ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Լեմկինը, որ «ցեղասպանություն» բառը ստեղծեց, նկատի ուներ հենց հայերի եղեռնը»

«Լեմկինը, որ «ցեղասպանություն» բառը ստեղծեց, նկատի ուներ հենց հայերի եղեռնը»
16.12.2012 | 20:59

«Իրատես de facto»-ի հյուրը «Օրեր» երկամսյա պարբերականի գլխավոր խմբագիր ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆՆ է: «Օրերը» լույս է տեսնում 1999-ից` Պրահայում, հասնում է նաև եվրոպական այլ երկրների հայությանը:

-Ո՞ր թեմաներն են հիմնականում տեղ գտնում պարբերականի էջերում, ունե՞ք հիմնական խորագրեր:
-Հիմնականում անդրադառնում ենք եվրոպահայությանը հուզող խնդիրներին, հայ համայնքների մշակութային, քաղաքական ու հասարակական, մարզական և համայնքային կյանքին: ՈՒշադրության կենտրոնում են նաև Հայաստան-Եվրոպա հարաբերությունները, երկկողմ դիվանագիտական ու քաղաքական կապերը, տնտեսական համատեղ ծրագրերը:
-«Օրերը» արևելահայերենով լույս տեսնող միա՞կ պարբերականն է Եվրոպայում:
-Եվրոպական տարբեր համայնքներում հրատարակվել են ամսագրեր, որ ունեցել են արևելահայերեն էջեր, բայց պարբերական բնույթ չեն կրել, բացվել-փակվել են: Ներկայումս արևելահայերենով լույս է տեսնում Հունաստանի «Հայաստան» շաբաթաթերթը, որն ավելի շատ հայկական մամուլի տեսություն է տալիս, սեփական նյութերը քիչ են:
-«Օրերը» երբևէ «դադարներ» ունեցե՞լ է:
-Եղել են ճգնաժամային տարիներ, երբ տարեկան վեց համարի փոխարեն երեք համար է լույս տեսել: Փոխարենն ամեն շաբաթ լրատվական թերթիկներ ենք տպագրել, բայց գործել ենք, երբեք կանգ չենք առել տասներեք տարիների ընթացքում:
-Չեխիայի հայ համայնքը հետաքրքրվո՞ւմ է «Օրեր»-ում տեղ գտած հրապարակումներով:
-Մենք անցել ենք բավական երկար ճանապարհ և այդ ընթացքում փորձել ենք բոլոր հնարավոր ձևերը` բավարարելու համար ընթերցողի պահանջը: ՈՒնեցել ենք հատուկ հավելվածներ` նվիրված միգրացիոն խնդիրներին, Չեխիայում, Եվրոպայում ընդունված նոր օրենքներին, որ վերաբերում են քաղաքացիություն ստանալուն, մշտական բնակության, առողջապահական ապահովագրության և այլ խնդիրներին: Նոր սյունակ ենք բացել ամսագրում, որտեղ մեր հայ իրավաբաններից մեկը պատասխանում է ընթերցողներին հուզող հարցերին:
«Օրերը» հազար տպաքանակով է լույս տեսնում: Անվճար տարածում ենք նաև չեխական ավիաուղիների ինքնաթիռներում` Երևան-Չեխիա չվերթի ուղևորների համար: Շատերը ինքնաթիռում են ծանոթանում «Օրեր»-ին, հաճախ դրական արձագանքներ ենք լսում, երբեմն էլ բողոքում են, որ քիչ են ամսագրի համարները և իրենց չի հասել:
Մեր նպատակն է, որ Եվրոպայում ապրող հայ մարդը հայերեն ընթերցելու հնարավորություն ունենա: Թեև հիմա համացանցը հնարավորություն է ընձեռում, որ ծանոթանան հայկական ողջ լրատվությանը, բայց միևնույն ժամանակ կա ընթերցողների մի ստվար զանգված, որ տպագիր մամուլից չի ուզում հրաժարվել:
Այս դեկտեմբերից կգործի նաև մեր լրատվական կայքէջը, և այդպիսով, բացի ամսագրից, մենք ամենօրյա լրատվությամբ հնարավորություն կունենանք կապ պահպանելու ողջ եվրոպահայության հետ, քանի որ միայն Չեխիայի հայ համայնքով չենք սահմանափակվելու։
-Քանի՞ հայ կա Չեխիայում:
-Մոտ 7-8 հազար:
-«Օրերը» շահույթո՞վ է աշխատում:
-Մենք վնասով ենք աշխատում, նույնիսկ բաժանորդները չեն ուղարկում վճարը:
-Հայաստան հասնո՞ւմ է պարբերականը:
-Այո, մոտ 50 օրինակ, հեղինակներին ենք ուղարկում և գրադարաններին:
-Հայաստանում կատարվող իրադարձություններն ի՞նչ արձագանք են գտնում հայ համայնքի շրջանում և ձեր պարբերականի էջերում:
-Մարդիկ տարբեր են, ինչպես Հայաստանում, Չեխիայում նույնպես ամեն մեկն ունի իր նախընտրած կուսակցությունը, մի մասն ընդդիմադիր է, մի մասը` իշխանամետ: Անկեղծ ասած, մենք չենք ուզում Հայաստանի ներքաղաքական պայքարը տեղափոխել մեր մամուլի էջեր, թեև և՛ նախագահական, և՛ խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո վերլուծական հոդվածներով անդրադարձել ենք, օբյեկտիվ լուսաբանել: Եթե ընտրակեղծիք է եղել, գրել ենք այդ մասին, եթե դրական մի բան է եղել, դարձյալ նշել ենք: Ի տարբերություն հայաստանյան մամուլի, մենք ավելի ազատ ենք՝ գրում ենք, ինչ մտածում ենք: Իհարկե, նաև հասկանում ենք, որ սփյուռքում գրածն առանձնապես ազդեցություն չունի Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա:
-Չեխական մամուլն անդրադառնո՞ւմ է հայաստանյան իրադարձություններին:
-Հազվադեպ: Չեխական մամուլի ուշադրությունը կարող են գրավել, օրինակ, շախմատի ասպարեզում Հայաստանի ունեցած ձեռքբերումները, հայկական կոնյակը, հնագիտական հայտնագործությունները, ասենք` հնադարյան առաջին գինու, կոշիկի հայտնաբերման պատմությունները: Անդրադառնում են ցեղասպանության թեմային, ղարաբաղյան խնդրին, հայ-ադրբեջանական հակամարտությանը, բայց չափավոր ու զգույշ: Որովհետև, երբ հայամետ մի բան է տպագրվում, ադրբեջանական կամ թուրքական դեսպանությունները միանգամից հիստերիա են բարձրացնում:
-Ինչո՞վ է առանձնանում Չեխիայի հայ համայնքը:
-Չեխիայի հայ համայնքը նորաստեղծ է, քսան տարի է, ինչ ձևավորվել է, դեռ համայնքային իրավաբանորեն գրանցված կառույց չունենք, բայց ունենք մի քանի գրանցված հասարակական կազմակերպություններ՝ «Արմենիա քլաբ», «Կովկաս- Արևելյան Եվրոպա լրատվական կենտրոն», «ՈՒրարտու», «Հայկական տուն»: Հիմա աշխատանքներ են տարվում ազգային-եկեղեցական համայնքը գրանցելու ուղղությամբ, մի քանի ամիս անց կունենանք դա: Գոյություն ունի բավականին ակտիվ անհատներից կազմված մի խորհուրդ, որ համակարգում է բոլոր տեսակի միջոցառումները: Հուսով եմ, որ համայնքային օջախ, եկեղեցի ունենալու դեպքում այդ կազմակերպվածության մակարդակն ավելի կբարձրանա, որովհետև մարդիկ հավաքատեղի կունենան:

-Սփյուռքը շարունակ համալրվում է նոր հայերով: Կարո՞ղ ենք ասել, որ սա ցեղասպանության շարունակությունն է, եթե մենք ինքներս ենք ընտրում դրսի ճանապարհը:
-Գիտեք, դրանք տարբեր բաներ են: Բոլորովին այլ է, երբ մի ամբողջ ժողովրդի ստիպողաբար տեղահանում են երկրից, ծրագրավորված կոտորում: Այսօրվա միգրացիան միայն Հայաստանին չէ բնորոշ, Եվրոպայով մեկ տեղաշարժեր են լինում: Հայաստանի պարագայում դա շատ ցավալի է, քանի որ հիմնական պատճառը գործազրկությունն է: Նրանք էլ, ովքեր աշխատանք ունեն, հիմնականում սիմվոլիկ աշխատավարձ են ստանում և չեն կարողանում ապրել:
-Ճի՞շտ է, որ նոր հայերն ավելի արագ են ձուլվում:
-Կա նման միտում: Նրանք, ովքեր Հայաստանից են եկել, լեզվի կրող են, և նրանց թվում է, եթե երեխաները նույնիսկ գրել-կարդալ չիմանան, միայն տանը հայերեն խոսեն, դա բավական է ինքնությունը պահպանելու համար: Բայց հայապահպանության հիմնական տարրերից մեկը լեզվի պահպանությունն է, ցանկացած հայ, որ դրսում է, պետք է դա գիտակցի:
-Այս տարի լրագրողների համահայկական խորհրդաժողովը նվիրված էր Հայոց ցեղասպանության հիմնախնդրին: Ի՞նչ կարող են տալ նման քննարկումները` Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին, և ո՞րն է մեր բացթողումը այս հարցում:
-Վերջին տարիներին շատերն են խոսում այն մասին, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացում պետք է հստակ մեխանիզմներ ունենալ: Շատ սփյուռքագետների կարծիքով` մենք պետք է հատուցման հարց բարձրացնենք և ոչ թե Թուրքիայի առաջ, այլ միջազգային դատական ատյաններում: Այդ ամենը պետք է կազմակերպեն մասնագետները` ճշգրիտ, հիմնավորված, փաստերով, որպեսզի որևէ խնդիր չառաջանա:
-Ի՞նչ հարց բարձրացրիք ինքներդ խորհրդաժողովի ընթացքում:
-Ես անդրադարձա մի քանի հարցերի, այդ թվում` վերը նշվածին, որ, Ցեղասպանության ճանաչումից բացի, հատուցման հարցը պետք է բարձրացնել: Երկրորդ, որ պետք է նման մի խորհրդաժողով անցկացնել օտարազգի լրագրողների և խմբագիրների համար, որոնց խոսքն անհամեմատ ազդեցիկ է դրսում: Եվ մի հարց էլ. մենք լավ չենք օգտագործում մեր արբանյակային հեռուստաընկերությունների ընձեռած հնարավորությունը: Ամբողջ օրը սերիալ ու գովազդային հոլովակ ենք հեռարձակում, բայց չունենք հաղորդումներ օտար լսարանի համար, ինչպես նաև գրեթե չկան մեր պատմության, Ցեղասպանության մասին ճանաչողական հաղորդումներ սփյուռքում մեծացող երեխաների համար: Մանկական հաղորդումները շատ քիչ են, մի քանի հայերեն թարգմանված մուլտֆիլմեր են ցուցադրում և «Բարի գիշեր» հաղորդաշարը:
-Հայ ժողովուրդը ցեղասպանվեց, և աշխարհը լռեց: Ի՞նչն է փոխվել այսօր` 21-րդ դարում:
-Շատ բան է փոխվել` նախ հասարակական կարծիքը. առաջ քչերը գիտեին Հայոց ցեղասպանության մասին: Չեխիայի օրինակով ասեմ, վերջին տասը տարիներին մեծ թվով հեռուստահաղորդումներ են ցուցադրվել չեխական հեռուստատեսությամբ, բացի այդ, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ամբողջ պատմությունը լուսաբանվել է չեխական լրատվամիջոցներում: Ավելացնեմ, որ Ֆրանց Վերֆելը Չեխիայում է ծնվել, նրա «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը հայտնի է գրեթե ողջ չեխ մտավորականությանը: Շատերը հայերի մասին գիտեն հենց այդ գրքից:
Չեխիան դեռ պաշտոնապես չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, բայց ներքին խոսակցույթուների ժամանակ ընդունում են, որ եղել է, ուղղակի չեն ուզում փչացնել Թուրքիայի հետ հարաբերությունները, այսինքն ասում են՝ ձեր խնդիրները իրար հետ լուծեք:
-Էլի բախվում ենք աշխարհի շահերին:
-Դա մեզ ուղեկցել է մեր պատմության ողջ ընթացքում։
-Շառլ Ազնավուրն առաջարկում էր «ցեղասպանություն» եզրույթը փոխարինել համարժեք մեկ այլ բառով:
-Դա իր անձնական կարծիքն է: Ես կարծում եմ, որ հայերի հետ կատարվածը հենց ցեղասպանություն է: Հրեական ծագումով լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը, որ «ցեղասպանություն» բառը ստեղծեց, նկատի ուներ հայերի եղեռնը:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4352

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ