Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Կնքե՞լ, թե՞ չկնքել «խաղաղության» պայմանագիր. Դավիթ Կարապետյան

Կնքե՞լ, թե՞ չկնքել «խաղաղության» պայմանագիր. Դավիթ Կարապետյան
17.10.2022 | 07:35

Նախ՝ մինչ հասկանալը, թե առհասարակ կարո՞ղ ենք կնքել նման պայմանագիր թե ոչ՝ այն էլ պայմանով, որ այն կնքվի մինչ տարեվերջ, պետք է նախ հասկանալ, թե կողմերը առհասարակ պատրա՞ստ են դրան և անկեղծ ուզու՞մ են հաստատել խաղաղություն...
Այն, որ Ադրբեջանն ուզում է, շահագրգռված է, առավել ևս միտված է օր առաջ այն կնքել՝ լոկ առաջին հայացքից է այդպես:


Այն, որ մինչև հիմա դեռ շարունակվում են վերջինիս ակնհայտ ու անթաքույց ծավալապաշտական նկրտումները Հայաստանի հանդեպ, դա արդեն իսկ այլ բանի մասին է խոսում...
Խաղաղության հաստատումից խոսում է մի կողմ, որը բացարձակ այն չի ուզում և պատրաստ չէ դրան, ավելին՝ իրականում բնավ չի էլ ցանկանում այն կնքել, քանի որ ճանաչելով Հայաստանի տարածքային ամբողջականությունն արդեն իսկ ինքն իրեն զրկում է հավելյալ տարածքներ զավթելուց:
Մանավանդ, ինչպես նրանց առաջնորդն է անկաշկանդ նշում՝ «նրանք դեռ վերադարձնելու են իրենց պատմական, պապական հողերը»...
Ցանկալի է հասկանալ, այդ ինչպե՞ս է կնքվելու «խաղաղության» պայմանագիր, եթե միայն դրա հիմքը և կարևորագույն դրույթը հանդիսացող՝ սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան ոչ միայն չեն ավարտվել, այլ նույնիսկ չեն էլ սկսվել...
Չե՞ որ դրանք «անմնացորդ» փոխկապակցված հասկացություններ ու գործառույթներ են, որոնք առանց մեկը մյուսի չեն կարող կենսունակ լինել:
Ինչպե՞ս եք պատկերացնում «խաղաղության» պայմանագիր՝ առանց սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի....


Ինչպե՞ս եք պատկերացնում այն կնքել մինչ տարեվերջ, երբ տարիներ և նույնիսկ տասնամյակներ են պահանջվում նման գործառույթների իրականացման համար:
Մինչև տարեվերջ մնացել են հաշված օրեր:


Այդ ինչպե՞ս եք հասցնելու, այս սեղմ ժամանակահատվածում, այն էլ նման անբարենպաստ եղանակային պայմաններում, այն էլ նման բարձրլեռնային, դժվարանցանելի հատվածներում իրականացնել դելիմիտացիոն և դեմարկացիոն աշխատանքներ:
Ինչևէ...
համենայն դեպս, Վաշինգտոնում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Սալիվանի և Հաջիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել են «խաղաղության» պայմանագրի ժամանակացույցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև տարեվերջ ամեն կերպ կատարվի դելիմիտացիա:
Իր հերթին էլ այսօր ՀՀ վարչապետն է Ադրբեջանին առաջարկել՝ Բրյուսելում կազմակերպել սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ:
Ավելի քան վստահ եմ՝ չե՛ք կարողանալու, չի ստացվելու...
Այնպես, ինչպես ավելի քան վստահ եմ, որ այս երկու երկրների միջև «խաղաղությունը» միֆ է, իսկ նրա հաստատումը՝ կեղծ օրակարգ:
Էլ չեմ ասում ամենօրյա ռեժիմով կրակոցները, հինգ պակաս, ավելի լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, օրեցօր ավելացող ռազմաշունչ հռետորաբանությունը, սպառնալիքների, սաբոտաժների ու պահանջների չափաքանակը, որոնք ավելի են ակնհայտ դարձնում ասածներիս հավաստիությունը:
Խաղաղության մասին խոսել հնարավոր է, երբ դիմացինդ ևս ցանկանում է խոսել այդ մասին:
Անհնար է խոսել մեկի հետ խաղաղության մասին, առավել ևս հաստատել խաղաղություն, ով հնար ունենա՝ վիզդ կկտրի, ով կրակում է քեզ վրա, օկուպացնում քո տարածքը:


Բացի դա, մեր հասարակությունները պատրաստ չեն համագոյակցել, ապրել կողք-կողքի, հանդուրժել միմյանց:
Անտագոնիզմը, թշնամությունը, ատելությունը, միմյանց հանդեպ վախն ու սարսափը՝ անասելի չափի են:
Հատկապես արցախահայությունը լուրջ հիմքեր ունի կարծելու, որ բացի հայրենիքը կորցնելուց, կանգնած է էքզիստենցիալ վտանգի առաջ:
Եվ դա իրոք այդպես է...
Այնպես որ, կողմերը ո՛չ պատրաստ են, և ո՛չ էլ անկեղծ ուզում են հաստատել խաղաղություն...
Իսկ եթե, այնուամենայնիվ, կնքվի նման պայմանագիր, այն կլինի պարզապես լակմուսի թուղթ...


Այն չի արտացոլի երկու ժողովուրդների իրական ցանկությունները, նրանց կամարտահայտությունը և հասարակությունների մերձեցման անկեղծ միտումը:
Այն չի լինի ոչ իրական ու կենսունակ պայմանագիր, ոչ էլ կծառայի իր նպատակին...
Այն կլինի զոռի ու զոռբայության արդյունք...
Այն չի լինի հասունացած, կայացած փաստաթուղթ, որը կփոխի ողջ պատկերը և բեկում կմտցնի երկկողմ հարաբերություններում:
Նման անբարյացակամ հարևանի հետ խաղաղություն ձեռք կբերվի զենքի ուժով, ոչ թե թղթի կտորով...

Դիտվել է՝ 12427

Մեկնաբանություններ