Փետրվարի սկզբից սիրական Իդլիբ նահանգում իրավիճակը շարունակում է սրվել: Երկուշաբթի Ասադի բանակի հարվածներից զոհվեցին թուրք զինվորներ: Թուրքիան ոչ միայն պատասխան հարվածներ տեղաց, այլև խոսեց Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման հնարավորության մասին: Սիրիայի բանակը նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ իրանամետ ռազմական խմբավորումների հետ շարունակում է հարձակումը Իդլիբ նահանգում: Դա հարուցում է Թուքիայի լուրջ դժգոհությունն ու տագնապը: Նախ՝ Իդլիբը ռազմավարապես չափազանց կարևոր է Թուրքիայի համար: Անկարան այդ շրջանը համարում է իր ազդեցության գոտի: 2017-ի Սոչիի համաձայնագրով՝ Իդլիբում պետք է ստեղծվի ապառազմականացված գոտի՝ թուրքական ռազմական հենակետերով՝ ծանր տեխնիկայի աջակցությամբ: Իդլիբում վերահսկողության հաստատման ժամանակ զոհվել են թուրք զինվորներ, և եթե հիմա Անկարան հեռանա Իդլիբից, Էրդողանը հեղինակության լուրջ կորուստ կունենա Թուրքիայում: Երկրորդ՝ Իդլիբի վրա գրոհի ժամանակ Ասադի ուժերը հարվածներ են հասցնում որ միայն արմատական իսլամիստական խմբավորումներին, այլև Ասադին ընդդիմադիր խմբավորումներին, որոնց աջակցում է Թուրքիան: Ստորաբաժանումները, որոնց մի մասին ուսուցանել ու հանդերձավորել են թուրք հրահանգիչները, միավորվել են Ազգային բանակում (նախկինում նրանք հայտնի էին իբրև Սիրիական ազատ բանակ): Անկարան չի կարող հրաժարվել Ազգային բանակի հետ ալյանսից, որովհետև նրանք օգնում են Թուրքիային քրդական ջոկատների հետ պայքարում և արմատական իսլամիստների հետ դիմակայության մեջ:
Վերջին օրերին Սիրիայում թուրք 14 զինվոր է սպանվել: Էրդողանը հայտարարել է, որ եթե Իդլիբում թեկուզ մեկ թուրք զինվոր տուժի, Անկարան պատասխան հարվածներ է հասցնելու սիրիական ուժերին «ամենուր, որտեղ կարող է»: Թուրքիայի նախագահը նույնիսկ ուլտիմատում է ներկայացրել՝ մինչև փետրվարի վերջ Ասադի ուժերը Ռուսաստանի աջակցությամբ պետք է ամբողջությամբ դուրս բերեն իրենց ստորաբաժանումները Իդլիբից ու ապաշրջափակեն թուրքական հենակետերը:
Եվս մեկ գործոն, որ շատ է անհանգստացբում Անկարային, փախստականների վիճակն է: Էրդողանն արդեն մեղադրել է Սիրիային ու Ռուսաստանին Իդլիբի նահանգի խաղաղ բնակչությանը կանխամտածված հարվածների համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանի աջակցությամբ Ասադի ուժերը «Իդլիբի անմեղ ու տառապյալ բնակիչներին ուղղորդում են դեպի մեր սահմանները»: Իսկ դա կարող է հումանիտար աղետ հարուցել սիրիա-թուրքական սահմանին:
Իդլիբում մեծ թվով փախստականներ են կուտակվել: Հումանիտար կազմակերպությունների տվյալներով՝ նահանգում հիմա 3,5 միլիոն քաղաքացիական անձինք կան: Ամբողջ Սիրիայից հենց Իդլիբում են հավաքվել նրանք, որ չէին ցանկանում ապրել Ասադի ուժերի վերահսկողության տակ:
ՄԱԿ-ի հաշվարկներով՝ 2019-ի դեկտեմբերից, երբ Ասադի բանակը սկսել է Իդլիբի վրա հարձակումը, կես միլիոն մարդ հեռացել է նահանգից: Փախստականների ճամբարները լիքն են: Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ չեն կարող ավելի շատ մարդ ընդունել: Փախստականների նոր ալիքը, որ կփորձի Եվրոպա հասնել, կարող է նոր ճգնաժամ հարուցել, ինչպես եղավ 2015-2016-ին: Այն ժամանակ ԵՄ-ն հազիվ գլուխ հանեց Մերձավոր Արևելքից անլեգալ միգրանտների հորձանքից:
«Սիրիական վարչակարգի հետ ցանկացած մասշատաբային ռազնական բախման դեպքում առավելություն կունենա Թուրքիան»՝ վստահ է վերլուծաբան Ջոզեֆ Դաերը: Բայց չնայած դրան՝ Թուրքիան ցանկանում է խուսափել լարվածության սրումից և Ռուսաստանի հետ իր հարաբերությունները սպառնալիքի տակ դնելուց: «Մոսկվան միակ խաղացողն է, որ կարող է ցանկացած պահի զսպել Դամասկոսին և դադարեցնել Ասադի թշնամական ծրագրերը Թուրքիայի նկատմամբ: Թուրքիան նաև ցանկանում է պահպանել սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Անկարայի միջազգային մեկուսացման պատճառով, հատկապես արևմտյան ու մերձավորարևելյան տերությունների հետ գործակցության հարցում»՝ նշում է պրոֆեսոր Դաերը: BBC-ի թուրքական ծառայության լրագրող Էջե Գոկսեդեֆը գտնում է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների ներկա սրացումը այնքան լուրջ է, որ կարելի համեմատել 2015-ի իրադարձությունների հետ, երբ թուրք զինվորները ռուսական կործանիչ խփեցին: Բայց այդ իրադարձություններից Անկարան շատ դասեր քաղեց: «Մի կողմից՝ Էրդողանը չի ցանկանում միավորներ կորցնել ներքաղաքական ասպարեզում: Միևնույն ժամանակ նա պատրաստ չէ ռիսկի տակ դնել Ռուսաստանի հետ կարևոր տնտեսական կապերը: Տարեսկզբին Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահները պաշտոնապես գործարկեցին TurkStream խողովակաշարը, որ Թուրքիայի տարածքով ռուսական բնական գազը փոխադրելու է Հարավային Եվրոպա; Ելքը մեկն է՝ քաղաքական հարցերը բանակցություններով լուծել: Իսկ ռազմական խնդիրները՝ հիբրիդային պատերազմով՝ սիրիական կոնֆլիկտի բոլոր մասնակիցներն ունեն իրենց ոչպաշտոնական ջոկատները»՝ նշում է Գոկսեդեֆը: Մի քանի կտրուկ հայտարարություն անելով Մոսկվայի հասցեին՝ Էրդողանը, այնուամենայնիվ, նշել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը պետք է ձգտեն իրեն տարաձայնությունները խաղաղ ճանապարհով հարթել, չնայած հիմա Սիրիայում հակամարտող կողմերի են աջակցում:
BBC
Հ.Գ. Ռուսաստանը գտնում է, որ Սոչիի համաձայնությունները այլևս սպառել են իրենց՝ իրավիճակ է փոխվել: Իսկապես՝ եթե Ասադի բանակը ազատագրում է Իդլիբն ամբողջությամբ, թուրքական ապառազմականացված գոտին դառնում է անհեթեթություն: Կամ՝ Էրդողանը պետք է հրապարակավ ընդունի, որ իրեն պետք չէ Իդլիբը, իրեն պետք է Իդլիբով անցնող մայրուղին, որ դուրս է գալիս Միջերկրական, որ Էրդողանը ցանկանում է վերահսկել Դամասկոս-Հալեպ ճանապարհը ու մշտական անկայունության աղբյուր պահել Սիրիայում: Ի՞նչ է նշանակում Ասադի ուժերը պետք է հեռանան Իդլիբից, փաստացի Անկարան ուզում է թուրքական անկլավ ստեղծել Սիրիայում, թեպետ քանիցս հայտարարել է, որ Սիրիայի տարածքն իրեն պետք չէ: Էրդողանն ու Չավուշօղլուն այնքան են ստել, որ այժմ չեն կարող հրապարակավ բացահայտել իրենց իրական ծրագրերը: Բայց պատրաստ են հրահրել ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների հերթական սրում, պատրաստ են Իդլիբում բոլորին բոլորի դեմ նորից կռվացնել, որ իրենք մնան: Թերևս սա այն հարցն է, որ այլևս չունի քաղաքական լուծում: Եթե 2015-ի կոնֆլիկտից Էրդողանը դասեր է քաղել, ոչինչ չի մոռացել և Պուտինը՝ ոչ ռմբակոծիչին խփելը, ոչ ՌԴ դեսպանին սպանելը, ոչ ՆԱՏՕ-ի հետ Էրդողանի խաղերը: Ասադը ևս նահանջի տեղ չունի: Իդլիբում որոշվում է Սիրիայի՝Արաբական Հանրապետության՝ իբրև պետության ճակատագիրը: Որոշվում է ԻՊ-ից մնացած ջիհադականների ճակատագիրը, և մի քանի հազար փախստականների, որ չեն ցանկանում ապրել Սիրիայում, այլ՝ ուզում են ունենալ իրենց իշխանությունը: Ու այստեղ չկան ոչ կրոնական, ոչ ազգային հարցեր, ընդամենը Թուրքիան չի կարող իր ուսուցանած, ֆինանսավորած ռազմական խմբավորումներին զինաթափել ու դատապարտել՝ ռազմական հանցագործությունների համար, որոնց հրամանը ինքն է տվել: Առավելևս, երբ մյուս երկրները հեռացել են Սիրիայից:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ