38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Երեք երկրի ռեզիդենտուրա գլխավորած գնդապետը

Երեք երկրի ռեզիդենտուրա գլխավորած գնդապետը
06.06.2023 | 16:20
ԽՍՀՄ արտաքին հետախուզության գնդապետ Գերասիմ Մարտինի Բալասանովը ծնվել է 1903 թվականին Ռուսաստանի կայսրության Դաղստանի մարզի Դերբենդ քաղաքում, գյուղացու ընտանիքում: Վաղ տարիքից է ճաշակել սոցիալական կյանքի դժվարությունները, ընտանիքին նեցուկ կանգնելու համար ներգրավվել ինչպես տնային գործերում, այնպես և վարձու աշխատանք կատարել:
Հայության նկատմամբ իրականացված կովկասյան թաթարների ջարդերից մարզապուրծ Բալասանովների ընտանիքը 1918 թվին նախ հանգրվանում է Կիզլյար քաղաքում, ապա շարժվում Պյատիգորսկ, որտեղ էլ ապագա հետախույզը 1921-ին ավարտում է միջնակարգն ու ծառայության մտնում Կարմիր բանակ՝ զորացրվելուց հետո անցնելով տնտեսական, կոմերիտական, կուսակցական աշխատանքի:
1927 թվից ԼԿԵՄ շրջկոմի քարտուղար, 1931-ից արդեն կուսաշխատող Գ․ Բալասանովին ուսման են գործուղում Մոսկվայի արևելագիտության ինստիտուտ, որտեղ դիվանագիտության ֆակուլտետի ուսանողը խորանում է ճապոներենի մեջ, իսկ 1935-1937թթ. նրա համար արդեն Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի արևելյան բաժնի ունկնդիր լինելու տարիներ էին: Մասնագիտությամբ պատմաբան-արևելագետն ուսումնասիրում է հինդու-ուրդու լեզուն, անգլերենը, ճապոներենը․․․
Գ. Բալասանովը ԽՍՀՄ պետանվտանգության համակարգում ծառայության է անցել 1937 թվականի հոկտեմբերից: Սա Խորհրդային Միության պատմության մեջ մի ժամանակաշրջան էր, երբ Հեռավոր Արևելքում ամեն պահ կարելի էր ներխուժում սպասել կայսերական Ճապոնիայի կողմից, ինչի պատճառով աշխատանքի խոշոր ճակատ էր բացվել ԽՍՀՄ արտաքին հետախուզության համար․․․
Սկսած 1943-ից` նա Չիտայի շրջանի ՆԳԺԿ վարչության պետի տեղակալն էր, իսկ հաջորդ տարվանից նշանակվել է Տոկիոյում ԽՍՀՄ արտաքին հետախուզության ռեզիդենտ՝ գործելով ԽՍՀՄ դեսպանության երկրորդ քարտուղարի քողի տակ: Հաշվի առնելով Երկրորդ աշխարհամարտին Ճապոնիայի մասնակցությունը և նրա բացառիկ ազդեցիկ դերը խաղաղօվկիանոսյան այս տարածաշրջանում, դժվար չէ տեսնել, թե ինչ գերբարդ խնդիր էր դրված ԽՍՀՄ ռեզիդենտուրայի առաջ ու մասնավորապես ինչով էր պայմանավորված Գ. Բալասանովի նշանակումն առանցքային այդ պոստում:
Երկրորդ աշխարհամարտի ավարտից և կայսերական Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո կորեական թերակղզին 38-րդ հյուսիսային զուգահեռականով բաժանվում է երկու ազդեցության գոտու` հյուսիսային հատվածն անցում է ԽՍՀՄ-ի, հարավը` ԱՄՆ-ի ազդեցության տակ: Փորձառու հետախույզ Գ. Բալասանովն այստեղ էլ է դառնում չափազանց պահանջված` ամբողջ չորս տարով (1945-1949) նրան է վստահվում ռեզիդենտուրայի կազմավորումն ու գլխավորումը: Կորեայում նրա գտնվելու պաշտոնական հիմնավորումը դեսպանատան քաղաքական խորհրդականի պաշտոնն էր։
1949 թվականին նա վերադառնում է հայրենիք, աշխատանքի անցնում ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին կից ինֆորմացիայի կոմիտեում (ԻԿ), որը 1947 թվին ստեղծվել էր ԿՀՎ-ի համանմանությամբ և որի կազմում էին Պետանվտանգության նախարարության 1-ին գլխավոր վարչությունը (արտաքին հետախուզություն), Զինված ուժերի նախարարության գլխավոր հետախուզության վարչությունը, Ռազմածովային նախարարության 2-րդ գլխավոր վարչությունը (ՌԾՆ հետախուզություն), ինչպես նաև ՀԿԿ(բ) Կենտկոմի, ԱԳՆ-ի ուԱրտաքին առևտրի նախարարության հետախուզական ու տեղեկատվական ստորաբաժանումները։
Հենց Ինֆորմացիայի կոմիտեից էլ երկու տարի անց հետևում է Վ․ Բալասանովի նշանակումը Հնդկաստան` դեսպանատան խորհրդականի քողի տակ գործելով նախ ԻԿ-ի, ապա և ԽՍՀՄ պետանվտանգության նախարարության ռեզիդենտ: Այս նշանակման մեջ նույնպես պարզ տեսանել է ինչպես նրա կազմակերպչական հզոր ջիղի գործոնն ու հետախուզական աշխատանքի նրբություններին խորությամբ տիրապետելը, այնպես էլ հետախույզի հայազգի լինելն ու երկրի կյանքում տեղի հայ համայնքի ազդեցիկության պարագան:
Հնդկաստանյան գործուղումից վերադառնալով` Գ. Բալասանովը նշանակում է ստանում ՊԱԿ-ի կենտրոնական ապարատում (բաժնի պետի տեղակալ): 1959 հոկտեմբերից անցել է թոշակի, սակայն 1962-ի նոյեմբերից նորից վերադարձել է ծառայության` դասախոսելով ՊԱԿ-ի Ֆ. ՁԵրժինսկու անվան Կարմիր աստղի բարձրագույն դպրոցում, որտեղ պահանջված էին նրա խորը պրոֆեսիոնալիզմն ու ամբարած գիտելիքները, կուտակած փորձը երիտասարդությանը փոխանցելը: 1973 թվականի օգոստոսից նորից է անցնում թոշակի, երեք տարի անց, 72 տարեկան հասակում, կնքում մահկանացուն: Հուղարկավորված է Մոսկվայում:
Հայրենիքին մատուցած Գ. Բալասանովի ծառայությունը բարձր գնահատականի է արժանացել: Պետանվտանգության գնդապետը, որ Խորհրդային Միության հայազգի բազմալեզու հետախույզներից էր, հայերենից ու ռուսերենից զատ ազատ տիրապետել է անգլերենին, ճապոներենին, թուրքերենին, Կարմիր աստղի ու «Պատվո նշան» շքանշանների ասպետ էր, արժանացել է տասնյակից ավելի մեդալների, որոնց թվում նաև «Աշխատանքային գերազանցության համար»։ Նրա ստացած պարգևների մեջ իր ուրույն տեղն է ունեցել համակարգի պատվավոր աշխատակցի կրծքանշանը:
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ
Դիտվել է՝ 6678

Մեկնաբանություններ