Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»

«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»
06.05.2024 | 14:32

Բագրատ սրբազանի գլխավորությամբ դեպի Երևան ընթացող չարխափան երթը, ուղեկցող մթնոլորտն ու պատկերներն ինքնին խոսուն են: Այն աստիճան, որ հավելյալ մեկնաբանությունների կարիք, կարծում եմ, չկա:
Բայց մեկնաբանելու բաներ, ինչ խոսք, կան:

ԱՌԱՋԻՆ
Չնայած երթի միայն երկրորդ օրն է և դեռ երկու օր էլ կա՝ Երևան հասնելուն, արդեն իսկ ակնհայտ է. Նիկոլ Փաշինյանը, նույն ինքը՝ չարիքը, սուտը, երկրաքանդությունը Հայաստանում այլևս իշխանություն չեն:
Այո՛, Նիկոլ Փաշինյանը «թղթի վրա» ունի իշխանություն:
Այո՛, ոստիկանության համազգեստով հանդես եկող հատկապես «ենիչերիական» բերետակիր ստորաբաժանումները դեռևս նրա ենթակայության տակ են:
Այո՛, նրա ՔՊ-ա-խումբը դեռևս ձգտում է ներկայանալ որպես միասնական և լծված է պայքարի ելածներին մրոտելու իր մշտական «զբաղմունքին»:
Հիմա, հասկանալի է, շատ ավելի ագրեսիվ ու կեղտաբերան: Փոխաբերական առումով իրավիճակը նման է դիվահարից դևերին քշելուն: Առավել ևս, պետք է նկատի ունենալ, որ դևերին քշելու նախապահին դրանք դրսևորվում են առավել կատաղի:

ԵՐԿՐՈՐԴ
Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ է տեսնում (կարծում եմ), որ ինքը իշխանություն այլևս չունի:

ԵՐՐՈՐԴ
Նիկոլ Փաշինյանից սպասելի է ցանկացած նենգություն, ցանկացած ստորություն, ցանկացած տմարդի արարք: Նա ընդունակ է թե՛ արյունահեղության, թե՛ թշնամու հետ պայմանավորվածությամբ Հայաստանի վրա հարձակում «դասավորելու»:

ՉՈՐՐՈՐԴ
Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի ամեն գնով պահել իշխանությունը: Դրա համար նա առաջիկա օրերին կփորձի խաղարկել իր ձեռքի տակ ունեցած խաղաքարտերը: Առաջին հերթին, դա «բերետակիր» վայրագ ու մարդատյաց ջարդարարներն են, անհայրենիք վարձկանները, որոնք փաշինյանական պարգևավճարի համար ոչնչի առաջ կանգ չեն առնի, դրանք կորած ու ծախված հոգիներ են: ՈՒ նաև՝ նզովյալ:

Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է փորձել ուղղակիորեն Շարժման առաջնորդի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել: Բացի այն, որ դա կլինի աններելի սրիկայություն (նրա պարագայում՝ հերթականը), դա մեծ հաշվով կլինի հիմարություն, քանի որ միանգամից կպայթեցնի իրավիճակը: Հուսանք, նա կամ նրա անադեկվատ հրամանները կատարողներն այդքան տխմար չեն գտնվի:
Ոստիկանական բռնություններից ու ոստիկանների միջոցով հայ ժողովրդի դեմ պատերազմելուց բացի, Նիկոլ Փաշինյանը, ինչպես արդեն նշեցի, ու միայն ես չեմ դա նշում, ընդունակ է Ալիևի, Էրդողանի հետ պայմանավորվածությամբ, Հայաստանի դեմ պատերազմական գործողություններ հրահրել, դրա մեղքը արագորեն Շարժման վրա գցելու և իր կաշին, կուտակած հարստությունը փրկելու և Հայաստանը ոչնչացնելու հաշվարկով:
Այդ բոլոր նենգությունների դեմ մեր «զենքը» հիմնականում մեկն է. այն, որ միահամուռ միանանք հանուն մեր գոյության, հանուն մեր արժանապատվության, հանուն մեր հայ ու մարդ մնալու, հանուն մեր զավակների՝ վաղվա օր, խաղահրապարակ ու երկիր ունենալու ծավալված պայքարին:
Այո՛, ոստիկանները կարող են քաշքշել հարյուրավորների, «բերման ենթարկել» տասնյակ ու տասնյակների, բայց անզոր են, անկարող են տասնյակ հազարավորների, հիսուն հազարի, հարյուր հազարի, 200 հազարի, երեք միլիոնի դեմ: Ի լրումն, այդ հազարավորների շարքերում անխուսափելիորեն կլինեն նույն այդ «բերետակրի» հորեղբայրը, քեռու տղան, դասընկերը, հորաքրոջ աղջիկը, հարևանը:
Բացի այդ, բոլոր ոստիկանները չէ, որ «բերետավոր» են:
Ամեն դեպքում, կարևոր է, որ մենք ևս ֆիզիկապես, և հոգեբանորեն պատրաստ լինենք դեպքերի զարգացման ամենից անցանկալի տարբերակներին, ելնելով այն հանգամանքից, որ նեռը հենց այնպես տեղի չի տալու:
Այս ճակատագրական պահին պարտավոր են, այո, հենց՝ պարտավո՛ր են իրենց հստակ դիրքորոշումն արտահայտելու հասարակական, քաղաքական, ռազմական (թեկուզ՝ պաշտոնաթող), տնտեսական շրջանակները, գիտության, մշակույթի, սպորտի ներկայացուցիչները: Էական է Սփյուռքի գործնական ակտիվությունը, հատկապես ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում:
Մենք պետք է պատրաստ լինենք նաև որոշ ժամանակ պահանջող դիմակայության:
Կարևոր է ընկալումը, որ փողոցներ ու հրապարակներ ենք ելնում, գործադուլ ու դասադուլ ենք անում ոչ թե այն բանի համար կամ ոչ թե նայելով, թե ով է ելել, ով է միացել կամ ով չի միացել, այլ առաջին հերթին այն բանի համար, որ հենց մենք, մեզանից յուրաքանչյուրը չի ցանկանում վերանալ, չի ցանկանում կորցնել ազգային ինքնությունը, չի ցանկանում կորցնել իր երկիրը, իր տունը, իր հողը, իր ջուրը, իր եկեղեցին, իր հավատը, իր երազանքը: Յուրաքանչյո՛ւրս:
Պետք է կենտրոնանալ թիվ 1 խնդրի վրա.
ԱԶԱՏՎԵԼ ՉԱՐԻՔԻՑ, ԱԶԱՏԱԳՐՎԵԼ ՍՏԻ ՈՒ ՏՆԱՔԱՆԴՈՒԹՅԱՆ իշխանությունից:
Այս մղձավանջից ելնելու ցանկացած տարբերակի ուղին անցնում է ա՛յդ կետով:
Սա մեր ներքին, ազգային խնդիրն է, որը մենք պետք է լուծենք:
Դրա հետ մեկտեղ կարևոր է, որ մեր արտաքին գործընկեր պետությունները, մեր տարածաշրջանում ազդեցություն ունեցող տերությունները հստակ ու ընկալելի ազդակներ ստանան, առնվազն ներկա փուլում թույլ չտալու համար ռազմական էսկալացիա կամ՝ պաղեցնելու համար ոմանց նման ցանկությունները, կամ նույնիսկ՝ հավանական պայմանավորված խարդավանքները:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ.
Քիչ պաթոս, շատ գործ: Կարևոր է յուրաքանչյուրիս ջանքը:
Ինչպես Եղիշե Չարենցն է բանաձևել. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ