Ֆեյսբուքից դուրս իրականությունում հարցերը ֆեյք լուծումներ չեն ընդունում
10.03.2020 | 00:40
Մարտի 8-ն էլ անցավ: Չգիտես ինչու՝ ոչ ոք չի խոսում, որ սկսվել է կանանց մեկամսյակը: Համարյա մոռացված ավանդույթ: Ամբողջ աշխարհում հիմա կա մեկ զբաղմունք՝ պայքար կորոնավիրուսի դեմ: Թագակիր վարակը մահվան եղանով շրջում է աշխարհում ու գոհ է իր մահացու ճանապարհորդությունից: Կա մխիթարություն՝ կորոնավիրուսը հասցրել է մուտացիա անել ու բաժանվել երկու խմբի. մեկը, որ մնացել է Չինաստանում, ծանր ու կարճատև է, մյուսը, որ շրջում է աշխարհում, արագ տարածվող է, բայց անցնում է թեթև ու լետալ ելք չունի:
Ավիաընկերություններն այս տարի կարող են 100 միլիարդ դոլարի եկամուտ կորցնել տոմսերի պահանջարկի կտրուկ անկման պատճառով: Եկամուտների հնարավոր կորուստները տատանվում են 63-113 միլիարդ դոլարի միջակայքում: Սանկտ Պետերբուրգի ամենամյա տնտեսական ֆորումը չեղարկվել է: Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆտալի Բենեթն արգելել է Բեթղեհեմ ելքն ու մուտքը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել, վարչապետ Մուհամեդ Շտեյան 30 օրով փակել է ուսումնական բոլոր հաստատությունները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ կորոնավիրուսի տարածումը կարող է որոշակի վնաս հասցնել ԱՄՆ տնտեսությանը, բայց հույս ունի, որ համաճարակը երկար չի տևի: ԵԽԽՎ 38-րդ նստաշրջանը Ստրասբուրգում չեղարկվել է: Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեղարկումից Ճապոնիայի տնտեսությունը 74,2 միլիարդ դոլարի կորուստ կունենա, վարակվածների թիվը Ճապոնիայում անցնում է 1000-ը, մահացածներինը` 12-ը: ԱՀԿ-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի դեպք է գրանցվել 101 երկրում, վարակվածների թիվը հասել է 105586: Կորոնավիրուսը մտել է Բուլղարիա, Կոստա Ռիկա, Մոլդովա, Գվիանա, Մալդիվներ, Մալթա, Ֆարերյան կղզիներ, Մարտինիկա: Հարավային Կորեայում 7000 մարդ է հիվանդ, մահացել է 46-ը: Իտալիայում հիվանդ է 4636-ը, մահացել է 197-ը, Իրանում հիվանդ է 6000-ը, մահացել է 145-ը: Իտալիայի իշխանությունները փակել են Լոմբարդիան՝ Միլանը, 14 շրջաններ, Վենետիկը: Մուտքի և ելքի սահմանափակումների որոշումը ստորագրել է վարչապետ Ջուզեպե Կոնտեն: Վրաստանում կորոնավիրուսակիր են 13-ը: Ադրբեջանում գրանցվել է վարակման 9 դեպք, Ռուսաստանում՝ 15։ Մխիթարում է ՀՀ ԿԲ-ն. «ՀՀ Կենտրոնական բանկը ուշադիր հետևում է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին։ Այս պահի գնահատականների համաձայն ակնկալվում է, որ այդ ազդեցությունները թե համաշխարհային տնտեսության, և թե ՀՀ տնտեսության վրա կլինեն կարճաժամկետ։ Այնուամենայնիվ, ԿԲ-ն մշտադիտարկում է համաշխարհային տնտեսության, ֆինանսական և ապրանքահումքային շուկաների զարգացումները և գնահատում է այն կարճաժամկետ ազդեցությունները, որոնք կարող են գրանցվել ՀՀ տնտեսության վրա։ Անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն մշտապես պատրաստ է արձագանքել՝ ապահովելով գների և ֆինանսական կայունությունը ՀՀ-ում»։ Փաստորեն՝ ոչ կորոնավիրուսը, ոչ նավթի գնանկումը Հայաստանի համար կարևոր չեն: Ֆենոմենալ է: Թու-թու: Հայաստանում մարտի 1-ին գրանցվել է վարակվելու միակ դեպքը։ Ծաղկաձորի «Գոլդեն Փելեսից» տագնապալի լուրեր չկան, երեկվանից վերսկսվեցին դասերը: Շարունակեք լվացվել ու մի համբուրվեք՝ ում էլ հանդիպեք: Թերևս թագակիր վիրուսի դեմ ամենազորեղ պաշտպանությունը «թու-թուն» է, թեև տրամաբանությունը թելադրում է, որ վարակակիրները հայտնի չեն դառնում, որովհետև եթե դու չես եկել կամ չես շփվել Չինաստանից, Իրանից, Իտալիայից, քեզնով ոչ ոք չի հետաքրքրվում:
Ինչպես ոչ ոք առանձնապես չի հետաքրքրվում… հանրաքվեով: Իսկ պաշտոնական քարոզարշավը սկսված է: Սկանդալներ էլ արդեն կան: Գործնականում՝ ոչ հանրաքվեի, այլ վարչապետի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը շարունակում է կրեատիվի իր կրեատիվ ընկալումը ներդնել ի գործ, ու ոչ բոլորն են նրան ընկալում: Իսկապես՝ արդյունավետության տեսակետից մեծ հարց է՝ ճի՞շտ է, որ վարչապետը գործը թողած՝ շրջում է փողոցներում, տներով ու մետրոյով, և բաժանում քարոզչական նյութեր: Նույնը հանգիստ կարող էին անել «Այո»-ի շտաբի ներկայացուցիչները:
Ոչ մի վստահություն, որ եթե գրքույկ ես ստացել վարչապետից, «այո» ես քվեարկելու, իսկ եթե ուրիշից՝ «ոչ»: Ստացվում է՝ պետության ղեկավարը այնքան պարապ է, որ մայրաքաղաքով քաղաքական զբոսանքների լիքը ժամանակ ունի: Սա նոնսենս կլիներ, եթե նա իսկապես ՕՐԱԿԱՐԳ ունենար: Օրակարգ՝ գոնե սահմանադրական հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ: Մասնավորապես՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորման: Նոնսենս չէ՞, որ հետհեղափոխական, ՆՈՐ Հայաստանում ՏԸՀ-ները մնում են ՀԻՆԸ: Այսինքն՝ «նախորդ հանցավոր ռեժիմի» բովով անցած ու ընտրակեղծարարության դասընթացը յուրացրած մարդիկ: Նոնսենս չէ՞, որ ՆՈՐ Հայաստանում չեն գտնվել բավարար թվով արտոնագիր ունեցողներ: Այսինքն՝ հեղափոխությունից հետո ժողովրդավարության ու ընտրական ինստիտուտների վերակառուցման մասին միայն ապրիորի պահանջներ են հնչել, ԳՈՐԾ չի եղել: Նոնսենս չէ՞, որ ՍԴ կազմը փոխելու համար հանրաքվե է արվում ու կազմակերպիչը ՀԻՆ ԿԸՀ-ն է: Օրինակ՝ ինչո՞վ է անվստահելի Հրայր Թովմասյանը, բայց վստահելի Տիգրան Մուկուչյանը: Համենայն դեպս՝ փոփոխությունների անհրաժեշտության տրամաբանությունը թելադրում է, որ ԿԸՀ-ն՝ ունենալով ընտրակեղծարարության ավելի մեծ փորձ ու հնարավորություններ, առաջինը պիտի կազմափոխվեր: Բայց տրամաբանությունը Հայաստանում քմահաճ տիկին է, որ ունի ուրույն պատկերացումներ իր ու շրջապատի մասին: Եվս մեկ հարց՝ իսկ ի՞նչ վիճակում են ընտրացուցակները: Եթե ճիշտ է, որ յուրաքանչյուր ընտրատեղամասում «ոչ»-ն ունի 5 ներկայացուցիչ, իսկ «այո»-ն՝ 2, ճի՞շտ է, որ վարչապետը ապավինում է «այո» ասող ընտրողների թվի մեծացմանը: Կամ՝ ճի՞շտ է, որ Հայաստանը գործնականում անտեսում է միջազգային կառույցների վերաբերմունքը, թե՞ Նիկոլ Փաշինյանը հենց այդ հարցով է Բրյուսել մեկնել: Հարց՝ իսկ Նիկոլ Փաշինյանից բացի Հայաստանում կա՞ որևէ այլ պաշտոնյա, թե ամեն տեղ ու ամեն ինչի որոշողն ու պատասխանատուն միայն նա է:
Իսկ նա էլ իր 1+1+…-ը համարում է բոլոր հարցերի լուծման բանաձև, ֆեյսբուքն էլ՝ միջոց: Օրինակ, երբ քարոզարշավի 20-րդ օրը գնում է Ստեփանավան, ֆեյսբուքով քաղաքացիներին կոչ է անում իրենց միջավայրում զբաղվել «Այո»-ի քարոզչությամբ. «Իմաստը հետևյալն է, որ աշխատանքի վայրում «Այո»-ի կողմնակիցը գտնի մեկ ուրիշ «Այո»-ի կողմնակից, երկուսով գտնեն երրորդին, երեքով չորրորդին, չորրորդով հինգերորդին և այսպես շարունակ, և ցանցային քարոզչություն իրականացնեն այն փոքր ժամանակահատվածներում, որը կառաջանա աշխատանքի և այլ գործերի ընթացքում»: Փաստացի՝ Նիկոլ Փաշինյանը քարոզչությունը համադրում է վարչապետի աշխատանքի հետ, այլապես չէր ստուգի ու գովազդի Ստեփանավանի դենդրոպարկ տանող ճանապարհները: Բայց այդ համադրությունը շրջվում է իր դեմ: Ոչ թե քարոզիչ, այլ վարչապետին հանդիպող ՀՀ հպարտ քաղաքացիները նրան դիմում են խնդրանքներով, ու նա պատասախանում է. «Առողջ տղամարդ ես, գնա աշխատիր, քո տան հարցը, քո հացի հարցը լուծիր»: Վագոն տնակում ապրող կուրթանցին «այո» կասի՞ հանրաքվեում: Թեպետ սկզբունքորեն Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, բայց ապրիորի ճիշտ լինելն ու կյանքում ճիշտ լինելը բախվում են իրար ու դառնում փակուղի: Դա Ֆեյսբուքից դուրս իրականությունն է, որտեղ հարցերը ֆեյք լուծումներ չեն ընդունում: Ֆեյսբուքում կարող ես ասել՝ աղքատությունը հանիր գլխիցդ, կյանքում աղքատությունը գլխից դուրս, թե ներս, աշխատանք է պահանջում ու վարձատրություն: Միով բանիվ՝ տնտեսական ռեալ հեղափոխություն: Այդպիսին է դաժան տրամաբանությունը, վարչապետն ու կառավարությունը պարտավոր չեն կուրթանցուն կամ որևէ մեկին տնակի փոխարեն տուն տալ, բայց պարտավոր են ապահովել աշխատանքով, որ իր տան հարցը ինքնուրույն լուծի՝ իբրև առողջ տղամարդ: Այդպես է հանրաքվեից առաջ, այդպես է լինելու հանրաքվեից հետո:
Ինչքան ձայն հավաքվի ու չհավաքվի: Եվ քարոզարշավի մնացած օրերին «Այո»-ի շտաբը պետք է պատրաստ լինի պատասխանել ոչ միայն ՍԴ-ին, այլև ՀՀ հպարտ քաղաքացիների կյանքին վերաբերող հարցերի, ավելի ստույգ՝ կյանքի փոփոխություններին, որովհետև ՆՈՐ Հայաստանը ապրում է միայն Ֆեյսբուքում՝ լայվերով: ՈՒ ֆեյքերով, որոնց տարածած ատելությունն ու թշնամանքը հոդաբաշխ պատճառ ու բացատրություն չունեն, բացի՝ վախն ու թուլությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Լիբանանը դեֆոլտ հայտարարեց: Սաուդյան Արաբիայում հերթական հեղաշրջումն է կամ արվում, կամ՝ կանխվում: Իսրայելում Բենիամին Նեթանյահուն նորից չի կարողանում կառավարություն ձևավորել: Ալիևը Հայաստանի սահմաններն է գնդակոծում ու պայքարում քարտեզների դեմ, որտեղ Բաքու գրած չկա, բայց կա ՈՒՐԱՐՏՈՒ: Էրդողանից հաշիվ են պահանջում, թե ինչու են իրենց որդիները կռվում ու զոհվում հարևան երկրում: Էրդողանն իրեն է հաղթող հայտարարում, Պուտինն՝ իրեն: Բաշար Ասադը պատրաստվում է ապրիլի 13-ի ընտրություններին: Հենց Հայաստանը հայտարարեց, որ Վրաստանում մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնաց Պնախարարին հանդիպելու: Պաշտոնապես համարվում է, որ Մոսկվայում Պուտինն ու Էրդողանը հասան հրադադարի՝ մարտի 6-ից դադարեցնելու ռազմական գործողությունները, 6-կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու Մ-4 մայրուղու շուրջ և մարտի 15-ից համատեղ պարեկելու: Իրականում ոչ ոք չի հավատում, որ հրադադարը պահպանվելու է: Լաթաքիայում սիրիական հակաօդային պաշտպանության միջոցները 2 անօդաչու են խփել, որ թռել էին Իդլիբ նահանգից դեպի Հմեյմիմ ավիաբազա: Անօդաչու սարքեր Իդլիբում ունի թուրքական բանակը, Հմեյմիմը ՌԴ ավիաբազան է: Պուտինը հերթական անգամ փրկեց Էրդողանի դեմքը՝ կասեցվեց Ասադի բանակի առաջխաղացումը, Անկարային շանս տրվեց պահպանել դիտակետերը՝ ներկայությունը ուրիշի երկրում, և Մ-4 միջպետական ավտոմայրուղի մտնել՝ ռազմավարական ճանապարհ, որ Սիրիայի հարավ-արևելյան շրջանները կապում է Հալեպին: Պուտինին հաջողվեց խաղից հանել ԵՄ-ն, բայց չի կարող նույնն անել Իրանի ու Սիրիայի հետ: Հաստատվեց նոր ստատուս քվո, որ ձեռնտու չէ Սիրիային, փաստացի սա իրավիճակի սառեցում էր: Թուրքիան արդեն 6 միլիարդ եվրո է ստացել Բրյուսելից, բայց դա չխանգարեց սահմանը բացել ու ավտոբուսներով փախստականներ տանել Հունաստանի սահման: ԵՄ-ն այս անգամ շանտաժին չտրվեց. Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը պահանջեց, որ Եվրոպան տեղի չտա Թուրքիայի ճնշմանը: «Մենք Հունաստանի վրա կազմակերպված գրոհի ենք ենթարկվում Թուրքիայի և նախագահ Էրդողանի կողմից: Դա պլանավորված և նպատակաուղղված գրոհ է, որը կառավարվում և կազմակերպվում է պետության կողմից»: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը փակ պահեց սահմանները: ԵՄ-ն գումար հատկացրեց ոչ թե Անկարային, այլ Սիրիայի տարածքի փախստականներին: Ոչ մի երաշխիք, որ Անկարան զինաթափելու է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին, իսկ ռուսները՝ չեն սպանելու: Էրդողանն արդեն սպառնացել է. «Մենք մեզ իրավունք ենք վերապահում ինքնուրույն և սեփական միջոցներով մաքրել այդ տարածքները»: Հողի հարցը թղթի վրա չի լուծվում: Իսկ մարտը կիսվեց: Արցախի համապետական ընտրություններին մնաց 20 օր: Ապրիլին Արցախը կունենա նոր նախագահ ու նոր խորհրդարան: ՈՒ ի՞նչ կփոխվի: Ի՞նչ կփոխվի Հայաստանում ապրիլի 6-ին: Մտածեք այդ մասին: Ռեալ փոփոխությունների: Որ Հայաստանը դարձնելու են ռեալ ինքնիշխան քաղաքականապես ու տնտեսապես, ռեալ պաշտպանված: Պատմությունը տալիս է ժամանակ, որ ժամանակը դառնա պատմություն, բայց և չի տալիս երաշխիք, որ` ԺԱՄԱՆԱԿԸ ԿԼԻՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ:
Մենք, որ այդքան տարված ենք մեր անցյալի պատմությամբ, ի՞նչ ենք ժառանգելու մեր հաջորդներին՝ պատմության ցա՞վը, թե՞ ուժը: Մի թերագնահատեք ՆԵՐԿԱՆ:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ