Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարան է ուղարկել 85-րդ պատրիարքի ընտրության գրավոր կանոնագիրը՝ հայտնում է Ermenihaber.am-ը:
Կանոնադրության 25-րդ կետում ներկայացվում է 6 պայման, որոնց համապատասխանելու դեպքում է հնարավոր Կ. Պոլսի պատրիարքական աթոռի համար թեկնածություն առաջադրել.
1. Պատրիարքի թեկնածուի հայրը պետք է եղած լինի Թուրքիայի Հանրապետության քաղաքացի:
2. Թեկնածուն պետք է վայելի Թուրքիայի Հանրապետության կառավարության վստահությունը (պետության դեմ ուղղված քաղաքական հռետորաբանություն և գործունեություն չծավալել, չմասնակցել պետության վստահությունը և հեղինակությունը խաթարող գործողություններին):
3. Թեկնածուն պետք է ունենա Պոլսի հայոց պատրիարքությանը ենթակա եպիսկոպոսի աստիճան:
4. Պետք է լրացած լինի պատրիարքի թեկնածուի 35 տարին:
5. Թեկնածուն պետք է չունենա դատվածություն, և չլինեն ընտրության մասնակցությանը խոչընդոտող այլ հանգամանքներ:
6. Թեկնածուն պետք է ի զորու լինի պատրիարքի պարտականությունները հավուր պատշաճի կատարելու համար:
Փաստացի՝ 1-ին և 3-րդ կետերով Թուրքիայի ՆԳ նախարարությունը ընտրությունը մտցրել է փակուղի՝ թողնելով միայն երեքին Արամ Աթեշյանինն, Սահակ Մաշալյանին, Գարեգին Բեկչյանին: Այս պայմաններով միայն նրանցից մեկը կարող է լինել Պոլսո Հայոց 85-պատրիարք: Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակը» հրապարակել է 32 կետից բաղկացած 6 էջանոց կանոնադրությունը: 25-րդ կետի համաձայն, Պոլսո Հայոց պատրիարքի թեկնածու կարող են առաջադրվել միայն պատրիարքարանին ենթակա սրբազանները՝ ներկայիս տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը ավանդաբար կարգավորվում է 1863-ի Ազգային սահմանադրության դրույթներով: Ամեն ընտրությունից առաջ պետությունը Սահմանադրության վրա հիմնված կանոնադրություն է ուղարկել, որով կատարվել է ընտրությունը: Պատրիարքի թեկնածուների՝ Պոլսո աթոռին ենթակա լինելու պայմանը Սահմանադրության մեջ նշված է, բայց 1961, 1990 և 1998 թվականներին պատրիարքական ընտրությունների ժամանակ պետության ուղարկած կանոնադրության մեջ սահմանափակում չի եղել: 1961-ից ընտրված 3 պատրիարքներից երկուսը արտասահմանից են եղել:
Համայնքում շատերը սահմանափակումը իշխանությունների կամայական որոշում են համարում: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը իր թվիթերում, հիշատակելով նախկին փորձը, արգելքը համարել է պետության միջամտություն ընտրության գործընթացին: Փայլանը կոչ է արել առարկել պատրիարքի թեկնածուների առաջադրման իրավունքի ոտնահարման դեմ: Հարցի շուրջ մտահոգություն են արտահայտել նաև պատրիարքարանի եպիսկոպոսները: Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ Մաշալյանը ստեղծված իրավիճակը խնդրահարույց է համարել՝ նշելով, որ կանոնադրության մեջ նշված սահմանափակումը «անարդար առավելություն է ի շահ անձիս և մեր աթոռի մյուս եպիսկոպոսների»: Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի կարծիքով էլ՝ Թուրքիայից դուրս ծառայություն իրականացնող հոգևորականների առաջադրման համար ստեղծված արգելքը հակասում է եկեղեցական ավանդույթներին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եթե Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը գտնում է, որ՝ ընտրություններին կարող են մասնակցել միայն այն եպիսկոպոսները, որ ներկայացնում են Ստամբուլի միաբանությունը, նաև Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն է դուրս մնում, ստացվում է՝ ընտրությունը երկուսի միջև է՝ Արամ Աթեշյանի կամ Սահակ Մաշալյանի։
Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ երբևէ նման պահանջ չի դրվել։ Եկեղեցական միաբանություն ձևավորվում է վանքերի շուրջ, Թուրքիայում այլևս հայկական վանքեր չկան, որ նրանց շուրջ միաբանություն ձևավորվի: Այսինքն՝ ՙՍտամբուլի միաբանության ներկայացուցիչ՚ ձևակերպումն իրավական նոնսենս է: 1863-ի Հայոց Սահմանադրությունը սահմանում է, որ ընտրություններին կարող են մասնակցել Պոլսո աթոռի միաբանները, 1863-ին Թուրքիայում միլիոնավոր հայեր էին ապրում, 2000 հայկական եկեղեցիներ ու վանքեր, հազարավոր հոգևորականներ կային: Թող վերականգնեն հայկական եկեղեցիներն ու վանքերը, թող ապահովեն միլիոնավոր հայերի անվտանգ գոյությունը ու հղում անեն 1863-ի Հայոց Սահմանադրությանը: Բայց սա տեսություն է, իրականում Թուրքիայի ՆԳՆ-ն նոր փակուղի է մտցնում ընտրությունները, և հստակ փակում Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի առաջադրման հնարավորությունը, որ առավել հավանական թեկնածու էր համարվում: Եթե ՆԳՆ կանոնադրությունից դժգոհ են անգամ Արամ Աթեշյանն ու Սահակ Մաշալյանը, ինչու՞ են լռում: Պատրիարքական տեղապահ ընտրված Սահակ Մաշալյանը հատկապես պետք է միանա համայնքի այն հատվածին, որ ուզում է թուրքական իշխանությունների վճիռը վիճարկել իրավական ճանապարհով: Անայլընտրանք ընտրության պարագայում ընտրված պատրիարքը խոցելի է լինելու համայնքի համար ու թույլ, ու հենց դա է Թուրքիայի իշխանության ցանկությունը՝ ի սկզբանե ստվերել պատրիարքի անձն ու գործը: Փաստացի ՝Կ.Պոլսի պատրիարքը նաև քաղաքական գործիչ է՝ նա է հայ համայնքի առաջին դեմքն ու նա է պաշտոնապես շփվում Թուրքիայի իշխանության հետ իբրև հայ համայնքի ղեկավար:
Ազգային մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ որոշումը բողոքարկելու է՝ ընդհուպ մինչև Թուրքիայի Սահմանադրական դատարան դիմելը: Բայց Կարո Փայլանը չպետք է մենակ լինի իր բողոքի մեջ՝ հանուն արդարության վերականգնման: Երեկ այս հարցերը քննարկվում էին հայ համայնքում: Կա մտավախություն, որ որևէ առարկություն ՆԳՆ-ի կանոնակարգին կարող է նորից ու անորոշ ժամանակով հետաձգել ընտրությունները: Սպասենք արդյունքներին, կամ՝ հետևանքներին: