ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վաղուց ժամանակն էր

Վաղուց ժամանակն էր
13.03.2009 | 00:00

ՄԻԱՍԻՆ` ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ
«Միասին» երիտասարդական շարժումը պայքար է սկսել բուհական կոռուպցիայի դեմ՝ կանգառներում, գետնանցումներում, մարդաշատ վայրերում փակցնելով կաշառակեր դասախոսների լուսանկարները։ Շարժման ներկայացուցիչները տեղեկացնում են, որ ցանկը կազմվել է ուսանողների շրջանում անցկացված հարցումների և շարժման էլեկտրոնային փոստին ուղարկված նամակների հիման վրա։ Այցելելով www.miasin.am ինտերնետային էջ՝ կարդում ենք. «Միասին» երիտասարդական շարժումը սկսել է կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր Երևանի մի շարք բուհերում: Ծրագրի նպատակն է ուսանողության ուժերով վեր հանել բուհերում տեղի ունեցող բոլոր կոռուպցիոն երևույթները և հրապարակել բոլոր կոռումպացված դասախոսների, ինչպես նաև ուսանողների և բուհերի աշխատակիցների անունները: Մենք կոչ ենք անում բոլոր ուսանողներին` միանալ մեր պայքարին և աջակցել կոռուպցիան, կաշառակերությունը և մյուս անօրինական երևույթները մեր բուհերից արմատախիլ անելու գործին: Եկել է ժամանակը, որ ուսանողներն իրենք զբաղվեն իրենց բուհերում օրինականության հաստատման գործով: Հավատացած ենք, որ մեր բուհերի ազնիվ ուսանողների համատեղ ջանքերով հնարավոր է կարճ ժամանակահատվածում կոտրել կոռուպցիայի ողնաշարը և այն իսպառ վերացնել: Կրթական համակարգում գործող կոռուպցիան նպաստում է մյուս բոլոր համակարգերում դրա ձևավորմանն այն պարզ պատճառով, որ մեր կրթական համակարգն արտադրում է կոռումպացված կադրեր այլ համակարգերի համար: Հետևաբար, բուհական կոռուպցիայի դեմ պայքարն է այս պահին կարևորագույնը»:
Ակցիան, իհարկե, մեծ աղմուկ է բարձրացրել բուհերի ղեկավարների, դասախոսների և ուսխորհուրդների շրջանում։ Հիշեցնենք, որ «Միասին» երիտասարդական շարժումը ստեղծվել է շուրջ մեկ տարի առաջ՝ ընտրական գործընթացների ամենաթեժ պահին և համարվում է «Հիմա» ընդդիմադիր երիտասարդական շարժման իշխանական տարբերակը։ Եվ պատահական չէ, որ երիտասարդական շարժման մեկամյա տարեդարձը 2009-ի փետրվարի 21-ին նշվեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։
Ըստ շրջանառվող լուրերի՝ աղմկահարույց այս ակցիան նպատակ ունի ցույց տալու, որ ուսխորհուրդներն անգործության են մատնված և կաշառակերության խնդիրն արմատախիլ անելու ուղղությամբ ոչինչ չեն ձեռնարկում։ Տեղի ունեցածի մասին մեկնաբանություններ ստանալու նպատակով մենք զրուցեցինք մի շարք բուհերի ուսխորհուրդների նախագահների հետ։ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսխորհրդի նախագահ ՌՈՒԲԻՆԱ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ չցանկացավ որևէ մեկնաբանություն անել հարցի առնչությամբ։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ ՆԱՐԵԿ ՄԱՆԹԱՇՅԱՆԸ կարծում է, որ նման ակցիաները չեն նպաստում բուհերում կաշառակերության դեմ պայքարին, առավել ևս, որ շատ դեպքերում տեղի ունեցածը հիմնավորված չէ. «Կան մարդիկ, ում անուններն ուղղակի չպետք է գտնվեին այդ շարքում։ Կաշառակերության մեջ մեղադրելու համար բավարար հիմքեր են անհրաժեշտ։ Իսկ բավարար հիմքերի դեպքում խնդրով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»։ Մեր այն դիտարկմանը՝ արդյո՞ք բուհերում ուսանողների պայքարը կաշառակերության դեմ անարդյունք չէ, ինչն էլ դարձել է նման ծայրահեղ քայլի պատճառ, տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահը պատասխանեց. «Ընդհակառակը, նման քայլով ուսանողությանն ավելի վատ վիճակում են դնում։ Կարծում եմ՝ ուսխորհուրդների ամենօրյա աշխատանքն ու պայքարը շատ ավելի նպաստավոր են և արդյունավետ։ Ուսանողներն իրենք բոլոր տեղերից արդեն հավաքել են նկարները»։ Ն. Մանթաշյանը նշեց, որ ինքն անձամբ չի ճանաչում նորաստեղծ «Միասին» շարժման անդամներին և կարծում է, որ այս ակցիան նրանց կողմից ավելի շուտ PR միջոցառում էր, քան ուսանողների շահերի պաշտպանությանը միտված քայլ։ «Ուսանողական խորհուրդների պատմության ընթացքում բազում նման կազմակերպություններ են եկել-գնացել, փորձել կայանալ։ Սա հերթական կազմակերպություններից մեկն է»,- նշեց նա` հիշեցնելով, որ իրենք, վերջերս հանդիպելով կրթության և գիտության նախարարի հետ, քննարկել են նաև բուհական կաշառակերության թեման։ Առաջին արդյունքներն արդեն առկա են. գիտական խորհուրդներում, կառավարման մարմիններում 25-ական տոկոս ուսանողական մասնակցություն է ապահովվել, ինչը, ըստ Ն. Մանթաշյանի, մեծ նվաճում է։ Նա նաև ավելացրեց, որ տնտեսագիտական համալսարանում քննությունները հանձնում են գրավոր, և ստուգումը կատարվում է համակարգչի միջոցով, ինչը նվազագույնի է հասցնում ուսանող-դասախոս շփումն ու կոռուպցիոն ռիսկերը։
Պետական ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահի տեղակալ ՌՈԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆՆ ընդգծեց, որ այն դասախոսները, որոնք ընդհանրապես չեն առնչվում կոռուպցիայի հետ, պատրաստվում են նամակով դիմել հանրապետության նախագահին, կրթության և գիտության նախարարին, քանի որ «Միասին» շարժումն արատավորել է իրենց անունն ու պատիվը։ Ռ. Մակարյանը նշեց, որ պայքարը կաշառակերության դեմ բուհերում տարվում է արդեն մի քանի տարի, պարբերաբար սոցհարցումներ են անցկացվում ուսանողների շրջանում. «Ուսանողները գնահատում են դասախոսներին՝ սկսած մարդկային որակներից մինչև աշխատանքի ոճը և դասավանդման մեթոդիկան, վերջին 5 տարիներին մեր բուհում մոտ 30 դասախոսի հետ աշխատանքային պայմանագիրը չի շարունակվել»։
Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահը, անդրադառնալով «Միասին» շարժմանը, նշեց. «Մենք չգիտենք, թե ընդամենը մեկամյա այդ շարժումն ում կողմից է ուղղորդվում, բայց հայտնի է, որ մեծ ֆինանսական միջոցներ ունի ձեռքի տակ։ Իսկ ուսանողական ինքնակառավարման մարմիններն ավելի քան 15 տարվա պատմություն ունեն և մշտապես զբաղվել են ուսանողական հիմնախնդիրներով։ Մենք պատրաստ ենք համագործակցելու երիտասարդական և ուսանողական բոլոր կառույցների հետ, սակայն «Միասին» շարժումը նման ցանկություն ու պատրաստակամություն չի հայտնել»։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4621

Մեկնաբանություններ