«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Փաշինյանն ուզում է հաղթել Զելենսկուն

Փաշինյանն ուզում է հաղթել Զելենսկուն
20.03.2024 | 11:52

Անխոհեմության, անհեռատեսության ու ինքնաոչնչացման հարցում մի ներքին սփոփանք կար մոտս (դա կոչվում է «համապատասխան» սրտի անհամապատասխան մխիթարանք), որ, չնայած Փաշինյանի բերած մղձավանջին, մենք, այդուհանդերձ, աշխարհում առաջին տեղում չենք: Ներքին «փիլիսոփայական» ուրախություն կար, որ ուկրաինացիներից հետ ենք գտնվում համաժողովրդական մազոխիզմի ու պետականակործան էֆտանազիայի գնալու հարցում:

Դատելով ամենից՝ Փաշինյանն ուզում է առաջ անցնել Ուկրաինայի տխրահռչակ նախագահ Զելենսկուց՝ սեփական պետությունն այլոց ձեռքում մանրադրամ դարձնելու, սեփական երկրի գյուղերն ու քաղաքներն ավերակ դարձնելու, սեփական ժողովրդին թնդանոթի միս սարքելու հարցում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երևանում արձանագրեց այդ ամենը՝ Հայաստանի համար կանխատեսելով ավելի վատ հեռանկար, քան Ուկրաինայի դեպքում է: Այսինքն՝ կրկին «չեմպիոն» դառնալու գծի վրա ենք: Ինչպես 1915-ին:

Ստոլտենբերգը հաճելիորեն զարմացած է, որ, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, իրենք գտել են Հայաստանը հակառուսական պայքարի և համաշխարհային աջ-տրոցկիզմի զոհասեղանին դնելու պատրաստ մեկին: Դրանից չօգտվելը հիմարություն կլիներ, և չի կարելի մեղադրել դրսի մարդկանց, թե ինչու մեր փոխարեն Հայաստանի մասին հոգ չեն տանում:

Ինչ մնում է Թուրքիային ու Ադրբեջանին, ապա դրանք Փաշինյանի պես նվերի մասին նույնիսկ չէին կարող երազել:

Հայ ժողովուրդը պետք է Ուկրաինա չդառնա: Ամո՛թ է: Հետո՞ ինչ, որ գերեզման ուղարկելուց առաջ մեզ պլպլան եվրոպական դագաղ են ցույց տալիս: Սևրում էլ էին ցույց տվել: Հետո՞ ինչ: Պատմության նույն դասարանում քանի՞ անգամ կարելի է մնալ:

Հ.Գ.: Մեր տարածաշրջանում հակապետական, էքսցենտրիկ, արկածախնդիր ու մարազմատիկ ղեկավարներ բոլորն էլ ունեցել են: Ադրբեջանն Էլչիբեյ ունեցավ, Վրաստանը՝ Գամսախուրդիա և Սաակաշվիլի: Բոլորի դեպքում էլ եղան տարածքային կորուստներ:

Փաշինյանը գերազանցեց սրանց՝ պետությանը տված իր վնասով:

Ամբողջ խնդիրն այն է, որ Էլչիբեյը, Գամսախուրդիան, Սաակաշվիլին, իրենց տված վնասից հետո, արագ դուրս շպրտվեցին պետական համակարգից: Փաշինյանը 2020-ից հետո դեռ մնացել է: Այս խարանից պարտավոր ենք ազատվել՝ վատ իմաստով համաշխարհային ռեկորդակիր չդառնալու համար:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ