ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Թանգարան, համերգասրահ սարքելով չէ, որ պետք է Կոմիտասն արժևորվի»

«Թանգարան, համերգասրահ սարքելով չէ,  որ պետք է Կոմիտասն արժևորվի»
21.12.2012 | 11:30

Կոմիտասի ձեռագիր աշխատությունները պահվում են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ): Դրանք բոլորն անցել են գիտական մշակում: Թանգարանի երաժշտական ֆոնդի վարիչ, երաժշտագետ ՄԱՐԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ տեղեկացմամբ` մի քանի տարի առաջ երկու հատորով հրատարակվել է Կոմիտասի աշխատությունների ուսումնասիրությունների ժողովածուն, բոլոր բնագրերը վերծանված և ներկայացված են հանրությանը:

-Վերջին հրատարակումները, բացահայտումները որքա՞ն են հասու հանրությանը:
-Եթե չեմ սխալվում, Կոմիտասի գիտական ուսումնասիրությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1942-ին, հրատարակել է Ռուբեն Թերլեմեզյանը: Բայց այդ բոլորը, փաստորեն, վերահրատարակություններ էին: Այսինքն, այն, ինչը Կոմիտասն իր կյանքի օրոք տպագրել էր, հրատարակել, Ռուբեն Թերլեմեզյանը տարբեր լրագրերից, ամսագրերից հավաքել ու վերահրատարակել էր մի ժողովածուով: Բայց այնտեղ ընդգրկված չէին նրա ձեռագիր աշխատությունները` խազերի վերծանության, նոտագրության համակարգին, հայկական ժողովրդական պարին, հայ երաժշտության այլ ոլորտներին վերաբերող անտիպ նյութերը: Չեմ կարող ասել, թե դրանք անհայտ էին, որովհետև ձեռագիր վիճակով 1958-ից բոլորը տրամադրվել են հանրությանը, եկել են թանգարան, ուսումնասիրել են։ Փակ, անձեռնմխելի վիճակում երբևէ չեն եղել, բայց տպագրված չէին, բնականաբար, մասսայական հնչեղություն չունեին: Օրինակ, Կոմիտասի ազգային պարերին վերաբերող աշխատությունը փոքր, բայց շատ արժեքավոր գործ է և բացարձակ անծանոթ էր հանրությանը:
-Որպես օրինակ, Կոմիտասի բանաստեղծությունները քիչ-քիչ հայտնի են դառնում հանրությանը, սակայն չենք կարող խոսել հանրահռչակման մասին: Իսկ մեր օրերում մեծ դեր ունի գովազդը:
-Հանրությունն այնքան բազմաշերտ է, որ ով հետաքրքրվում է, ուզում է ինչ-որ բան իմանալ, բացահայտել իր համար, նրան հայտնի է: Կոմիտասի բանաստեղծությունները հրատարակվել են, վերահրատարակվել են, այդ տեքստերով երգեր են գրվել: Դրանք անհասանելի չեն: Բայց ես դեմ եմ, որ ամեն օր խոսվի այդ մասին, ամեն օր շահարկվի: Դա շատ կէժանացնի Կոմիտասին:
-Կոմիտասի անվան զբոսայգում բացվելու է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որն ունենալու է թանգարանային մաս, գիտահետազոտական կենտրոն, գրադարան և այլ բաժիններ: Կոմիտասյան ձեռագրերից տրամադրելո՞ւ եք նորաստեղծ թանգարան-ինստիտուտին:
-Դա մշակույթի նախարարությունն է որոշելու: Դեռ շենքը պետք է կառուցվի, պայմանները ապահովվեն, վաղ է դրա մասին խոսելը:
Արդեն ամբողջ ժառանգությունը մի տեղ կենտրոնացած է, և մենք վատ չենք պահպանում: Մի քանի անգամ այդ նյութերն ուղարկվել են վերականգնման, ախտահանման: Ես չգիտեմ այդ ինստիտուտ-թանգարանը ի՞նչ պայմաններ պիտի ունենա… Գուցե ավելի լավ պայմաններ ունենա` ձեռագրերը պահպանելու առումով: Բայց ինձ անհասկանալի է մի բան. լավ է որ մշակույթի օջախ է բացվում, ոչ թե ռեստորան կամ կարաոկե, բայց ինչո՞ւ գերեզմանատանը: Ես ինքս այդ վայրում երբևէ համերգի կամ գիտաժողովի չեմ մասնակցի: Երևանում չկա՞ր ուրիշ մի վայր, որ հնարավոր լիներ դա կառուցել:
-Եթե գա օրը և ձեռագրեր պահանջվեն նորաստեղծ կենտրոնի համար, մտածե՞լ եք` ինչպես եք վարվելու:
-Չեմ պատկերացնում: Ես չեմ որոշելու: Կարող եմ միայն իմ սուբյեկտիվ կարծիքն ասել: Չէի ուզենա առանձնացվեր Կոմիտասը: Ո՛չ Կարա-Մուրզան, ո՛չ Մակար Եկմալյանը պակաս արժեք չունեն մեր երաժշտության մեջ: Մի ահռելի հարստություն կա մեր պահոցում` Խաչատրյան, Բաբաջանյան, Սարաջև, Հովհաննես Նալբանդյան, երգիչ, երգչուհիներ: Մեկին առանձնացնել, կուռք դարձնելը, մյուսներին մոռացության մատնելը չգիտեմ` որքան են ճիշտ:
-Մենք այսպես թե այնպես առանձնացնում ենք Կոմիտասին:
-Երբ կատարում ես Անուշավան Տեր-Ղևոնդյանի կամ Արմեն Տիգրանյանի ստեղծագործությունը, այդ պահին առանձնացնում ես տվյալ ստեղծագործողին: Բայց ես վախենում եմ Կոմիտասից կուռք սարքեն, իսկ դա ստեղծագործողի վախճանն է նշանակում: Եվ թանգարան, համերգասրահ սարքելով չէ, որ պետք է Կոմիտասը արժևորվի: Թող կատարեն նրա երգերը, բանաստեղծությունները, նրա պարերին նվիրված աշխատություններն ուսումնասիրեն, փորձեն պարել: Այդպես պետք է կենդանի մնա:
-Կոմիտասյան արժեքավոր ձեռագրեր են ժամանակ առ ժամանակ երևան գալիս, որոնք վաճառվում են, և գնում են ոչ հայերը: Վերջերս Ռուսաստանից բերված նման մի ձեռագիր գնելու-չգնելու հարցն էր շրջանառվում: Ձեռագրերը, որքան գիտեմ, կարելի էր ձեռք բերել 7000 դոլարով:
-Բացառված չէ, որ նորից ի հայտ գան պատառիկներ կոմիտասյան ձեռագրերից, որովհետև նա բազմաթիվ աշակերտներ է ունեցել, իրեն պաշտողների մեծ բանակ, և նրանցից ամեն մեկը ինչ-որ մասունք գուցե և պահեր Կոմիտասից հիշատակ: Լավ կլիներ, որ վերադաս մարմիններն օգնեին ամբողջացնելու Կոմիտասի ժառանգությունը: Ձեր ասած ձեռագրերի մասին լսել եմ, բայց չեմ տեսել և չգիտեմ ինչ է եղել հետո:
-Գերմանիայում անցկացվում է Կոմիտասի անվան երաժշտական մրցույթ: Որևէ առնչություն ունե՞ք, համագործակցության եզրեր կա՞ն:
-Նոր-նոր է բացվել այդ մրցույթը: Իրենց համար բացահայտել են Կոմիտասին, դա հիանալի է: Առայժմ կապ չկա, հետագայում գուցե լինի:
-Կոմիտասի հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս հնարավո՞ր եք համարում, իհարկե, լայն մասսաների համար, որովհետև չեմ կարծում, թե մասնագետների շրջանում նա անհայտ է:
-Հանրահռչակմանը կարող է նպաստել միայն Կոմիտասի երգերի կատարումը: Ես գիտեմ մի գերմանուհի թավջութակահարի, որ այնպես է կատարում Կոմիտաս, զարմանում ես, որ կարող է հայ երգը այդպես զգալ: Դա նշանակում է, որ Կոմիտասը ներազգային երևույթ չէ, նա այնքան մեծ է, այնքան զորեղ է նրա արվեստը, որ գերմանացին, շվեդը, ով ասես կարող է հասկանալ, ընկալել: Տարբեր երկրներում պետք է հնչեցնել նրա ստեղծագործությունները, բայց դա չպետք է լինի ինքնանպատակ, այլ էվոլյուցիոն ճանապարհով:
-Դրսից եկած հանրահայտ երաժիշտները Կոմիտասի ստեղծագործություններն են հնչեցնում` ջազային և այլ իմպրովիզներով: Աղավաղման վտանգ տեսնո՞ւմ եք սրանում:
-Ոչ, եթե աշխատանքն արվում է բարձր, պրոֆեսիոնալ մակարդակով: Բացի այդ, Կոմիտասն այնքան մեծ երևույթ է, որ ոչ մի կողմնակի միջամտություն նրա ստեղծագործության մեծությունը փչացնել չի կարող: Կոմիտասյան ելևէջներն ընդամենը հարստացնում են այդ կատարումները:
-Ինչ կասեք թանգարանի ֆոնդի խնդիրների մասին, նաև ձեռքբերումների:
-Խնդիրների մասին չեմ ուզում խոսել, որովհետև շատ են: Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, վերջին մեկ տարում մենք թանգարանի նորոգման խնդիրներով էինք զբաղված, և մոտ մեկ տարի թանգարանն իր ուղղակի ֆունկցիաները չի կատարել: Բայց փոքր ձեռքբերումներ ունեցել ենք. հարստացան մեր ֆոնդերը Տիգրան Լևոնյանի, Մեդեա Աբրահամյանի արխիվային նյութերով: Ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի արխիվը համալրվեց. նա երկրից հեռու էր ապրում, բայց իր կյանքի մեծագույն հատվածը հայ ելևէջներով է ստեղծագործել, մեծ երաժիշտ է, մեր ազգային հարստություններից մեկն է:
-Ծրագրերի մասին ի՞նչ կասեք:
-Պատրաստվում ենք նոր մշտական ցուցադրության: Կլինեն նաև ժամանակավոր ցուցադրություններ, մի շարք միջոցառումեր:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ