Ներքին հաշտեցումը այլընտրանք չունի։ Սա պետությունը պահելու, ազգային բարոյական նեխումը կասեցնելու և աղետաբեր կառավարմանը վերջ տալու միակ ճանապարհն է։
Որքան էլ տարօրինակ հնչի, դրա առաջին քայլը բաժանարար գիծն է՝ զտումը։ Լինում են իրավիճակներ, երբ միայն դրանով է հնարավոր հասնել համախմբման։
Հիմա կա մեկ սուր բաժանարար գիծ. ովքեր հասկանում են, որ պետք է կասեցնել աղետը, և ովքեր՝ ոչ։ Բաժանարար գիծ է։
Հանդուրժելի՞ է Արցախի կորուստը, Սյունիքի կորուստը, պետականության կորուստը, թե՞ ոչ։ Նիկոլը Մեծարգո՞ է, թե՞ ոչ, սպասելու ենք լիդերների հայտնվելո՞ւն, թե՞ ինքներս ենք տեր կանգնելու մեր երկրին։ Սրանք առողջ բաժանարար գծեր են, որոնք մի կողմում թողնում են ճնշող մեծամասնությանը, մյուս կողմում՝ այլոց։
Անհանդուրժողականության մթնոլորտ է պետք ձևավորել որոշ գաղափարների և դրանց կրողների հանդեպ։ Պատկերավոր ասած՝ պետք չէ վիզ ծռել ու Ալենից հանդուրժողականության մթնոլորտ աղերսել։ Լրիվ հակառակը։
Եկեղեցին և մենք
Մեզ բաժանել են, բզկտել են անթույլատրելիության աստիճանի։ Այնքան խորն է բաժանումը, որ երբեմն մտածում ես, թե արդյո՞ք նույն ժողովուրդն ենք։
Մենք պետք է գնանք ներհասարակական հաշտեցման, առանց հաշտեցման ոչ մի խնդիր չենք լուծելու։
Մենք պետք է գնանք նոր տիպի հասարակության ձևավորման՝ նոր խաղի կանոններով, համակեցության նոր կանոններով, նոր արժեքներով։ Վերադառնանք մարդկային հասարակության՝ արժանապատի՛վ հասարակության որակներին։
Այս հարցում պատմական նշանակություն ունի եկեղեցին։ Սա է հայ առաքելական եկեղեցու պատմական առաքելությունն այսօր։ Իշխանությունը հիմա եկեղեցուն ուզում է տեսնել ինչ-որ բարիկադի կողմում, բզկտման մի առանցքում։
Եկեղեցին վեր է ամեն բարիկադավորումից։ Եկեղեցու առաքելությունն այսօր ներհանրային հաշտեցումն է, ազգային և հասարակության բարոյական նեխման կասեցումը։ Եկեղեցին ունի բնական դաշնակից՝ հանրային գործիչների լայն շերտը, որն օր-օրի ավելի ազդեցիկ է դառնում, ձևավորում հանրային տրամադրություններ։ Այստեղ պետք է, սակայն, որ ոչ միայն հասարակությունը զգա եկեղեցու աջակցությունը, այլև եկեղեցին՝ հասարակության։ ՔՊ համայնքն ու նրանց «հովվապետի»՝ եկեղեցու դեմ ձեռնարկած անթաքույց արշավին պետք է հակադրվի մարդկային լայն աջակցությունը, և դրա ձևերը պետք է քննարկել, այդ թվում, գուցե, հրապարակային մեծ ակցիաների միջոցով։
Բարիկադները՝ ֆիկցիա
Եթե ճիշտ աշխատեցինք, շատ արագ կհասկանանք, որ ոչ մի իրական բարիկադ էլ չկա։ Հասարակության պառակտման նպատակով դաշտ նետված թեմաները, մանիպուլյացիոն տեխնոլոգիաների լայն կիրառումը ստեղծել են պատրանք, թե հանրությունը բաժանված է «խաղաղության» ու «պատերազմի» կողմնակիցների, «նախկինների» ու «ներկաների» ճամբարների։ Իրական բաժանումը բոլորովին այլ է։ Իրական խաղաղության կողմնակիցների, արդար պետության կողմնակիցների, սոլիդ իշխանության և առողջ մարդկային դեմքով հասարակության ճամբարը 90 տոկոս է։ Մյուս՝ տասը տոկոսանոց ճամբարում, հանրությանը մանիպուլացնող, պետությունը թուլացնող ուժերն են և նրանց շահառուների մի խումբ, որոնց համար Հայաստանը, Արցախը, պետությունը, քաղաքացին որևէ իրական արժեք չունեն, և որոնց պետք է լայն ճնշման միջոցով հեռացնել իշխանությունից։ Սրա համար մեզ պետք է, որ 90 տոկոսը վերջապես վերգտնեն միասնությունն ու համերաշխությունը։ Սա կոնկրետ աշխատանքի առաջարկ է, որը տալու է շատ կոնկրետ արդյունք։ Եթե մենք չգործենք, մենք դառնալու են դիտորդ՝ հետևելով, թե ինչպես է 10 տոկոսի հովվապետն ավերում ամեն ինչ, ներառյալ՝ 90 տոկոսին։
Վահե Հովհաննիսյան