ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Անի

Անի
26.04.2024 | 16:02

Կամարով հատվող կամ նույնացող պարիսպները բլրեբլուր ելևէջում են աջ և ձախ թևերով, ի վերջո, միանում, դառնում են շրջան, հավանաբար` ձվաձև, ինչպես երկրագունդն է: Որ ավելի շատ գեղանի են` կանացի իշխանական հմայքով, քան առնական: Անին կին է և՛ դրսից, և՛ առավելապես ներսից. արքայադուստր, դիցուհի, ինչպես ուզում ես բնորոշիր. երկուսն էլ կան` և՛ հողեղենը, և՛ աստվածայինը. մի ամբողջություն: Կիրք է սրտակեր կնոջ, արուին հողին հավասարեցնող և երկինք հանող: Աստվածային է, բայց կին է` սովորական այրին արքայություն ներշնչող:

Մինչև պարիսպների կամարակապ մուտքին հասնելը սրճարան է, սալահատակ բակով քարաշեն սրահներ` խանութ հիշեցնող, և տաղավարներ` հուշանվերներ վաճառող: Լայն ճեմուղու մի եզրից մյուսը պարաններին ծածանվող թուրքական դրոշներ են փռած լվացքի պես: Մինչ կհասցնես մոտենալ կամարին` խնամքով ուղղահայաց թիթեղներին անգլերեն գրված տեղեկություններ են քաղաքի մասին: Սմբատ, Գագիկ Բագրատունի և այլք, սակայն որևէ տեղ նշված չէ, որ այդ արքաները հայեր էին, որ արքայական տոհմը հայկական էր:

Կամարով ներս` անմիջապես դիմացդ, սրբատաշ բարձր որմին Բագրատունիների արքայական զինանշանն է` հովազ թեթև քայլքի մեջ: Անմիջապես ձախ, մի քիչ խորք` խորշանման, դարպասն է կամ դուռը, վերնամասում հայատառ, հայալեզու մեծ ու երկար արձանագրություն` մասամբ ավերված: Իսկ աջ կողմում փոքրիկ սևատուֆ վրացերեն արձանագրություն է` Թամար թագուհու ժամանակ արված, երբ Զաքարյան իշխանները վրաց զորքի օգնությամբ Անին ազատագրեցին արաբներից:

Դարպասն անցնում եմ, պարիսպներն են արդեն ներսից. դիմացս քաղաքն է, որ ընդգրկում է հայացքս ամբողջովին: Կիսավեր ու խոնարհված, համարյա ավերակ, այնքան ջնջված, որ խոտ է բուսնել: Փոշոտ ու հողե, ավազածածկ ճանապարհներ` ոլորվող, բլրից ընկնող, քարակույտեր ելնող:

Դժվար է հասկանալ իրար հաջորդող ժամանակները, որոշել դարերի փոշին, որ դարսվել է շերտ առ շերտ ավերին ու այս չքնաղ ավարին պատմության: Ժամանակն ինքն է այստեղ կանգ առել անորոշ, անհասկանալի, անդավաճան: Չես կարող վերականգնել քաղաքը հայացքիդ մեջ իր ուրույն տեսքով, ողջ կենսականությամբ, զգալ երբեմնի հմայքն ու փառքը, վարքն ու կենցաղը: Կարմիր հող է, կարմիր ավազ, ավերակներ են տների՞, թե՞ այլ շինությունների. դես ու դեն թափված քարեր: Բեկորաթափ է, ու միայն եկեղեցիներ` ավեր, կիսավեր և գրեթե ամբողջական:

Բայց այդքանով հանդերձ ընկած կամ փողոցի կին չի հիշեցնում Անին: Բավական է հայացքդ ուղղես Մայր տաճարին, Տիգրան Հոնենց եկեղեցուն, կամ թեկուզ մեջտեղից կարծես թրով հավասար ու ուղղահայաց կիսված ու կես կանգուն Սուրբ Փրկչին. կանացի նրբակերտ հմայքը քեզ կտրում է կարմրավուն հողից ու քարակույտերից և իր մեջ առնում` փափուկ, նուրբ կրքով: Այդպես է, եթե անգամ հայացքդ չես ուղղել Մայր տաճարին կամ Հոնենց եկեղեցուն, ուղղակի խոնարհվել ես խանարհվածին:

Անիի մոգական հմայքը օդի ամեն ումպի ու կաթիլի մեջ է, որ լցվում է աչքերդ, շնչում ես թոքերիդ մեջ և անդիմադրելի կուլ տալիս: Այդպես է մինչև քաղաքին մոտենալը, հեռվից, պարիսպները տեսնելիս: ՈՒղղակի կախարդում է, իր ազդեցության տակ առնում. հմայումի մեջ անգիտակից ու միայն իրեն գիտակցող:

Ո՛չ ոք, աշխարհում ուրիշ ո՛չ ոք, միայն հայը կարող է ոտքը դնել Անիի հողին, գորշ, անհրապույր, դարուփոս, հին ճանապարհից մնացած ինչ-որ խոտորվածի վրա և ոտքի ու հողի արանքում երկինք զգալ: Միայն տերը կարող է այս ավերակների մեջ խոնարհվել, կծկվել, խեղճանալ ու նույն անճարակության մեջ վեհանալ, բարձրանալ և արքայական հայացքով նայել վերևից ներքև, ներքևից` վերև: Այս հազար ու մեկ եկեղեցիների, արքաների քաղաքում. տոհմանշանը` հովազ, առյուծ ու արծիվ: Այս արքաների ժառանգն է հայը, այս քաղաքի ժառանգորդը:

Աշխարհում չկա մեկ այլ երևույթ, քան Անին, որ այդքան հայ ու հայկական լինի, աղոթք լինի քարեղեն և բառից խոսուն: Միայն հայն է, որ իր առանձնության մեջ և առանձնակի է հղում առ Աստված: Միայն իրեն է հատուկ. աշխարհում տրված իր գիծն է ու կորը:

Տրդատ Ճարտարապետի կերտած Գագկաշեն զվարթնոցատիպ տաճարում եմ` հիմնովին ավերված: Ի՜նչ վեհություն կա այս խանարհության մեջ, այս քանդուքարափ ավերակների մեջ: Հսկայական բազալտե սյուներ, խոյակներ ու կամարների ամբողջական մասեր` տիտանների ուժին վայել: Ո՛չ Սասնա Սանասարը, ո՛չ էլ Մհերն ու Դավիթը կարող էին դնել քարը քարին այսպես: Տեր Աստված, ո՞նց են արել: Ինչ վեհություն կա այս ընկած, տապալված ու հողին զարնված բեկորների մեջ:

Տիգրան Հոնենց եկեղեցին է` դրսից սքանչելի զարդաքանդակներ, ներսում հրաշալի որմնանկարներ: Ջավախքեցի Անդրանիկը` մի ընտիր պատանի, թե` Հուսիկ Արա, կուզե՞ս դու էլ նկարվես: Ինձ է պարզում կարմիր կտորե ժապավենը` վրան հայերեն ու անգլերեն գրված Հայաստան: Այն ոգևորությամբ, կարծես առաջին անգամ եմ տեսնում, հարցնում եմ` ո՞նց ես անցկացրել: Թե` հագուստներիս տակ լավ պահել էի: Վերցնում եմ, պարզում գլխիցս վեր, ինչպես ոչ մի անգամ, ու լուսանկարվում եկեղեցու վեհության վրա: Տիգրան Հոնենցը Ախուրյանի աջ ափին է, ձախ ափին ՀՀ պետական դրոշն է բարձր ծածանվում, շատ մոտիկ, եթե ձեռքս մի քիչ երկար լիներ` առասպելական չափումների հանգույն, հանգիստ կբռնեի: Ներկա Հայաստանն է ու Անին` քարափների մեջ Ախուրյանով նույնացած:

Անիի Մայր Տաճարն է. վերականգնում են թուրք վարպետները: Ինչպե՞ս. ի՞նչ կպահեն, ի՞նչ կջնջեն, չգիտեմ: Ներս չեմ կարողանում մտնել:

Քիչ վերև, կիսով չափ ավերված եկեղեցուն կից մինարեթ են սարքել թուրքերը և քանդված գմբեթի փոխարեն թիթեղյա հարթ տանիքով ծածկել ու վերածել մզկիթի: Բաց դռնից երևում է հատակին փռած գորգը, հանած կոշիկները, և մի քանի երիտասարդ աղջիկ ու տղա ներսում: ՈՒ հանկարծ բարձրախոսից հնչում է մոլլայի նամազը: Ես միշտ ապշել եմ այս երևույթի՞ց, թե՞ պատուհասից: Որևէ մզկիթ, եթե Հայ Առաքելական Եկեղեցու վերածեին, վստահ եմ, որ ոչ մի հայ չէր մտնի ու աղոթի, թե սա այլևս քրիստոնեական տաճար է: Այդ ինչպե՞ս է մահմեդական թուրքը անում, երբ տեսնում է, որ կառույցը քրիստոնեական է:

Իսկ երբ դարպասից ներս էի մտնում և դանդաղ քայլերս ուղղում պարսպի ձախ թևը, աչքի պոչով տեսնում ու ականջի ծայրով լսում եմ. թե այս քաղաքը կառուցած ժողովուրդն անհետացել է, ջնջվել պատմությունից և անհայտ է:

Թուրք զբոսավարն է. մի քիչ թիկնեղ, միջինից բարձր հասակ, փոշոտ կիսաճտքավոր կոշիկներով է, չսափրված, փոքր ինչ փնթի` իր հատուկ համազգեստի մեջ: Թավ ձայնով ու կտրուկ, ձեռքերի հատու շարժումներով ներկայացնում է հավանաբար իր հայրենակից երկու տղամարդու` տարեց ու երիտասարդ, երևի պապ ու թոռ են: Չեմ նայում այդ կողմը. ես այստեղ հետաքրքրասեր չեմ, առավել ևս` զբոսաշրջիկ: Ես այս քաղաքը կառուցած արքաների և ժողովրդի զավակն եմ, ես տեր եմ այստեղ և այս քաղաքին` ըստ պատմության և իրավունքի. պարզապես ժամանակն է մի քիչ սայթաքել ու խոտորվել: Դիմացը Հայաստանի դրոշն է ծածանվում, և ամեն արևածագի ստվերն ընկնում է այս քաղաքի վրա` Անի:

Անիի կամուրջն է Ախուրյանի վրա, քանդ ու ավեր, որի վրայով ժամանակին Անիի քարհանքերից` անմիջապես Ախուրյանի ափից, քարը բերել ու քաղաքն են կառուցել, հետո էլի կառուցել ու վերակառուցել: Նայում եմ, ախր, ինձ կամուրջ պետք չէ, ջուրն այնքան հանդարտ է, բարակ ու ծանծաղ, որ կարող եմ հանգիս քայլելով անցնել, թեկուզ մինչև գոտկատեղս թեթև-թրջվել լողալով: Բայց չեմ կարող, փշալար կա: Ինչու՞: Ի՞նչն է ինձ խանգարում: Փշալա՞րը:

Ինձ ոչ ոք չի հիշեցնում, պարզապես ես երբեք չեմ մոռանում: Մենք այս չքնաղ գեղեցկուհուն, որ երբեմն տարակուսում ես` երկրայի՞ն է, թե՞ երկնային, հանձնել ենք, վաճառել: ՈՒղղակի տարել և քաղաքի բանալիները դրել ենք թշնամու առաջ և մեր պատանի արքային մատնել գերության:

Խոնարհվել, հավասարվել եմ նախնիներիս խոնարհված արժեքներին: Ընկճված եմ, ճնշված ու կոտրված: Հասկանում եմ, որ այդ կոտրվածքը երբեք չի կպչի ու վերականգնվի որպես ազդրոսկր: Գուցե չպետք է գայի, որ ավելի ազնիվ կլիներ: Գնալուս մեջ նույն զգացողությունը չէ, ինչ զգացողություն էր, երբ գալիս էի: Ինչու՞ է այդպես, չեմ կարող ասել, էլի բառերն անկարող են, որոնց կարողությանն անվերապահ վստահել եմ միշտ: Չգիտեմ և չեմ ուզում իմանալ, որովհետև կան բաներ որոնց չիմանալն ավելի ճիշտ է, քան իմանալը:

Հուսիկ ԱՐԱ

Դիտվել է՝ 3930

Մեկնաբանություններ