Սեպտեմբերի 27-ին ՌԴ ԱԳ նախարարը քննադատեց Արևմուտքին՝ հայտարարելով, որ Արևմուտքի սկզբունքները ժամանակի հետ համաքայլ չեն, Արևմուտքը չի հաշտվում իրողության հետ, որ համաշխարհային ասպարեզում իր գերակայությունը «հալչում է»: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Սերգեյ Լավրովը բացահայտ մեղադրեց Արևմուտքին: «Արևմուտք» ասելով ռուս պաշտոնյաները սովորաբար հասկանում են ԱՄՆ-ը և ԱՄՆ-ի դաշնակիցներին Եվրոպայում: Լավրովը նրանց մեղադրեց իրենց քաղաքացիներին մոլորեցնելու մեջ՝ տարածում են սուտ տեղեկություններ և խանգարում են լրագրողներին իրենց աշխատանքն անել: Այսինքն՝ ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին ներկայացրեց այն մեղադրանքները, որ Արևմուտքը տևական ժամանակ ներկայացնում էր ՌԴ կառավարությանը, իսկ ավելի շուտ՝ ԽՍՀՄ-ին:
«Արևմուտքի համար դժվար է հաշտվել, որ դարերով համաշխարհային գործերում իրենց գերակայությունը սկսում է հալվել,-ասաց Սերգեյ Լավրովը:-Արևմտյան առաջատար երկրները փորձում են խոչընդոտել բազմակենտրոն աշխարհի ձևավորմանը, վերադարձնել առանձնաշնորհյալ դիրքերը, մյուսներին պարտադրել իրենց վարքագծի կանոնները՝ հիմնված լիբերալիզմի արևմտյան սահմանափակ մեկնաբանության վրա»: ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները վատացել են երկար տարիների ընթացքում: Երկու երկրներն ունեն բազում տարաձայնություններ տարբեր հարցերում՝ Իրանի միջուկային համաձայնագրից մինչև Ղրիմի անեքսիա ու Սիրիայի պատերազմ: Հարաբերություններն ավելի վատացան, երբ ԱՄՆ-ը ՌԴ-ին մեղադրեց 2016-ին իր նախագահական ընտրությունների միջամտելու մեջ: Լավրովը Արևմուտքին մեղադրեց կրկնակի ստանդարտների մեջ՝ հայտարարելով, որ Արևմուտքը առաջ է մղում լիբերալ արժեքները երբ և որտեղ իրեն շահավետ է, իսկ մնացած դեպքերում լիովին անտեսում է: «Երբ ձեռնտու է, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը նշանակություն ունի, իսկ երբ պետք չէ՝ համարվում է անօրինական»՝ ասաց Լավրովը: Իր երկակի ստանդարտներին հետևելու համար՝ Արևմուտքը մոլորեցնում է իր քաղաքացիներին ու ԶԼՄ-ներին և «խոչընդոտում է բազմակենտրոն աշխարհի ձևավորմանը»: «Միջազգային հանրության տրոհվածությունը միայն խորանում է,-ասաց նա:-Մեր կարծիքով՝ այս իրավիճակի պատճառը այն երկրների, որ իրենց հայտարարում են սառը պատերազմում հաղթողներ, չցանկանալն է հաշվի նստել մյուս բոլոր պետությունների օրինական շահերի հետ, պատմության օբյեկտիվ ընթացքի իրողություններն ընդունել չցանկանալը»:
Լավրովը քննադատեց Լիբիայի վրա հարձակվելու ՆԱՏՕ-ի որոշումը, որ նրա խոսքով, երկրի մասնատման պատճառ դարձավ: Նա նշեց, որ Արևմուտքը «իր կանոններն ունի նաև Բալկանների նկատմամբ»: Բացի այդ՝ նրա խոսքով Արևմուտքի միջամտության պատճառով Վենեսուելայի պետականությունը աչքի առաջ փլուզվում է:
Էդիտ Լեդերեր, Սառա դի Լորենցո, Yahoo News, ԱՄՆ
Հ.Գ. Ճի՞շտ է ՌԴ ԱԳ նախարարը: Հարկավ: Բոլոր այդ մեղադրանքները հավասարապես վերաբերում են և Ռուսաստանին: Եվ՝ անձամբ իրեն: Երբ նա ասում է. «Երբ ձեռնտու է, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը նշանակություն ունի, իսկ երբ պետք չէ՝ համարվում է անօրինական», նկատի ունի Ղրիմը: Ինչպե՞ս է վարվում Ռուսաստանը Արցախի հարցում՝ ճանաչու՞մ է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, թե՞ կողմ է տարածքային ամբողջականությանը: Եթե ՌԴ ԱԳ նախարարը դեմ է կրկնակի ու բազմակի ստանդարտներին և մեղադրում է Արևմուտքին այդ վարքագծի համար, ինչու՞ է նույնն անում ՌԴ-ն: Ավելին՝ խորացնում է կոնֆլիկտը՝ սպառազինելով կոնֆլիկտի կողմերին ու կախվածության մեջ դնելով իրենից: Սա ո՞ր ստանդարտն է՝ բիզնեսի՞, թե՞ բիզնեսի վրա հիմնված արտաքին քաղաքականության, որտեղից վաղուց դուրս է վռնդված բարոյականությունը: Նույնը վերաբերում է և մյուս մեղադրանքներին: Արևմուտքն էլ, Արևելքն էլ, Ռուսաստանն էլ առաջնորդվում են միայն սեփական շահով, ու դա վաղուց Պոլիշինելի գաղտնիքը չէ, ուրեմն ինչու՞ է ՌԴ ԱԳ նախարարը ճշմարտությունը բացահայտողի տեսքով՝ ՄԱԿ-ի ամբիոնից անում հայտարարություններ, որոնց հիմքում շահն է, ոչ թե ճշմարտությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ