Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Ստեփանակերտի Թումանյան փողոցը

Ստեփանակերտի Թումանյան փողոցը
30.07.2024 | 19:13

Վերջին տարիներին շատ էի քայլում Ստեփանակերտի փողոցներով՝ մորաքրոջս աղջկա հետ, քայլում էի ամեն անգամ այն մտածողությամբ, որ վերջին անգամն եմ անում:

Սիրում էինք Թումանյանի բարեկարգված փողոցով բարձրանալ, ամեն մի նորությամբ ուրախանալ, միակ թաղամասը, որտեղ պահպանվել է հայկական ճարտարապետությունը, նիստն ու կացը:

Թաղամասը նույնպես «պլանի» տակ էր ընկել, բայց հնաբնակների ըմբոստության շնորհիվ այն պահպանվեց:

Հիմնականում միհարկ և երկհարկանի որձաքարից կառուցված տներ են, իսկ երկրորդ հարկից դուրս եկած փայտաշեն բալկոններից մինչև գետին կախված ծաղիկներ ու վարդեր են և էսթետիկորեն ձևավորված դեղին հեծանիվներ ու անվադողեր՝ ջրաշուշանի պես բացված:

Անգամ բարերն ու ռեստորանները, հյուրատներն ու խանութները «ռետրո» ոճով էին ձևավորված, և այդ անպաճույճ համադրության մեջ մի մեծ շքեղություն կար, որ հաճելիորեն շոյում էր քիմքդ:

Թումանյան փողոցը գալիս հատվում է Վերածննդի հրապարակի հետ, որի հատման կետում էլ «Ֆլորենս»

Ռեստորան-բարն է, որը նունպես ձևավորված է ազգային ոգով:

Նրա գործադիրները ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի այն վերածեին ազգագրական թանգարանի։ Մի պճեղ Արցախ էր թևածում նրա սրահներում և օթյակներում ու վարդեր, վարդեր, վարդեր՝ իրենց զգլխիչ տեսքով ու բույրով։

Կարող ես հենց տրատուարում էլ նստել ու մի բաժակ սուրճ կամ թեյ ըմպել, և ոչ ոք չի զարմանա, որովհետև այստեղ բալկոններից են փոխանակվում սուրճերով, ունեցած-չունեցածով, բալկոններից են սկսվում պաեդինոկները և երեկոներն ավարտվում հաշտության պայմանագրով՝ ավանդական թեյախմությամբ:

Բամբասանքն էլ այստեղ օրվա մեջ տարբեր էտապներով է լինում:

Առավոտ կանուխ, քանի դեռ հարսները քնած են, սկեսուրների չաս պիկն է, վերցնում են ավելներն ու դուրս գալիս բակ (չեն սպասում քաղաքային հավաքարարին) ու ով հարսից ավելի շատ է բարկացած, ամենամաքուրն է ավլում գետինը: Մաշում են ավելները, բայց նրանց զրույցները չեն մաշում, ամեն մեկն ուզում է իր ժամանակը ռացիոնսլ օգտագործել, քանի որ սահմանափակված է այն մինչև հաջորդ առավոտ:

- Ախճի՜, տի պեն տեսածըս, մարթին ըշխադանքը լոխ լանթուվա տամ, կնեգյը պա պատար տընըտրի չի ինիլ, էգուց ես էլ չինիմ, վեղն լուզ տըլան...

- Մին տես հունցըն է ըպրըլան, քզանայել լավ, հա՜մ հըթյաթավըն իննան, հա՜մ տընըտրի, տու արխային մեռե...տու լհա քունատըս է խոսում, քունըտ լհա քղաքու ախճիգյա, դիպլոմը ծերքեն, իմ բեյնամուսըս էլ գյուդումչում թա վեր չուլերանա ճարալ, տեմ ու տերտակ պերալ, գյուդումչում թա տանը վերերորդ հոքնածնա իլալ, մհենգյ տղես ամագյը լոխ ցեխա անում, վեր ասում՝ էս քողերը(տակու շոր) հինչա՞ վեր յերըս կալալ, օզումա թա աշկըս հանե՝ տու հինչըս գիդում տա հինչա, , իմս լոխ պիտի միլա-վիցա ինի... Պահ պահ, պահ, լավիցա կյենողես եշի, վեր մունք առե պակաս տարիներին տղամարդու սատինի շորընք կյեցալ, խոխա չը՞նք պերալ...

- Պահ, պահ, պահ, ախճի, քունիտ հալը հալ չի, էտ վեր տի «լավիցիներանա» առուտուր անում, մղեյիտ կաց, աշկըտ տրա յրա պահե, տղատ էլ հունց ըրվամա, հանցա յազըխա...

- Էտ իմ խոցըս անա յը՞ս տի խոսում, կլխավըս շոռ տաս տու, դյուզըն է ասում՝ սրտիտ նստիմ, մուրուքդ քանդիմ, ախճի մոռացալը՞ս անցյալըդ, ղզղանն ասում ա տակըս վեսկեյա, շիրեփն էլ թա՝ պա ես շտեղայ՞ըմ կյամ... էս սհաթս թփռհան կանիմ քեզ, պեց թողիմ, յազըխը մարթըտա է, , վեր սիրականեդ նհետ քյինամիր Սադախլու կորչում մին շեբթավ, ընդետանը թա՝ տուրեցկի ապրանքու պարտյիյընք սպըսելիս իլալ, ա չուշկա, թորքու թրմասկ.. Գյուդումըս թա էշը մինակ տուվըս լի՞ հա...Լհա վեր սուսընք անում, գյիդասվեչ թա մըննըրներաս ընգալա...

ՈՒ քանի շիկանում են վեճակռիվները, հարսներն արթնանում են ձայներից, կամաց-կամաց բացվում են պատուհանները և... պերիմերիան սկսվում է՝ սկեսուրների տակտիկական համերաշխությունը. երկուսն էլ ձեռքերը դնում են բերանին՝ տու՝ սուս, ես էլ՝ սուս, նորից վերցնում, մաշած, բզկտված ավելները՝ նորը առնելու ակնկալիքով և սպասում հաջորդ օրվա նույն ժամին: Իսկ մինչ այդ բալկոնների արանքը տախտակ դնելով՝ կոֆեն և քաղցրավենիքը տեղավորում եմ և ըմբոշխնում բամբասահամ, բայց քաղցր, գարոխավ կոֆեն, բաքյմազավ թխվածքը, որը դառնում է կռվից հետո հաշտության վավերացումը...

Հետո էլ հարսների պաեդինոկն է, դե չչարաշահեմ ձեր համբերությունը, դա էլ թողնենք փակագծերում, մի ուրիշ անգամ:

....Նորից անցնում եմ ցավին, հուշը կարոտի հետ նաև ցավ ու մրմուռ է թողնում ու քանի դեռ հուշ է, ցավելու է մեր հոգին, կսկծալու է մեր սիրտը:

Թշնամին առաջին հերթին ռմբահարում էր ստրատեգիական կառույցները, իսկ Թումանյան փողոցի վերջնահատվածում, դեպի Սուրբ Աստվածածին Հովանու տաճարի ճանապարհին տեղակայված էր

ЦОР-ը, որը զիվորների և կամավորների հավաքագրման կետն էր, սեպտեմբերի լույս 20-ի գիշերը մի վայրկյան անգամ չէին դադարում հրանոթները:

Օդը շիկացել էր նրանց լույսերից, բոլորն անցել էին նկուղներ, իսկ ով հասցրել էր՝ եկեղեցի:

Ռմբահարման ձայնի ուժգնությունից կարողանում էիր որոշել՝ թ...՞րն են, թե ՞ մերոնք։

Մեր հրետանավորները մի րոպե անգամ չհանգստացան, նույնիսկ այն զգացողությունն էր , որ մերոնք հաղթում են, որովհետև Շուշին ամբողջովին ծխի մեջ էր:

Ամբողջ Թումանյանը նկուղներում էր:

Մի գիշերվա ընթացքում վարդաթափ եղավ վարդաբույր փողոցը, իսկ դեղին հեծանիվն էլ ռումբերի հարվածային ալիքից պոկվեց իր հարմարավետ տեղից և գլորվեց դեպի ներքև... գլորվեց դեպի անդունդը...

Վերջերս թ....րերը մի տեսահոլովակ ցույց տվին, իբր նախկին բնակչուհին վերադարձել է և գլխին վայ տալով, կլկլհան տալով, մուղամմաթ ասելով համբուրում է տան դարպասները:

Թատրոնն էնքան շինծու էր, որ նույնիսկ շփոթել էր ռեժիսորի ցույց տված դուռը... և աչքի տակով նայում էր նրան:

Աշխարհը հակված է հավատալու ներկայացումներին...

«Հավատում» են հաղթողին, որովհետև թելադրում է հաղթողը:

30 տարի առաջ էլ մենք ենք հաղթել ֆիդայական փոքր խմբերով, և անչափահաս տղաների առաջ նախիրի պես «ալլահ-ագբար» ասելով փախչում էին թ-րը:

Մերոնք համարյա Կիրովաբադի մատուցներում էին... ինչու՞ կապիտուլյացիայի չենթարկեցին, ինչու՞ Արցախի Հանրապետությունը ճանաչել չտվին և նվաստաբար խաղաղության պայմանագիր ստորագրել չտվին:

Ինչու՞...

Չէ՞ որ հաղթող կողմն է թելադրում պահանջները:

Մեր սխալների վրա սովորեց Ալիև-փոքրը և հոր անունից մաքրեց պարտվողի, հողատուի նսեմացուցիչ կլիմոն:

Բայց նրա նվաստացած ինքնասիրությունը դեռ չի բավարարվել:

Նա դեռ կշարունակի տարածքային ակնկալիքները, ինչքան մենք շարունակենք զիջել:

Որտեղից որտեղ հասա...

Ավարտեմ խոսքս՝ այս պատերազմը կրոնի, հավատքի պատերազմ է, պարզապես մենք էինք քավության նոխազը, մեզանից հետո ամբողջ հոտը բորենիների զոհ է դառնալու, ընդհանուր առումով ողջ քրիստոնեական աշխարհը, եթե դրա առաջը չառնվի:

Ես նորից տիրոջ իրավունքով կքայլեմ ինձ այդքան սիրելի Թումանյան փողոցով, իմ քաղաքը սպասում է ինձ…

28.07.2024 թ.

Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 235

Մեկնաբանություններ