Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից ժառանգեց նորմալ, զարգացող երկիր»,- կարծում է ՀՀԿ փոխնախագահը

«Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից ժառանգեց նորմալ,  զարգացող երկիր»,- կարծում է ՀՀԿ փոխնախագահը
08.07.2008 | 00:00

Չնայած ամռան տապին՝ Հայաստանի ներքաղաքական լարվածությունը չի նվազում։ Ընդդիմության վերջին քայլերից էլ կարելի է եզրակացնել, որ այս տարվա քաղաքական ամառը խիստ գրաֆիկ է ունենալու։ Ընդդիմադիրներն ամառային հանգստի չեն պատրաստվում, իսկ իշխանության մաս կազմող քաղաքական գործիչնե՞րը։ Ներքաղաքական իրավիճակի շուրջ զրուցեցինք ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ։
-Պարոն Զոհրաբյան, Լևոն Տեր-Պետրոսյանը նախորդ հանրահավաքում հայտարարեց, որ եթե մինչև հուլիսի 4-ն ազատ արձակվեն քաղբանտարկյալները, նա պատրաստ է ընդունելու իշխանությունների հետ երկխոսության առաջարկը։ Ինչո՞ւ չընդառաջեցիք նրա առաջարկին։
-Այսօր անգամ քաղբանտարկյալ հասկացությունն էլ հարաբերական է, քանի որ դեռևս քննություն է գնում։ Դեռ պարզ չէ՝ նրանք քաղկալանավորնե՞ր են, թե՞ ոչ։ Եթե մեկը, որը կազմակերպել է այդ ամբողջ հեղաշրջման գործընթացը, համարվում է քաղկալանավոր, քանի որ փայտով, քարով մեկին չի խփել, մի զույգ կոշիկ այդ խանութներից չի թալանել, ուրեմն այդ քաղաքական գործչին չպե՞տք է պահել, դատել, քննել։ Այդպես չի լինում։ Կատարված զանգվածային գործողությունները կազմակերպել էին հենց այդ քաղաքական գործիչները, որոնց համար այսօր լացուկոծ են անում, թե ինչու չեն ազատում։ Նրանց առաջադրված է մեղադրանք՝ ոչ սահմանադրական ճանապարհով իշխանության զավթում։ Հիմա քննություն է գնում, և ասել, թե ինչու չենք ազատում նրանց և երկխոսության չենք գնում, սխալ է։ Չեմ կարծում, որ իշխանությունները կհամաձայնեն, առանց քննությունն ավարտելու, ազատել նրանց։ Սրա պատճառով հայտարարել նստացույց, որը բոմժային պայքարի ձև է, ես չեմ ընդունում։ Մեր քրեական օրենսգիրքն այսպես է մոտենում նման հանցագործություններ իրականացնողներին։ Այսօր նոր քրեական օրենսգիրք չենք գրելու հանուն Լևոն Տեր-Պետրոսյանի։
-Կարծում եք` մարտի 1-ին կատարվածը լիովին կբացահայտվի՞, պատասխանատուները կհայտնաբերվե՞ն։ Ընթացող նախաքննությունն ինչպե՞ս եք գնահատում։
-Ճիշտն ասած, նախաքննությանը լավատեղյակ չեմ, քանի որ այն գաղտնի է։ Իսկ ԱԺ-ում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովն ավելի տեղեկացված է, և ակնկալում եմ, որ այն բավականին կօգնի իրական հանցագործներին հայտնաբերելու առումով։ Կպարզվի նաև, որ իշխանություններն այստեղ ոչ մի մեղք չունեն, այլ կա մի երրորդ՝ դիվերսիոն կողմ, որը ծրագրել էր իշխանության և ընդդիմության միջև ստեղծել ընդհարման մթնոլորտ, ինչը հեղափոխական իրավիճակ կստեղծի։ Հուսով եմ՝ կատարվածն ամբողջովին կբացահայտվի։
-Իսկ այս իրավիճակում, երբ ընդդիմությունը հայտարարել է, որ վճռական քայլերի է գնում, երկխոսության Ձեր տեսլականն ինչպիսի՞ն է։ Ի՞նչն է իշխանություններին խանգարում առաջին քայլն անել։
-Տեր-Պետրոսյանի առաջնային պահանջներն են՝ քաղկալանավորներին ազատելը, ընտրությունները վերանայելը, նոր արտահերթ ընտրություններ անցկացնելը։ Ստացվում է, որ այս տարիներին ոչինչ չի եղել կամ սխալ է եղել, այսինքն՝ եկեք զրոյից սկսենք։ Սակայն ընտրությունները խաղ ու պար չեն, որ ամեն վեց ամիսը մեկ ընտրություններ անենք։ Ընտրությունները, ըստ Սահմանադրության, եղել են։ Եթե նրանք ուզում են իշխանության գալ, ապա պետք է սպասեն, որ ավարտվի այս շրջափուլը, և պատրաստվեն հաջորդին։ Արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չեմ տեսնում։
-Անհրաժեշտություն չեք տեսնում, բայց նաև բացառո՞ւմ եք այն։
-Տեսականորեն ոչինչ չենք կարող բացառել, բայց գործնականում դա չեմ տեսնում։ ԵԽ-ն ճանաչել է այս ընտրությունները որոշակի թերություններով, բայց Հայաստանում որևէ ընտրություն չի եղել առանց թերությունների։ Եվրոպան արտահերթ ընտրությունների պահանջ չի դնում, այն պահանջում են Տեր-Պետրոսյանը և նրա արտասահմանյան՝ ամերիկյան, տերերը։
-Այնուամենայնիվ, այդ թերություններով ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից ինչպիսի՞ երկիր ժառանգեց։
-Նորմալ, զարգացող երկիր։
-Եթե այդպես է, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն անընդհատ լուրջ բարեփոխումների, կոռուպցիան արմատախիլ անելու և նման այլ արատավոր երևույթների մասին խոսում։
-Այո՛, նոր նախագահը նման արմատական փոփոխությունների է գնում։ Իսկ ո՞վ է ասել, որ նոր նախագահը չպետք է որոշակի նորություններ իրականացնի տնտեսության մեջ՝ հատկապես հարկային, մաքսային ոլորտում, որն ավելի կարևոր է, քան միտինգները կարգավորել-չկարգավորելը։ Մենք պետք է սովորենք (Լևոն Տեր-Պետրոսյանի թիմն ավելի արագացրեց, ինչը վատ չէ) ապրել ժողովրդավարական պայմաններում։ Եվրոպացիներն իրենց ժողովրդավարությունը ներդնելով մեզ մոտ` հաշվի չեն առնում մեր ազգային մտածելակերպը։ Մեզ որոշակի ժամանակ է պետք` և եվրոպականը մարսել-ընկալելու, և այն մերը դարձնելու։ Այս միտինգները, նստացույցերը մեզ համար պետք է սովորական դառնան, ինչպես ԱՄՆ-ում, Եվրոպայում, որտեղ այդ ամենն իշխանափոխության համար չի արվում, այլ կա հասարակական որոշակի շերտ, որն ինչ-որ դժգոհություններ ունի։ Իսկ այստեղ հանրահավաքները լիովին այլ միտում ունեն՝ հեռացե՛ք իշխանությունից։
-Հանրահավաքից երկու օր առաջ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպը տեղավորվո՞ւմ է Ձեր նշած ժողովրդավարության շրջանակում։ Ո՞Ւմ էր ձեռնտու այն։
-Հասարակությանը պետք է կերակրել այդպիսի տեղեկատվությամբ։ Այս պարագայում սադրիչներ են անհրաժեշտ։ Մամուլով տարբեր թաղապետերի անուններ շոշափվեցին, բայց համոզված եմ՝ սադրիչները Լևոն Տեր-Պետրոսյանի մարդիկ էին։ Սա արվում է, որ իշխանություններին մեղադրեն։ Կա ծրագիր իշխանություններին վարկաբեկելու, որպեսզի հասարակական կարծիք ձևավորվի, թե արտահերթ ընտրություններ են անհրաժեշտ։
-Արտաքին քաղաքականությանը վերադառնալով` ցանկանում եմ Ձեր գնահատականը լսել ԵԽԽՎ-ում ընդունված Ադրբեջանի բանաձևի վերաբերյալ, որտեղ նշված է, որ Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտները վտանգված են, քանի դեռ չի վերականգնվել երկրի տարածքային ամբողջականությունը։
-ԵԽԽՎ-ում այդ բանաձևի դեմ քվեարկած պետությունների թվում էին Մինսկի խմբի համանախագահ երկրները։ Սա համարում եմ Ադրբեջանի կողմից որոշակի միտում, քանի որ ժողովրդավարական երկիր դառնալու համար բոլորովին էլ Ադրբեջանին չի խանգարում` իր տարածքների մի մասը դրսում է, թե՞ ներսում։ Սրանով ցանկանում են Հայաստանի վրա ճնշում գործադրել։
-Ո՞Ւմ կողմից ճնշում։
-Այն պետությունների, որոնք կողմ քվեարկեցին այդ բանաձևին ու նաև Վեհաժողովի։ Այնինչ մենք և Ադրբեջանը նույն կարգավիճակում ենք։ Սակայն ադրբեջանամետ պետությունները միգուցե շատ էին։
-Եվ վերջում մի ներկուսակցական հարց. վերջապես կուսակցությունը չքննարկե՞ց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելու հարցը։
-Հովիկ Աբրահամյանն ԱԺ պատգամավորության թեկնածու է առաջադրվել և առանց դժվարության կդառնա պատգամավոր։ Իսկ Ձեր բարձրացրած խնդիրը կուսակցությունում իսկապես դեռ չեն քննարկել։

Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 6484

Մեկնաբանություններ