Ադրբեջանի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը Եվրամիության Հարավային Կովկասի հարցերի` Բաքվում գտնվող հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանում հնարավոր է իրավիճակի ապակայունացում` կապված երկրում մշտական արտակարգ դրություն մտցնելու հետ։ Իր այդ մտահոգությունը նա բացատրել է նրանով, որ «այսօր Ադրբեջանում կան անօրինական զինված կազմավորումներ, որոնք ընդունակ են արյունահեղություն հրահրելու»։ Այդ հայտարարությունը պատճառ դարձավ, որ բացահայտորեն քննարկվի Ադրբեջանում արտակարգ դրություն մտցնելու և առանձին քաղաքական խմբավորումների կողմից անօրինական զինված կազմավորումներ օգտագործելու հնարավորությունը։
Վրաստանի և Իրանի գործընկերների, ինչպես նաև արտասահմանյան պետությունների դեսպանությունների ներկայացուցիչների, ամերիկյան ու եվրոպական քաղաքագետների և փորձագետների հետ զրույցներում ադրբեջանական քաղաքագետների ու փորձագետների գնահատականների համաձայն, Բաքվում ու նրա արվարձաններում (ոչ մեծ քաղաքներում ու ավաններում) կան տարբեր բնույթի և ուղղվածության չվերահսկվող զինված խմբավորումներ։ Դրանց մի մասը զուտ քրեական բնույթի է, բայց կապված է Բաքվի քաղաքական կուսակցությունների ու քաղաքական խմբերի պարագլուխների հետ, մյուսներն Ադրբեջանի առաջատար քաղաքական կուսակցությունների բաղկացուցիչ մասն են։
Այդ խմբավորումները մեծ մասամբ կապ կամ պարտավորեցնող հարաբերություններ չունեն իսլամական արմատական կամ այլ կազմակերպությունների հետ, որպիսիք ունեն ինչպես Բաքվի քաղաքային շրջանակներում, այնպես էլ երկրի հարավային իրանախոս շրջաններում` Թալիշստանում և Մուղանում գործող գաղտնի զինված կազմավորումները։ Վերջին ժամանակներս նմանատիպ խմբավորումներ են նկատվել Ադրբեջանի հյուսիսի սուննի բնակչության շրջանում, սակայն, որքան էլ տարօրինակ է, դրանք ղեկավարում և ֆինանսավորում են իրանամետ, շիայական կազմակերպությունները։ Ավանդական իսլամական զինված կազմավորումները ստվարաթիվ չեն, ցրված են տարբեր վայրերում և առայժմ նախատեսված են իսլամական քաղաքական գաղափարների առավել ակնառու հակառակորդների դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու, քաոս և անկայունություն հրահրելու համար։ Ընդհանուր առմամբ, իսլամական զինված կազմակերպություններն անտարբեր են օրախնդիր քաղաքական գործընթացների նկատմամբ, ունեն ուժեր, կադրեր կուտակելու, հատկապես տեղական վարչակազմերի, երիտասարդության հետ կապեր հաստատելու առաջադրանք։ Շատ ավելի պակաս ակտիվ, սակայն ավելի ազդեցիկ են առաջատար և մյուս քաղաքական կուսակցությունների հետ կապված զինված խմբավորումները։ Առայժմ այդ խմբավորումների գլխավոր ընթացիկ խնդիրն է ազդեցություն և ճնշում գործադրել ընտրողների, տեղական վարչակազմերի վրա, հաստատել այս կամ այն կուսակցության ազդեցությունն առանձին շրջաններում ու բնակավայրերում։
Կարծիք կա, որ ամենամեծաթիվ զինված խմբավորումներն ունի «Մուսավաթ» կուսակցությունը, որը կողմնորոշված է դեպի Թուրքիայի և արևմտյան հանրության հետ համակեցություն, ամուր կապեր ունի Թուրքիայի քաղաքական ու կառավարական կազմավորումների հետ։ «Մուսավաթի» քաղաքական ընդդիմախոսների կարծիքով, «Մուսավաթ» կուսակցության զինված խմբավորումների ձևավորմանը մասնակցում է թուրքական «Ազգայնական գործողության կուսակցության» մարտական թևը` «Գորշ գայլերը»։ «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարովը` Ադրբեջանի նախագահի պաշտոնի այս հավակնորդը, հանդես է գալիս անմիջականորեն կուսակցության հետ այդ զինված խմբավորումների ուղղակի միավորման դեմ, սակայն ամեն կերպ նպաստում է դրանց ընդլայնմանը։ Բացի այդ, հայտնի է, որ Իսա Ղամբարովն առարկում է մուսավաթամետ զինված խմբավորումների` «Գորշ գայլերի» բջիջների կազմավորմանը։ Դա բացատրվում է ոչ միայն նրանով, որ դա կարող է Ադրբեջանի իշխանությունների հնարավոր գործողությունների առիթ հանդիսանալ, այլև ժամանակի ընթացքում անկառավարելի վիճակ ստեղծել։ Ավելի մեծաթիվ զինված կազմավորումներ ստեղծվել են «Ազգային անվտանգության կուսակցության», «Ժողովրդավարական կուսակցության», «Քաղաքացիական միասնության կուսակցության», «Լիբերալ կուսակցության», «Ժողովրդական ճակատի կուսակցության» հովանավորությամբ։ Որոշ գնահատականների համաձայն, ղարաբաղյան պատերազմի վետերանների և Ղարաբաղի ներքին ազատագրման կազմակերպությունները նույնպես զինված խմբավորումներ ունեն (բայց, հավանաբար, միայն ինքնապաշտպանության համար)։
Ադրբեջանի համապատասխան մարմինները մշտապես այդ զինված խմբավորումների հայտնաբերմանը միտված միջոցառումներ են իրականացնում։ Սակայն հաջողվել է ի հայտ բերել միայն երկու խմբավորում, որոնք ավելի շուտ ունեցել են քրեական հակում։ Ընդ որում, չի հաջողվել համոզիչ ապացուցել նրանց կապը քաղաքական կուսակցությունների հետ։ Չկան այդ զինված կազմակերպությունների հնարավոր թվաքանակի գնահատականներ։ Հազիվ թե դրանց թվաքանակն անցնի 2000-3000 մարդուց։ Կուսակցամետ և քրեական խմբավորումների կողքին կան բազմաթիվ ոչ մեծ զինված խմբավորումներ, որոնք պատկանում են առևտրային ու վարչական կառույցներին։ Այդ խմբերը բաղկացած են 5-10 մարդուց։ Սրանց ծառայություններից լայնորեն օգտվում են գավառային վարչակազմերը, ինչպես նաև օտարերկրյա առևտրային կազմակերպությունները։ Շատ դեպքերում այդ խմբավորումները գտնվում են ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունների հսկողության ներքո։ Առանձին դեպքերում այդ ուժը կարող է օգտագործվել ներքաղաքական իրադրության սրման պարագայում։
Ադրբեջանական փորձագետների գնահատմամբ, Ադրբեջանի քաղաքական կուսակցությունների պարագլուխներն աչքի են ընկնում վախկոտությամբ, անվճռականությամբ, շատ են մտահոգված իրենց անձնական և իրենց ընտանիքների անվտանգությամբ, ինչը մեծ ազդեցություն է գործում ամբողջ քաղաքական գործընթացի վրա։ Սա ևս կարող է արգելակել զինված կազմավորումների օգտագործման վերաբերյալ որոշումների ընդունումը։ Հետաքրքրություն է հարուցում այն, որ տվյալ զինված խմբավորումներին լայնորեն անդամակցում են Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները` լեզգիներ, ավարներ, լակեր, մեսխեթցի թուրքեր, թալիշներ, ինչպես նաև չեչեններ։ Առանձին դեպքերում զինված խմբավորումները, մասնավորապես Բաքվում, կազմավորված են բացառապես չեչեններից։
«Կուսակցական» զինված խմբավորումներից բացի, արտոնյալ ջոկատներ կան ուժային կառույցների կազմում։ Այդ ջոկատները համալրված են Նախիջևանից և այլ վայրերից հավաքագրվածներով, ծառայողներն ընտրվում են ազգականության և անձնական հավատարմության սկզբունքով։ Դրանք կողմնորոշված են Ալիևների կառավարող կլանի շահերի պաշտպանությանը։ Այդ ջոկատները ֆինանսավորվում են բյուջեից, բարձր վարձատրություն ունեն, օգտվում են շատ արտոնություններից։ Հաճախ նրանց տրամադրության տակ լինում են ծխախոտի վաճառակետեր, շուկաներ, դեղատներ, ձկան վերամշակման, ապխտման ոչ մեծ ձեռնարկություններ, խորովածանոցներ, թեյարաններ։ Այդ ջոկատների հրամանատարները կապ ունեն թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ։
2000 թվականից հետո Ադրբեջանում սկսել են ծնունդ առնել կլանային կազմավորումները` ավելի ընդգրկուն բնույթի, քան կուսակցական խմբերն են։ Դրանք յուրօրինակ կորպորացիաներ են, որոնք նպատակ ունեն պաշտպանելու առանձին տարածաշրջանային կլանների շահերը։ Ըստ գնահատումների, այդ կլանների մեծամասնությունն առայժմ մեծ ազդեցություն չունի և քաղաքական կազմակերպությունների դերի չի հավակնում։ Դրանց հիմնական մասը ձգտում է պաշտպանել իր շահերը տեղական մակարդակում, վարչական կազմավորման, գավառային քաղաքի կամ Բաքվի որոշակի հատվածի շրջանակներում։ Բայց, ի տարբերություն «ճյուղային» կլանների, որոնք վերահսկում են, օրինակ, ծխախոտի, բանջարեղենի, ձկան, բենզինի կամ տրանսպորտային բիզնեսը, տարածաշրջանային կլանները «հայտեր են ներկայացրել» քաղաքական գործունեության համար։ Հատկանշական է, որ Հեյդար Ալիևի վարչակազմը շատ լիբերալ վերաբերմունք ուներ «ճյուղային» կլանների նկատմամբ, որոնք մասամբ են միայն կապված քաղաքական կուսակցությունների հետ, բայց շատ խանդոտ են տարածաշրջանային կլանների գործունեության հարցում։ Իլհամ Ալիևը փորձեց «ունիվերսալացնել» ներքին քաղաքականությունն ու վերջնականապես վերջ դնել տարածաշրջանային կլաններին, բայց շատ արագ հրաժարվեց այդ փորձերից։
Մինչև հիմա քաղաքական ասպարեզում գործում է միայն մեկ տարածաշրջանային կլան` Գյանջայինը, որի գործունեության հիմնավայրը երկրի երկրորդ մեծ քաղաք Գյանջան է և այդ քաղաքի մերձակա շրջանները։ Այդ կլանը կարևոր դիրքեր ուներ Խորհրդային Ադրբեջանում, մրցակցելով 1921-1969 թթ. «կառավարած» Շուշիի կլանի հետ։ Անկախ Ադրբեջանի գոյության ժամանակամիջոցում Գյանջայի կլանը միայն մեկ անգամ է փորձել կարևոր դիրքեր գրավել Բաքվում, քաղաքականության մեջ առաջ մղելով Սուրեթ Հուսեյնովին։ Սակայն այդ գործչի վարկաբեկումից հետո Գյանջայի կլանը բառացիորեն ջախջախվեց։
Գյանջայի կլանը նշանակալի և ազդեցիկ սփյուռք ունի Ռուսաստանում, ՈՒկրաինայում և Թուրքիայում, բայց Ադրբեջանում եկամուտների որևէ շոշափելի աղբյուր չունի։ Գյանջա քաղաքը ողբալի վիճակում է, ուր 300 հազար բնակչից, տնտեսական արտագաղթի պատճառով, մնացել է 130-140 հազարը։ Ադրբեջանցի փորձագետների կարծիքով, Հ. Ալիևի վարչակազմը միտումնավոր ավերում է քաղաքի արդյունաբերությունն ու ենթակառուցվածքները, ինչը հանգեցնում է բնակչության արտամղման։ Նշվում է, որ, ինչպես 90-ական թվականների առաջին կեսին, այնպես էլ հիմա, Գյանջայում կա Ադրբեջանի արևմտյան մասն առանձնացնելու և առանձին պետություն` Գյանջայի Հանրապետություն, ստեղծելու գաղափար, նկատի ունենալով, որ այդ մասի բնակչության զգալի մասը էթնիկ առումով տարասեռ է` ունի պարսկական, վրացական, հայկական, այրումյան ծագում։ 1918 և 1992 թվականներին եղել են «Գյանջայի Հանրապետության» հռչակման փորձեր։ Գյանջայի կլանի թույլ կողմը վառ արտահայտված առաջնորդի բացակայությունն է։ Առաջնորդները դատախազության, ՆԳՆ-ի վարչակազմի նախկին (հիմնականում շնորհազրկված) աշխատողներ են, առանձին գրողներ և լրագրողներ։ Կլանն ընդգրկում է մինչև 200 ընտանիք ու տոհմ։ Այդ առաջնորդները փորձում են մշակել նախագահական և խորհրդարանական ընտրություններին կողմնորոշված դիրք։ Երկխոսություն է տեղի ունենում Ադրբեջանի առաջատար քաղաքական կուսակցությունների հետ, որի ընթացքում Գյանջայի կլանի պարագլուխները նրանց արտոնություններ են առաջարկում` պետական կառավարման համակարգում առավելության հասնելու գործում իրենց աջակցելու դիմաց։ Առանձին գնահատականների համաձայն, Գյանջայում ու մերձակա շրջաններում կենտրոնացված են առավել կազմակերպված և ստվարաթիվ անօրինական զինված կազմավորումները։
Մյուս տարածաշրջանային կլանները` Ապշերոնինն ու Շաքիինը, փաստորեն, նոր են վերակազմավորվում։ Քանի որ Ադրբեջանի քաղաքական կուսակցություններն անընդունակ են արմատական հարցեր լուծելու, կառավարող վարչակազմի ուժեղացումը, Բաքվի և շրջանների տնտեսական զարգացման մակարդակների հարաճուն տարբերությունը հանգեցնում են անօրինական զինված կազմավորումների և տարածաշրջանային կլանների դերի ու նշանակության մեծացմանը։
Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանում առաջ են գալիս նոր իրողություններ` իսլամական խմբավորումների և սալաֆյան, արմատական բնույթի համայնքների կողմից ստեղծվող անօրինական զինված ջոկատների կազմավորման առումով։ Այդ խմբավորումները զարգացում են ստացել` մեծապես կազմակերպված քաղաքական ընդդիմության, առավել խոշոր ու նախկինում ազդեցիկ քաղաքական կուսակցությունների փաստական վերացման պատճառով։ Չի կարելի ասել, թե քաղաքական կուսակցությունների սոցիալական բազան «քոչել» է իսլամական արմատական կազմակերպություններ, բայց, քաղաքական կուսակցությունների սնանկությունը, իշխանության այլընտրանք ստեղծելու նրանց անընդունակությունը մեծապես ազդել են ադրբեջանական հասարակության մեջ ազդեցության ու նախապատվությունների վերաբաշխման վրա։ Ադրբեջանական քաղաքական գրականության մեջ, ինչպես նաև եվրոպական ու ռուսական հեղինակների աշխատանքներում, ադրբեջանական հասարակության իսլամացման թեման պատշաճ արտացոլում չի գտնում, ավելին, այդ թեման դիտավորյալ պահվում է քողարկված։ Այդուամենայնիվ, հենց իսլամական շարժումներն են արդեն դարձել ընդդիմության առավել գործուն ու օրախնդիր մասը։ Իսլամական կազմակերպությունների սոցիալական բազայի ընդլայնումը տեղի է ունենում փուլ առ փուլ, երբ նրանց մեջ ներգրավվում են հասարակական բոլոր շերտերը, ներառյալ բնակչության առավել կրթված խավերը։ Իսլամական կազմակերպությունների ազդեցության ընդլայնումը չի կարող չհանգեցնել անօրինական բնույթի զինված կազմավորումների առաջացմանը։ «Իսլամական կուսակցությունը» կողմնորոշված է դեպի Իրան, գտնվում է իշխանությունների սևեռուն ուշադրության ներքո և անօրինական է, հետապնդվում է և պաշտոնական քարոզչության կողմից հորջորջվում Իրանի «հինգերորդ շարասյուն»։ Բայց այդ կուսակցությունն արդեն լայն տարածում է գտել, իրենից ներկայացնում է շիայական կողմնորոշման իսլամական խմբավորումների մի տեսակ դաշնություն կամ միավորում և ունի անօրինական զինված կազմավորումներ ստեղծելու հնարավորություն։ «Իսլամական կուսակցությունը» բազմաթիվ զինված խմբեր ունի ամբողջ Ադրբեջանում, որոնք գործում են խիստ գաղտնիության սկզբունքով, և չնայած այդ խմբերի ինքնուրույնությանը, նրանք ենթարկվում են մեկ հրամանատարության։ Այդ զինված խմբերի կազմավորմանը մասնակցել են մարտական մեծ փորձ ունեցող «փորձագետներ» ինչպես Իրանից, այնպես էլ Իրաքից ու Լիբանանից։ Տեղեկություններ կան, որ գործում են մի քանի բաժան խմբեր, որոնք կազմավորվում են անմիջականորեն Ադրբեջանի քաղաքացիներից։ Առաջին փուլերում այդ խմբերն ու ջոկատները մեծ մասամբ ներառում էին իրանախոս ժողովուրդների ներկայացուցիչների, նախ և առաջ թալիշների, և, մասամբ, մահմեդական թաթերի։ Ներկայումս տեղի է ունենում շիայական բնույթի իսլամական գաղափարների փոխներթափանցում, որոնք ավելի ու ավելի են իշխում ադրբեջանական բնակչության գիտակցության վրա, և թուրքախոս բնակչությունն ակտիվորեն ներգրավված է այդ ջոկատների ստեղծման մեջ։
Որոշ ժամանակ թալիշյան հասարակական գործիչներն այդ խմբերն ու ջոկատները համարում էին «Թալիշստանի ազատագրման բանակ», բայց այդ նախագծի պարագլուխներն այլ կերպ թելադրեցին։ Նրանց հետաքրքրում էր ոչ միայն Թալիշստանը, այլև Ադրբեջանը` որպես գործունեության առավել լայն դաշտ։ Թուրքիայի տեղեկատվության նախարարությունը երկրի Ազգային անվտանգության խորհրդին զեկույց է ներկայացրել Ադրբեջանում անվտանգության խնդրի վիճակի մասին, ուր նշվում է, որ «Իսլամական կուսակցության» ազդեցության տակ գտնվող զինված կազմավորումների անհատական թվակազմը հասնում է 15 հազարի։ Սա արդեն լուրջ հայտ է Ադրբեջանի հասարակական և քաղաքական գործընթացներին հնարավոր զինված միջամտության առումով։
«Իսլամական կուսակցությունը» Ադրբեջանում ունի երկու հիմնական հակառակորդ. պաշտոնական իշխանությունները և սալաֆյան կազմակերպություններն ու խմբերը, որոնք, մեծ մասամբ, գտնվում են Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի որոշակի «հանրային հիմնադրամների» ազդեցության ներքո։ Իրանը չի կարող անտարբեր հետևել, թե սաուդցիներն ինչպես են հանգիստ սալաֆյան ջահամաթների մեջ ներգրավում ավանդականորեն շիա բնակչությանը և ամրապնդում իրենց դիրքերն Ադրբեջանում, այն դիտելով որպես հարմար «հենակետ» հարևան տարածաշրջաններ թափանցելու համար։ Անշուշտ, սալաֆականները ևս զինված ջոկատներ ունեն, բայց դրանց թիվն ու պատրաստվածությունը ոչ մի համեմատություն չունեն «Իսլամական կուսակցության» կազմավորումների հետ։ «Իսլամական կուսակցության» զինված ջոկատների խնդիրներից մեկը հարվածներ հասցնելն է Ադրբեջանի տարածքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին` տարածաշրջանում հնարավոր պատերազմի տարբեր սցենարների դեպքում։ Հարկ է նշել, որ, դատելով թուրք հեղինակների հրապարակումներից, թուրքական հատուկ ծառայությունները շատ ավելի անհանգստացած են Ադրբեջանում Իրանի, քան սաուդցիների ու նրանց աջակիցների ազդեցության ուժեղացմամբ։ «Իսլամական կուսակցությունը» չի սահմանափակվում քաղաքացիական բնակչությամբ, հազարավոր համակիրներ ունի զինված ուժերում, հիմնականում կրտսեր սպաների ու շարքայինների շրջանում։ Ադրբեջանի ղեկավարության համար հատկապես այդ հանգամանքն է առավել լուրջ սպառնալիքը, բայց իշխանությունն առայժմ պատկերացում չունի, թե ինչպես պայքարի այդ գործընթացների դեմ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ