38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Էյզենշտեյնի օգնականը

Էյզենշտեյնի օգնականը
08.11.2023 | 16:12

Նրան հաճախ էի հանդիպում:

Մեկ-երկու անգամ զրույցի համար եղել եմ, Մաշտոցի պող. վրա գտնվող նրա բնակարանում: Պատմում ու պատմում էր «Պոտյոմկին զրահանավի» նկարահանումների, իր կատարած գործունեության, աշխատանքների մասին:

Մի անգամ դուրս գալիս ուղեկցեց դեպի դուռը ու բոլորովին անկապ, բայց խորհրդանշական ձայնով ասաց՝

-Ինձ չմոռանաս…

Արդեն 50-տարի է, «Հայկինոյի» հին շրջանի հետ կապված ինչ առիթ որ լինում է Արտաշես Հայ-Արտյան կինոռեժիսորն իմ աչքի առջև է: Չնայած մեծ է նրա վաստակը կինոյում, սակայն այդ եկու՝ «ինձ չմոռանաս»,- բառերը միշտ պարտավորեցրել են:

Նա կինեմատոգրաֆիական իր գործունեությունը սկսել է Մոսկվայից, անցյալ դարի 20-ական թվականներից:

Հայ-Արտյանը սկզբում սովորել է «ГИТИС»-ում, կինեմատոգրաֆիայի ինստիտուտին կից ռեժիսորական բարձրագույն դասընթացներում: ՈՒսանելու տարիներին իր պրակտիկ շփումները սկսել է մեծագույն կինոռեժիսորներ Սերգեյ Էյզենշտեյնի և Միխայիլ Ռոմմի հետ, ինչն իր որոշակի կնիքն է կրել նրա հետագա ստեղծագործական կյանքում: Ավելին նա ընդգրկվում է «Պոտյոմկին զրահանավը» հանրահայտ ֆիլմի նկարահանող խմբում, որտեղ աշխատում է, որպես ռեժիսորի օգնական: Ինչպես գիտեք, այդ ֆիլմը ընդգրկված է աշխարհի 10-լավագույն ֆիլմերի ցանկում :

Այդուհանդերձ Հայ-Արտյան կինոռեժիսորն իր մասնագիտական պրոֆեսիոնալիզմը ձեռք է բերում «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1930-ականներին ինքնուրույն ֆիլմեր նկարահանելիս:

Նախորդ անգամ «Հայկինոյում» իր նկարահանած «Կարո» ֆիլմի մասին արդեն նշել եմ, որտեղ գլխավոր դերում նկարահանվել է Մոկո Հակոբյանը:

Արևելքի կինոյի և ընդհանրապես ռեժիսուրայի առումով առավել հետաքրքիր աշատանքներ են «Պատվի համար» (1956 թ.) և «Հյուսիսային ծիածան» (1960 թ.) ֆիլմերը, որտեղ ընդգրկված են մեծանուն դերասաններ Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Բաբկեն Ներսիսյանը, Ցոլակ Ամերիկյանը, Վարդուհի Վարդերեսյանը և այլոք:

Այս երկու կինոնկարներն էլ «Հայկինոյի» մնայուն արժեքներից են:

Առաջինը դասական գործի փայլուն էկրանավորում է, իսկ երկրորդը՝ ազգային ոգին պահպանող, ապրելու, հարատևլու դիմադրողականությունը չկորցնելու կոչ:

Արտաշես Հայ-Արտյանը էմոցիոնալ անհատականություն էր, գուցե և անհանդուրժող ընդդիմախոսների նկատմամբ, հատկապես ընդվզում էր, երբ կինոյում ազգայինի նկատմամբ անփույթ էին վարվում:

Այդ կապակցությամբ հիշարժան էր նրա ելույթը «Արվեստի աշխատողների տան» ամբիոնից, որտեղ կոչ արեց մեր կինոյում վերադառնալ նրա սկզբնական՝ Բեկնազարյանական շրջանի կինոարժեքներին:

Շատ էր ուզում նկարահանել ֆիլմ Թոնդրակեցիների մասին, որն այդպես էլ իրականություն չդարձավ:

Մի անգամ հարցրի, թե Պ«ատվի համար» ֆիլմում ինչպես է ընտրել Էլիզբարովի դերակատար Հրաչյա Ներսիսանին:

-Սկզբում Էլիզբարովի դերակատար էր նշանակված Վահրամ Փափազյանը։ Չթաքցնեմ, նա շատ մեծ հեղինակություն էր վայելում։ Նույնիսկ փորձնական նկարահանումների ժամանակ Փափազյանը խաղաց, սակայն նա հետո հրաժարվեց, որովհետև ես այդ դերում Հրաչյա Ներսիսյանին էի տեսնում։

Հիշում եք նավթի տեսարանը, առաջին օրը հանգամանքների բերումով չստացվեց: Երկրորդ օրը օգնականիս խնդրեցի, որ վաղ առավոտյան գնա Հրաչյա Ներսիսյանի տուն և միասին գան, որպեսզի ճանապարհին առաջը չկտրեն, և մի բաժակ բան անգամ չխմացնեն։

Օգնականը վաղ առավոտյան ներս է մտնում նրա տուն, Ներսիսյանը զարմանում է, և ներս հրավիրելով, նստեցնում, ու առաջարկում է, որ մի-մի բաժակ բան խմեն:

-Չէ, Վարպե՛տ, ես հենց դրա համար եմ եկել, Հայ-Արտյանը պատվիրել է, որ տեսարանը շատ պատասխանատու է:

Հրաչյա Ներսիսյանը խոժոռվում է, դեմքն ավելի կնճռոտում, բայց ոչինչ չի ասում։ Միայն ճանապարհին նրան հորդորում է, որ քաղցած է, գոնե մի բաժակ թեյ խմեն:

«Արմենիա» ռեստորան են մտնում, կանչում է մատուցողուհուն, բարձրաձայն երկու բաժակ թեյ է պատվիրում և հասկացնում. նրան թեյ, իրեն կոնյակ։

Դե նրանք կես խոսքից իրար հասկանում էին:

Ասիստենտը շաքարը գցում է թեյի մեջ, Հրաչն էլ է գցում։ Նա թեյը խառնում է, Հրաչն էլ է խառնում։ Ասիստենտը կում-կում խմում է, Հրաչն էլ է կում-կում խմում։ Երբ եկան նկարահանման հրապարակ ես ապշած էի,- պատմում է կինոռեժիսորը։

Երկրորդ օրը մի քանի ժամում նավթի այդ հանրահայտ կադրը նկարահանեցինք։

Այն ինչ մոտ էր Հրաչյաի սրտին,- ամփոփեց ռեժիսորը,- նրա նման ոչ ոք չէր կարող բոցավառվել։

Հիրավի, Հրաչյա Ներսիսյան արտիստն ու մարդը մի տեսակ մեր կինոարվեստի, ժողովրդի հավաքական կերպարի խորհրդանիշն է դարձել:

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ

Լուսանկարներում`

1. «Պատվի համար» (Էլիզբարով-Հրաչյա Ներսիսյան):

2. «Հյուսիսային ծիածան» (Աշխատանքային պահ , ռեժիսոր Հայ-Արտյանը հերթական կադրն է քննարկում):

3. «Պատվի համար» (Էլիզբարով` Հրաչյա Նեսիսյան, Սաղաթել` Ավետ Ավետիսյան):

4. «Հյուսիսային ծիածան» (Գրիբոյեդով` Լև Ֆրիչինսկի, գեներալ Երմոլով` Նիկոլայ Բարմին):

Լուսանկարները՝ «Անկրկնելի կինոճանապարհ» գրքից (հեղ. Ռ.Մ.):

Դիտվել է՝ 4585

Մեկնաբանություններ