38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԿԴԱՌՆԱ՞ ԳԻՐՔԸ ՀՈԳևՈՐ ՀԱՑ

ԿԴԱՌՆԱ՞ ԳԻՐՔԸ ՀՈԳևՈՐ ՀԱՑ
12.10.2010 | 00:00

Մեր տարածաշրջանում նախադեպը չունեցող Գրքարվեստի միջազգային փառատոնի հիմնադրման անկյունաքարն առաջին հայ տպագիր գրքի ծննդյան 500-ամյակի տոնակատարությանը վաղօրոք արժանավայել իրադարձային նշանակություն հաղորդելու լայնախոհ միտումն էր։ Դատելով հայ արդի գրատպության որակական ու բովանդակային մրցունակությունը միջազգային շուկայում հավաստած պատկառելի նվաճումներից` Հայաստանում բոլոր նախադրյալներն առկա էին ոլորտի 21-րդ դարավերջին հարիր զարգացման հեռանկարների կառուցողական հիմնադրույթները մշակելու և համակարգելու համար։
Համատարած կորսված գրքասիրությունը վերադարձնելու հավատով` հոկտեմբերի 1-ի վաղ առավոտից գրքի բացօթյա ցուցահանդես-տոնավաճառով մեկնարկեց «Դարձ առ գիրք» խորագրով նորահնար այս նախաձեռնությունը։ Հեռուստագովազդի բացակայությամբ` առավելապես պատահական անցորդների ու փառատոնի կազմակերպիչների հետաքրքրության առարկա էր դարձել Ազատության հրապարակն օղակած սրճարաններից մեկում` «Jazzve»-ում տեղակայված գրաշուկան (նույն բախտին էին արժանացել Սարյանի արձանի մոտ և Իջևանում Հրատարակիչների ազգային ասոցիացիայի կողմից օրերս կազմակերպվածները), որում «Artbridge» գրախանութ-սրճարանի գործարար տնօրեն Շաքե Հավան Կարապետյանի և ՀՀ-ում գործող մի շարք դեսպանատների կողմից 1117 անուն տարաբնույթ գրքեր էին ներկայացված։ Չվախենալով թույլ մաղող անձրևից` Կոջոյանի անվան կրթահամալիրի սաները, ֆրանսիացի մասնագետներ Լորան Մելիքյանի ու Դոմինիկ Բերտայի մասնակցությամբ, պատկերապատումներ էին ստեղծում ազգային մանկական գրադարանի մերձակա տարածքում։ ՀՀ-ում հավատարմագրված Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հնդկաստանի, Իրանի և Չինաստանի դեսպանները, հերթով հյուրընկալելով գրադարանի հեքիաթի սրահի այցելուներին, իրենց երկրների ժողովրդական բանահյուսության գողտրիկ նմուշներն էին մատուցում։ Մտահղացված Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի աշխատանքային 16-ամյա փորձառությամբ, յոթօրյա հագեցած ծրագրով իրականացվող այս գրքի տոնն ի սկզբանե ԶԼՄ-ների (հատկապես` հեռուստաընկերությունների) «տեսադաշտից» հանիրավի դուրս հայտնվեց։ Միաժամանակ մեկնարկած թատերարվեստի ութերորդ «Հայֆեստ», ընթացքի մեջ գտնվող «Երևանյան հեռանկարներ», «Երևանյան» ու «Վերադարձի» երաժշտական, «Ռեանիմանիա» կինոֆիլմերի միջազգային փառատոների խելահեղ շրջապտույտում, ինչ խոսք, անկարող էին հարկավոր ուշադրության արժանացնել մեր ազգային հոգեմտավոր խեղված նկարագրի առողջացմանը խիստ նպաստավոր այս գրատոնը։ Բայց որ մոռացության կմատնեին, կազմակերպիչներն ամենևին չէին սպասում։ Կարծում եմ` հայկական գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովն ի պաշտոնե նախապես լրջորեն պիտի մտահոգվեր այս իրողությամբ։ Տարեվերջյան մշակութային ցայտնոտը վաղուց է «օրինաչափություն» (թող որ` տրամաբանորեն անհեթեթ) դարձել։ Իրար խաչվող հանդիսաշարերը, ըստ էության, համաժողովրդական տոնախմբության սոսկ արտաքին փայլն են ապահովում` թույլ չտալով իրազեկվել դրանցից յուրաքանչյուրի հընթացս ծանծաղացող բովանդակությանը, տարրալուծելով արժեքավորն ու ապարժեքը մեկ ընդհանուր «մշակութակաթսայում»։ Այդուհանդերձ, որքան ինքս ի զորու եղա անմիջականորեն հաղորդակցվելու Գրքարվեստի միջազգային առաջին փառատոնի թեժ աշխատակարգին, անձրևներով «սրբագրված» բացօթյա միջոցառումների հնարամիտ վերափոխմամբ, հիմնականում չխախտվեց ծրագրված համաժողովների, պատկերահանդեսների, շնորհանդեսների, գործնական հանդիպումների բովանդակալից իրագործումը։
Գիրք-ընթերցող-գրող-հրատարակիչ-գրավաճառ շղթայի օղակների բարենպաստ սերտացմամբ շահագրգիռ հրատարակիչների, գրողների, գրադարանավարների, գրախանութների տնօրենների հետ անմիջական քննարկումներով պարզվեց, որ գործարար հարաբերությունների թերկազմավորմամբ կասեցվում է ոլորտի փոխշահավետ աշխուժացումը` երկարաձգելով գրքի լայնամասշտաբ կայուն վերադարձը հասարակական լայնահուն առօրյա։
Կրթական բազմատեսակ հաստատություններով հեղեղված մեր հանրապետությունում (հատկապես` Երևանում) ուսումնական լիարժեք դասագրքերի զգալի պակաս կա, գրադարաններում գնալով աղքատանում են գեղարվեստական ծրագրային գրականության ֆոնդերը։ Գրադարանավարի օրվա` հոկտեմբերի 7-ի առիթով նախօրեին կայացած «Հանդիպման վայրը` գրադարան» նախագծի հանրաճանաչման լրագրահավաքում միանգամայն այլ, նախանձելիորեն հուսաշող պատկեր էր ուրվագծվում` ծանրակշիռ թվային արտահայտություններով համեմված։ Շնորհիվ «Գիրք» հիմնադրամի ու անհատ բարեգործների, «Բիբլիոբուս», «Ընտանեկան գրադարանավար», «Արև», «կցՔՍՌվրՍՈ ոՌոսՌՏՑպՍՈ» նախագծերի, բարենորոգվում ու համալրվում են գրադարանները։ Հիմա արդեն բնակչության մոտ 40 տոկոսն է (՞) գիրք ընթերցում։ Լայն է հանրային գրադարանների ցանցը։ Միայն Երևանում 30 գրադարան կա, որից ութը Իսահակյանի անվան քաղաքայինի (սեփական հոյակերտ շենքից օտարված, կասկածելի հարմարավետությամբ գետնահարկում «բնավորված») մասնաճյուղերն են։ 2010-ին 866 մլն դրամ է հատկացվել դրանց բարենորոգմանը, 44 մլն 800 հազար դրամ` ֆոնդերի համալրման համար։ Իրականում բոլոր գրադարանները, հատկապես սարդոստայնապատ մարզայինները (բացառությամբ մի քանի քաղաքայինների) հիմնանորոգման կարիք ունեն։ Երևանում գտնվող միակ երաժշտագիտական գրադարանը, գերատեսչական անվերջանալի տարուբերումներով, արդեն անկարելի է կործանումից փրկել։ Սա այն պարագայում, երբ իրանահայ բանաստեղծ-երաժիշտ, բազում հայապահպան բարեգործությունների համար «Սբ. Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալի արժանացած Հովիկ Էդգարյանը տարիներ շարունակ պատրաստակամությունն է պնդում իր միջոցներով նոր երեքհարկանի շենք կառուցել փլուզվողի փոխարեն` նվիրելով իր երաժշտական գործիքների ինքնատիպ հավաքածուն։
Ի՞նչ արդիաշունչ նվաճումներով ենք պատրաստվում աշխարհին զարմացնել 2012-ին համաշխարհային գրքի 12-րդ մայրաքաղաք հռչակված Երևանում, երբ «Google» ընկերությունը, բանակցելով 40 խոշոր գրադարանների գրք-երը թվայնացնելու շուրջ, համացանցում ազատ օգտագործման համար տեղադրել է 129 մլն 864 հազար 880 գիրք` 480 լեզվով գրված մոտ 12 միլիոնն արդեն թվայնացնելով։ «Forbes» հանդեսի ամփոփած գրական տարվա ֆինանսական արդյունքներով` տասնյակ գրողներ իրենց գրչով վաստակել են 10-ից 70 մլն դոլար, իսկ մեր գրողները ստիպված են իրենք իրացնել պետպատվերով ընդամենը 500 օրինակ հրատարակված իրենց հերթագրված գրքերը։ Որպես կարկառուն ձեռքբերում հայտարարում ենք, որ հաջորդ գարնանը Ժնևի գրքի սրահում հայ գրքին 9 քմ-ի փոխարեն 600-ն է տրամադրված։ Գլխավոր պատասխանատու-հյուր Ալեն Նավառան բացահայտում է, որ սփյուռքում օտարներն ավելի են հետաքրքրված հայկական մշակույթին առնչվող գրքերով, բայց թարգմանական գրականության զգալի պակաս կա։ Սա այն դեպքում, երբ դարերով Թարգմանչաց տոն ենք նշում ու տասնամյակներով Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական ինստիտուտում կադրեր պատրաստում։ Հայերս մղոններով, փաստորեն, հեռացել ենք մեր իսկ գրքերից ու գրքի մեծադղորդ փառատոն ենք նախաձեռնում միջազգայինի հավակնությամբ, ավանդականի միտումով։
Իրատեսական է միջազգային գրաշուկայում իր արտադրանքով մրցունակ հայկական հինգ առաջատար հրատարակչություններից մեկի` «Անտարես» հոլդինգի բարեկիրթ տնօրեն Արմեն Մարտիրոսյանի գնահատականը` տրված մեր արդի գրատպության արտերկրյա նվաճումները հանրահռչակող տոնահանդեսի նախաշեմին։ «21-րդ դարասկզբի գրատպության պատկերը էլեկտրոնային գրքերն են,- ասում է նա` ցուցադրելով ինքնաստեղծ նմուշը։- Մենք ժամանակից հետ ենք մնում, որովհետև երկրի ներսում այդպես էլ չի ձևավորվում գրքի իրացման շուկան, պետություն-անհատ հրատարակիչ-ընթերցող հարաբերությունները չեն լիարժեքանում։ Գնողունակության ցածր մակարդակը, գրքի գովազդի բացակայությունը, պահանջարկը բարձրացնելու խթանիչների անարդյունավետությունը կասեցնում են գրքի ստեղծման ու մատուցման նոր տեխնոլոգիաների ներդրումն ու անխափան կատարելագործումը։ Հարևան Վրաստանում, օրինակ, մանուկներին ընթերցասիրություն պատվաստում են խաղալիք-գրքերով, որոնք լայն սպառում են գտնում։ (Այս առումով ողջունելի է Մկրտիչ Մաթևոսյանի գլխավորած «Ակտուալ արվեստ» մշակութային միության նոր նախաձեռնության մեկնարկը։ Շահած դրամաշնորհով հրատարակվում են գրքեր, որոնց համար ծիծաղելի սակագին է սահմանված` 100 դրամ։ Փառատոնի շրջանակներում անցկացվեց «Ժամանակակից ֆրանսալեզու գրականություն» շարքի անդրանիկ 8 գրքերից 2-ի` Ժան Էշնոզի «Ռավել» և Սամուել Բեկետի «Գոդոյին սպասելիս» ժողովածուների շնորհանդեսը- Ն. Ա.)։ Մեզանում դա բացառվում է, քանի որ քչերը կարող են 2-3 հազար դրամ վճարել այդպիսի մի գրքի համար։ Ասպարեզում եղած 200 մանր ու մեծ հրատարակչատներից 10-ն են համեմատաբար արդյունավետ աշխատում։ Տարեկան 2000 գիրք է հրատարակվում (ներառյալ` պետպատվերը), բայց դրանք ընթերցողին չեն հասնում նաև գրավաճառ ցանցի կազմալուծման պատճառով։ Խենթություն է համարվում Սամվել Հովհաննիսյանի նախաձեռնությունը` նորաձև հագուստի խանութը վերածել գրախանութի։ Կարծում եմ` պետությունը պիտի խրախուսի նորաբաց «Բյուրոկրատ»-ի (Սարյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում -Ն.Ա.) գործունեությունը, սահմանվեն ինչ-ինչ հարկային արտոնություններ, մշակվի ընթերցասիրությունը վերականգնող մեխանիզմների ճկուն համակարգ, և մենք արժանապատիվ կդիմավորենք հայ գրատպության 500-ամյակը»։
Գրքի վարկանիշի բարձրացման տեսակետից անուրանալի կարևորություն ուներ երևան-յան նորաստեղծ փառատոնը։ Զանգվածային լուսաբանման կարոտ` այնուհանդերձ իրագործեց մտահղացված ընթացակարգը։ «Էպիկենտրոնն» էլ անվրեպ էր ընտրված. նախ, մանուկների մեջ պետք է արմատավորել սերը գրքի, դասական ընթերցանության նկատմամբ։ Մոտ 20 հազար ընթերցող ունեցող ազգային մանկական գրադարանում, անկախ մասնակի վերանորոգմամբ պայմանավորված որոշ անհարմարությունից, ջերմ հյուրընկալություն գտան Գրքարվեստի առաջին միջազգային փառատոնի մասնակիցները։ Այստեղ, սեփական նախաձեռնությամբ (ինչպես նաև Հայաստանի ազգային ու Երևանի քաղաքային գրադարաններում), խորհրդանշական աշխատավարձով (15-35 հազար դրամ) բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում` անխաթար առօրյան, գիրքը խղճի մտոք ու սրտացավությամբ պահպանելուն զուգահեռ։ Դրամաշնորհներով աշխատակիցներից ոմանք քանիցս վերապատրաստվել են Ալեքսանդրիայի գրադարանում։ 1996-ից համագործակցելով Գյոթեի ինստիտուտի հետ` գերմանական ընթերցասրահ են բացել, որտեղ հաճախ են հյուրընկալվում գերմանացի գրողները (օրերս` Թամարա Բախը)։ ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի աջակցությամբ ուրույն նշանակություն է ձեռք բերել նաև իրանական ընթերցասրահը։ Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի (նախագահ` Մկրտիչ Կարապետյան) հետ համատեղ գրքի վերադարձի մարզային նախագծի իրականացումն են ձեռնարկել։ Այնպես որ, պատահական չէր Գրքարվեստի միջազգային փառատոնի «կենտրոնակայան» ընտրվելը։ Եվ լավ է, որ այն հայ առաջին տպագիր գրքի ծննդյան հինգդարյա տարեդարձին նախապատրաստվելու միջոցառաշարում է ընդգրկվել։
Վեր հանված հիմնախնդիրների համակարգված հաղթահարմամբ պետությունն ի զորու կլինի, նախ, գործնականում արդյունավետ միավորելու երկրում առկա «գրքակղզյակները» (առնվազն զարմանալի էր, որ «Հայ-իրանական գրական կամուրջներ» երկարաժամկետ ծրագիրն իրականացնող Հայաստանի գրողների միությունը, իրանցի դրամատուրգներից հետո երիտասարդ բանաստեղծներին միաժամանակ հյուրընկալելով, դուրս էր մնացել փառատոնի շրջանակներից), ճշգրտելու զարգացման հեռանկարները, ապա ներկայացնելու աշխարհին 21-րդ դարին հարիր (ոչ` երևութապես) Գրքի մայրաքաղաք` իր ընթերցասեր բնակչությամբ։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2827

Մեկնաբանություններ