Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

95 ՏԱՐՈՒՄ ՉՏՐՎԱԾ ՈՒ ՉՊԱՏԱՍԽԱՆՎԱԾ ՀԱՐՑԵՐ

95 ՏԱՐՈՒՄ ՉՏՐՎԱԾ ՈՒ ՉՊԱՏԱՍԽԱՆՎԱԾ ՀԱՐՑԵՐ
23.04.2010 | 00:00

1914-ին Վահան Տերյանը հարցնում էր. «Մի՞թե վերջին պոետն եմ ես», ու անպատասխան մնալով` ինքն իրեն պատասխանում էր «Երկիր Նաիրին», «Հոգևոր Հայաստանը» ու «Հայ գրականության գալիք օրը» գրելով:
1915 թվականից հետո Մարտիրոս Սարյանի, որ Աստծո կամքով կարող էր ամեն ինչ նկարել, նկարածը ծաղիկներ էին` մարդկանց ու աշխարհի առաջ խելահեղ բացված ծաղիկներ: Ի՞նչ էր տեսնում Սարյանն իր ծաղիկների մեջ, ինքը գիտի: Բայց սովորական չէին այդ ծաղիկները:
1920-23 թթ. Եղիշե Չարենցը գրում էր «Երկիր Նաիրին», որ պատասխանի «ո՞վ ենք մենք», «որտեղի՞ց ենք գալիս» և «ո՞ւր ենք գնում» հարցերին:
«Ծիրանի փողի» ու «ապազգային» մյուս «մեղքերի» համար 1937 թ. օգոստոսի 8-ին գնդակահարվեց Ակսել Բակունցը:
1934 թ. մարտի 14-ին օրագրում Չարենցը գրել է. «Կենդանի, առողջ, նորմալ մարդը առհասարակ չի սիրում դժբախտությունն ու անաջողակությունը: Իսկ ինչ է մահը - եթե ոչ ամենածանր, ամենամեծ «տանուլ տալը», անաջողությունը:- Եվ այս չէ՞ պատճառը, որ առողջ, լիարյուն ազգերը... չեն սիրում հայերին, որ հանճարեղ տանուլ տվող դժբախտներ և անաջողակներ են, քստմնելի լինելու աստիճան թշվառ ու անաջողակ... Եվ ի՞նչ մոլորություն, որ իբր թշվառությունը վեհ է ու ազնիվ... Արգահատելի է թշվառությունը, ինչպես մահը - և ուրիշ ոչինչ...»:
1935 թ. Փարիզում վախճանվեց հոգեկան հավասարակշռությունը կորցրած Կոմիտասը:
Շահան Շահնուրը «Նահանջ երգով» էր գրում: ՈՒ ցավից ոչ թե «երգում էր», այլ մեռնում իր նահանջի մեջ:
«Այրվող այգեստանների» համար Գուրգեն Մահարուն մահից հետո էլ չներեցին, գիրքը սքանչելի է ու միայն Վանի պատմությունը չէ, մեր պատմության պատմությունն է:
Ամբողջ կյանքում, իսկ նա ապրեց 82 տարի, Հակոբ Մնձուրին գրում էր իր հայրենի Արմտանի պատմությունը:
«Կրակե շապիկը» Վարդգես Պետրոսյանին լրագրողից գրող դարձրած վեպ է, բայց այրում էին հրապարակավ, իսկ գիրքը ոչ միայն երեկվա, այսօրվա ու վաղվա մասին է:
Հետո՞: Տասնյակ էջեր կարելի է այսպես գրել ու հարցնել` հետո՞:
20-րդ դարի Հայոց մեծ ցեղասպանությունն իրականում սկսվել էր ոչ 1915-ին, արդեն 1909-ից` Ադանայի ջարդերից, պարզ էր, որ երիտթուրքերն իրենց խոստացած եղբայրությունն ու արդարությունը եթե բերում են, հայերի համար չեն բերում: Եվ ոչ էլ ավարտվեց 1915-ին. դեռ մինչև 1918 թիվը ջարդերը շարունակվում էին... 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին հայ մտավորականներն ու պառլամենտի հայ անդամները, և հենց այդ օրը համարվեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ինչո՞ւ:
Հետո թուրքերն առաջինը ճանաչեցին ու դատապարտեցին ցեղասպանությունը, մահվան դատավճիռ կայացրին ցեղասպանության վճիռն ընդունած ու իրականացրած իրենց ազգակիցների նկատմամբ, բայց` հեռակա:
Հետո թուրքերը փակեցին իրենց պատմության այդ էջը: Մոռացան: ՈՒրացան: Այդպես ավելի հեշտ էր ապրել: Նրանց կարելի է հասկանալ: Հեշտ չէ ընդունել, որ քո պապը կամ հայրը, քո ազգակիցները ժառանգներն են մարդասպանների, ազգասպանների, ու քո երակներով հոսում է մարդասպանի արյուն, որովհետև դու նրանց ժառանգն ես, ու քո գենն անիծված է, որովհետև դու հանիրավի ես սպանել արդարին ու անզենին, կնոջն ու մանկանը:
Իսկ մե՞նք: 1920 թ. մեզ «բացատրեցին» ու պարտադրեցին հասկանալ, որ «հաղթող թուրք ասկյարը հեղափոխական ասկյար է, որ ոչ միայն իրեն թույլ չի տա որևէ բռնի գործողություն պարտված երկրի վերաբերյալ, չի վնասի խաղաղ ազգաբնակչությանը, այլև կօժանդակի աշխատավոր հայ ժողովրդին ազատվելու իմպերիալիզմի գործակալ դաշնակցականների տիրապետությունից, որ դաշնակցականների տիրապետությունից ազատվելով` Հայաստանն անմիջապես կկապվի Խորհրդային Ռուսաստանի հետ, ընդմիշտ վերջ կտրվի պատերազմին, և սովից ու մշտական ընդհարումներից քայքայված երկիրը կլիանա Ռուսաստանի հացով ու մասնակիցը կդառնա համաշխարհային հեղափոխության մեծ գործին»: Չհասկանալու տարբերակ չկար: Հասկացանք: Մինչև Ստալինի մահը: Մինչև 1965 թվականը:
Բայց դա` «մենք»-ի այն կեսը, որ ապրում էր Խորհրդային Հայաստանում, իսկ «մենք»-ի մյուս կեսը, որ սփռվել էր աշխարհով` ուր աչքը կտրի, «Որտեղ հաց` էնտեղ կաց» անայլընտրանք սկզբունքով, բոլորովին այդ կարծիքին չէր: Եվ ազատ էր իր սիրո, մորմոքի, հիշողությունների, կյանքի ու պայքարի ընտրության մեջ: Ժամանակն անցնում էր, այլազգիների հայրենիքներում ծնվում էին հայերի երեխաներն ու թոռները, որ չգիտեին իրենց հայրերի ու պապերի հայրենիքի տեղն ու պատմությունը: Նրանք ծնվում էին այլ իրականության մեջ, ու կյանքն այլ ընթացք, այլ ճակատագիր էր նրանց համար նախատեսում: Հայապահպանությունը թիվ 1 խնդիր էր դառնում ոչ բոլորի համար, որովհետև կյանքը մեկ անգամ է տրվում ու ապրել է պետք:
Հայաստանի անկախացումից հետո պատկերը փոխվեց: Բոլոր կողմերում:
Արագացած ժամանակների աշխարհում վերջապես հայտնվեց և Հայաստանը: Հայտնվեց իր անցյալի չլուծված խնդիրներով: Որևէ հայի համար «Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ չի եղել» խնդիր գոյություն չունի: Ի տարբերություն այլ ազգերի` հայերս դա գիտենք ոչ թվերի ու փաստերի, փաստաթղթերի ու լուսանկարների, վկայությունների ու ապացույցների համադրումով, գիտենք մեր գենային հիշողությամբ, սառը ցավի ու սթափ տառապանքի ներկայությամբ: Սևանի ջրերում մեզ համար Վանն է ծփում, Էջմիածնի զանգերում մենք լսում ենք Անիի եկեղեցիների զանգահարությունը, Երևանում մեր 12 մայրաքաղաքներն են մեկտեղված` այդպես ենք ապրում: Սխա՞լ է: Ճի՞շտ է: Նեղոսի ափերին, արաբական անապատներում, թե քաղաքակիրթ եվրոպաներում, ռուսական տափաստաններում, թե ամերիկյան բարձրահարկերում` աշխարհի բոլոր մայրցամաքներում հայի սիրտը ավելի արագ է տրոփում, որովհետև պարտավորված է ապրելու իր ու նրա կյանքով, ով սպանվել է, տարագրվել է, չի ծնվել, որովհետև հայ էր:
Թուրքե՞րը: Նրանք դեռ պիտի անցնեն տառապանքի ու քավության իրենց ճանապարհը: Դա մի ճանապարհ է, որտեղ հնարավոր չէ ոչ արագ, ոչ դանդաղ քայլել: Այդ ճանապարհը չի սկսվում ոչ 20-րդ, ոչ 19-րդ, ոչ էլ նույնիսկ 15-րդ դարից, երբ նրանք 1453 թ. գրավեցին Կոստանդին կայսեր կառուցած քաղաքը, որ իրավահաջորդն էր աշխարհակալ Հռոմի: Տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական ինչ ձեռքբերումների էլ հասնեն թուրքերը, որքան էլ բարելավեն իրենց կենսամակարդակը, բարեկիրթ ու գիտակ դառնան աշխարհի հայտնի ու անհայտ բոլոր գիտություններում, յուրաքանչյուր թուրքի հոգում մնալու է նույնիսկ Ալլահի զորությամբ չլցվող մի պարապ, որտեղ ապրում է նրանց պատմությունը` իրենց անհայտ, աղավաղված, քաղաքականությանը պարտված, աշխարհին ու մարդկանց շիտակ նայելու հնարավորություն չտվող պատմությունը: Նրանք կարող են դեռ մի քանի տասնամյակ դիմադրել իրականությունն ընդունելու անհրաժեշտությանը, պատեհապաշտական հնարանքներով աղարտել ու աղճատել ևս մի քանի սերնդի գիտակցությունն ու հոգիները, բայց դա ոչինչ չի նշանակում: Նույնիսկ 100 ու 1000 տարի հետո էլ չի լինելու մի թուրք, որ Կարսը, Վանը, Սասունը, Արդահանը, Տարոնը, Գարահիսարը, Մուշը իրեն հայրենիք զգա:
Որովհետև դա ձեռքբերովի չէ, պարտադրվող ու բացատրվող չէ: Ինչ ասես կարող ես իմանալ, ինչպես ասես կարող ես խաբվել, ինչքան ասես կարող են մոլորեցնել, ինչ ասես կարող են ներշնչել ու հավատացնել, բայց ոչինչ չեն կարող քո փոխարեն զգալ ու ապրել, մտածել ու անել:
Հայ-թուրքական սահմանը, դիվանագիտական հարաբերությունները, ցեղասպանության ճանաչումը, տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական զարգացումները, պատերազմներն ու խաղաղությունը խնդիրներ են, որոնք կարճ ժամանակի մեջ կարող են գտնել այս ու այն լուծումները` լավ, վատ, ճիշտ, սխալ, փոխզիջումային, պարտադրված, արդար, ցանկալի, անարդար, անխուսափելի, տրամաբանական, անհեթեթ, երկար ժամանակի համար գտնված լուծումը տալու են ժողովուրդները` իրենց զգացողության ու իրենց ընկալման թելադրանքով:
1915-ից հետո Մարտիրոս Սարյանը նկարում էր արև ու ծաղիկներ:
Օրհան Փամուկը գրում է «Ձյունը», որ ոչ միայն վեպ է, այլև խոստովանություն, և ամբողջ վեպում չդադարող ձյունը խորհրդանիշ է իր ժողովրդի ու իր երկրի պատմության չդադարող կեղծիքի ու ստի մասին, որ փափուկ, ճերմակ ու գեղեցիկ սքողում է ամեն ինչ, բայց ձյունը չի կարող հավերժ լինել, կա արևը: Փամուկի հերոս Կան համարյա կրկնօրինակն է Կաֆկայի հերոս Կ.-ի, որ չուներ պատմություն, անցյալ ու ներկա, չուներ ապագա:
Այս անդուռ, խորշակյալ Արարատյան դաշտում ապրող ու օտար խարույկներից ոգու կրակ հայցողների մասին այլևս ոչ ոք չի գրելու: Ոչ այն պատճառով, որ Չարենցը չկա: Ինչ-որ պահի մարում են խարույկները, և մեռնում է հարց տալու ցանկությունը: Նաև` իմաստը:
Ինքն իր հետ ու իր պատմության ճշմարտության հետ անկողմնակալ առերեսման դատաստանից հետո մարդը փոխվում է` իրենից անկախ, իսկ հասարակությունն անհատներից է կազմված: Ժամանակ է պետք դա զգալու, հասկանալու, իմաստավորելու և ապրելու համար: Եվ դա ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների պատմությունն է, նաև թուրքերի ու հույների, բուլղարների, սերբերի, ասորիների, քրդերի... Դա աշխարհի ժողովուրդների պատմությունն է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2529

Մեկնաբանություններ