Ինչպե՞ս մնալ քարտեզի վրա, չդառնալ պահանջներ կատարող կողմ և խաղաղություն պարտադրել, այլ ոչ թե մուրալ։ Առաջին հայացքից, այո՛, շատ բարդ ու անլուծելի թվացող խնդիր է։ Նախորդ իմ գրառման հետ կապված եղան կարծիքներ, որոնք հանգում էին այն մտքին, որ Հայաստանն ի զորու չի որևէ կերպ հարվածել ու վնասել Ադրբեջանի նավթագազային խողովակաշարերը, քանի որ դա կհարուցի աշխարհի հզորների ու Ադրբեջանի կոշտ հակազդեցությունը։
Պարզաբանեմ, որ բնավ կարիք չկա Ադրբեջանի կենսական այդ հանգույցները միանգամից հարվածի տակ դնել ու ոչնչացնել։ Գրառմանս իմաստը դա չէր։ Իրականում, մինչ այդ խողովակաշարերը հօդս ցնդեցնելը և Ադրբեջանի ներուժը բացարձակ զրոյացնելը կարելի է 10-ից ավելի տարբերակներ ունենալ այդ խողովակաշարերի անվտանգության ու կայուն աշխատանքի վրա ճնշում գործադրելու, Ադրբեջանին ոչ միայն զիջումներ պարտադրելու, այլև կառավարելու ու, եթե կուզեք, հնազանդ պահելու համար։
Արցախի դեմ ռազմական գործողությունների ու էթնիկ զտումների քայլերը նպատակ ունեին հենց այդ խողովակաշարից հեռացնել հայկական զինուժի ներկայությունը։ Նման կոշտ ու վայրագ որոշումներին պետք է հակադրել նույնչափ կոշտ ու համարժեք գործողություններ։
Այլ, բառերով ասած, խելոք մշակված ռազմավարության պարագայում Ադրբեջանի ռազմավարական անվտանգության բոլոր ցուցիչներն ու հենակետերը կարելի է սինխրոնացնել Հայաստանի, ներառյալ նաև՝ Արցախի ռազմավարական անվտանգության հետ։
Ինչպե՞ս հասնել դրան ու շարունակել մնալ քարտեզի վրա որպես հիմնական խաղացող, այլ ոչ թե աշխարհաքաղաքական համաձայնությունների ու գործարքների պասիվ օբյեկտ։
Տրամադրված միջազգային ու այլ աղբյուրներից ստացված ֆինանսական օգնության միջոցով Տավուշի մարզում կազմակերպել Արցախից բռնագաղթվածների ավաններ, որտեղ կստեղծվի հզոր պաշտպանական ու հարվածային բնագծեր։ Այդ անելու համար ոչ ոք չի կարող մեզ խոչընդոտել։ Այս կերպ կչեզոքացվեն նաև Ադրբեջանի անկլավային ճնշումները։
Բաքվի ցանկացած փորձ ռազմական ճանապարհով այդ աշխատանքները կանխարգելելու կամ այլ գոտիներում, դիցուք, Սյունիքում ճնշում բանեցնելու համար, պետք է չեզոքացվեն հենց Տավուշի հատվածում Ադրբեջանի կենսական երակները հարվածի տակ դնող գործողություններով։ Կրկնում եմ, առայժմ խոսքը որևէ խողովակաշար, մայրուղի, երկաթուղի վնասելու մասին չէ։ Սա նշանակում է բռնել կոկորդից, բայց դեռ չխեղդել։
Ներուժի կուտակմանը զուգահեռ, Բաքվին պետք է ներկայացվեն պահանջներ, որոնց բովանդակությունը շատերիս համար պարզ է։ Արցախահայության դեմ իրականացված էթնիկ զտումների դիմաց այդ պահանջներն ու նախապայմանները միջազգային լսարանի համար լսելի ու ընկալելի պետք է դառնան, որոնք և հիմք պետք է հանդիսանան միջազգային ճնշումների համար։
Որքան եղանակը Եվրոպայում կցրտի, այնքան «տաք» պետք է լինեն մեր պահանջները ու դա պետք է անել առանց հապաղելու։
Գրանադայի հանդիպումից Ալիևի հրաժարումին պետք է հաջորդի Արցախի ինքնավարության մարմնի ձևավորումն ու այդ մարմնի գործունեության հիմնական ուղղությունների հռչակումը։ Սա պարտադիր է։ Իր գոյությունը չպետք է դադարեցնի նաև Պաշտպանության բանակը, այս անգամ Արցախի ինքնապաշտպանության հրամանատարություն անվան տակ։
Միայն այս դեպքում կարելի է կանգնեցնել, սթափեցնել ու կառավարելի դարձնել Ադրբեջանին ու երբեք չվախենալ միջազգային ճնշումներից ու վախերից բխած հայտարարություններից։ Սա ասիմետրիկ գործողության միակ տարբերակն է, որտեղ դեռ կկարողանանք մեր ձայնը լսելի ու ընկալելի դարձնել։
Հայկ ԴԵՄՈՅԱՆ
Հ․ Գ․ Եթե վախենում եք պատժվելուց կամ ճնշումներից, ապա հիշեցնեմ մի հայտնի օրենք՝ հին Հունաստանից․ ամուսնական անհավատարմության համար կնոջը պատժում էին առաջին ու երկրորդ դավաճանությունների դեպքում։ Երրորդ դավաճանության դեպքում արդեն պատժում էին ամուսնուն։
Աշխարհի ոսկե կանոնը դեռ ոչ մեկը չի չեղարկել․ ուժեղ ես՝ հաշվի կնստեն հետդ, թույլ ես կօգտագործեն ու մինչև վերջին կաթիլը թուլացնելով կոչնչացնեն քեզ: