«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Մեր տարածաշրջանում շատ բան կախված է լինելու դարավոր թշնամիներ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների դինամիկայից

Մեր տարածաշրջանում շատ բան կախված է լինելու դարավոր թշնամիներ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների դինամիկայից
22.08.2024 | 08:34

Գոնե մոտավոր պատկերացում կազմելու համար մեր մոտակա ապագայի մասին, մենք պետք է սառը կերպով մոտենանք հարցին՝ փորձելով հասկանալ, թե ինչ են ուզում աշխարհի հզորները, և իրականում ինչ կարող են անել նրանք։

Քանզի ինչ-որ բան ուզենալը և դա իրականություն դարձնելը լրիվ տարբեր բաներ են։

Աչքներիս առաջ ամենավերին մակարդակով ընթացող իրադարձություններն ուղեկցվում են մեծ ու փոքր սխալներով՝ կապված դիմացինի հնարավորությունների ու վարքի գնահատումների հետ, սեփական հզորության և հնարավորությունների գնահատման հետ, պատմական փորձը մոռանալու հետ և այլն։

Անկասկած, ներկա ժամանակաշրջանի ամենակարևոր իրադարձությունը միաբևեռ աշխարհի աստիճանական անցումն է առնվազն երկբևեռ աշխարհի, որն ուղեկցվում է ահռելի մասշտաբի անորոշություններով և հսկայական ու անկանխատեսելի ռիսկերով։

Մի խոսքով, առաջին մոտավորությամբ, աշխարհը բաժանվում է ուժեղացող Արևելքի և դեռևս շատ ուժեղ Արևմուտքի, ըստ որում, Արևելքը գտնող կողմն է, Արևմուտքը՝ կորցնող։ Հակառակ դեպքում, նման լարվածություն չէր լինի։

Երկրորդ մոտավորությամբ, Արևմուտքի ու Արևելքի բաժանման գիծը հստակ չէ, և ընդհանուր վիճակը կարող է բնութագրվել որպես երկրների հին կոալիցիաների, միությունների ու ալյանսների քայքայման ու նորերի առաջացման ժամանակաշրջան։

Ըստ որում, այդ ընթացքում կան բազմաթիվ տատանվողներ, որոնք չգիտեն, թե իրենք որ կողմին են պատկանում, այդ թվում նաև՝ բլեֆ անողներ, որոնք փորձում են միաժամանակ խաղալ երկու կողմի հետ՝ առաջնորդվելով «բանը բան ցույց կտա» սկզբունքով։

Մեծերի ու կիսամեծերի արանքներում կան նաև թույլեր, թույլիկներ, անտարբերներ և միամիտներ, որոնք վախվորած, բերանները բաց ու աչքերը ճպճպացնելով աջ ու ձախ են նայում՝ առանց որևէ կենսական ինֆորմացիայի ու սեփական ապագայի հետ կապված տեսլականի։

Եվ, ինչպես միշտ, այդ թոհուբոհում տեղի ունեցող մարդկային կորուստները մեծերի աչքում միայն ստրատեգիական ու տակտիկական գործոններ են, ոչ ավելին՝ առանց որևէ հումանիստական բաղադրիչի։

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին և մեր ճակատագրին, ապա շատ բան կախված է լինելու դարավոր թշնամիներ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների դինամիկայից, որը կարող է տանել և՛ դեպի թշնամանք, և՛ դեպի մեկը մյուսին սատարելը՝ արտաքին ճնշումներին դիմանալու համար։

Եթե երկու, նույնիսկ արյան թշնամիներ, գտնվում են արտաքին ուժի ստեղծած գոյաբանական վտանգի պայմաններում, ապա նրանք կարող են սատարել մեկը մյուսին՝ կենդանի մնալու համար։

Կյանքի շարունակականության սկզբունքից բխող այս բանաձևը լրիվ կիրառելի է ռուսների և թուրքերի հարաբերությունների անալիզի ու կանխատեսումների համար, մի բան, որը մեզ համար ունի արդեն գոյաբանական իմաստ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 14544

Մեկնաբանություններ