«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Հոպ»-ի համար դեռ շուտ է. թռչել է պետք

«Հոպ»-ի համար դեռ շուտ է. թռչել է պետք
15.03.2013 | 00:04

Սերժ Սարգսյանի երկար սպասված այցը Մոսկվա կայացավ: Սա այն դեպքն է, երբ բանակցող կողմերի «սիրուն աչքերից», աուրայից պետք է հասկանալ` դիվանագիտական վարագույրի հետևում ինչ է կատարվել, որովհետև, որպես օրինաչափություն, նախ` որևէ արտահոսք տեղի չի ունենում, այցին հետևող զարգացումներն են «ասում»` ինչ է խոսվել, և հետո` բուն հանդիպումը այդ օրը չէ, որ կայանում է: Իրական բանակցությունները տեղի են ունենում այցի երեկոյան` «կոնսպիրատիվ» պայմաններում: Մնացածն արարողակարգ է:
Ընդ որում, լավատեղյակները պնդում էին, որ որևէ առանցքային բան այցի ընթացքում տեղի չի ունենալու, որովհետև այն, ինչ պայմանավորվել են, վաղուց են պայմանավորվել (այստեղ դիտարկեք նաև ԲՀԿ-ի հետքաշումը նախագահական ընտրություններից), պարզապես պետք էր.
ա) առաջինը շնորհավորել Սերժ Սարգսյանին` նաև «տետատետ»,
բ) առաջինն այցելել Ռուսաստան, որպեսզի աշխարհը ևս մեկ անգամ տեսնի, թե ով է այս կողմերում գեներալ-գուբերնատոր:
Իհարկե, կարելի էր և մասամբ քննարկել` ինչ է ուզում Րաֆֆին, և արժե՞ արդյոք նրան այցելել` Ազատության հրապարակ: Նկատենք, որ այդ մասին իշխանական փոստային աղավնիները «թռան» հենց ռուսաստանյան այցից հետո, սա էլ իր հերթին նշանակում էր` բացառել պետք չէ, որ Բրյուսելից հետո, ինաուգուրացիայից առաջ` երեկոյան, գարնանային մթնշաղի մի պահի Սերժ Սարգսյանը իջնի Ազատության հրապարակ` Րաֆֆու մոտ, որոշակի օրակարգ-առաջարկով, և քանի որ երկու գործիչներն էլ հանդուրժողականության առումով էքսցենտրիկ են, ի տարբերություն Տեր-Պետրոսյան-Քոչարյան «վրիժառու» զույգի, կարելի է և այդ քայլից եզրակացնել, որ երկու աշխարհաքաղաքական կենտրոնները` «Մոսքոուն» և Բրյուսելը, որոշակիորեն համաձայնության են հանգել Հայաստանը, որպես բուֆեր, պահպանելու հարցում, բնականաբար` առաջնությունը տալով Ռուսաստանին:
Ճիշտ է, իր հերթին Արևմուտքը մեզ այնքան խոստումներ տվեց այս մի քանի օրերին, որոնցից կարելի էր գլխացավ ու գլխապտույտ ստանալ` ներդրումների նոն-ստոպ տարբերակներ, ոչ ավելի-ոչ պակաս` թե՛ Ռոտշիլդների երկրից, այն է` Միացյալ Թագավորությունից, ի դեմս ՄԹ փոխարտգործնախարար Սայմոն Ֆրեյզերի, թե՛ Ռոքֆելլերների երկրից` Միացյալ Նահանգներից, ի դեմս միստր Հեֆեռնի: ՈՒ թե սրան էլ գումարում ենք նախնական կապիտալը` մեկ միլիարդ դոլար, հետո «Հազարամյակները», հետո` «մյուս» դոնորների խոստումները, ահագին «թիվ» է ստացվում` Մաքսային միության խղճուկ հեռանկարի համեմատությամբ:
Չնայած, թույլ տվեք չհամաձայնել ինքներս մեզ հետ, հաշվի առնելով աբխազական երկաթուղու բացման հեռանկարը, ինչով Ռուսաստանը ցանկանում է մեզ համար գրավիչ դարձնել սույն «մաքսավորական» կառույցը: ՈՒ թե սույն «մաքսավորի» այդ կերպարն էլ լրացվի «գոսպոդին» Դուգինի մատնանշած` ասոցացված անդամ դառնալու հեռանկարով, ապա` ինչո՞ւ ոչ: Ինչո՞ւ չհամադրել Մոսկվան ու Բրյուսելը` Ազատության հրապարակում. ա) մի քանի րոպե Րաֆֆու կողքին` եռագույն «ադյալով» պատված նստարանին նստելով, բ) ինչպես եղավ զորավարի դեպքում, խոսակցությունը շարունակել որևէ սրճարանում, ասենք` «Ջազվեում»:
Այնուհանդերձ, ոգևորվել պետք չէ, որովհետև, մի կողմից, գործ ունենք առանց ՄԱԿ-ի թույլտվության Իրաք, Մերձավոր Արևելք ներխուժած, Մերձավոր Արևելքը մսաղաց սարքած Արևմուտքի, մյուս կողմից` իր «սապոգը» այլոց` ԱՊՀ կոկորդին դնող Ռուսաստանի հետ. տե՛ս, թե ինչ է հանում Յանուկովիչի գլուխը մայր-Ռուսաստանը, վերջինիս Մաքսային միություն չմտնելու պատճառով. գործ է հարուցում` Տիմոշենկոյի «նման». Ռադայի լուծարումն էլ` մեր «թագավոր ախպեր»-Ծառուկյանի լավ ընկեր` «բանտային սարատնիկ» Յանուկովիչին նվեր:
Այնպես որ, «հոպ»-ի համար դեռ շուտ է: Թռչել է պետք:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2955

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ