Հայաստանում ներքաղաքական իրավիճակը վերջին երկու տարիներին այնքան փխրուն է, որ ցանկացած, առաջին հայացքից նույնիսկ ոչ այնքան նշանակալի գործողությունը կարող է ուժերի բոլորովին նոր դասավորություն ստեղծել, ինչպես տեղի ունեցավ մարտի 1-ին ընդդիմության հրավիրած բավականին բազմամարդ հանրահավաքից հետո։
Բավական էր, որ գազի գների բարձրացման որոշումը կայացվեր, այն իր հետ բերեց նաև առաջին անհրաժեշտության ապրանքների նոր թանկացում և առանց այն էլ անկայուն սոցիալական վիճակի սրում։ Ընդդիմությունը չհապաղեց օգտվել ընձեռված հնարավորությունից և իր «ռեաբիլիտացիայի» համար անհրաժեշտ նախապայմաններ ձևավորելուց։ Բայց խնդիրն այն է, որ այդ իրադարձությունը շղթայական ռեակցիայի ձևով անմիջապես անդրադարձավ կառավարող կոալիցիայի շարքերի վրա։ Եվ այս պարագայում էական են ոչ այնքան կադրային փոփոխությունները կառավարությունում կամ կոալիցիայի կուսակցությունների կողմից իրենց իսկ ձևավորած կառավարության քննադատությունը, որքան արտահերթ խորհրդարանական ընտրությունների ուրվականը, որը Մատենադարանի հարթակից ընդդիմության հնչեցրած կոչերի հետ մարմին առավ ու սկսեց թափառել Ազգային ժողովի միջանցքներում։ Խորհրդարանական «կուլուարներում» արտահերթ ընտրությունների հավանականության և նպատակահարմարության մասին ակտիվ քննարկումներ են ընթանում, չնայած պաշտոնապես, ժողովրդական լեզվով ասած` «երեսանց», կոալիցիոն քաղաքական ուժերը շարունակում են հերքել ԱԺ արտահերթ ընտրությունների հնարավորությունը, խորհուրդ տալով ընդդիմությանը հույսերը «բարձի մեջ կարել» մինչև 2012 թվականը։
Այնուհանդերձ, բնակչության գարնանային քաղաքական ակտիվությունը փաստ է։ Այդ ակտիվությամբ փաստվեց նաև, որ արմատական ընդդիմությունը, ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, ոչ մի տեղ չի անհետացել և իր վարկանիշը հանրության մեջ արագ վերականգնելու իրական հնարավորություններ ունի։ Ընդհանրապես, ընդդիմությունից ազատվելու մի քանի միջոց ուներ իշխանությունը, որոնցից ոչ մեկը կա՛մ չցանկացավ, կա՛մ չկարողացավ արդյունավետ օգտագործել։ Անշուշտ, ընդդիմությանը հենարաններից զրկելու առաջին և ամենաարդյունավետ միջոցը կլիներ անցած երկու տարիների ընթացքում տնտեսական, իրավական և համակարգային որոշ բարեփոխումների իրագործումը։ Թե ինչ է պետք անել, այդ մասին շատ է խոսվել, հասկանալի է նաև, որ այսօրվա իշխանությունը նախկինից կուտակված բեռով հանդերձ, երբ գործնականում գրեթե չկան մրցակցության ընդունակ արդյունաբերական ոլորտներ, դժվար թե կարողանար համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում արձանագրել արագ և իրական առաջընթաց, սոցիալական այնքան շոշափելի արդյունքներ, որ ազգաբնակչությունը հիացած մնար իշխանությունների գործունեությունից։
Միաժամանակ որոշ, միգուցե ոչ լիարժեք, բայց մինչև վերջ հետևողական քայլեր արվել են, սակայն Հայաստանում խնդիրն էլ հենց այդ է, որ մինչ օրս որևէ իշխանություն (այդ թվում` իշխանության ղեկի մոտ եղած ներկայիս ընդդիմությունը) մինչև վերջ հետևողական չի եղել իր նախաձեռնած բարեփոխումներում, որոնց արդյունքում համակարգերը շարունակում են գործել կիսատ-պռատ, ինչը պարարտ հող է ստեղծում տարբեր մակարդակի չինովնիկների չարաշահումների, տնտեսական մոնոպոլիաների պահպանման համար։ Մի խոսքով, անցած երկու տարիների ընթացքում իշխանությունը նաև իր իսկ ներսում տեղի ունեցող պայքարի հետևանքով չկարողացավ վերածվել միասնական բուրգի, որը կարողանար ստանձնել իրավիճակի պատասխանատվությունը և իր ունեցած ռեսուրսների ողջ ծավալով լծվել ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Ներիշխանական պայքարը շարունակվում է, հանգուցալուծումը չի երևում, և միգուցե հենց դա էլ կարող է առիթ դառնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետև գործող նախագահն ինչ-որ արդյունքի հասնելու համար պետք է կարողանա նախ և առաջ վերահսկելի համակարգ ստեղծել` չեզոքացնելով տարաբնույթ «ապստամբ սատրապներին»։
Ընդդիմությանն ասպարեզից հանելու հաջորդ միջոցը ներսից նրա պառակտումն ու քայքայումն էր։ Դժվար է ասել, թե ինչ պատճառով` Տեր-Պետրոսյանի շուրջը հավաքված համախոհների ամրությա՞ն, թե՞ իշխանությունների ցանկության բացակայության, ՀԱԿ-ը սկզբունքորեն չպառակտվեց։ Առանձին քաղաքական ուժեր, որոնք համագործակցում էին կոնգրեսի հետ («Ժառանգություն», ՆԺԿ, Հայ կամավորականների համախմբում), հիմնականում հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ համամիտ չլինելով Տեր-Պետրոսյանի դիրքորոշումներին, գրեթե դադարեցրին համագործակցությունը ՀԱԿ-ի հետ և հայտնվեցին ընդդիմադիր գործունեության այլ ձևաչափում։ Կոնգրեսի կուսակցություններից միայն հնչակյանների ներսում խմորումներ եղան, որոնք շարունակվում են մինչ այսօր, բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, այդ խմորումները վճռորոշ ազդեցություն չունեին նույնիսկ այդ կուսակցության մեջ` հօգուտ իշխանությունների արմատական բեկում մտցնելու առումով։ Առավել ևս, որևէ ազդեցություն չէին կարող ունենալ կոնգրեսի մարտավարության և նրա ներսում գործող կուսակցությունների հարաբերությունների վրա։
Եվ վերջապես, արմատական ընդդիմությանն ասպարեզից հանելու երրորդ իրական միջոց կարող էր լինել մեկ այլ ընդդիմության ստեղծումը։ Այսինքն, ընդդիմադիր դաշտում այնպիսի ուժերի ի հայտ գալը, որոնք, իշխանությանը դեմ լինելով հանդերձ, միաժամանակ իրենց դիրքորոշումներով արմատապես կտարբերվեին կոնգրեսի կուսակցություններից, և այդ տարբերությունն էլ որոշակի ազդեցություն կունենար ընտրազանգվածի վրա` բաժանելով նրան գաղափարական տարբեր նախապատվություններ ունեցող թևերի։ Սակայն դա էլ տեղի չունեցավ, միակ ընդդիմադիր ձևաչափը, որ ստեղծվեց ընդդեմ իշխանությունների արտաքին քաղաքականության, հատկապես հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացի, 14-ի ձևաչափն էր, սակայն այս միավորումը մնաց լոկալ խնդրի շուրջ միջկուսակցական համագործակցության մակարդակին և չվերածվեց դաշինքի։ Անկեղծ ասած, ակնհայտ էր, որ միավորման մեջ ընդգրկված քաղաքական կուսակցություններն էլ, լոկալ համագործակցությունից բացի, այլ խնդիր ակնհայտորեն չէին դրել իրենց առջև։ Երբ հիմնականում Թուրքիայի քաղաքականության և դրա դեմ գերտերությունների ձեռնարկած քայլերի հետևանքով հայ-թուրքական թմբկահարված «հաշտեցումը» գործնականում մտավ փակուղի, 14-ի ձևաչափն էլ, փաստորեն, դադարեցրեց իր գործունեությունը։ Հրապարակը կրկին մնաց Տեր-Պետրոսյանին ու նրա գլխավորած ՀԱԿ-ին։ Սա օբյեկտիվ իրողություն է, որն անտեսելը պարզապես անիմաստ է։
Հետևաբար, իշխանությանը մնում է ներքաղաքական և ներիշխանական փաստացի ճգնաժամի հանգուցալուծման մեկ իրական ելք. լուծարել ներկայիս Ազգային ժողովը և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Անշուշտ, սա իշխանության համար ռիսկային քայլ է, և չկա երաշխիք, որ հիմնական կառավարող ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կկարողանա խորհրդարանում ապահովել որակյալ մեծամասնություն և միատարր կառավարություն ձևավորել։ Բայց ներկայիս իրավիճակի պահպանումը նույնպես պակաս ռիսկային չէ, որովհետև ակնհայտ է` սոցիալական լարվածությունը մեղմելու համար կառավարությունը ոչ թե ցանկություն, այլ իրական ռեսուրսներ չունի, մինչդեռ գազի գնի բարձրացման հետևանքները, մնացած ամեն ինչի թանկացումով, բնակչության ոչ փոքր զանգվածներին դուրս են բերելու փողոց` ընդդիմության դրոշների ներքո։ ՈՒստի իշխանությունն իմաստուն կլիներ, եթե բավարարեր ընդդիմության պահանջը։ Ընտրությո՞ւն եք ուզում` համեցեք։ Եվ եթե այդ ընտրություններում ընդդիմությունը (տվյալ պարագայում` ՀԱԿ-ը) նույնպես չկարողանա խորհրդարանում որակյալ մեծամասնություն կազմել, առնվազն կդադարի իշխանություններին մեղադրելուց, որ երկրում ստեղծված իրավիճակը չի համապատասխանում խորհրդարանում ներկայացված քաղաքական հարաբերակցությանը։ Այնինչ ընտրությունների միջոցով իշխանությունը կկարողանա լուծել ոչ պակաս կարևոր մեկ այլ խնդիր ևս` իշխանական բուրգի հստակեցումը։ Այն երկակի վիճակը, որ գոյություն ունի այսօր իշխանության ներսում, գումարած ընդդիմության ճնշումը, որ սպասվող թանկացումների պատճառով ավելի լայն թափ է ստանալու, դժվար թե հնարավորություն տա գործող նախագահին ու վարչապետին լիովին կառավարելի դարձնելու իշխանական բուրգն ու շոշափելի բարեփոխումներ իրականացնելու երկրում։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ