ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 27-ին սպառնացել է «խստորեն կարգավորել» կամ ընդհանրապես փակել սոցիալական ցանցերը: Նրա կարծիքով՝ դա անհրաժեշտ է, որովհետև սոցցանցերը «ամբողջությամբ խլացնում են» պահպանողական ձայները: Նախօրեին Twitter-ն առաջին անգամ Թրամփի թվիթը որակել էր փաստերին չհամապատասխանող:
«Հանրապետականները զգում են, որ սոցիալական մեդիա-պլատֆորմները ամբողությամբ խլացնում են պահպանողական ձայները: Մենք կոշտ կարգավորելու ենք կամ ընդհանրապես նրանց փակելու ենք, որովհետև չենք կարող թույլ տալ, որ երբևէ նման բան կատարվի»՝ գրել է Թրամփը իր թվիթերում: Նա ճշտել է. «Մենք տեսանք՝ ինչ էին նրանք փորձում անել, և ձախողվեցին 2016-ին: Մենք չենք կարող թույլ տալ, որ կյանքի կոչվի նույն, բայց ավելի կատարելագործված սխեմա»: 2016-ի նախագահական ընտրություններում ԱՄՆ-ում, ինչպես հայտարարեց Թրամփը, սոցցանցերը խաղացել են նրա մրցակցի՝ Հիլարի Քլինթոնի օգտին: Թրամփի նախազգուշացումները հնչել են, երբ նախորդ օրը Twitter-ը իր պատմության մեջ առաջին անգամ նրա թվիթները մակնշեց փաստերին չհամապատասխանող ու մոլորեցնող: DW-ն նշել է, որ միկրոբլոգի ադմինը նման գնահատական է տվել Թրամփի 2 թվիթներին, որտեղ նա հիշատակել է Կալիֆորնիայի իշխանությունների մտադրությունը՝ ընտրողներին փոստով ուղարկել քվեաթերթիկները: Նրա կարծիքով՝ դա քվեարկության արդյունքների կեղծիքով է սպառնում:
RFI
Հ.Գ. Իսկ ունի՞ Թրամփը իր սպառնալիքը իրագործելու հնարավորություններ: Թերևս պետք է նոր օրենք ընդունել, որի համար կպահանջվի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ու Սենատի մեծամասնության համաձայնությունը: Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են դեմոկրատները և հազիվ թե նրանք համաձայնություն տան սկանդալային նախաձեռնությանը: Ամենայն հավանականությամբ՝ հետայսու Թրամփը կհեռանա Թվիթերից ու կհայտնվի Ֆեյսբուքում: Ինչու՞ ոչ: Մարկ Ցուկերբերգը «Ամազոնյան» քաղաքականություն չի վարում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ