«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԵՄ-ի երկակի դիրքորոշումը

ԵՄ-ի երկակի դիրքորոշումը
09.02.2021 | 12:15

Անցած օրերին Բրյուսելում չէին շտապում մեկնաբանել Կրեմլի վերջին սադրանքներն ու ԵՄ գլխավոր դիվանագետին հասցված վիրավորանքները Մոսկվա այցի ժամանակ: Մասնավորապես՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բավականին ոչ դիվանագիտական խոսքը ԵՄ-ի ու եվրոպացի երեք դիվանագետների՝ գերմանացու, լեհի ու շվեդի, արտաքսման մասին՝ նրանց մեղադրելով, որ հունվարի 23-ին մասնակցել են Ալեքսեյ Նավալնու աջակցության հանրահավաքին՝ գրում է Աննա Ռովանը Le Figaro-ում:


Չնայած ֆիասկոյին, շաբաթ օրը եվրոպացի գլխավոր դիվանագետը նորից էր հիմնավորում իր նախաձեռնությունը: «Դիվանագիտական խողովակները պետք է բաց մնան ոչ միայն ճգնաժամերը կամ միջադեպերը չեզոքացնելու համար, այլև կարծիքների, հաստատուն ու անկեղծ ուղերձների փոխանակման, հատկապես երբ հարաբերությունները հեռու են բավարար լինելուց: Իմ այցի արդյունքների մասին ես կզեկուցեմ ԵՄ-ի խորհրդում փետրվարի 22-ին, որտեղ լինելու է ԵՄ-ՌԴ հարաբերությունների կոնկրետ քննարկում»՝ ասել է նա:
Լեհաստանի նախաձեռնությամբ ԵՄ 27 երկրների դեսպանները երկուշաբթի տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպելու են Ալեքսեյ Նավալնու գործընկերների հետ:

Հանդիպմանը մասնակցելու են ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Կանադայի՝ Բրյուսելում գտնվող դիվանագետները: Ուրբաթ օրը Փարիզը, Բեռլինը, Ստոկհոլմը արձագանքեցին երեք դիվանագետների արտաքսմանը, սակայն հանգստյան օրերին եվրոպացիների լռությունը վկայում է՝ որքան տարբեր են մայրաքաղաքների տեսակետները ռուսական հարցին, մասնավորապես՝ պատժամիջոցների դեպքում: Կիրակի օրը Ժոզեպ Բորելի շրջապատում զգացվում էր, որ վերջին օրերի իրադարձությունները և Լավրովի ներկայացումը կարող են դառնալ պատժամիջոցների կատալիզատոր: 2014-ին Ղրիմ ներխուժումից հետո Եվրոպան դադարեց Ռուսաստանի մասին մտածել իբրև ռազմավարական գործընկերոջ: Ժոզեպ Բորելի այցի ընթացքը կարող է վերածնել գաղափարը, որ պետք չէ ռուսների հետ խոսել: Դժվար հարց է: Հարցը ավելի է բարդացնում պատվաստանյութերի խնդիրը, որովհետև ԵՄ-ն ուշացնում է իր ընկերությունների պատվաստանյութերի արտադրությունը: Հարմա՞ր պահ է հիմա Մոսկվայի հետ վիճելու, երբ The Lancet-ի ուսումնասիրությամբ ռուսական Спутник V պատվաստանյութի արդյունավետությունը 91% է: Թերևս՝ ոչ: Վերջին օրերին Բեռլինն ու Վիեննան հայտարարեցին, որ պատրաստ են իրենց երկրներում այդ պատվաստանյութն արտադրել, հենց ԵՄ-ն Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը թույլատրի: Հունգարիան վճռական քայլ է արել՝ նախքան թույլտվությունը ստանալը: Մտածում է նաև Չեխիան:
Աննա Ռովան, Le Figaro


Հ.Գ. Բրյուսելում նույնիսկ պահանջել են Ջոզեպ Բորելի հրաժարականը՝ Մոսկվա այցից հետո: Թերևս նրանից ակնկալում էին, որ գնալու է դատարանում բռնի Նավալնու ձեռքը ու հետը տանի Բրյուսել, իսկ Լավրովի ներկայացմանն ի պատասխան՝ սեփական ֆիլմը ցուցադրի՝ ինչպես են Ռուսաստանում ցուցարարների հետ վարվում: Եվրոպացիները Բորելին մեղադրում են, որ համարժեք պատասխան չի տվել Լավրովի «սադրանքներին» և նույնիսկ շնորհակալություն է հայտնել Спутник V-ի համար: Ռուսաստանը, իհարկե, իր Спутник V-ին դարձրել է զենք՝ քաղաքական ու տնտեսական հարցեր լուծելու համար, ինչպես միշտ եղել է գազը, բայց հիմա հարցը վերաբերում է մարդկանց կյանքին, ու Ջոզեպ Բորելի շնորհակալությունը տեղին էր: ԵՄ-ՌԴ հարաբերությունները համաշխարհային քաղաքականության վրա ազդող գործոններից են, և Բորելի այցը ևս քաղաքականացվեց՝ Ռուսաստանին դեմ պետությունները պահանջում են նրա հրաժարականը, իսկ Ռուսաստանի հետ համագործակցությանը կողմ պետությունները աջակցում են և Բորելին: Փաստացի՝ Բորելի այցը դարձել է կատալիզատոր Ռուսաստանին կողմ ու դեմ վերաբերմունքի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12778

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ