Թեև բոլորի ուշադրությունն այսօր սևեռված է Հայաստանի ներքաղաքական զարգացումների ու իրադարձությունների վրա, որոնց պակաս‚ ինչպես միշտ‚ չկա, այնուամենայնիվ, որոշակի ներքին պրոցեսներ են ընթանում արցախյան ճակատում, որտեղ առաջիկայում սպասվում են երկու համապետական՝ Ազգային ժողովի և նախագահի ընտրություններ։
Հատկանշական է‚ որ հենց այս օրերին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից մերժվեց երկար ժամանակ պոտենցիալ լարվածություն պարունակող սահմանադրական փոփոխության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու առաջարկը‚ որն ինչպես հայտնի է‚ նախաձեռնել էր Սամվել Բաբայանը։ Դրանով իսկ իրավաբանորեն բացառվեց Սամվել Բաբայանի մասնակցությունը 2020 թվականի նախագահական մրցավազքին։ Իսկ դատելով նրանից‚ որ ԱԺ-ի այդ որոշմանը առանձնապես սուր և բուռն արձագանք‚ ինչպես խոստանում էր Բաբայանը, չեղավ‚ կարելի է ենթադրել‚ որ կողմերի միջև‚ այնուամենայնիվ‚ կոմպրոմիսային համաձայնություն է ձեռք բերվել. Սամվել Բաբայանն ընդունում է մերժման որոշումը‚ որի դիմաց հնարավորություն է ստանում իր նորաստեղծ կուսակցությամբ մասնակցելու նախագահականի հետ նույն օրն անցկացվելիք ԱԺ ընտրություններին։ Այս գործարքում ամենայն հավանականությամբ միջնորդ է հանդիսացել‚ ինչպես ժամանակին մամուլն էր գրում‚ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։
Այս զարգացումների ֆոնին աստիճանաբար ուրվագծվում է Արցախի նախագահի հիմնական թեկնածուների կազմը։ Ընդ որում‚ խոսքը ոչ միայն անհատական ներկապնակի‚ այլև քաղաքական և անգամ աշխարհաքաղաքական բոլոր սեգմենտների լրացման մասին է։ Եվ այսօր արդեն իսկ կարելի է հստակ նշել‚ թե ովքեր են զբաղեցնում փաշինյանամետ սեգմենտը‚ ովքեր՝ ընդգծված հակափաշինյանական հատվածը‚ ովքեր՝ բուն արցախյան կենտրոնամետ դաշտը և ովքեր, գուցե իրականում, կներկայացնեն արցախյան ռազմաքաղաքական էլիտայի ոչ արմատական հատվածը։
Առաջինն իր առաջադրման մասին հայտնեց նախկին վարչապետ, պետնախարար Արայիկ Հարությունյանը։ Վերջինս երկար ժամանակ համարվում էր նախընտրական արշավի անվերապահ առաջնորդ՝ հաշվի առնելով նրա թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական ռեսուրսները, ազդեցությունն Արցախի քաղաքական և տնտեսական գործընթացների վրա։ Ի դեպ, երկար ժամանակ Արայիկ Հարությունյանը համարվում էր նաև ՀՀ իշխանությունների, ավելի ստույգ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր ֆավորիտը։ Ընդ որում, ինքը՝ Արայիկ Հարությունյանն էլ ամեն ինչ անում էր, որպեսզի լավ հարաբերություններ կառուցի հայաստանյան նոր ղեկավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երբեմն թվում էր, թե այդ հարաբերությունները կառուցվում են ի վնաս հենց արցախյան ռազմաքաղաքական վերնախավի և հասարակության մի մասի հետ հարաբերությունների։
Միևնույն ժամանակ թեկուզ քողարկված, կիսաձայն, Արցախում ու երևանյան որոշ ազդեցիկ առանձնասենյակներում անընդհատ շոշափվում էր Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հնարավոր մասնակցության հարցը հայկական երկրորդ հանրապետության նախագահական ընտրություններին։ Ընդ որում, Մասիս Մայիլյանը նույնպես համարվում էր ՀՀ այսօրվա իշխանության առնվազն մի մասի իրական ֆավորիտը։ Տպավորություն էր ստեղծվել, որ նա իր արժեհամակարգով, իր անցած ճանապարհով ավելի հոգեհարազատ է հայաստանյան այսօրվա կիսասորոսական, կիսակոսմոպոլիտ իշխանության համար։ Այն պահից սկսած, երբ Մասիս Մայիլյանը փաստացի սկսեց իր նախընտրական արշավը, նախ հայտարարելով, որ ինքն առաջադրման առաջարկ է ստացել և մտածում է այդ մասին, բոլորին հասկանալի դարձավ, որ սա ընդամենը նախընտրական արշավի սկիզբն է ու որքան հնարավոր է, ինտրիգը երկար պահելու մարտավարություն։ Աշնան սկզբին արված հայտարարությունից պարզ էր դառնում, որ Մասիս Մայիլյանը ՀՀ ներկա իշխանությունների նախընտրելի թեկնածուներից մեկն է։ Այնպես որ՝ Հայաստանի իշխանությունները Արցախի նախագահի թեկնածուի պաշտոնում առնվազն երկու նախապատվություն ունեն։ Այլ հարց է, որ թեկնածուների հարցում իշխանությունների ներսում կան որոշակի տարաձայնություններ, սակայն դա ավելի շուտ հայաստանյան իշխանության ներքին հարցն է‚ և թերևս պայմանավորվածություններ ձեռք կբերվեն։
Թեև անընդհատ ասվում է, թե Հայաստանի իշխանությունները որևէ աջակցություն չեն ցուցաբերելու Արցախի նախագահի թեկնածուներին, գուցե սահմանափակվեն միայն իրենց համար նախապատվելի թեկնածուի չափորոշիչները ներկայացնելով, այնուամենայնիվ, թաքնված զորակցություն կլինի։
Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները դեմ են, ինչպես իրենք են անվանում, ռևանշիստական ուժերի ներկայացուցիչներին։ Այդպիսին առաջին հերթին դիտարկվում է գեներալ Վիտալի Բալասանյանը, որն իսկապես հանդես է գալիս հակափաշինյանական դիրքերից։ ՈՒշագրավ է, որ հակամարտելու ցանկությունը, հակակրանքն ու ատելությունը Վիտալի Բալասանյանի և Նիկոլ Փաշինյանի միջև փոխադարձ են։ Եվ պարզ է, որ այսքանով հանդերձ ամենաոչնախընտրելի թեկնածուն ՀՀ իշխանությունների համար հենց Վիտալի Բալասանյանն է։ Նա դիտարկվում է որպես ռոբասերժական կոնգլոմերատի ներկայացուցիչ։
Ըստ էության, վերոնշյալ երեք թեկնածուները նրանք են, որոնք հայտարարել են իրենց առաջադրման մասին։ Սակայն վերջին օրերին շատ թափանցիկ ակնարկ եղավ, որ արցախյան ընտրություններին գուցե մասնակցի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Ղուլյանը թեև միշտ ներկայացված է եղել Արցախի իշխանական վերնախավում, սակայն նա համարվել է իշխանության քաղաքական մեղմ թևը, որը բավականին նախընտրելի թեկնածու է, երբ լինեն կոմպրոմիսային, կոալիցիոն որոշումներ։ Նա ըստ էության հենվելու է արցախյան հասարակության ոչ արմատական թևի վրա։ Աշոտ Ղուլյանը համարվում է չեզոք թեկնածու, որը չի ասոցացվում ո՛չ նախկին՝ ռևանշիստական ուժերի, ո՛չ էլ ՀՀ գործող իշխանությունների հետ։
Այս պահին ուրվագծվում է նաև մեկ այլ թեկնածուի հնարավոր մասնակցությունը։ Վերջինիս մասնակցությունը թեև հիպոթեզային մակարդակի վրա է, սակայն շատերը հավանական են համարում։ Խոսքն Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, ԱԱԾ նախկին ղեկավար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանի մասին է։ Նրա մասնակցության մասին ակնարկվում է, ինչը կարելի է դիտարկել որպես նախապատրաստական աշխատանք։ Ղարամյանը նույնպես Արցախի ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչներից է, որը մեծ հեղինակություն ունի թե՛ հասարակության լայն շրջանակների, թե՛ գեներալիտետի մոտ, սակայն ի տարբերություն Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի՝ հանդես չի գալիս արմատական դիրքորոշումներով, արցախյան լոկալ հայրենասիրության դիրքերից։ Չի բացառվում, որ Ղարամյանի առաջադրման դեպքում հնարավոր են որոշակի ալյանսներ տարբեր թևերի հետ։ Նաև պատահական չէ‚ որ ժամանակ առ ժամանակ ակնարկվում է ոչ միայն Ղարամյանի՝ արցախյան ուժայինների հետ հատուկ կապի‚ այլև որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցիկ ուժային շրջանակների հետ լավ հարաբերությունների մասին։
Ահա սրանք են այն հինգ թեկնածուները, որոնք Արցախի նախագահի ընտրություններին մասնակցության կամ հայտ են ներկայացրել‚ կամ դիտարկվում են որպես հնարավոր մասնակիցներ։
ՀՀ իշխանությունների համար բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել. մի կողմից պետք է ցույց տրվի, որ ընտրություններին անմիջականորեն չեն մասնակցում և որևէ ճնշում չեն գործադրում, մյուս կողմից էլ հասկանալի է, որ ՀՀ ղեկավարությունն արդեն հասկանում է‚ որ ամբողջովին չի վերահսկում Արցախում տիրող իրավիճակը, և շատ հնարավոր է՝ իր համար անսպասելի արդյունքներ գրանցվեն արցախյան ընտրություններում։ Հայաստանյան ղեկավարությունն այժմ բավականին բարդ մարտավարական ընտրության առջև է կանգնած։ Եվ շատ տրամաբանական է, որ ՀՀ իշխանության շրջանում գերակշռում է այն կարծիքը, որ հնարավորության դեպքում իրենց նախընտրելի թեկնածուները՝ Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը‚ հանդես գան կոալիցիայով։ Մանավանդ որ նախագահական ընտրությունների նույն օրը տեղի է ունենալու նաև ԱԺ ընտրությունը։ Չի բացառվում, որ դաշինքով հանդես գալու առաջարկի դեպքում պայմանավորվածություն ձեռք կբերվի, և իրար միջև կբաժանվեն Արցախի նախագահի ու ԱԺ ղեկավարի պաշտոնները։ Ըստ որոշ աղբյուրների՝ ՀՀ իշխանություններն առաջարկում են, որպեսզի Արայիկ Հարությունյանը դառնա նախագահ, իսկ Մասիս Մայիլյանը՝ խորհրդարանի խոսնակ։ Հասկանալի է, որ այս սցենարը բավականին բարդ իրավիճակի մեջ է դնում Մասիս Մայիլյանին, որը, ամենայն հավանականությամբ, այս խաղի մեջ մտել է ոչ թե ԱԺ, այլ երկրի ղեկավար դառնալու համար։
Եվ վերջապես չի կարելի բացառել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի գործոնը, որը վաղուց հայտարարել է, թե չի պատրաստվում առաջադրվելու որպես նախագահի թեկնածու։ Նա դիտարկվում է որպես անաչառ ընտրություններ անցկացնելու երաշխավոր։ Նրանք, ովքեր քաջածանոթ են արցախյան առանձնահատկություններին, հասկանում են, որ ընտրություններում շատ բան կախված է լինելու Բակո Սահակյանի դիրքորոշումից։ Բակո Սահակյանի գործոնը դուրս գրել և հաշվի չառնել առնվազն անխոհեմ է և առաջին հերթին հենց ՀՀ իշխանությունների համար։ Միևնույն ժամանակ հիշեցնենք‚ որ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին օգոստոսի 5-ին Ստեփանակերտում կայացած հայտնի հանրահավաքում հայտարարել էր‚ որ Հայաստանը լինելու է արցախյան ընտրությունների արդար և ազատ անցկացման երաշխավորողը։ Թե որքանով կհաջողվի համատեղել Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի նույն խնդիրը լուծելուն ուղղված ջանքերը‚ և որքանով են համընկնում այդ երկու ղեկավարների պատկերացումները արդար և ազատ ընտրությունների շուրջ‚ այս պահին դեռևս դժվար է կանխատեսել։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ