ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Պետության ղեկավարը չի կարող ժողովրդին տանել ինքնազոհության»

«Պետության ղեկավարը չի կարող ժողովրդին տանել ինքնազոհության»
07.08.2009 | 00:00

«ԻՆՉՈ՞Ւ Է ՆԱԽԿԻՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՓՈՐՁՈՒՄ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ»
Այս ամռանը Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ակտիվ էր, քան ներքինը։ Քննարկումների ծիրում էր ղարաբաղյան հիմնախնդիրը, սակայն վերջին օրերին հայ-թուրքական հարաբերությունները ևս քաղաքական օրակարգ են մտնել։ Արտաքին քաղաքական այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք ԱԺ փոխխոսնակ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ։
-Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ակտիվությունը մեկնարկեց ֆուտբոլային դիվանագիտությամբ, շարունակվեց ճանապարհային քարտեզով, սակայն միանգամից սառեց։ Ինչո՞ւ, կողմերից ո՞ւմ մեղքով։ Ստեղծված իրադրության վերաբերյալ Ձեր գնահատականը։
-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեր պետության կարևորագույն խնդիրներից է և ընկած է ազգային անվտանգության ռազմավարության հիմքում։ Անշուշտ, յուրաքանչյուր երկրի համար ցանկալի է իր հարևանի հետ ունենալ նորմալ, բնականոն հարաբերություններ։ Թուրքիան Հայաստանի հանդեպ միշտ բացասական է տրամադրված եղել, ղարաբաղյան հակամարտությունում միակողմանի դիրքերից է հանդես եկել։ Սերժ Սարգսյանի արտաքին դիվանագիտության նախաձեռնողական քայլերը նպատակ ունեն հենց այդ բացասական երևույթները չեզոքացնել։ Բավական երկար ժամանակ այս գործընթացն իրագործվեց, արժանացավ միջազգային հանրության դրական վերաբերմունքին։ Իսկ հետագա գործընթացի արդյունքում ոմանք ասում են` Թուրքիան հաջողությամբ խաբեց, ու մենք առաջընթաց չունենք։ Բայց Թուրքիան խաբեց ո՞ւմ` Հայաստանի՞ն, չէ՞ որ սա միայն Հայաստանի և Թուրքիայի խնդիրը չէ։ Այսինքն, այս հարցով հարաբերվում էին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան, Հայաստանը, ասել է` Թուրքիան խաբել է ոչ միայն Հայաստանին, այլև նրանց։ Նրանք ուզո՞ւմ են խաբված լինել։ Եթե այո, Հայաստանն այստեղ ոչինչ չի կարող անել։ Եթե նույնիսկ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց էլ չնկատվի, միևնույն է, Հայաստանի միջազգային վարկի մեծ աճ է տեղի ունեցել, Հայաստանին ճանաչում են իբրև բարիդրացիական նախաձեռնող, կոնֆլիկտային իրավիճակները բանակցությունների միջոցով լուծող, միջազգային հանրության կարծիքը հարգող երկիր։
-Հարաբերությունների մերձեցման հետագա քայլերն ումի՞ց պետք է ակնկալել։
-Ճանապարհային քարտեզը ենթադրում է որոշակի գործողություններ որոշակի ժամանակահատվածում։ Այդ գործողությունները պետք է լինեին Թուրքիայի կողմից ողջամիտ ժամկետում, իսկ դրանք չկատարելը նշանակում է խաբել։
-Ո՞րն է խաբելու նպատակը։
-Ի սկզբանե Թուրքիան անկեղծ չի եղել։ Հիմա փորձում են դա պայմանավորել Հայաստանի հանդեպ թուրք հասարակության մեջ առկա բացասական վերաբերմունքով, այնինչ իրականում այդպես չէ։ Հայաստանն ամեն դեպքում պետք է գնա՞ր այսպիսի քայլի, եթե նախապես իմանար այս մասին։ Իհարկե, այո։ Ցանկացած պարագայում Հայաստանը ոչինչ չի կորցնում։ Եթե այս բոլոր նախաձեռնությունները դրական արդյունք չտան, ակնհայտ է, որ Հայաստանը կունենա այն, ինչ ուներ, այսինքն` նոր բացասական բան չի լինելու։
-Հոկտեմբերին սպասվում է ֆուտբոլային դիվանագիտության պատասխան այցը։ Բաց սահմանո՞վ խաղը դիտելու կգնա Սերժ Սարգսյանը և, ընդհանրապես, կգնա՞։
-Կարծում եմ` բաց սահման չի լինելու, չնայած դա ինձ քիչ է հետաքրքրում։ Ես ավելի շահագրգռված եմ, որ Թուրքիայի հետ հաստատվեն միջպետական նորմալ հարաբերություններ, ինչն էլ կենթադրի նաև բաց սահման։ Տարիներ շարունակ մենք ապրել, աշխատել ու երկիրը զարգացրել ենք առանց այդ սահմանը բաց լինելու։ Իսկ ինչ վերաբերում է` կգնա՞ նախագահը Թուրքիա, չեմ կարող նրա փոխարեն պատասխանել, բայց, կարծում եմ, եթե Թուրքիան չի կատարել ճանապարհային քարտեզով նախանշված քայլերը, անիմաստ է գնալը, ուղղակի դա ոչինչ չի տա։
-Հայ-թուրքական հարաբերությունների սառեցմանը զուգահեռ ակտիվացել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը։ Նոր մադրիդյան առաջարկներ, առաջիկայում նոր համանախագահներ։ Հայաստանում էլ քաղաքական դաշտը «եփվում է» զիջման և փոխզիջման տիրույթում։ Ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր մինչև տարեվերջ։
-Որևէ առանձնահատուկ փոփոխություն չի կարող լինել։ Կլինեն երկրի ղեկավարների նոր հանդիպումներ, իսկ մադրիդյան առաջարկների թարմացված տարբերակն էլ կդրվի բանակցային սեղանին։ Ճիշտ էր, որ հրապարակվեցին սկզբունքները, քանի որ երկու հասարակություններն իրազեկվեցին այդ մասին։ Ինձ համար կարևոր է այն, որ մեր երկրի ղեկավարը որևէ ձևով հանրությանը չէր ասել մի բան, որը չկար հրապարակված փաստաթղթում, այսինքն` երբեք չէր խաբել։ Նա անկեղծ է եղել ու ասել է այն, ինչ փաստաթղթում կար։
-Փաստորեն, մադրիդյան սկզբունքները Դուք հայանպա՞ստ եք համարում։
-Չեմ ուզում ասել` հայանպաստ կամ ոչ, միայն մի փաստ կարող եմ վկայակոչել։ Առաջին փաստաթուղթն է, որտեղ կա ԼՂՀ-ի անկախության իրավունքի միջազգայնորեն ճանաչման դրույթը։ Այս իմաստով սա շատ դրական փաստաթուղթ է։ Հաջորդը` միջանկյալ կարգավիճակի հարցը. թեև սա նոր չէ, բայց ոչ քիչ կարևոր։ Եթե սրանով նշանակում է, որ մոտ ենք լինելու վերջնական կարգավիճակի լուծմանը, շատ ավելի լավ։ Եթե դա նշանակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, իհարկե, մտահոգությունների տեղիք կա։ Իհարկե, կան անցանկալի ձևակերպումներ, սակայն բանակցությունը ենթադրում է նաև ինչ-որ տեղ ընդունել դիմացինի առաջարկները։ Եթե չես ընդունում, նշանակում է բանակցություններ չեն կարող լինել։ Մենք ունենք մի քանի ճանապարհ. առաջին` ընդհանրապես չբանակցել Ադրբեջանի հետ, որը շատ շուտ կհանգեցնի խնդրի ռազմական լուծմանը։ Երկրորդ` նախորդ տարիների պես փորձել բանակցել, բայց չհասնել լուծման, ձգձգել այն։ Երրորդ` փորձել ռեալ կարգավորման ճանապարհով գնալ։
-Հավանական համարո՞ւմ եք առաջին տարբերակը` խնդիրը ռազմական ճանապարհով լուծելը։
-Շատերը հաճախ ասում են, թե հնարավոր չի պատերազմ լինի, բայց երբեք չպետք է ասել` երբեք։ Որևիցե մեկը 80-ական թվականներին հնարավոր համարո՞ւմ էր Ղարաբաղի հարցում նման զարգացումներ։ Այսքան բան տեսնելուց հետո զարմանում եմ, որ ոմանք ասում են` պատերազմն անհնարին է։ Մենք պետք է միշտ ձգտենք խաղաղության, իսկ դրա միակ ճանապարհը պատերազմին պատրաստ լինելն է։ Այլ բանաձև չկա։ Իսկ պատերազմի հավանականությունը չպետք է երբևէ բացառել, որովհետև Ադրբեջանի նախագահի քաղաքական էլիտայի վերջին տարիների հռետորաբանությունը եղել է միայն ուժի ցուցադրումը։ Մեզանում այդպես չէ։ Մեր հանրությունը վերջին տարիներին մտածել է իշխանափոխության, ժողովրդավարության և այլ հարցերի մասին, որոնց ընթացքում օգտագործվել է ղարաբաղյան խաղաքարտը։ Այս հանգամանքը թուլացրել է հասարակության մարտունակությունը, ժամանակավորապես բթացրել նրա ուշադրությունն արտաքին վտանգների հանդեպ։
-Ստացվում է, որ հիմնախնդիրը շա՞տ է շահարկվում ներքաղաքական զարգացումներում։
-Այո՛։ Հրապարակված մադրիդյան սկզբունքներից հետո էլ մեր հասարակությունը ցույց տվեց, որ Ղարաբաղն իր համար մնում է գերխնդիր ու որևէ հարցում զիջումների պատրաստ չէ։ Հասարակությունը և քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը ցույց տվեցին, որ կարգավորմանը վերաբերող իրենց տեսակետները փոփոխություն չեն կրել։ Մարդիկ, ովքեր անզիջում դիրքորոշում ունեն, միայն դեկլարատիվ հայտարարություններ չեն անում։ Նրանք անկեղծ են իրենց ցանկությունների մեջ ու պատրաստ են ինքնազոհության։ Բայց մի բան է անձերի, քաղաքական ուժերի կարծիքը, մի այլ բան պետության ղեկավարի, քանի որ նա պարտավոր է շատ ավելի զգուշավոր, շրջահայաց լինել։ Պետության ղեկավարը չի կարող ժողովրդին տանել ինքնազոհության։
-Օրերս նախկին արտգործնախարարը հայտարարել է, որ «իշխանափոխություն է տեղի ունեցել, և... այսօրվա պատասխանատվությունն այսօրվա իշխանությունների վրա է»։ Ի՞նչ եք կարծում, ողջ պատասխանատվությունը միայն գործող իշխանությունների՞նն է, չէ՞ որ նույն մադրիդյան սկզբունքները ձևավորվել են 2007-ին։
-Այո՛, սկզբունքները գործող իշխանությունը նախորդից է ստացել։ Սակայն այստեղ պետք չէ փորփրել, ասել, որ մեղավորը սա կամ նա է։ Սերժ Սարգսյանի համար կարևորագույն խնդիր չէ այս ամենը կապել Ռոբերտ Քոչարյանի հետ կամ այդ ամենում ինչ-որ մեղք գտնել ու բարդել Քոչարյանի վրա։ Իսկ թե ինչո՞ւ է այսօր նախկին արտգործնախարարը փորձում ձերբազատվել այդ ամենից, ինձ համար անհասկանալի է։ Ի վերջո, այս իշխանությունը նախորդի շարունակականությունն ապահովողն է, չնայած երկրի ղեկավարների մոտեցումներից շատ բան է փոփոխության ենթարկվում, մասնավորապես, արտաքին քաղաքականության հարցերում Սերժ Սարգսյանի քաղաքականությունը տարբերվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունից։ Շատ ավելի դինամիկ է, նախաձեռնողական, վճռական։ Այսօրվա երկրի ղեկավարը երբեք չի փորձում իր վրայից պատասխանատվությունը գցել մեկ ուրիշի վրա։ Սերժ Սարգսյանն ամբողջությամբ զգում է իր պատասխանատվությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և այլ հարցերում։ Կարիք էլ չկա, որ նախորդները խուսափեն պատասխանատվությունից, քանի որ ձախողումների խնդիր բացարձակապես չկա։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1889

Մեկնաբանություններ