ԱՆՑՅԱԼԻ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎ
Այսօր մի շարք երիտասարդական կառույցներ և առանձին անհատներ են հանդիպումներ նախաձեռնում երիտասարդների ու ղարաբաղյան պատերազմի հերոսների մասնակցությամբ։ Օրերս կայացած հանդիպումներից մեկն Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի (Ագո) հետ էր։
Հանդիպման կազմակերպիչներից մեկն էլ ArmenianHoyse.org կայքի էլեկտրոնային գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանն էր, հանդիպման վայրը` նրա տունը։
Ըստ կազմակերպչի` նմանատիպ հանդիպումների նպատակն է երիտասարդությանը ծանոթացնել Հայաստանի նորագույն պատմության էջերին։
«Պատմությունը պետք է իմանալ ոչ միայն հայրենասիրական նկատառումներով, այլև այն պատճառով, որ այսօրվա իրականության սկիզբը դրվել է հենց այդ տարիներին»,- ասում է համոզված, որ այն, ինչ իր սերնդի համար «երեկվա օր» էր, երիտասարդների համար առասպելական անցյալ է։
«Առասպելին» իրականության շունչ հաղորդեց Ագոն` Արկադի Կարապետյանը։
«Ղարաբաղում կռվողը հավատում էր հաղթանակին։ Հավատում էր, որ պիտի Արցախը միանա Հայաստանին ու վերջ։ Ով չէր հավատում, չէր կռվում»։
Արկադի Կարապետյանը եղել է Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատարը, իսկ մինչ այդ` արցախյան ընդհատակի կոորդինատոր։ Իր խոսքերով` նա զինվոր է, բայց ոչ զինվորական։ Պատմում է, որ մարտադաշտում հայ զինվորը կռվել է անձնվիրաբար և խիզախորեն, այդ պատճառով էլ, չնայած հակառակորդի լավ սպառազինությանն ու մարտադաշտում ունեցած հարմար դիրքին, հաղթանակը մերն է եղել։
«Հիմա, որ նայում ենք Շուշիի ամրություններին, զարմանում ենք, թե ադրբեջանցիներն ինչպես չկարողացան պահել դրանք,- ասում է հրամանատարը և հավելում, թե թշնամին էլ էր հասկանում, որ դա իր հողը չէ, այդ պատճառով էլ «սրտով» չէր կռվում։ Ըստ հրամանատարի` պատերազմը հեշտ չի եղել, իսկ ով հակառակն է պնդում, նա նորմալ չի կռվել։
Երիտասարդներին հետաքրքրում էր, թե ինչպես է նախկին հրամանատարը վերաբերվում Հայաստանի դեմ մղվող տեղեկատվական պատերազմին։ Արկադի Կարապետյանի փոխանցմամբ` պատերազմների հիմնական միտումը ազգերի կամքին տիրանալն է, և ներկայիս քարոզչությունը նույնպես մեր կամքը թուլացնելուն է միտված։ Կամքը չթուլացնելը, սակայն, մեզ շատ անհրաժեշտ է, որովհետև տեղեկատվական պատերազմը կարող է իրականի վերածվել։
«Վտանգի զգացողությունը բթացած է։ Այսօրվա սերունդը չի պատկերացնում, որ կարող է նորից պատերազմ լինել։ Ո՞վ է ասում, որ խաղաղություն է»,- հռետորական հարց է ուղղում Ագոն։
Այնուամենայնիվ, հրամանատարը համոզված է, որ եթե պատերազմ լինի, բոլորը կգնան կռվելու։
«Մեր սերունդը ձեր սերնդից լավը չէր։ Ես մեր ազգին շատ սիրում ու հավատում եմ։ Ով ազգի մասին չի մտածում, նա հայ չէ»,- ասում է մասնագիտությամբ կենսաբան Արկադի Կարապետյանը։
Հանդիպումը Ագոյի հետ նախատեսվածից երկար տևեց։ Հարկ է նշել, որ մասնակիցների մեջ աղջիկները տղաներին ոչ թվով էին զիջում, ոչ էլ հետաքրքրասիրությամբ ու տեղեկացվածությամբ։
«Այս հանդիպումներն անհրաժեշտ են և պետք է կրեն պարբերական բնույթ,- ասում է մասնակիցներից Նվարդ Չալիկյանը։- Դրանք պետք է հիշեցնեն մեզ, որ մենք հաղթանակած սերնդի զավակներ ենք։ Դա անհրաժեշտ է, որպեսզի մենք հենց այդ հոգեբանության կրողները լինենք, ոչ թե երկչոտաբար գլուխ խոնարհենք մեր թշնամու կամ օտարների առջև և հանդուրժենք միտքն այն մասին, թե լավագույն հայորդիների արյամբ ազատագրված մեր հայրենիքի մի մասը վաճառքի կամ փոխանակման ենթակա տարածք է»։
Մանվել ՔԵՇԻՇՅԱՆ