ասել են ինձնից առաջ, բայց թույլ տվեք դա անել պաշտոնապես, ավելի ուղիղ և բացարձակ հստակությամբ. Շվեդիայում կարող է պատերազմ սկսվել»,- «The Local» պարբերականի տեղեկացմամբ, ասել է նախարարը:

Բուլինը բոլորին կոչ է արել ներգրավվել «Շվեդիայում տոտալ պաշտպանության» ստեղծման մեջ: Նա պաշտոնյաներին խորհուրդ է տվել ապահովել ապաստարանների գործունեությունը, ընդունել արտակարգ ջրամատակարարման և սննդի մատակարարման ծրագիր, կարծես թե միջուկային պատերազմի դեպքում այս ամենը և որևէ պաշտպանություն կարող է օգնել կամ փրկել:

Բնականաբար, հարց է առաջանում՝ Արևմուտքում մտավոր հետամնաց հիշեցնող այսպիսի անձինք ինչպե՞ս են հայտնվել նման բարձր պետական պաշտոններում: Կարծում ենք, դա ամենաբարձր մակարդակով ծրագրված և ԱՄՆ- ից թելադրված քաղաքականություն է:

Ըստ նախարարի, ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատակիցները պետք է իրենց գործատուին հարցնեն, թե որն է լինելու իրենց դերը պատերազմի դեպքում, և մտածեն, թե ինչ անհրաժեշտ պարագաներ են անհրաժեշտ, որպեսզի կարողանան շարունակել աշխատել դժվարին պայմաններում: Բուլինն ասել է նաև, որ պետական մարմինները նույնպես պետք է արագացնեն հնարավոր ագրեսիայի հետմղման նախապատրաստման տեմպերը:

Շվեդիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միքայել Բյուդենը TV4 հեռուստաալիքի եթերում մեկնաբանելով նախարարի խոսքերը, իրավիճակը շատ լուրջ է անվանել։ Նա նաև ասել է, որ այժմ Շվեդիայի բոլոր քաղաքացիները պետք է պատրաստվեն պատերազմի հավանականությանը: Նրա խոսքով՝ իրավիճակը դեռ նման չէ «սև գիշերվա», բայց «մենք պետք է հասկանանք, թե իրականում որքան լուրջ է այս իրավիճակը»:

2023թ. դեկտեմբերի վերջին Նիդեռլանդների բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մարտին Վեյնենը նույնպես հայտարարել էր, որ երկիրը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը։ Վեյնենը կարծում է, որ Նիդեռլանդները պետք է հետևեն Ֆինլանդիայի և Բալթյան երկրների օրինակին, որոնց համար նախապատրաստությունը «ինքնին հասկանալի» բան է, քանի որ նրանք սահմանակից են Ռուսաստանին:

«Պետք չէ մտածել, որ մեզ անվտանգությունը երաշխավորված է միայն այն պատճառով, որ մենք գտնվում ենք 1500 կմ հեռավորության վրա»,- ասել է նա:

Դեկտեմբերի 19-ին բելգիական բանակի շտաբի պետ, ծովակալ Միշել Հոֆմանը հայտարարել է, որ «Եվրոպան պետք է շտապ պատրաստվի» Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությանը: Հոֆմանի խոսքով՝ Բրյուսելին ուղղակի սպառնալիք չկա, բայց վտանգ կա Բալթյան երկրների և Մոլդովայի համար:

«Մոսկվան տարածքային պահանջներ չունի ՆԱՏՕ-ի երկրների նկատմամբ, ուստի Ուկրաինայում հաղթանակի դեպքում դաշինքի վրա Ռուսաստանի հարձակման սպառնալիքի մասին հայտարարություններն անհեթեթություն են»,- 2023թ. դեկտեմբերին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա հավաստմամբ, Ռուսաստանը ՆԱՏՕ- ի երկրների հետ պատերազմելու «ոչ մի պատճառ, ոչ մի շահ չունի՝ ոչ աշխարհաքաղաքական շահ, ոչ տնտեսական, ոչ քաղաքական, ոչ ռազմական»։

«Նրանց հետ հարաբերությունները փչացնելու ցանկություն չկա,- ասել է Պուտինը:- Մենք շահագրգռված ենք հարաբերությունների զարգացմամբ։ Ո՞ւմ հետ ենք խնդիրներ ունենում: Այո, ոչ մեկի հետ: Նրանք են, որ արհեստականորեն խնդիրներ են ստեղծում մեզ հետ, որովհետև չեն ցանկանում նման մրցակից ունենալ՝ ի դեմս Ռուսաստանի։ Ահա և վերջ»։

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ