«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Էրդողանի հատուցման ժամը եկել է

Էրդողանի հատուցման ժամը եկել է
22.01.2021 | 15:51

The New York Times-ը հրապարակել է ԱՄՆ ՊՆ նախկին նախարար Ռոբերտ Գեյտսի, որ պաշտոնավարել է 2006- 2011-ին (հանրապետական Ջորջ Բուշի և դեմոկրատ Բարաք Օբամայի օրոք) հոդվածը ԱՄՆ արտաքին քաղաքականությանն անհրաժեշտ փոփոխությունների մասին՝ ժամանակի մարտահավերներին համապատասխանելու համար: Ռոբերտ Գեյտսն անհրաժեշտ է համարում մեծացնել ճնշումը, բայց ոչ թե աշխարհաքաղաքական հակառակորդների, այլ մերձավոր դաշնակիցների վրա՝ Գերմանիայի և Թուրքիայի: Նա աջակցություն է հայտնել Անկարայի դեմ վերջերս սահմանված պատժամիջոցներին՝ ճշտելով, որ դրանք ավելին չեն, քան ՙլավ սկիզբը՚: Եթե Գերմանիայի նկատմամբ նոր վարչակազմի վերաբերմունքը դեռ պարզ չէ, Թուրքիայի մասին արդեն հիմա կարելի է վստահորեն ասել, որ բարդ ժամանակներ են սպասվում, որոնց ընթացքում Անկարան պիտի պաշտպանի ինքնիշխան քաղաքականություն վարելու իր իրավունքը:


Վերջերս Վաշինգտոնը անձնական պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիր Դեմիրի և 3 պաշտոնյաների նկատմամբ՝ ռուսական զենիթահրթիռային С-400 համակարգեր գնելու պատճառով: Դա ցավոտ հարված էր Անկարաին: Դեմիրը Էրդողանի մերձավոր զինակիցներից է: Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրը, որի զարգացման համար Էրդողանը մեծ ջանքեր է գործադրել, կախյալ վիճակում է Արևմուտքի հետ համագործակցությունից՝ լիցենզավորման և պահեստամասերի մատակարարման հարցում: Անկարային նախազգուշացնող ազդանշանները բավականին վաղուց էին հնչում: Արդեն մի քանի ամիս ձախողման եզրին է Պակիստանի հետ կարևորագույն պայմանագիրը՝ թուրքական ռազմական Т129 ուղղաթիռների վաճառքի վերաբերյալ, որովհետև ԱՄՆ արգելափակել է ուղղաթիռների շարժիչների լիցենզիան: Կանադան դադարեցրել է էլեկտրոնային-օպտիկական համակարգերի արտահանումը, որ կիրառվում է Bayraktar TB2 անօդաչուներում, որոնց մասին շատ խոսվեց Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ: Գերմանիան արգելակել է Altay տանկերի սերիական արտադրությունը: Թուրք պաշտոնյաները մեղադրում են Բեռլինին պայմանագրային պարտավորությունները չկատարելու մեջ:


Իսմայիլ Դեմիրի դեմ պատժամիջոցները կխորացնեն ոլորտի դժվարությունները, որովհետև արտասահմանյան արտադրանքը սեփականով փոխարինելը թուրքերին այդքան էլ չի հաջողվում: С-400-ները բնավ էլ միակ փորձաքարը չեն Վաշինգտոնի ու արևմտյան մյուս մայրաքաղաքների հետ հարաբերություններում: Թուրքիայի ղեկավարությունը մի քանի տարում բազում տարաձայնություններ է ստեղծել գործնականում բոլոր գործընկերների հետ: Ռոբերտ Գեյթսը հիշեցնում է, որ Թուրքիային պետք է պատասխանատվության ենթարկել Լիբիայում, Արևելյան Միջերկրականում ու Սիրիայում գործողությունների համար, որովհետև հակասում են ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների շահերին և բարդացնում են խաղաղության հասնելը: ԱՄՆ ՊՆ նախկին նախարարը կարող էր հավելել և Արցախի Հանրապետությունը, որ չի արել, թերևս, ոչ թե Թուրքիայի մասնակցությունը պատերազմին չընդունելու պատճառով, այլ այն, որ այդ դեպքում ՆԱՏՕ-ի շահերը չէին շոշափվում: Նա նաև չի հիշատակել, որ Անկարան Մոսկվայի հետ բանակցում է С-400-ների նոր խմբաքանակի վերաբերյալ: Թերևս՝ իր համար ապահովության բարձիկ ստեղծելու նպատակով՝ անհրաժեշտության դեպքում կհրաժարվի նոր գործարքից ու ցույց կտա իր ՙհավատարմությունը՚ ԱՄՆ-ին: Կամ՝ Բայդենի վարչակարգին կսպառնա, որ եթե պատժամիջոցները չհանվեն, նոր С-400-ներ կգնի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքը Փեքինն անհանգստացած է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենի Թուրքիայի վերաբերյալ
հայտարարություններից։ Բլինքենը Սենատում ասել էր, որ ԱՄՆ նոր վարչակազմի համար անընդունելի է ռուս-թուրքական գործարքը ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի վերաբերյալ։ Ըստ Փեքինի՝ ԱՄՆ նոր վարչակազմի համար S-400-ների հարցը առանցքայիններից է լինելու։ Թուրք գեներալն ասել է․«Բայդենի վարչակազմը, դեռ չանցած պարտականություններին, արդեն սպառնում է Թուրքիային»։ Նա «Sputnik»-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնել, որ պետքարտուղարի պաշտոնին հավակնող Բլինքենը Թուրքիային անվանել է «այսպես կոչված դաշնակից, որը գտնվում է միևնույն ուղեծիրում ԱՄՆ-ի հակառակորդների հետ»։ Նա ուշադրություն է հրավիրում Բլինքենի ելույթի այն հատվածի վրա, որտեղ ասվում է. «Թուրքիան այնպիսի դաշնակից է, որը երբեմն չի գործում այնպես, ինչպես պիտի անի և ակնհայտ է, որ դա շատ լուրջ խնդիր է մեզ համար»։ Փեքինը նշում է, որ սրանով ԱՄՆ-ի նոր վարչակազմը ցանկանում է տեսնել այնպիսի Թուրքիա, որը կենթարկվի Վաշինգտոնին։ Իմա՝ Անկարայում սպասում են Վաշինգտոնի նոր քաղաքականությանը և հենց այդ պատճառով որոշել են վերականգնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, իսկ Բրյուսելը, կարծես, միայն գոհ ու երջանիկ է դրանից:

Դիտվել է՝ 10457

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ