Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Հեղափոխության ինքնահերքումը

Հեղափոխության ինքնահերքումը
04.12.2019 | 13:38

Երեկ մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսում Սամվելի պատվերի կատարումն էր ստուգում, Երևանում նախարարությունների շենքի առաջ կատարվում էին լուրջ իրադարձություններ: ՀՅԴ երիտասարդները եկել էին ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման, 30 րոպե սպասելուց հետո նախարարը նրանց ոչ ընդունեց, ոչ ներքև իջավ, երիտասարդները շրջափակեցին նախարարության մուտքը՝ պահանջելով նախարարի հրաժարականը: Ոստիկանությունը, նախազգուշացումից հետո, բազմապատիկ ուժերով ցրեց ցույցը նախարարության դիմաց, հետո նաև՝ Վազգեն Սարգսյան փողոցում: 24 երիտասարդներ բերման ենթարկվեցին ու 3 ժամից ազատ արձակվեցին: Համառոտ՝ այսքանը: Ի՞նչ է դա նշանակում դե ֆակտո.


1. Հայաստանում հաստատվել է մի իշխանություն, որից ուսանողները հարկադրված են պաշտպանել հայոց լեզվի, գրականության, հայ ժողովրդի պատմության իրավունքները, իմա՝ սովորելու իրավունքը:


2. Դեկտեմբերի 3-ը ապացուցեց, որ ժողովրդավարությունը սկսվել ու ավարտվել է այն տիրույթում ու այն ժամանակի մեջ, որտեղ և երբ հեղափոխություն է արել ՔՊ-ն: Այժմ Հայաստանում ոստիկանապետություն է, և ինչպես միշտ՝ ոստիկանությունը պաշտպանում է իշխանության շահերը:


3. ԿԳՍՄ նախարարը ոչ միայն չունի իրեն վստահված ոլորտների ղեկավարման մասնագիտական ունակություններ, այլև՝ քաղաքական պատասխանատվություն չի կրում իր հայտարարությունների համար՝ նա պատրաստ չէ հանդիպելու ու շահագրգիռ քննարկում անցկացնելու: Պաշտոնավարման ընթացքում բազում սխալներից հետո նա ինքնակամ պետք է հեռանա:


4. Փաստացի՝ այսօրվա նոր Հայաստանում միայն ուսանողներն են պատրաստ պաշտպանել իրենց իրավունքները: Բուհերի ղեկավարները եղել ու մնում են իշխանության կրնկի տակ, առանձին դասախոսների նկատմամբ, որ միանում են ուսանողների պահանջներին ու ներկայացնում են իրենց պահանջները, ճնշում է գործադրվում կամ նրանք պարզապես անտեսվում են: Կրթական համակարգը ամբողջությամբ փոփոխության անհրաժեշտության առաջ է, այսպես շարունակվել չի կարող:


5. ԿԳՍՄ վիճահարույց օրինագիծը նույնքան վտանգավոր է ոչ միայն կրթության, այլև՝ գիտության զարգացման հեռանկարների համար, ինչ ասես արժի՝ միայն ԳԱԱ-ն լուծարելու առաջարկը, բայց եզակի գիտնականների խոսքը ևս մնում է անտեսված: Իշխանությունը, ի դեմս վարչապետի և նախարարության՝ խորապես անհաղորդ է մասնագիտական խոսքին ու առարկություններին, այսինքն՝ Հայաստանում իրականացվում է նախապես մշակված ծրագիր, որի միայն մասնակի դրսևորումներից է օրինագիծը:


6. Երեկ փողոց էին դուրս եկել միայն ՀՅԴ երիտասարդները, իրադարձությունների զարգացումը վկայեց, որ սա այլևս համազգային հարց է: Երեկ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառումը մոտ 200, գուցե ավելի քիչ, գուցե ավելի շատ, երիտասարդների նկատմամբ, հաստատեց փաստը, որ իշխանությունը ցանկացած պահի կարող է դիմել ուժի: Հարց է, թե ինչու՞ համանման այլ դեպքերում ուժ չի գործադրվում: Օրինակ՝ ինչու՞ է արգելափակված Ամուլսարի հանքավայրի ճանապարհը:


7. Երեկվա իրադարձությունների ամենացավալի արձանագրումն էր, որ հեղափոխությունը, եթե իսկապես հեղափոխություն էր, ինքն իրեն ուրանում է, ինքն է դավաճանում ազգային արժեքների, շահերի ու ապագայի պաշտպանությանը: 2018-ի գարնանը ոչ ոք չէր կարող երևակայել, որ հայերեն սովորելու ու հայոց պատմություն իմանալու ցանկության համար ուսանողները փողոց են դուրս գալու ու վարչական կալանքի են ենթարկվելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Դավադրապաշտական համարվող տեսությունները, որ 2018-ին ոչ թե թավշե հեղափոխություն էր, այլ պայմանավորված իշխանության հանձնում-ընդունում, երեկվանից կարող են համարվել իրականություն: Այլապես՝ ոչ ուսանողները փողոց դուրս կգային նման պահանջներով, ոչ ոստիկանությունը ուժով կցրեր ցուցարարներին, որ ոչ դուռ էին կոտրում, ոչ իշխանափոխություն էին պահանջում: Տխուր պատմություն է:

Դիտվել է՝ 4280

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ