Ամենատարբեր առիթներով ու պատճառներով քննարկման առարկա է դառնում այն հարցը, թե արդյոք Խորհրդային Միությունը վերածնվելու շանսեր ունի՞, թե ոչ։
Բնականաբար, նույն տեսքով կամ մոտավորապես նույն տեսքով ԽՍՀՄ-ի վերականգնվելու շանսերը զրոյին մոտ են։
Բայց աշխարհաքաղաքական հիմնական գործոններից հեռու փախչել չես կարող, և այն տարածքը, որում ժամանակին եղել են Չինգիզ խանի կայսրությունը, Ոսկե Հորդան, Ռուսական կայսրությունը, ԽՍՀՄ-ը և ներկայիս Ռուսաստանը, դարձյալ աշխարհաքաղաքական հզոր բլոկ դառնալու մեծ պոտենցիալ շանսեր ունի։
Դրան կնպաստի նաև գերիշխող դարձող այն գաղափարը, որ նոր պայմաններում աշխարհը պետք է բաժանվի մինիմալ ուժային պահանջները բավարարող խոշոր ու մրցունակ աշխարհաքաղաքական բլոկների։
Եթե հաշվի առնենք, որ որպես նման տեսակի բլոկներ Չինաստանը, Հնդկաստանը և ԱՄՆ-ը արդեն կան, ապա մնացած աշխարհի համար դա դեռևս չլուծված հարց է, բայց որը, ուզած-չուզած, որևէ լուծում պետք է ստանա։
Նմանատիպ կայուն աշխարհաքաղաքական բլոկների ձևավորման ժամանակ հաշվի են առնվում ուժային, տարածքային, ռեսուրսային, դեմոգրաֆիական և բազմաթիվ այլ գործոններ, և այս իմաստով Ռուսատանի՝ միայնակ աշխարհաքաղաքական բլոկ դառնալու հնարավորությունները փոքր են մինիմալից։
Այս իմաստով խնդիր է դրված, թե ուրիշ ում հետ կարող է միավորվել Ռուսաստանը, որի արդյունքում կարող է ձևավորվել մրցունակ աշխարհաքաղաքական նոր բլոկ, այնպիսին, որը ձեռնտու կլինի նաև նրա հետ միավորվողներին։
Այս իմաստով հնարավորություններն ու տարբերակները շատ են, ներառյալ՝ ամենաֆանտաստիկները, որոնք հիմա փորձարկումների փուլում են, քանի որ ուշանալ էլ չի կարելի։
Նույն ձևով անորոշությունների մեջ է նաև Եվրոպայի և ուրիշ շատերի հարցը։
Այս և նման նկատառումներով է նաև, որ Թուրանի չարչրկված ու քարոզչական նպատակներ հետապնդող գաղափարը չիրականացվողների թվին է պատկանում։
Իսկ մեր և մեզ նման բազմաթիվ թույլերի հարցերը ևս անորոշությունների մեջ են, որոնք կամաց-կամաց կպարզվեն հզորների հարցերի հնարավոր լուծումներից հետո։
Պարզունակ ու հեքիաթային պատրանքներով առաջնորդվելը հատուկ է միայն թույլերին և, երբեմն էլ, հարաբերական թույլերին։
Պավել Բարսեղյան