Շաբաթ օրը Էմանուել Մակրոնը չէր թաքցնում նյարդայնությունը Անգելա Մերկելից՝ Մյունխենի անվտանգության կոնֆերանսում. «Սա ֆրուստրացիա չէ, սա անհամբերություն է»: Կանցլերն արդեն երկու տարի համառորեն արգելակում է Ֆրանսիայի նախագահի եվրոպական ինտեգրման բոլոր առաջարկները՝ պաշտպանությունից մինչև բնապահպանություն, արհեստական ինտելեկտից՝ գերատեսչական բարեփոխումներ: Հիմա, երբ ԱՄՆ-ը հեռանում է մնացյալ աշխարհից, Չինաստանը դրսևորում է կոպիտ ուժ, ծերացող ու պահպանողական Գերմանիան հաստատում է, որ իրեն լիովին բավարարում է ԵՄ-ն ներկա տեսքով՝ ինչպես մեծ Շվեյցարիա: Դա թույլ է տալիս Գերմանիային բյուջեի կայուն պրոֆիցիտ ունենալ՝ միասնական շուկայի ու եվրոյի շնորհիվ, բայց Բեռլինը չի պատրաստվում կիսվել այն երկրների հետ, որ տառապում են այդ համակարգի ձևավորած անհավասարակշռությունից: Բացի այդ՝ Գերմանիան բոլորովին անհաղորդ է եվրոպական տերության ֆրանսիական երազանքին, որովհետև պատրաստ է բավարարվել ամերիկյան ռազմական հովանոցով՝ չնայած բացված անցքերին: Ելիսեյան պալատում ընդունում են, որ Մերկելի Գերմանիամ լիովին զուրկ է աշխարհաքաղաքական մտածողությունից, որ անհնար է դարձնում «եվրոպական նոր դինամիկան»՝ մասնավորապես ինքնիշխանության տարրերը ԵՄ-ի մակարդակ փոխանցումով՝ ինչպես ցանկանում է Էմանուել Մակրոնը: Այս ամենը նորից դրսևորվելու է փետրվարի 20-ին 2020-2027-ի եվրոպական ֆինանսական ծրագրի արտահերթ սամիթում՝ փողի մեջ լողացող Բեռլինը ոչ միայն չի պատրաստվում ոչ մի եվրոյով ավելացնել իր մուծումները՝ փոխհատուցելու Մեծ Բրիտանիայի հեռանալը, այլև ուզում է հասնել հերթական կրճատման (2012-ից հետո) առանց այդ էլ համեստ ընդհանուր բյուջեի (Եվրոպայի ՀՆԱ-ի 1%-ից ավելին): Եթե ֆինանսները թույլ են տալիս դատել ծրագրերի մասին, Գերմանիան ԵՄ-ի համար ընդհանրապես փող չունի: Այդ փաստը երկու տասնամյակ քողարկում էին բրիտանական եվրոսկեպտիցիզմով, բայց բրեկզիտը բացահայտում է:
Որևէ փոփոխություն չանելու Մերկելի ցանկությունը, չնայած աշխարհի արագ զարգացմանը, խառնաշփոթ է հարուցում գերմանացի քրիստոնյա դեմոկրատների մեջ: «Ֆրանսիայի նախագահը առաջարկներ է անում, իսկ մենք շատ երկար ենք պատասխանում»՝ Մյունխենում ընդունել է Արմին Լաշետը՝ Մերկելի հնարավոր իրավահաջորդներից մեկը: Այս արտահայտությունը հատկապես կոշտ է հնչում, որովհետև Մերկելը Գերմանիայում բացարձակապես անձեռնմխելի է:
Այնուհանդերձ Եվրոպայի խնդիրների համար ամբողջ պատասխանատվությունը Մերկելի վրա դնել արդար չէ: Իրականում՝ Ֆրանսիայից բացի ԵՄ-ում այլ քաղաքական ուժ չկա, որը ցանկանում է կառուցել եվրոպական տերություն կամ նույնիսկ պահպանել միությունը ներկա տեսքով: Արևելյան և Հարավային Եվրոպային հետաքրքրում են միայն եվրոպական փողերը, իսկ հյուսիսին՝ մեծ շուկայի ու եվրոյի առավելությունները: Բայց հենց բոլորը համարեն, որ թերությունները գերակշռում են առավելություններին, անմիջապես խաղից դուրս կգան: Բոլորի առաջ հարց է դրված՝ Եվրոպան ընդամենը 20-րդ դարի երկրորդ կեսի՞ նախագիծ էր: Դոնալդ Թրամփն ու Սի Ձինպինը այդպես են համարում:
Ժան Կատրեմար, Libération (Ֆրանսիա)
Հ.Գ. Արդար լինելու համար՝ պետք էր հավելել՝ այդպես է կամենում նաև Պուտինը: Ու դրանով է բացատրվում Ռուսաստանին ԵՄ-ի պահպանության համար դաշնակից, ոչ թե հակառակորդ տեսնելու՝ Էմանուել Մակրոնի ցանկությունը: Մակրոնին պակասում է ժամանակը, նրան պետք է վերընտրվել՝ իր ծրագրերը իրականացնելու համար: Իսկ դրան ամեն ինչով խանգարում է Թրամփը, որ այս տարի է պատասխանելու հարցին՝ ի՞նչ ԱՄՆ կլինի 2020-2024-ին: Մերկելի հեռանալուց հետո Գերմանիան տեղաշարժվելու է, բայց հայտնի չէ՝ դեպի ու՞ր՝ պոպուլիստական ազգայնականություն, հետո նորից ֆաշի՞զմ, թե՞ ժողովրդավարության զարգացում ու եվրոպական 21-րդ դարի տերություն: 2020-ի նոյեմբերը շատ հարցերի պատասխաններ կտա, իսկ մինչ այդ Մակրոնի ֆրուստրացիան շարունակվելու է՝ անկախ իր դիմադրության:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ