ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Ստամբուլի բիճը» գիրքը` հայերեն

«Ստամբուլի բիճը» գիրքը` հայերեն
11.12.2012 | 16:15

Լույս է տեսել թուրք ժամանակակից արձակագիր Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» գիրքը:

«Անտարես» հրատարակչությունը գիրքն ընթերցողին է ներկայացնում «Արգելված գրքեր» մատենաշարով:
«Հեղինակի և իր գրքի մասին հետաքրքրություն կար նախքան գիրքը թարգմանելը, կարելի է ասել, այն թարգմանվել և հրատարակվել է` հաշվի առնելով ընդհանուր հետաքրքրությունը,- մեզ հետ զրույցում ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ:- «Արգելված գրքեր» մատենաշարում ընդգրկվում են այն գրքերը, որոնք ժամանակին արգելված են եղել տարբեր պատճառներով, կարելի է ասել` ցենզուրայի զոհ դարձած գրքերը: Մատենաշարի առաջին հեղինակը Հենրի Միլլերն է: Նրա «Խեցգետնի արևադարձը» վեպ անցել է բազմաթիվ դատավարությունների միջով, երկար ժամանակ արգելված է եղել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում: Ջորջ Օրուելի «1984» վեպն ենք տպագրել, որ Խորհրդային Միությունում առաջին անգամ լույս է տեսել հրապարակումից 40 տարի անց: Ընդ որում, այն 60-70-ականներին արգելված է եղել նաև ԱՄՆ-ի գրեթե բոլոր դպրոցներում` պոռնոգրաֆիայի տարածման մեղադրանքով: ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում վեպն առայսօր արգելքի տակ է»:
Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպն առաջին անգամ լույս է տեսել անգլերեն: Այնուհետև հեղինակն ինքը այն թարգմանել է թուրքերեն: Սթափ հայացքով ու մեծ քաղաքի կոլորիտային մանրամասների վարպետ ներկայացմամբ Շաֆաքը վեր է հանում թուրք հասարակության ներքին բազմաթիվ խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` իբրև թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ:
Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ գրքի հրապարակումից հետո Թուրքիայում դատավարություն է սկսվել հեղինակի դեմ` 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: «Դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված էր,- ասաց նա,- երբ Շաֆաքը դատը հաղթեց, նոր միայն այն կյանք ունենալու հնարավորություն ստացավ: Գիրքը Թուրքիայում կա, վաճառվում է, բայց արգելանքների միջով է անցել, դրա համար էլ տեղ է գտել սույն մատենաշարում»:
«Անտարեսը» գիրքը թարգմանել է թուրքերենից: Թարգմանությունը կատարել է երիտասարդ թարգմանչուհի Արփի Աթաբեկյանը: Գրքի արժեքը 5000-6000 դրամ է: Տպաքանակը` 500 օրինակ:
Ներկայումս «Անտարես»-ում թարգմանիչ Զավեն Բոյաջյանի գլխավորությամբ ուսումնասիրում են, կազմում արգելված, աղմկահարույց գրքերի ցանկ, որից հետո կգտնեն համապատասխան թարգմանիչներ` գրքերի հրատարակումը իրականացնելու համար:
Իսկ արգելքը կարո՞ղ է արդարացի լինել:
«Իհարկե, կարող է, սակայն շատ գրքեր, որ ժամանակին արգելված են եղել, հիմա արդարացված են: Այս մատենաշարը փորձում է տալ գրքերի կենսագրության որոշակի` արգելված հատվածը»,- ասաց Ա. Նիկողոսյանը` ընդգծելով, որ համաշխարհային գրականության մեծ մասը, այս կամ այն պատճառով, ժամանակին արգելված է եղել: «Հարցն այն է` որքանով են լուրջ եղել դատավճիռները, արգելքները ,և ինչ պատճառով են հիմնականում արգելվել»,- ասաց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 16699

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ