«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Պուտինը տեստավորում է Էրդողանի անկառավարելիությունը

Պուտինը տեստավորում է Էրդողանի անկառավարելիությունը
31.10.2020 | 15:48

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մշտապես կոնֆլիկտներ է ստեղծում: Նա կասկածի տակ դրեց ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մտավոր կայունությունը՝ նրա հետ բախվելով Արևելյան Միջերկրականում: Նա հանգիստ Պարսից ծոցի արաբ սունի ղեկավարների վենդետա է կազմակերպում և պայքարում է նրանց հետ այդ տարածաշրջանում գերակայության համար: Մարտահրավեր է նետում Դոմալդ Թրամփին, որ մինչև վերջերս պաշտպանում էր Թուրքիային պատժամիջոցներից Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն խախտելու, ռուսական զենք գնելու համար, և հայտարարում է, որ ԱՄՆ նախագահը ցանկացած պատժամիջոց կարող է սահմանել:

Ի լրումն՝ նա ու Վլադիմիր Պուտինը՝ քաղաքականության մեջ ուժային մեթոդների կիրառման նրա գործընկերը, ամբողջ ուժով թեժացնում են պատերազմի ածուխները, որից Թուրքիան հազիվ կարողացավ խուսափել Ռուսաստանի դեմ Սիրիայի հյուսիս-արևմուտքում փետրվարին լուրջ բախումների ժամանակ:
Նպատակներին հասնելու համար զենքի կիրառումը շարունակվելու սովորություն ունի:
Էրդողանի թշնամական գործողությունների վերջին բռնկումը Մակրոնի դեմ Ֆրանսիայի նախագահի անզիջում պատասխանից հետո էր՝ ֆրանսիացի պատմության ուսուցչի գլխատումից հետո՝ չեչեն իսլամիստի ձեռքով: Դա շարունակությունն էր 2015-ին ջիհադիստական հարձակման Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա, որի առիթը Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումն էր: Սպանված ուսուցիչ Սամյուել Պատին ցույց էր տվել այդ ծաղրանկարներն իր աշակերտներին, իսկ Մակրոնը պաշտպանեց նրան՝ անվանելով արտահայտվելու ազատություն հանրապետությունում, որ գտնվում է իսլամիստական անջատողականության շրջափակման մեջ: Էրդողանը դա ընդունեց իբրև հարձակում մուսուլանների վրա, որոնց ինքը՝ իբր թե մուսուլմանների առաջնորդը, պետք է պատասխանի: Charlie Hebdo-ի ծաղրանկարն Էրդողանի վրա, անկասկած, ավելի ամրապնդեց նրա վճռականությունը: Սակայն Էրդողանը, համոզմունքների կամ օպորտունիզմի, գուցե երկու պատճառների համադրումով՝ վճռեց օգտագործել ծանր դագանակը, որ հարվածի Մակրոնին: Մուսուլման տիրակալները, որքան էլ ատում են Էրդողանին, չեն կարող պաշտպանել Ֆրանսիան, որովհետև բախվել են մարգարեի ստորացման հարուցած համաժողովրդական զայրույթին:


Արևմտյան ղեկավարները չեն կարող աջակցել Էրդողանին, որովհետև նրա համառ արկածախնդրությունը մշտապես հանգեցնում է իրենց շահերի հետ բախումների Էգեյան ծովից Միջերկրական, Աֆրիկայի հյուսիսից Լևանտ ողջ տարածքում: Նա աջակցությունը իսլամիստ զինյալներին Սիրիայի հյուսիսում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում, վարձկանների վրա հենվելը շատերը համարում են վտանգավոր ռադիկալների հետ խաղեր այն պահին, երբ ջիհադականությունն ամբողջ աշխարհոմ ընկալվում է իբրև անվտանգության գլխավոր սպառնալիք: Թեպետ Մակրոնի հետ լեզվակռիվը հայտնվեց մամուլի վերնագրերում, ավելի մեծ վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ռուսաստանի նորից բռնկված մրցակությունը Սիրիայի հյուսիսում: Էրդողանն ու Պուտինը նախկինում ինչ-որ կերպ հարթում էին իրավիճակը՝ գտնվելով Սիրիայում ու Լիբիայում քաղաքացիական պատերազմի տարբեր կողմերում, դա արվում էր ընդհանուր շահերն առավելագույնի հասցնելու համար: Ռուսաստանը իբրև գերակա ուժ Սիրիայում՝ Բաշար Ասադի թիկունքին կանգնած, բարեհաճ էր նայում Թուրքիայի ներխուժումներին Սիրիայի հյուսիս 2016-ին. 2018-ին, 2019-ին, որպեսզի հեռացնի ԱՄՆ աջակցությունն ունեցող քուրդ աշխարհազորի և Անկարայի համար ներքին քուրդ ապստամբներին Թուրքիայի սահմաններից: Ի պատասխան Թուրքիան գնեց ռուսական զենիթահրթիռային С-400 համակարգերը՝ կասկածի տակ դնելով իր անդամությունը ՆԱՏՕ-ին, որ բոնուս էր Պուտինի համար:


Բայց Թուրքիայի ռազմավարական խորություն ստանալու ձգտումը և Ասադի համար Սիրիայի ամբողջ տարածքը վերականգնելու Ռուսաստանի ձգտումը դաժան բախման հանգեցրին փետրվարին, երկու կողմերն էլ ծանր կորուստներ ունեցան Իդլիբում՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում ապստամբների վերջին հենակետում, որտեղ Անկարան տեղակայել է իր զինվորներին ու սիրիացի իր կողմնակիցներին: Այս շաբաթ ռուսական ռազմաօդային ուժերը այդ կողմնակիցներին հարվածներ հասցրին՝ 78 զոհերով, թեպետ թուրքական բանակը անցած շաբաթ այդ նահանգում թողել է 8 հենակետ և իր զինծառայողներին տարել է պաշտպանության տեսակետից ավելի շահեկան դիրքեր: Մարտական գործողությունների վերսկսումը Իդլիբում նման է Ռուսաստանի պատասխանին՝ Թուրքիայի միջամտության ու աջակցության համար Ադրբեջանին Հայաստանի հետ կոնֆլիկտում էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի անկլավի պատճառով: Փաստորեն՝ Պուտինը հիմա համաձայն չէ Թուրքիայի ռազմական ներկայությանը Սիրիայի հյուսիսում:


Ակնհայտ է, որ Էրդողանի անկառավարելիության ու խոցելիության տեստավորումը ինչ-որ մեկի կողմից միայն ժամանակի հարց էր: Առաջինն արեց Պուտինը: Թեպետ Թուրքիայի շահերը միշտ դժվար էր Ռուսաստանի հետ համաձայնեցնել, նրանք իրականում ոչ մեկի հետ չեն համաձայնեցվում Մերձավոր Արևելքում՝ բացի Կատարից՝ ինքնասածի և նավթով հարուստ էմիրաթի, որ 2017-ին հայտնվեց Պարսից ծոցում նախկին դաշնակիցների շրջափակման մեջ: Այդ ալյանսը՝ վերջերս Թուրքիայի ՊՆ նախարարն անվանեց ՙմեկ սիրտ, մեկ բռունցք՚, կարող է հօդս ցնդել, որովհետև ԱՄՆ-ը աշխատում է վերացնելու Կատարի կոնֆլիկտը Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի հետ, որոնց թշնամանքն Էրդողանի նկատմամբ շատ ավելին է:
Թուրքիան բախվում է իր տնտեսության թուլացմանը, տարադրամը անվերջ ընկնում է: Լարումը մեծանում է ոչ միայն Եվրոպայի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում, այլև՝ ԱՄՆ-ի: Պատճառը ռուսական զենիթահրթիռային համակարգի փորձարկումն էր՝ իբրև գործարկման առաջին քայլ, որը ընկալվում է իբրև որոշակի դիրքորոշում, եթե Թրամփը հաջորդ շաբաթ տանուլ տա Ջո Բայդենին: Չափազանց շատ են թարթվող կարմիր կրակները:
Դևիդ Գարդներ, Financial Times (Մեծ Բրիտանիա)


Հ.Գ. Մեծ Բրիտանիան մեկ միլիոն ֆունտ կհատկացնի Լեռնային Ղարաբաղում հակամարտության տուժածներին մարդասիրական օգնության համար: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հազարավոր մարդիկ կստանան անհրաժեշտ բժշկական պարագաներ, սնունդ և ավելի ապահով կացարան՝ շնորհիվ ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբի հայտարարած նոր օգնության փաթեթի», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Մեկ միլիոն ֆունտի ֆինանսավորումը կտրամադրվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խնդրանքով: «Ֆինանսական օգնության փաթեթում ներառված են սնունդ, դեղեր և բժշկական օգնություն հակամարտությունից տուժածներին: Մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ և աշխատել խաղաղ, բանակցային քաղաքական լուծման ուղղությամբ, որն այդքան անհրաժեշտ է տարածաշրջանի ժողովրդին», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Փաստացի՝ Եվրոպան գերադասում է ֆինանսական հատկացումերը՝ հարցի քաղաքական լուծումներից՝ ընդունելով հանդերձ, որ Էրդողանը չարիք է ու այդ չարիքը կարող է տարածվել և Եվրոպայում: Գերհեռատես քաղաքականություն է կամ՝ անզորության խոսոտվանություն սեփական կարճաժամկետ շահը երկարաժամկետ անվտանգությունից բարձր դասելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11042

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ