ՈՒմից և ինչ զարգացումներից է վախենում Նիկոլ Փաշինյանը
04.09.2020 | 00:40
Քաղաքական աշնան մոտենալուն պես՝ թեժ աշնան թեմայի աշխուժացմանը զուգահեռ‚ ավելի ու ավելի ակտիվացան հարցերն այն մասին, թե ներքաղաքական կյանքում, ի վերջո, ինչ հեռանկարներ են սպասվում։ Խոսքը նախ և առաջ իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների վերաբերյալ է։ Ամռանը, երբ կարծես թե հարաբերական անդորրի ամիսներ պետք է լինեին, քաղաքական կյանքը եռում էր։
Ամռան շրջանում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները հանդես եկան ասուլիսներով կամ տարբեր ձևաչափերի քաղաքական քննարկումներով, ընդ որում՝ աննախադեպ։ Դժվար է հիշել, թե Սերժ Սարգսյանը երբևիցե երեք ժամից ավելի տևողությամբ մամուլի ասուլիս հրավիրած լիներ, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ այսքան հաճախ հայտնվեր էկրաններին տարբեր թեմատիկ քննարկումներով։ Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ կարողանում է երկար պաուզաներ պահել, ժամանակ առ ժամանակ ստիպված էր լինում հասկանալի կամ անհասկանալի հոդված-հայտարարություններով հանդես գալ։ ՀՀ երեք նախագահների նման ակտիվությունը վկայում է, որ ներքաղաքական լուրջ գործընթացներ են խմորվում։ Գուցե առաջին հայացքից թվում է, թե դրանք ընդամենը հերթական գործընթացներ են, սակայն իրականում կան դրանց դրդապատճառները։ Ի վերջո, հենց ամռանը տեղի ունեցան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ կապված հայտնի իրադարձությունները, ձևավորվեց համագործակցություն երեք քաղաքական ուժերի միջև, որի առանցքում Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն են։ Իրենց դիրքորոշումներում արմատական մոտեցումները վերահաստատեցին «Սասնա ծռերը», որոնք, իրենց ոճի համաձայն, շարունակում են հոխորտալ, սպառնալ և այլն։ Ահա այսպիսի գործընթացներով էին հագեցած արձակուրդային համարվող ամառային ամիսները։
Հերթական թեժ աշնան ակնկալիքի նախաշեմին շատերի մոտ հարց առաջացավ. արդյոք ընդդիմադիր բևեռում տեղի ունեցող գործընթացները կարո՞ղ են որևէ վճռորոշ նշանակություն ունենալ իշխանության համար‚ թե՞, այնուամենայնիվ, զարգացող իրադարձությունները չեն մտահոգում ՀՀ ղեկավարությանը, ինչպես վերջիններս ցանկանում են ցույց տալ՝ ձևացնելով, թե իրենք ունեն ժողովրդի լիակատար աջակցությունը։ Այնուամենայնիվ‚ իշխանությունը մտահոգվելու կարիք ունի՞, թե՞ ոչ։
Այս հարցի շուրջ տարբեր կարծիքներ կարող են հնչել, սակայն ամենայն հավանականությամբ, իշխանությունը ոչ միայն կարիք ունի մտահոգվելու, այլև իրականում լավ էլ մտահոգված ու անհանգիստ է։ Հակառակ դեպքում այսքան նյարդային կերպով չէր պայքարի ընդդիմադիր ցանկացած դրսևորման դեմ։ Հիշենք թեկուզ Գագիկ Ծառուկյանի դեմ ընթացող քայլերը, որոնցով փորձում են լռեցնել նրան ու նրա ղեկավարած քաղաքական ուժին՝ ընդհուպ մինչև դատարան տանելով ու ազատազրկման սպառնալիքով։ Հիշենք նաև, թե ինչ ծիծաղելի պատրվակներով է իշխանությունը փորձում ԱԱԾ, ոստիկանություն կամ քննչական կոմիտե տանել Արթուր Վանեցյանին՝ այդպիսով հոգեբանական ճնշում գործադրելով նրա դեմ։ Սա ցույց է տալիս, որ իշխանության ձևական հանգստության, պաթոսի ու ինքնավստահության տակ իրականում թաքնված է լուրջ անհանգստություն, և հենց արմատում ցանկանում են ընդդիմության ակտիվությունը կանխել։
Իսկ ումի՞ց պետք է անհանգստանա իշխանությունը։
Իհարկե, իշխանությունն առանձնապես անհանգստանալու առիթ չունի նախկիններից։ ՀՀ ղեկավարությունը շատ լավ հասկանում է, որ քանի դեռ կա նախկիններ-ներկաներ, սև-սպիտակ բաժանումը, իրենք ունեն դիրքային առավելություն։ Իհարկե, այդ առավելությունը երկար տևել չի կարող, սակայն դեռ թարմ են 2018 թվականի իրադարձությունների վերաբերյալ հիշողությունները։ Այս պարագայում իշխանությանն առանձնապես չի մտահոգում հանրապետականների և նրանց առաջնորդի որոշակի ակտիվությունը։ Հակառակը՝ նրանք միշտ փորձում են ՀՀԿ ակտիվությունն օգտագործել առավելություն ստանալու համար՝ հանրությանը սպառնալով նախկինների վերադարձով։ Այնպես որ, քանի դեռ թարմ է «Մերժիր Սերժին» կարգախոսը, և նախկինների այլընտրանք ընկալվում է գործող իշխանությունը, վերջիններս առանձնապես անհանգստանալու կարիք չունեն։
Ռոբերտ Քոչարյանի պարագայում իրավիճակն ինչ-որ տեղ նույնն է։ Դարձյալ խաղարկվում է «նախկիններ» խաղաքարտը։ Սակայն կա մի նրբություն. Ռոբերտ Քոչարյանը 12 տարի իշխանության չէ և հիմնականում չի ասոցացվում նախկինների հետ։ Սերունդ է փոխվել, որը լավ քարոզչական աշխատանքի դեպքում կարող է նաև միֆականացնել Ռոբերտ Քոչարյանին։ Ընդ որում, հետևելով Քոչարյանի քարոզին՝ հենց դա էլ նկատում ենք. ՀՀ երկրորդ նախագահը ներկայացվում է որպես շինարար, որպես տնտեսական հաջողությունների հեղինակ, պատերազմի հաղթանակում մեծ ներդրում ունեցող գործիչ և այլն։ Նոր սերնդի համար սա կարող է շատ լավ խայծ լինել։ Ի վերջո, 2018 թ. գարնանը մերժել էին Սերժին, ոչ թե Ռոբերտին, և այս պարագայում որքան էլ խաղարկվի նախկինների գործոնը, այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանն ուղղակիորեն չի կապվում 2018 թ. իրադարձությունների հետ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի գործողությունների շնորհիվ ՀՀ երկրորդ նախագահը բերվեց քաղաքական դաշտ, նրան տրվեց տուժածի կերպար ու կարգավիճակ։
Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», ապա մինչև Գագիկ Ծառուկյանի հետ ընթացող զարգացումներն այս ուժի կառույցների հզորության‚ ինստիտուցիոնալիզմի‚ մարդկային ռեսուրսների մասին առասպելական պատկերացումներ կային։ Սակայն ինչպես իրականությունը ցույց տվեց‚ այդ կառույցները պատրաստ չեն ծայրահեղ պայմաններում զանգվածային փողոցային միջոցառումների։ Բացի այդ‚ ԲՀԿ ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը‚ բավականին խոցելի կերպար է՝ հաշվի առնելով նրա ունեցվածքն ու այն հանգամանքը‚ որ նա ՀՀ ամենախոշոր և ոչ ամենամաքուր հետագիծն ունեցող սեփականատերերից է, նա‚ ըստ էության‚ կորցնելու շատ բան ունի‚ և այդ հանգամանքի վրա խաղացել են և՛ Սերժ Սարգսյանի‚ և՛ ներկա իշխանությունը։ Սա Գագիկ Ծառուկյանի աքիլեսյան գարշապարն է‚ ինչը նրան բավականին խոցելի է դարձնում‚ և վերջինս միշտ ամենավերջին պահին նահանջում է։
Նույն կերպ իր խոցելիությունն ունի խորհրդարանում ընդդիմադիր դաշտում դիրքավորվող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը‚ որը երբ փորձում է թեկուզ մեկ սմ խախտել իր համար գծված արահետը‚ նրան անմիջապես սկսում են երեսով տալ իր ծագումնաբանությունը‚ կապում են նախկին իշխանությունների հետ‚ ակնարկում են «Վատիկանի հետ կապերը»։ Եվ կարծես թե այդ խաղաքարտը միշտ գործում է‚ և այդպիսով իշխանությունը հեշտությամբ կարողանում է վերահսկողության ներքո պահել Մարուքյանին ու նրա քաղաքական ուժը‚ մանավանդ որ Մարուքյանն էլ առանձնապես դեմ չէ‚ որ իր հետ անընդհատ պայմանավորվեն։ Այս գործիչն ու նրա ղեկավարած կուսակցությունը առանձնապես անհանգստություն չեն պատճառում‚ քանի որ հռետորաբանությունից այն կողմ գործը երբեք չի անցնում։
Ընդդիմադիր այս ներկապնակում ամենաանխոցելին «Հայրենիք» կուսակցությունն է՝ Արթուր Վանեցյանով։ Նրան դժվար է ասոցացնել նախկինների հետ։ Որպես հանրային դեմք՝ Արթուր Վանեցյանը հենց հեղափոխության ծնունդ է‚ հենց հեղափոխական իշխանությունը նրան բերեց ասպարեզ։ Փորձեցին նրան կապել նախկինների հետ‚ սակայն ապարդյուն‚ քանի որ հիմքերը բավականին թույլ են։ Բացի այդ‚ Վանեցյանն ինքնաբավ գործիչ է‚ անընդհատ նոր կառույցներ է բացում հանրապետությունով մեկ‚ այսինքն՝ ինստիտուցիոնալ առումով է զարգանում կուսակցությունը։ Ակնհայտ է‚ որ կան նաև լուրջ կապեր դրսում‚ մասնավորապես‚ Մոսկվայում և ԱՄՆ վարչակարգում։ Այս առումով Վանեցյանն ամենաանխոցելին ու միաժամանակ ամենավտանգավորն է։ Եվ դրանով է պայմանավորված‚ որ նա անընդհատ հայտնվում է այս կամ այն ուժային կառույցում տարբեր կարգավիճակներով. ամեն ջանք գործադրվում է Վանեցյանին վարկաբեկելու համար։ Սակայն՝ ապարդյուն‚ քանի որ անմիջապես ստանում են շատ կտրուկ հարված‚ այդ թվում՝ ինֆորմացիոն‚ ինչը շատ մտահոգում է Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը։ Փաշինյանին վախեցնում է այն փաստը‚ որ Վանեցյանը շատ բան գիտի թե՛ իշխանության‚ թե՛ կոնկրետ մարդկանց և այն գործընթացների վերաբերյալ‚ որոնց արդյունքում Նիկոլ Փաշինյանը հայտնվեց երկրի կառավարման ղեկին։
Իհարկե‚ միայն Վանեցյանով չեն սահմանափակվում ՀՀ իշխանությունների վախերը։ Նրանց խստորեն մտահոգում է Քոչարյանի և Վանեցյանի միջև ալյանս ստեղծելու հեռանկարը‚ որն ընդհանրապես շատ վտանգավոր խառնուրդ կարող է լինել գործող կառավարության համար։ Բացի այն‚ որ կարող են միավորվել ինստիտուցիոնալ կառույցներն ու նրանց հզոր ղեկավարները‚ այստեղ ընդգծվում են նաև աշխարհաքաղաքական ընդհանրությունները։ Սա նշանակում է‚ որ այս միավորումը գուցե հստակ աջակցություն ունենա նաև դրսից։ Եվ հիմա իշխանությունն ամեն ինչ անում է՝ թույլ չտալու նման ալյանսի ձևավորումը։ Իսկ նման հեռանկարը չի բացառվում‚ քանի որ Վանեցյանը հայտարարել էր‚ որ Արցախից վերադառնալուց հետո (այդ այցն արդեն կայացել է) սկսելու է հանդիպումների շարք ՀՀ նախկին նախագահների՝ Տեր-Պետրոսյանի‚ Քոչարյանի և Սարգսյանի հետ։ Եվ հնարավոր այդ ալյանսն օրորոցում խեղդելու համար փաշինյանական իշխանությունն ամեն քայլի գնալու է։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ