Մամուլում պարբերաբար շրջանառվում է լուրը, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմը փոխվելու է՝ Հովհաննես Իգիթյանը փոխարինվելու է այլ պատգամավորով: Պատճառը հունիսի 24-ի չարաբաստիկ քվեարկությունն է, որից նա բացակա էր: Աններելի բացակայություն, երբ որոշվում էր ՌԴ պատվիրակության ԵԽԽՎ վերադարձի հարցը: ՀՀ ԱԺ պատվիրակության քվեարկությամբ ընդհանուր քվեարկության պատկերը չէր որոշվում, և եթե նույնիսկ ամբողջ պատվիրակությունը բացակայեր նիստից, ոչինչ չէր փոխվելու: Նույն օրը ՀՀ պատվիրակության դեկավարն էլ դեմ էր քվեարկել, պարզվեց՝ սխալմամբ, որը հետո պարզաբանվեց: Բայց պատմություն դարձավ Հովհաննես Իգիթյանի պատմական բացակայությունը: Լուրեր տարածվեցին, որ նա ուկրաինացի պատգամավորների հետ պայմանավորվել է քվեարկությանը չմասնակցել: Հետո՝ որ ՌԴ կողմը հստակ պահանջել է` Իգիթյանը պիտի հեռանա: Իբր՝ նրա անկանխատեսելիության պատճառով չեն կարող վստահ լինել, թե հետագայում ինչ դիրքորոշում կունենա: Ասենք, այդպես է, թեպետ պատգամավորը քվեարկում է ազատ, ելնելով իր տեսակետներից; Հետո՞: Եթե ՀՀ Աժ ներկա պատվիրակության անդամները տեղյակ չեն, կարող են բացել ու նայել ՌԴ պատվիրակության քվեարկության պատկերը Հայաստանին վերաբերող բանաձևերում: Մեծ հիասթափություն է սպասվում՝ թե բացակաների, թե Ադրբեջանի օգտին քվեարկածների թվի առումով: Նույնիսկ եթե դա մի կողմ թողնենք, ո՞վ է որոշում Հայաստանի Ազգային ժողովի ԵԽԽՎ պատվիրակության կազմը: ՌԴ Պետդումայի նախագա՞հը: Սա ի՞նչ ստրկամտություն է:
Խնդիրը բնավ էլ Հովհաննես Իգիթյանի անձը չէ, խնդիրը սկզբունքն է ու արժանապատվությունը՝ պետության արժանապատվությունը: ԵԽԽՎ-ում միայն ՌԴ պատվիրակությունը չէ՝ կան տասնյակ այլ երկրների պատվիրակություններ, նրա՞նց հետ էլ է Հայաստանը համաձայնեցնում իր պատվիրակության կազմը: Չէ՞ որ՝ նրանց բոլորի քվեարկությունից է կախված որոշումների ընդունումը: Պետության արժանապատվությունը ենթադրում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերի պաշտպանություն: Եթե ՀՀ ազգային շահը ՌԴ շահը պաշտպանելն է, պետք է հրապարակավ հայտարարվի: Եթե ոչ, Հովհաննես Իգիթյանը լինի, թե Անուն Ազգանունյանը, ՀՀ ԱԺ պատվիրակության կազմը որոշում է ՀՀ ԱԺ նախագահը, և ուրիշ ոչ ոք: Եթե հիմա կամ հետո Հովհաննես Իգիթյանը կամ որևէ այլ պատգամավոր հեռացվի պատվիրակության կազմից՝ ՌԴ Պետդումայի նախագահի քմահաճույքով, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը մինչև գումարման ավարտը չի վերականագնելու իր վարկն ու հեղինակությունը: Սա, կրկնում եմ, սկզբունքի ու պետության արժանապատվության հարցն է, ստրկամատության ու ինքնիշխանության միջև պետք է ընտրություն կատարել՝ կրելով ընտրության պատասխանատվությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՌԴ պատվիրակության ԵԽԽՎ վերադառնալու պատճառով Ստրասբուրգ մեկնելուց հրաժարվել են Ուկրաինայի, Վրաստանի, Լեհաստանի, Սլովակիայի ու Մերձբալթյան երկրների պատվիրակությունները: Սա համենայն դեպս՝ ի գիտություն, իսկ ընդհանրապես ազգային ստրկամտությունը միայն ԵԽԽՎ-ում չի դրսևորվում, հայ հանճարեղ լրագրողների ամենասիրած թեման էր արդեն մի ամիս՝ կգա՞, թե՞ չի գա Պուտինը Հայաստան: ՌԴ նախագահը ՀՀ չի գալիս ոչ պետական, ոչ պաշտոնական այցով՝ գալիս է մասնակցելու Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին: Կգա՞ իր աշխատանքն անելու՝ փառք ու պատիվ իրեն, չի՞ գա, իր պրոբլեմն է՝ ինքն էլ պիտի բացակայությունը բացատրի: Մոսադին արժանի վերլուծությունները նրա գալ-չգալու վերաբերյալ՝ հերթական ստրկամտության դրսևորումն են, որ անխուսափելիորեն հանգում են մի եզրակացության՝ չգա, կորած ենք: Հերիք է, էլի: Հավելեմ, որ հոկտեմբերի 1-ին Երևան են գալու 6 նախագահներ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարի կարգավիճակով: Եվ ոչ մեկի շուրջ այդպիսի աժիոտաժ չկա: Թեպետ բոլորի անվան հետ էլ կան սկանդալներ: Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից առաջ մամուլը պետք է քննարկեր օրակարգի հարցերն ու Հայաստանի առաջնահերթությունները՝ նպաստելու այդ խնդիրների լուծմանը: Մինչդեռ մենք արձանագրում ենք, որ Պուտինի արարողակարգի և անվտանգության աշխատակիցները՝ «պերեդավոյը», արդեն եկել է Հայաստան: Վերջ՝ հիմա արդեն լրիվ երջանիկ ենք, բոլոր հարցերը լուծվեցին՝ գազի սակագնի, ռուսական կողմում փաստացի փակ Լարսի, զենքի վաճառքի ու …. Որովհետև տգետ ենք: