Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ԻՐԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ

ԻՐԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ
19.03.2010 | 00:00

Իրանի նկատմամբ Ռուսաստանի ժամանակակից քաղաքականությունը ձևավորվել է 1996-97 թվականներին, երբ Բորիս Ելցինի կառավարության դիրքորոշումը Ալբերտ Գոր-Վիկտոր Չեռնոմիրդին հայտնի համաձայնագրի վերաբերյալ սպառվեց։ Այդ համաձայնագիրը ենթադրում էր կոշտ սահմանափակումներ Իրանին Ռուսաստանի կողմից սպառազինություններ և տարբեր բարձր տեխնոլոգիաներ տրամադրելու վերաբերյալ։
Այդ շրջանում նախկինում Ռուսաստանի արտաքին հետախուզության պետ Եվգենի Պրիմակովը նշանակվեց արտգործնախարարի պաշտոնում, որի հետ էլ մոսկովյան պահպանողական ու ձախ քաղաքական շրջանակները կապում էին արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխությունները։ 1996-ին Ե. Պրիմակովն այցելեց Թեհրան, ինչը ոգևորություն առաջացրեց իրանական քաղաքական ղեկավարության շրջանակներում։ 1997-ի հունիսին Իրանի նախագահ ընտրվեց Մոհամմադ Խաթամին, ինչը սկզբում որոշ անհանգստություն առաջացրեց Մոսկվայում, քանի որ նոր նախագահը համարվում էր լիբերալ բարեփոխիչ, և ինչը Մոսկվայում մտահոգություններ էր առաջացրել Իրան-Արևմուտք հնարավոր մերձեցման վերաբերյալ։ Բայց այդ մտավախություններն էլ շուտով սպառվեցին, քանի որ Իրանի արտաքին քաղաքականության վրա ազդեցություն ունեին ոչ միայն նախագահ Խաթամին և նրա համախոհ արտգործնախարար Քեմալ Խարազին, այլև ավելի պահպանողական տրամադրություններ ունեցող Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։ Եվգենի Պրիմակովի քաղաքականության առնչությամբ առաջացած էյֆորիայի այդ փուլում Իրանի ղեկավարության որոշ խորհրդականներ պնդում էին, թե Պրիմակովի քաղաքականությունը ենթադրում է ոչ թե Իրանի հետ հարաբերությունների զարգացում, այլ նրա նկատմամբ սահմանափակումների հստակեցում, որոնք առկա էին ռուս-իրանական քաղաքական ու ռազմատեխնիկական հարաբերություններում։ Իրանական պաշտոնատար անձինք որոշ ժամանակ չէին ցանկանում դրան հավատալ, քանի որ Ռուսաստանը սկսել էր Իրանին տրամադրել տարաբնույթ քաղաքացիական ու ռազմական տեխնիկա, շարունակում էր աշխատանքները Բուշերի ատոմակայանի գործարկման ուղղությամբ, քննադատաբար վերաբերվում Իրանի մեկուսացման ամերիկյան փորձերին։ Իրանն իր հերթին կատարում էր բոլոր ստանձնած պարտավորությունները Հյուսիսային Կովկասի էթնոկրոնական շարժումների հետ կապված, Աֆղանստանում «հյուսիսային դաշինքի» առնչությամբ, չէր միջամտում Հարավային Կովկասի խնդիրներին գազային և տարածաշրջանային այլ հարցերով։
Միևնույն ժամանակ Իրանն ավելի ու ավելի էր զգում, որ Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված է ոչ միայն ռազմատեխնիկական և բարձր տեխնոլոգիաների մատակարարումների սահմանափակմանը, այլև Իրանի տարածաշրջանային ձեռքբերումների զսպմանը։ Գործնականում ողջ 2000-ականների ընթացքում առկա էր փոխադարձ անվստահություն Ռուսաստանի և Իրանի միջև։ Ռուսաստանն Իրանին էր մատակարարում որոշ բավական հնացած սպառազինություններ, երկակի նշանակության որոշ նյութեր, քաղաքացիական ավիացիայի միջոցներ, որոնք աչքի էին ընկնում բարոյական ու ֆիզիկական մաշվածությամբ։ Ընդ որում, մատակարարումները հաճախ ընդհատվում էին, ունեին անկանոն բնույթ, և Մոսկվան մեղադրում էր իրանցիներին պայմանավորվածությունները հարգել չկարողանալու, մատակարարումների դիմաց չվճարելու համար։ Մինչև այժմ Ռուսաստանը չի կատարել խոստումը S-300 հրթիռների մատակարարման վերաբերյալ, ինչն իրանցիները համարեցին «հարված թիկունքից»` ԱՄՆ-ի և հատկապես Իսրայելի մշտական սպառնալիքների պայմաններում։ Ռուսաստանն ակտիվ հակահետախուզական գործունեություն է ծավալել տեխնիկական փաստաթղթեր և ռազմական ու այլ արդյունաբերության համար որոշ համալրող սարքավորումներ ձեռք բերելու Իրանի փորձերի դեմ։ Եղել են դեպքեր, երբ Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում հակահետախուզությունը դիտավորյալ կազմակերպել է «տեղեկատվության արտահոսք» արդյունաբերական լրտեսություն իրականացնող իրանցի գործակալների դեմ։ Ընդ որում, այդ իրական ու մտացածին հակահետախուզական գործողությունների մասին հրապարակվում էր մամուլում։ Այսպիսի հարաբերությունները պետությունների միջև դժվար է բարեկամական համարել։
Միաժամանակ Ռուսաստանը քայքայիչ աշխատանք էր տանում Հյուսիսային Աֆղանստանում ու Տաջիկստանում Իրանի դիրքերը թուլացնելու ուղղությամբ և բացարձակապես շահագրգռված չէր նրա ամրապնդմամբ Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում։ Նույնիսկ ԱՄՆ-ի ազդեցությունը սահմանափակելու նպատակով հնարավոր համագործակցության վերաբերյալ իրանցիների ակնարկների պարագայում, Մոսկվայում շարունակում են դատել հետևյալ կերպ. «Ամերիկացիները Կենտրոնական Ասիայում և Կովկասում ժամանակավոր գործուղվածներ են, իսկ իրանցիները կարող են հաստատվել երկար ժամանակով»։ Իրանի ծրագրերը Հայաստանին գազ մատակարարելու ուղղությամբ նկատելիորեն սրբագրվեցին Ռուսաստանի կողմից, որը զգուշանում է գազի եվրոպական շուկայում մրցակցի ի հայտ գալուց։ Համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականության մեջ իր դերն ուժեղացնելու Իրանի ձգտմանը բավական կոպիտ պատասխան էր այն, որ գործնականում մերժեցին նրա անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ), թեպետ այդ հարցում շահագրգիռ էին նաև չինացիները։
2000-ականների երկրորդ կեսից Ռուսաստանը փորձում է փոխհատուցել իր անհաջողություններն արևմտյան տերությունների հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու առումով իսլամական աշխարհի, ամենից առաջ` Իրանի, Թուրքիայի, Սիրիայի, Եգիպտոսի, Պակիստանի, ինչպես նաև Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Սակայն պարզվեց, որ հատկապես նշված ասիական պետությունների հետ հարաբերությունների զարգացումը պակաս բարդ գործ չէ, քան արևմտյան տերությունների հետ հարաբերությունները։ Ասիական այդ երկրների մի մասը, հատկապես Հնդկաստանն ու արաբական պետությունները, ԱՄՆ-ի ուժեղ ազդեցության ուղեծրում են, և այդ հարաբերություններում «ճեղք» բացելը հեշտ գործ չէ։ Այլ պետություններ, և հատկապես Թուրքիան, գտնվում են ճամփաբաժանում, «նոր ուղու» փնտրտուքի մեջ են, ինչը վտանգավոր է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ամերիկացիների ու եվրոպացիների համար։ Իրանի հետ բարեկամությունը և որոշակի սերտ հարաբերությունները, ռուսական քաղաքական գործիչների կարծիքով, իրենց երկրին զգալի վնաս են հասցնում, քանի որ կասկածի տակ են դնում Ռուսաստանի պարտավորություններն արևմտյան առաջատար գործընկերների նկատմամբ, ինչպես նաև Մոսկվայի դեմ են գրգռում մերձավորարևելյան շատ պետությունների, որոնք Իրանին դիտարկում են իբրև հակառակորդ։
2007-2008 թվականներից հետո Ռուսաստանը, հավանաբար, որոշել է վերադառնալ Արևմուտքի հետ ավելի սերտ ու գործընկերային հարաբերություններ հաստատելու խնդրին, ինչը իբր այլընտրանք չունի, և որին կարող է խանգարել նրա լոյալ վերաբերմունքն Իրանի նկատմամբ։ Ներկայումս նկատելի փոփոխություններ են տեղի ունեցել Իրանի նկատմամբ առաջատար եվրոպական պետությունների դիրքորոշումների և գործունեության տրամաբանության մեջ։ Ֆրանսիան ու Գերմանիան փորձում են մշակել և իրականացնել նոր, ավելի ինքնուրույն քաղաքականություն Իրանի նկատմամբ, որը կախված չի լինելու ԱՄՆ-ի կարծիքից կամ դիրքորոշումից։ Մեծ Բրիտանիան, որը երկար ժամանակ փորձում էր միջնորդի դեր խաղալ արևմտյան հանրության և Իրանի հարաբերություններում, այժմ հարկադրված է միանալու եվրոպական գործընկերներին։ Ֆրանսիան ու Գերմանիան քայլ առ քայլ տարաբաժանվում են ԱՄՆ-ի քաղաքականությունից, փորձելով այդ քաղաքականությունը մոտեցնել իրենց և դրանով իսկ ավելի կարևոր դեր ստանձնել միջազգային քաղաքականության մեջ։ Իրանական հիմնախնդիրը կարևոր գործոն է դարձել եվրոպական մայրցամաքային պետությունների նոր դիրքերի ձևավորման համար, և նրանք հետագայում չեն էլ պատրաստվում վերադառնալ այն իրավիճակին, երբ իրենք ընդամենն Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու հարցում «երկրորդական» մասնակիցներ էին։ Ի տարբերություն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիան և Գերմանիան արդյունաբերական արտադրանքի լայն ծավալներ են արտահանում Իրան, միաժամանակ խոշոր ներդրողներ են այդ երկրում և ամենևին շահագրգռված չեն Իրանի մեկուսացմամբ։ Միևնույն ժամանակ, եվրոպացիներն ուժեղացրել են ճնշումն Իրանի վրա, ձգտելով դարձնել նրան ամենից առաջ եվրոպական «հաճախորդ», կապելով նրան իրենց ռազմավարությանն ու քաղաքականությանը։ Եվրոպացիները հասկանում են, որ Իրանի իրական տնտեսական շրջափակումն առանց իրենց մասնակցության անհնարին է, և չեն շտապում այս ուղղությամբ իրենց ծրագրերն իրագործել։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիան ու Գերմանիան ձեռք կբերեն անհամեմատ ավելի ուժեղ դիրքեր իրանական հիմնախնդրի շուրջ, եթե համագործակցեն Ռուսաստանի հետ, որն Իրանի կարևորագույն գործընկերն է քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիաների բնագավառներում։ Ֆրանսիա-Գերմանիա-Ռուսաստան եռյակի ձևավորումը, Մեծ Բրիտանիայի հարկադրված համախմբվածությամբ, հնարավորություն կտա միանշանակորեն փոխելու խաղը և ԱՄՆ-ին դնելու այն տերության կարգավիճակում, որը կորցրել է Իրանի նկատմամբ պահանջներ ներկայացնելու մենաշնորհը։ Ֆրանսիան ու Գերմանիան հուսով են նաև, որ այսպես թե այնպես Չինաստանն էլ հարկադրված կլինի մերձենալ իրենց դիրքորոշմանն Իրանի հարցում։ Ռուսաստանը հասկանում է իր կարևոր դերն այս խաղում, բայց միաժամանակ գիտակցում է, որ եվրոպացիների հետ համագործակցությունից հրաժարվելը կհանգեցնի իր մեկուսացմանն աշխարհում, կհարկադրի եվրոպական երկրներին կրկին մերձենալու ԱՄՆ-ի հետ, և իրական նախաձեռնությունը «իրանական խաղում» կկորսվի։ Ռուսաստանի համար «իրանական խաղը» շանս է արժանապատիվ տեղ զբաղեցնելու եվրոպական քաղաքականության մեջ` ցուցադրելով Եվրոպայում ընդունված կանոններով ու հնարքներով քաղաքականություն իրագործելու իր ընդունակությունը։ Հիմնական ռազմավարական խնդրի լուծմանը զուգահեռ Ռուսաստանը ձգտում է «իրանական խաղի» միջոցով կարգավորել նաև էներգետիկ քաղաքականությունը և ամենից առաջ պահպանել իր դիրքերը գազային բիզնեսում։ Ռուսաստանն առաջ է քաշել եվրոպական անվտանգության իր հայեցակարգը, որը քննադատում են ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, սակայն նա կցանկանար ի ցույց դնել Ասիայում իր հավակնությունները զոհելու պատրաստակամությունը` հանուն եվրոպական գործընկերների հետ միասնության։
Միևնույն ժամանակ Ռուսաստանի համար կարևոր է «իրանական խաղի» մեդալի մյուս կողմը։ Այսինքն` մեծացնել իր դերն Իրանի հետ հարաբերություններում իբրև գործընկեր և օգտագործել այդ դերը Եվրոպայում և ընդհանուր առմամբ Արևմուտքում` աշխարհում իր նշանակությունն ի ցույց դնելու նպատակով։ Իրանի համար իդեալական վիճակ կլիներ, եթե Ռուսաստանն ու Չինաստանն առավելագույնս տարաբաժանվեին արևմտյան հանրությունից, ինչը կարող էր հուսադրող լինել, որ այդ երկու տերությունների հետ Թեհրանին կհաջողվի վստահելի հարաբերություններ կառուցել։ Իրանի համար ամեն ինչ կորսված չէ, քանի որ Ռուսաստանն ու Չինաստանը չեն շտապում ընդունել Արևմուտքի պահանջները և իրագործում են իրենց շահերից բխող քաղաքականություն։ Իր նկատմամբ սպասվող պատժամիջոցների կապակցությամբ Իրանը բավական վստահ է պահում իրեն։ Ռուսաստանի և Չինաստանի համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այդ պատժամիջոցներին համաձայնություն տալը կդառնար իրենց անկախ քաղաքականությունից հրաժարվելու ցուցանիշ։ Ֆրանսիան (Գերմանիայի աջակցությամբ) շատ ավելի մոտ է կանգնած պատժամիջոցներին հավանություն տալուն, սակայն եվրոպացիների համար էլ այդպիսի որոշումն ամենևին չի համապատասխանում նրանց ռազմավարական նպատակներին։ Պատժամիջոցների կիրառումը կբերի նրանց դիրքերի խարխլման, Ռուսաստանի ու Չինաստանի հետ փոխըմբռնման բացակայության, և արդյունքում ԱՄՆ-ը գերակա դիրքեր կունենա «Մեծ Մերձավոր Արևելքի» տարածաշրջանում։
Ռուսաստանի համար ամենաիդեալական ոճը կլիներ Իրանի հետ հարաբերություններում ստեղծել այնպիսի իրավիճակ, որ վերջինս դառնար «ենթակայացված պետություն»։ Գործնականում միշտ այդպիսին էին Մոսկվայի հայացքներն ու մտադրություններն Իրանի նկատմամբ, ինչպես իսլամական հեղափոխությունից առաջ, այնպես էլ հետո։ Այս հարցադրումից ելնելով էլ Ռուսաստանը չի կարող թույլ տալ Իրանի արագընթաց տեխնոլոգիական զարգացումը և խիստ շահագրգռված է այն սահմանափակումներով, որոնք առաջարկում են ԱՄՆ-ը և նրա գործընկերները Իսլամական Հանրապետության հետ համագործակցության համատեքստում։ Սակայն Իրանն այլևս այն չէ, ինչպիսին էր Իրաքի հետ ծանր ու ավերիչ պատերազմից հետո, և Ռուսաստանը չի կարող հսկողության տակ պահել այդպիսի դինամիկ զարգացող պետությանը, եթե չգործի Եվրոպայի տեխնոլոգիապես ու տնտեսապես առաջատար պետությունների հետ համատեղ։ Եվրոպայի հետ դաշինքի մեջ գտնվելով, Ռուսաստանը կարող էր Իրանի նկատմամբ իրականացնել ավելի մանևրային ու արդյունավետ քաղաքականություն և պահել նրան որոշակի հարաբերությունների շրջանակում։ Վերջին շրջանում Իրանը հակադիր արձագանք է տալիս Ռուսաստանի այդքան միանշանակ քաղաքականությանը, վերհիշելով պատմական անցյալը և Ռուսաստանի ծավալապաշտական քաղաքականությունը Հարավային Կովկասում 19-րդ դարի սկզբին։
Ռուսաստանի արդիական խնդիրներից մեկն էլ «իրանական խաղը» ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության ծրագրերին կապելն է, որն իբր ուղղված է իրանական հեռահար բալիստիկ հրթիռների դեմ։ Այս կապակցությամբ իրավիճակը թվացյալ թափանցիկ է։ Իրականում ամեն ինչ խիստ խճճված է, և Ռուսաստանն այդպես էլ չի կարողացել համաձայնության գալ Իրանի հետ իրավիճակային այս խաղում իրենց համատեղ պահվածքի վերաբերյալ, երբ մյուս կողմում, իբրև գործընկերներ, հանդես են գալիս ԱՄՆ-ն ու Իսրայելը։ Միաժամանակ ԱՄՆ-ը նույնպես լուրջ չի ընդունում այս խաղարկային իրավիճակը և ամենևին էլ չի պատրաստվում Ռուսաստանին հաճո որոշում կայացնել հակահրթիռային պաշտպանության համակարգի հետ կապված` փոխարինելով դա Իրանի նկատմամբ ռուսական ճնշմամբ։ Խաղն առայժմ չի ստացվում, և ոչ ոք չի կարող ասել, թե որքանով են ԱՄՆ-ն ու Ռուսաստանն ընդունակ համաձայնության գալու այս խնդրի շուրջ։ Բայց Իրանը ցանկացած դեպքում իրեն տուժած է զգում։ «Իրանական խաղը» ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ընդհանուր խնդիրներին կապելու փորձերից բացի, Ռուսաստանն այս խաղի մեջ է քաշում նաև Իսրայելին, հիանալի հասկանալով, թե որքան է դա գրգռում Իրանին։ Երկար տարիների կտրվածքով Ռուսաստանն օգտագործել է իրանական թեման արևմտյան տերությունների հետ իր խնդիրները լուծելու համար, և շատ հաճախ Իրանում Ռուսաստանի նկատմամբ պահանջներ են առաջացել այս կապակցությամբ։ Բայց, այնուհանդերձ, Ռուսաստանին հաջողվել է դուրս գալ նման իրավիճակներից գրեթե Իրանի «փրկչի» կարգավիճակով, ինչը Թեհրանի համար ընդունելի էր, քանի որ Իրանի միջազգային դրությունը ծանր էր, և Ռուսաստանն անհրաժեշտ գործընկեր էր, չնայած ցանկալի հարաբերությունների բացակայությանը։
Իրանցիները շատ լավ հասկանում են, որ Ռուսաստանի խաղերը եվրոպացիների հետ չեն հանգեցնի նրան, որ ռուսները միանան Արևմուտքին Իրանի շրջափակման հարցում նույնիսկ սահմանափակ ձևաչափով։ Եթե արևմտյան հանրության տեսանկյունից Իրանի շրջափակումն ու մեկուսացումը միանգամայն ընդունելի են նրան հսկողության տակ պահելու համար, ապա Ռուսաստանի տեսանկյունից Իրանի շրջափակման ցանկացած ձև կնշանակեր կարևոր դիրքերի կորուստ հարավային ռազմավարական ուղղությամբ։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում Մոսկվայում հասկացել են, որ Իրանը միակ հավանական ռազմավարական գործընկերն է Միջերկրական ծովից մինչև Չինաստան ընկած ահռելի տարածքում։ Առաջավոր և Հարավային Ասիայի տարածաշրջանային տերությունների շարքում (Եգիպտոս, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Իրաք, Պակիստան, Հնդկաստան) Ռուսաստանի համար չկա որևէ պետություն, որ շահագրգռված լիներ նրա հետ ռազմավարական հարաբերությունների կառուցմամբ։ Նույնիսկ Հնդկաստանը, որը երկար տարիներ դիտարկվել է իբրև ռազմավարական գործընկեր, այժմ ավելի ու ավելի է կողմնորոշվում դեպի ԱՄՆ-ը` Չինաստանին դիմակայելու անհրաժեշտությունից ելնելով։ Չի բացառվում, որ ժամանակի ընթացքում վերոնշյալ պետությունների մեծ մասը ոչ միայն «չեզոք» դիրք կգրավի Ռուսաստանի նկատմամբ, այլև կվերածվի նրա հակառակորդների։
Ռուսաստան-Իրան տանդեմում հենց Իրանն է, որն այժմ գտնվում է խուլ պաշտպանության մեջ և հանդես է գալիս Մոսկվայում իր շահերի լոբբիստի դերում, ոչ թե ընդհակառակը։ Ինչպես և Ռուսաստանը, Իրանը գտնվում է կոշտ աշխարհաքաղաքական շրջապատման մեջ, և դա կարող է մերձեցնել ու համադրել երկու պետությունների շահերը։ Վաղ թե ուշ այդ հարաբերությունները կփոխվեն ու ձեռք կբերեն ավելի վստահելի բնույթ։ Բայց հիմա երկու երկրների էլիտաներն էլ պետք է հասկանան, որ փոխադարձ հարաբերություններում վստահության ու պարտավորությունների բացակայության այդպիսի չափաբաժինը հանգեցնելու է թշնամանքի կուտակման և իռացիոնալ վերաբերմունքի ձևավորման։ Իսկ դա ո՛չ մոտավոր, ո՛չ էլ ռազմավարական հեռանկարում երկուստեք շահերից չի բխում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1338

Մեկնաբանություններ