Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Ո՞վ էր ասում, որ կոմիկը նախագահ չի դառնա

Ո՞վ էր ասում, որ կոմիկը նախագահ չի դառնա
18.01.2020 | 14:25

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Վլադիմիր Զելենսկուն: «Ես դարձել եմ վարչապետ՝ նախագահի ծրագիրը կատարելու համար: Նա ինձ համար բացության ու օրինավորության օրինակ է, բայց նախագահի նկատմամբ իմ հարգանքի ու վստահության որևէ կասկած բացառելու համար ես հրաժարականի հայտարարություն եմ ներկայացրել նախագահին՝ խորհրդարանին փոխանցելու իրավունքով»՝ գրել է Գոնչարուկը Ֆեյսբուքում: Նախագահի մամլո ծառայությունը հաստատել է վարչապետի դիմումը ստանալը: «Նախագահը կուսումնասիրի հայտարարությունը: Արդյունքների մասին նախագահի գրասենյակը կհաղորդի»՝ տեղեկացրել է մամլո ծառայությունը Telegram-ում:


Նախօրեին Ուկրաինայում հրապարակվեցին ձայնագրություններ, որտեղ վարչապետի, Ազգային բանկի փոխնախագահի ու ֆինանսների նախարարի ձայնի նման ձայներով մարդիկ քննարկում են երկրի տնտեսական քաղաքականությունը և ոչ հաճելի խոսքեր են ասում նախագահ Վլադիմիր Զելենսկու գործիմացության մասին: Օրինակ՝ ասում են, որ նա «տնտեսական գործընթացների պրիմիտիվ՝ պարզունակ պատկերացում ունի»: Մարդը, ում ձայնը նման է վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի ձայնին, ընդունում է, որ «բացարձակ տգետ է տնտեսության մեջ»: Ձայնագրությունները հրապարակվել են չորեքշաբթի օրը YouTube-ում ստեղծված ալիքով՝ «Ինչպես խաբել նախագահին»: Ենթադրաբար՝ ձայնագրություններն արվել են վարչապետի, Ազգային բանկի ու տնտեսական նախարարների ոչ պաշտոնական խորհրդակցության ժամանակ՝ 2019-ի դեկտեմբերի 16-ին: Հունվարի 16-ին Գոնչարուկը հրապարակեց 3 րոպեանոց տեսաուղերձ, որով չհաստատեց, բայց և չհերքեց ձայնագրությունների իրականությունը, հայտարարեց, որ վերջին ժամանակներս հաճախացել են մեդիահարձակումներն իր վրա անձամբ ու իր կառավարության վրա կոռուպցիոներների ու պարզապես անբարյացկամների կողմից: Հրաժարականի մասին իր հայտարարության մեջ Գոնչարուկը հիշատակել է այդ ձայնագրությունները՝ նշելով, որ «արհեստականորեն տպավորություն է ստեղծվում», որ «ինքն ու իր թիմը չեն հարգում նախագահին, որ մեր քաղաքական առաջնորդն է»: «Ազդեցության շատ խմբերի, որ ձգտում են ֆինանսական հոսքերի մուտք ունենալ, ձեռնտու է, որ այդպես թվա: Բայց դա ճիշտ չէ»՝ գրել է Գոնչարուկը: Նա իր հրաժարականը բացատրել է ցանկությամբ՝ «բացառելու նախագահի նկատմամբ վստահության ու հարգանքի որևէ կասկած»: «Նա մարդ է, ում ուկրաինացիներն աննախադեպ վստահություն են հայտնել: Ու նա լիակատար իրավունք ունի գնահատել երկիրը փոխող իր թիմի յուրաքանչյուր անդամի արդյունավետությունը»՝ նշել է Ուկրաինայի վարչապետը:
BBC


Հ.Գ. Փաստացի՝ Ուկրաինայի վարչապետը շատ ավելի վատ վիճակի մեջ է դրել նախագահին, քան եթե հրաժարական չտար, ինչպես չեն տվել սկանդալային ձայնագրության մյուս մասնակիցները: Եթե Զելենսկին ընդունի հրաժարականը, ընդունելու է մեղադրանքներն ու իր վիրավորվածությունը, եթե չընդունի հրաժարականը, դարձյալ ընդունելու է մեղադրանքերը, բայց նաև փաստը, որ իր նշանակած վարչապետը, բանկի փոխտնօրենն ու նախարարները, այնքան էլ հիացած չեն իր գիտակությամբ: Առայժմ Գոնչարուկի կառավարությունը շարունակում է պաշտոնավարել: Պաշտոնապես կառավարությունը չի կարող պաշտոնանկվել իր ծրագրի հաստատումից հետո մեկ տարի, այսինքն՝ մինչև 2020-ի հոկտեմբերը: Կիևում շատերն են հարց տալիս՝ իսկ կարո՞ղ է Վլադիմիր Զելենսկին աշխատել մի վարչապետի հետ, որ իրեն համարում է պարզունակ: Թեպետ վարչապետը պետք է հրաժարականի դիմումը ներկայացնի Գերագույն Ռադայի նախագահին, Գոնչարուկը դիմումը հղել է նախագահին: Դրանով նա ցանկացել է ընդգծել, որ նախագահն է իշխանության ղեկավարը, չնայած օրենսդրությամբ ամրագրված զսպումների ու հակակշիռների: Եթե նախագահը վարչապետի հրաժարականի դիմումը փոխանցի խորհրդարան, որտեղ մեծամասնություն ունի, վարչապետի պաշտոնանկության հարցը համարեք լուծված: Նա կարող է հայտարարել, որ վստահում է վարչապետին, իսկ ձայնագրության մեջ հնչող հայտարարություններին վերաբերվում է հումորով: Գոնչարուկին պաշտոնանկել նա կարող է ցանկացած պահի: Շատ փորձագետներ գտնում են, որ Գոնչարուկը դիմումը գրելիս լիովին վստահ էր,, որ իրեն պաշտոնանկություն չի սպառնում:
Իսկ ամենատարօրինակը, որ Ուկրաինայի վարչապետի հրաժարականը հաջորդում է Ռուսաստանի վարչապետի հրաժարականին, բայց շատ տարբեր պատճառներով ու հետևանքներով:


Հ.Հ.Գ. Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Զելենսկին չի ընդունել Գոնչարուկի հրաժարականը: «Ես ստացել եմ Ձեր հայտարությունը հրաժարականի մասին՝ վերջին կոնֆլիկտային իրավիճակների հետ կապված, կամ սկանդալային, ինչպես կցանկանաք, ասեմ՝ շատ տհաճ իրավիճակի հետևանքով»՝ ասել է Զելենսկին, նա չի հիշեցրել, որ վարչապետը նամակը պետք է ուղղեր խորհրդարան, ոչ թե նախագահին: «Դուք գիտեք՝ ես անձնապես ինչ վերաբերմունք ունեմ անձամբ Ձեր և Ձեր երիտասարդ կառավարության նկատմամբ: Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ Ձեզ ու Ձեր կառավարությանը շանս տամ, եթե դուք լուծեք որոշ խնդիրներ, որ շատ կարևոր են ու շատ են հուզում մեր հասարակությանը»՝ ասել է Ուկրաինայի նախագահը: Նրա մամլո ծառայությունը հաղորդել է, որ նախագահը կառավարության առաջ է դրել անհետաձգելի խնդիրներ՝ շեշտելով. «Հիմա այն ժամանակը չէ, որ ճոճենք պետությունը տնտեսապես ու քաղաքականապես»:
Եվ ո՞վ էր ասում, որ կոմիկը նախագահ չի դառնա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3929

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ