ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արցախի «ռուսաթափումը»

Արցախի «ռուսաթափումը»
19.04.2024 | 13:09

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը երկու օր առաջ հայտնեց, որ ռուսական «խաղաղապահ կոնտինգենտի» դուրսբերումը Արցախից մեկնարկել է:

Առաջինը խաղաղապահները լքել են Դադիվանքը:

Տեղում վերահսկողությունն ամբողջությամբ անցել է ադրբեջանական բանակին։

Հաջորդ օրը Դմիտրի Պեսկովն իր հերթին, Հիքմեթ Հաջիևն էլ մյուս կողմից հաստատեցին, որ Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշման արդյունքում ռուսական խաղաղապահ զորակազմը վաղաժամ լքում է Արցախը և որ մեկնարկել է Ղարաբաղից ՌԴ զորախմբի դուրս բերման գործընթացը։

Այնուհետև՝ ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տարածել ռուս խաղաղապահների Լեռնային Ղարաբաղից հեռանալու կադրերը։

Իսկ այսօր պարզվեց, որ իր գործունեությունն է դադարեցնում Ակնայում (Աղդամ) գործող հրադադարի ռեժիմի վերահսկողության

թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը:

Եվ երբ առաջացավ հարց, թե արդյոք ռուսական կոնտինգենտն ամբողջությա՞մբ է դուրս բերվելու Արցախից, քանզի այդ մասին չկար ոչ մի հիշատակում, ապա այսօր նաև պարզ դարձավ, որ նախկին 2000-ի փոխարեն Արցախում կմնա 500 ռուս խաղաղապահ։

Այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն նրանք պետք է Արցախում մնային 5 տարի, որից հետո, կողմերի համաձայնությամբ, ժամկետը կարող էր ևս 5 տարով երկարաձգվել՝ բոլորս գիտենք:

Այն, որ դեռևս ժամկետը չլրացած, շուրջ մեկ տարի վաղ կարող էր նման որոշում կայացվեր՝ գրեթե անհավանական էր:

Չնայած, ըստ տրամաբանության, ենթադրելի էր, որ առաքելությունն իմաստազրկվել էր, որպես այդպիսին՝ գործառույթները սպառված էին, հետևաբար, դուրս գալը` կանխատեսելի:

Այս մասով ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է.

Արցախը հայաթափվեց ու խաղաղապահների ներկայությունն այլևս դարձել է իմաստազուրկ, արդյունքում՝ ժամկետից շուտ հեռանում ենք։

Խաղաղապահ զորակազմի առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված։

Խաղաղ բնակչությանը հաջողվել է պաշտպանել, քաղաքացիականների մասով կանխվել է արյունաթափությունը:

Նոր պատերազմի հավանականությունը զրոյացված է:

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմեր չկան և ոչ ոք չի վիճում այն փաստի շուրջ, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։

Հետևաբար՝ ժամանակն է, որ մեր զինվորականները վերադառնան տուն:

Առերևույթ՝ «այդպես է որ կա»:

Շատ ճիշտ ու ընտրված բառամթերքով ու կոռեկտ ձևակերպումներով «հիմնավորում» է:

Սակայն հարց հարցոցն է, թե ո՞րն է արդյոք ռուսական կոնտինգենտի վաղաժամ հեռանալու իրական պատճառը և թե ի՞նչն է եղել դուրս գալու գինը:

Թերևս 500 ռուս խաղաղապահի մնալն անգամ կարելի է դիտարկել, որ ռուսական ներկայությունն Արցախում իսպառ չի վերացել:

Նույն տրամաբանությամբ՝ 1 ռուս զինվորի ու 1 ռուսական դրոշի առկայությունը ևս բավարար է համարել, որ ռուսական «միսիան» Արցախում ավարտված չէ և այդ համատեքստում սիմվոլիկ թվաքանակն էլ է հիմք ու հանգամանք (թեկուզ որպես թռչնակ դնելու) որ ՌԴ-ն Արցախից դուրս չի եկել, միջնորդային դերակատարությունը, ներկայությունը, ազդեցությունն ու հեգեմոնիզմը շարունակում է պահպանել:

Հետևաբար, խաղաղապահների ոչ ամբողջական դուրս գալը Արցախից դեռևս չի նշանակում «конец русского Закавказья», այլ սա ընդամենը մեծ խաղի մի դրվագն է:

Մանավանդ, երբ նրանք պնդում են, թե արցախահայերը՝ իրավունքների և անվտանգության ապահովման պայմանով պետք է վերադառնան իրենց հայրենիք և կարծես վստահ են, որ այդպես էլ կլինի, վերադարձը սարերի հետևում չէ:

Ասել կուզի՝ «հայ փախստականների» վերադարձի հարցը փակված չի համարում, ինչպես նաև հավատարիմ է մնում նոյեմբերի 9-ի պայմանագրին, համաձայն որի՝ ռուս խաղաղապահների ժամկետն ավարտվում է 2025 թվականին։

Բնականաբար, հայերի ֆիզիկական ներկայությամբ է պայմանավորված նրանց այնտեղ շարունակաբար մնալու հիմնական պատճառն ու ալիբին:

Իսկ կոնտինգենտի մեծ մասի դուրսբերումը շատ հնարավոր է ՌԴ-ի նախաձեռնությունն է՝ հետևյալ մտայնությամբ ու պատճառաբանությամբ.

* Պուտինն իր դեմքն է «պարզերեսում»՝ առիթ չտալով Ալիևին անձամբ հիշեցնելու ու պահանջելու խաղաղապահների դուրսբերման մասին և դա արեց սեփական նախաձեռնությամբ,

* Ժամկետից շուտ դուրսբերումով (եթե բացառում ենք առևտուր-գործարքը) վերջինս Ալիևի գլխի տակ ժամանակավոր փափուկ բարձ դրեց, հընթացս հաճոյանալով՝ վստահություն, անաչառություն ու անկողմնակալություն «վաճառեց»,

* Չի բացառվում, որ Պուտինն իրոք անիմաստ է համարում այսպիսի ստատուս քվոյի պայմաններում իր զորքի պահումն Արցախում:

Սակայն կրկին հարց է առաջանում, թե այդ դեպքում մնացյալ 500 հոգին ինչի՞ համար են ու ի՞նչ գործառույթներ են իրականացնելու:

Հասկանալի է, որ 1.500-ի դուրսբերումը՝ ուկրաիանական ճակատ ուղարկելու անհրաժեշտություն չէր:

Բայց և 1.500 հոգուն իր հաշվին ամենօրյա ռեժիմով Արցախում պահելն էլ է բավականին մեծ ծախս ու թվաբանություն:

Առնվազն 2,5 մլրդ դոլար ՌԴ-ն միայն ծախսել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման համար:

Մինչ այս պահը այդ թիվը մինիմում եռապատկվել է:

Հետևաբար՝ այն ավելորդ ծախսատարություն է:

Գուցե ստեղծվել է այնպիսի «ռասկլադ», որ Արցախի ամբողջական հայաթափումից 6 ամիս անց Բաքուն կաշկանդված չէ ու այլևս մտադիր չէ «իր տարածքում» մինչ 2025 թվականի նոյեմբերը հանդուրժել առանց այն էլ պաշտոնապես մանդատ չշնորհած ռուսական խաղաղապահ առաքելության ներկայությունը, մանավանդ ումից ստացել է հնարավորն ու մաքսիմալը, ում գործունեության - անգործության պայմաններում, անգամ երկակի ստանդարտների կիրառմամբ հաջողվեց ամբողջովին հայաթափել Արցախն ու այն բռնակցել Ադրբեջանին:

Չնայած, որ Մոսկվան առիթը բաց չէր թողնում ու պարբերաբար հայտարարում էր, որ հետայսու Արցախի հետ կապված հարցերը քննարկելու ու համաձայնեցնելու է բացառապես Բաքվի հետ:

Ինչևէ, տարբերակները, վարկածներն ու հիփոթեզները բազմաթիվ են ու բազմապիսի:

Շատ հավանական է, որ հետկուլիսային պայմանավորվածությունները «երկաթբետոնե» գաղտնիությամբ են ու դեռ երկար ժամանակ մեզ համար անհասանելի:

Իսկ մինչ այդ ականատեսն ենք Հայաստան-Ռուսաստան բումերանգային անսպառ մեղադրանքների:

Մի բան ակնհայտ է ու փաստ.

որքան էլ իրավամբ Մոսկվային իր մասով մեղադրենք այս իրավիճակի համար, միևնույն է՝ իր մեղավորության ահռելի բաժինն ունի նաև ՀՀ վարչապետը՝ իր վարած անհեռատես ու անհետևողական քաղաքականությամբ՝ ինչպես Արցախյան 44-օրյա պատերազմին նախորդած, այնպես էլ հաջորդած շրջաններում։

Հենց Փաշինյանը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, կոնֆլիկտն այդկերպ համարելով փակված, որն ագրեսիայի գնալու հարցում արձակեց Ադրբեջանի ձեռքերը, իսկ ՌԴ-ին թույլ տվեց հղում կատարել այդ հայտարարությանը և չկատարել սեփական պարտավորությունները։

Հայաստանում շատերը կարծում են, շատերն էլ վստահ, որ «Արցախյան էջը վերջնական փակվում է կամ արդեն իսկ փակված է»:

Այն, որ Արցախը նախիջևանացվեց՝ փաստ է, բայց որ Արցախի հարցը վերջնականապես փակվեց՝ համաձայն չեմ:

Արցախի հարցը չի փակվել, այն ավելի է սրվել ու մտել նոր փուլ:

ՈՒ անկախ նրանից, թե այս իշխանություններն ինչպես են այն «գլխառադ» անում ու արհեստականորեն փակում, միևնույն է՝ նրանք ժամանակավոր են:

Արցախն է որ հավերժ է ու արցախահայինն է:

Այս պահին այսքանը:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1538

Մեկնաբանություններ