ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մարտյան իդեններ

Մարտյան իդեններ
13.03.2009 | 00:00

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԻՑ
Մ.թ.ա. 44 թվականի մարտի 15-ին Հռոմի Սենատում սպանվեց ԳԱՅՈՍ ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐԸ` Յուպիտերի քուրմը, Հեռավոր Իսպանիայի քվեստորը, ապա և տիրակալը, 59 թ. կոնսուլը, Ցիզալպինյան Գալլիայի, Նարբոնյան Գալլիայի և Իլարիայի կառավարիչը, 49 թ. դիկտատորը, Կրասոսին, Պոմպեոսին, Վերցինգետորինգին, Փառնակին հաղթողը, եգիպտական պատերազմների հաղթողը, որոնց հետևեցին հաղթանակները Հյուսիսային Աֆրիկայում, 46 թ. դիկտատորը` 10 տարով, 44 թվականի փետրվարից՝ ցմահ դիկտատորը...
Մարտի 16-ին Կեսարը սկսելու էր արշավանքը Պարսկաստանի դեմ:
Իտալիայի խելահեղ գեղեցիկ երկինքն այնպես անամպ էր ու խորքում էր պահում ամպրոպը:
...23 դավադիր դաշույն նրան խոցեցին Սենատի աստիճանահարթակում` Պոմպեոսի մարմարե արձանի կողքին: Բոլորին նա ճանաչում էր մեկ առ մեկ, մանկուց: 23 դավադիր, և ոչ մի դաշնակից: Փառահեղ ֆիասկո 56 տարեկանում, երբ հասել էր այն ամենին, ինչ տրվում է մարդուն իշխանությամբ:
Մ.թ.ա. 44 թվականն էր: Ոչինչ նոր չկատարվեց մարտյան այդ օրը Հռոմում: Քաղաք, որ սպանել էր նույնիսկ իր հիմնադրին. ընդամենը երեք րոպե Ռոմուլոսը մենակ մնաց սենատորների հետ ու այլևս չվերադարձավ Պալատինյան բլրի իր պալատը: Երեք րոպե: Սպանվեց: Զարմացած աչքերով, թեև մինչ այդ ինքն էր սպանել եղբորը` առանց զարմանալու: Հերթական մարտյան իդեններն էին Հռոմում:
Մարտյան իդենները դարձել են պայմանական-խորհրդանշական ժամանակ–հասկացություն իշխանության հետ փոխհարաբերությունների բնորոշման համար: Մ.թ.ա. Հռոմի Սենատում սպանված Հուլիոս Կեսարի մահն օրինաչափություն էր, ներիշխանական պայքարի հետևանք: Պայքար, երբ կողմերից մեկը, հանրապետական վարչակարգում իր ռազմական հաղթանակների և անհատականության շնորհիվ, ստացել էր բացարձակ իշխանություն, մյուսն օրեցօր կորցնում էր հիերարխիկ իներցիայով իրեն տրված իշխանությունը և ուներ ինքնապահպանման խնդիր: Թերևս անհասկանալի-օրինաչափ էր նրանց պահվածքը` պոպուլյար Կեսարը հանդուրժողականության և ռացիոնալ պետական կառավարման համակարգի կողմնակից էր, հանրապետականները` կեղծ գաղափարական, իրականում սեփական իշխանությունն էին պաշտպանում: Կեսարը գիտեր դավադրության մասին, բայց չէր հավատում ու չէր ուզում կասկածամտությամբ առաջնորդվել, դավադիրները նրա մերձավորներն էին, բայց պատրաստ էին նրա կյանքի գնով իշխանություն ստանալ: Եվ այս հակադրությունն անձնական հատկանիշների հակադրություն չէր, այլ միմյանց դեմ պայքարող արժեհամակարգերի: Անհասկանալի օրինաչափ էր նաև ուժեղի պարտությունը. պատմությունը միայն սպանությամբ է կասեցնում հաղթանակները նրանց, ում ինքն է ընտրել հաղթելու համար:
Կեսարը ճի՞շտ էր հանդուրժողականության, թշնամիներին ներում շնորհելու ու չսպանելու իր հաստատակամության մեջ, թե՞ ճիշտը նրանք էին, ովքեր Սուլլայի պես մահ ու ավեր էին սփռում, բայց պահպանում էին իշխանությունը... Նա չսպանեց ո՛չ Պոմպեոսին, ո՛չ Կատուլին, ո՛չ Ցիցերոնին, ոչ Կասիոսին, ո՛չ Բրուտոսին... Նրա կտակի մեջ նաև դավադիրների անուններն էին, որ ժառանգում էին ոսկի, կալվածքներ ու իշխանություն... Նա Կատիլինայի դավադրության մասնակիցների համար Սենատից ներում էր պահանջում` մահապատժի փոխարեն... Նրանք Կեսարի մեջ էին տեսնում իրենց ու Հռոմի թշնամուն. Կեսարը ջանում էր իր ճշմարտությունը գործով ապացուցել` հաղթանակներով, ստրուկներով ու ոսկով, հացահատիկով ու օրեցօր զորացող Հռոմով, բայց դա նրանք չէին տեսնում, նրանք միայն տեսնում էին մարդու, որ անսահմանափակ իշխանություն է ձեռք բերում` շնորհիվ հենց այդ հաղթանակների ու ստրուկների, ոսկու ու հացահատիկի... ՈՒրեմն, ո՞րն է հանդուրժողականության ու թուլության անշոշափ սահմանը, ո՞ր պահից է անհրաժեշտ հանդուրժողականությունը վերածվում անընդունելի թուլության...
...Նրանք նույնիսկ հնարեցին, որ Կեսարն ինքնասպան է եղել` հոգնել էր կյանքից ու անբուժելի հիվանդ էր: Որ ով-ով, բայց Բրուտոսը երբեք չէր հանդգնի առանց նրա համաձայնության դավադրել. դա սրիկաների վերջին հանգրվանն է` իրենց դավաճանությունը արդարացնել տիրոջ «կամքով»: Իսկ հետո նույնիսկ Մարկոս Տուլիոս Ցիցերոնը, որ ամբողջ կյանքում իբրև երդվյալ հանրապետական ատում էր պոպուլյար Կեսարին, Սենատում ու Սենատից դուրս պայքարում նրա դեմ, սկսեց նամակներ գրել զարմիկին` նրա հզորության ու մեծության, իրական անհրաժեշտության մասին: Հռոմում սպառվել էր հանդուրժողականության ու բարության ժամանակը, Կեսարից հետո իշխանության եկած հռոմեացիներն այլևս չգիտեին հասկանալ, ներել ու հարգել ոչ միայն թշնամիներին, ինչպես Կեսարը ժամանակին կյանք պարգևեց գալլերի գերված առաջնորդ Վերցինգետորինգին, այլև բարեկամներին: Երկրում մերկ օգտապաշտությունն ու անսահման ցինիզմն էին գնահատում` իբրև չափանիշ... Դա ևս օրինաչափություն էր` իբրև ուղղակի ու բնական հետևանք մարտյան իդենների, որովհետև կյանքը խլողը չի կարող փառաբանել կյանքը:
...Նրանց տրվեց 1125 օր: Ընդամենը: Նրանք ինքնասպան եղան ու սպանվեցին, թունավորվեցին սնկով ու գինով, ջրասույզ եղան նրանց նավերը: 1125 օր հետո այլևս ոչ ոք չկար, որ կարող էր ասել` ես սպանեցի Կեսարին: Բայց դա արդեն ոչ մի նշանակություն չուներ: Ոչ մեկին չէր հետաքրքրում: Պատմությունը չպահպանեց անգամ բոլորի անունները:
Փոխարենը պատմությունը պահպանեց և համարյա օրենքի ուժ տվեց մարտյան իդեններին` ամեն երկիր ու ամեն դար իր թվականներն ու անունները հավելեց, բայց սկզբունքը մնաց նույնը` ամենատարբեր ու ամենագեղեցիկ գաղափարներն ու սկզբունքները հնարվում են գրավիչ, հասկանալի ու մարդկային, ընդունելի դարձնելու համար հանուն իշխանության ոչ մի պահ դադար չունեցող պայքարը, որտեղ իրականում չկան հաղթողներ ու պարտվողներ, կա ընթացք միայն: Հաղթողներն ու պարտվողները պայմանական ու հարաբերական են` ժամանակի մի կարճ հատվածի համար, որ ոչինչ է հավերժության դեմ: Իսկ հավերժության մեջ մնում են ...մարտյան իդենները և իրենց ուղղակի ու անուղղակի զոհերը:
...Կեսարը ստույգ գիտեր դավադրության մասին.
Նախորդ գիշեր տեղատարափի ժամանակ կայծակից բռնկվեց ու մոխրացավ Կեսարի պալատի փայտե աքաղաղը: Ծառաները կարկամել էին սարսափից ու չէին համարձակվում զեկուցել. գիտեին, որ Կեսարը հավատում է նախանշաններին, ու վախենում էին, որ զայրույթն իրենց վրա կպարպի: Նա քրքջաց ամեն ինչ անվավեր դարձնող իր ծիծաղով:
Երեք օր առաջ երազում Յուլիային էր տեսել. ծննդաբերությունից մահացած դուստրը ջուր էր տալիս: Անխռով խմեց, թեև կյանքում երբեք ոչ մեկի պարզած գավաթը շուրթերին չէր տարել:
Առավոտյան նռան գինին գավաթից թափվեց ձյունաճերմակ տոգային ու սպիտակի վրա թողեց արյան կարմիր հետքեր: Շուրջբոլորը գունատվեցին, իսկ նա վերստին քրքջաց ու հանգիստ փոխեց հագուստը:
Նա պիտի սպասեր Անտոնիոսին, ու միասին պիտի գնային Սենատ: Չսպասեց:
Սենատի աստիճանների վրա դավադրության մանրամասների մասին նամակ տվեցին ու խնդրեցին անհապաղ կարդալ, դրեց գրպանը` առանց կարդալու:
Սենատի աստիճանների վրա մոտեցավ ու սկսեց ձեռքերը համբուրել Տիլեոս Կեմբերոսը` կառչելով բազուկներին ու կաշկանդելով պաշտպանվելը. դա ազդանշան էր:
Ընդամենը գիշերն էր քամահրանքով կրակը նետել դավադրության մասին հերթական զեկուցագիրը. վստահում էր հռոմեացիների բարոյականությանը, իսկ ավելի շատ՝ ազնվությանը, և հետո` ինքը զինվոր էր, որ նորից գնում էր պատերազմելու ու Հռոմի հարստությունը հարստացնելու, փառքը փառաբանելու, ուրեմն` չավարտված պատերազմի ժամանակ իմաստ չուներ զորավարին սպանել...
...Եվ Իտալիայի խելահեղ գեղեցիկ երկինքը նորից պայծառ անամպ էր ու խորքում էր պահում ամպրոպը:
Մարտյան իդեններից հետո...
Մարտյան իդեններից առաջ...
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3727

Մեկնաբանություններ