«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Պաղեստինա-իսրայելական հակամարտության գեոէկոնոմիկան-2

Պաղեստինա-իսրայելական հակամարտության գեոէկոնոմիկան-2
14.10.2023 | 06:55

Սկիզբը՝ այստեղ

Կհանգեցնի՞ պաղեստինա-իսրայելական պատերազմը միջազգային նավթային ճգնաժամի: Շատերի կարծիքով՝ դրա հավանականությունը բավականին բարձր է: Զուգահեռներ են անցկացվում 1973 թ. արաբա-իսրայելական 4-րդ պատերազմի հետ, որի հետևանքով համաշխարհային նավթի շուկան հայտնվեց 20-րդ դարի ամենածանր ճգնաժամի պայմաններում:

Սակայն այսօր Պաղեստինի ու Իսրայելի միջև մղվող պատերազմն ունի մի շարք որակական տարբերություններ, որոնք դեռևս թույլ չեն տալիս նոր էներգետիկ ճգնաժամի մասին խոսել:

1. Այսօր արաբական աշխարհն այնքան կոնսոլիդացված չէ, ինչպես 1960-1970-ականներին: Իսրայելին օգնություն ցուցաբերող Արևմուտքին զսպելու նպատակով 1973 թ.-ին ՕՊԵԿ-ի արաբական անդամ երկրները առաջին անգամ կիրառեցին այսպես կոչված «նավթային զենքը»՝ արդյունահանման ծավալների կտրուկ կրճատման ու, հետևաբար, գնի գրեթե կրկնակի բարձրացման տեսքով: (Երեկ Քաթարը հայտարարեց, որ կսահմանափակի հեղուկացված գազի արտահանումը, եթե Իսրայելը շարունակի ռմբակոծել Գազան, սակայն ժամեր անց հերքեց դա):

2. Ի տարբերություն 1973 թ.-ի ճգնաժամի՝ այսօր գործում է ՕՊԵԿ-ին որոշակի հակակշիռ ապահովող կազմակերպություն՝ Միջազգային էներգետիկ գործակալությունը, որը կոչված է պաշտպանել նավթ ներկրող երկրների շահերը: 1974 թ.-ին ստեղծված գործակալության առանցքային գործառույթներից է նավթի ռազմավարական պաշարների ձևավորումն ու կառավարումը՝ որպես միջազգային էներգետիկ անվտանգության բարձիկ: Ռեզերվներըը բացվել են մի քանի անգամ՝ Պարսից ծոցի պատերազմի, Լիբիայում քաղաքացիական պատերազմի, «Քաթրին» և «Ռիտա» փոթորիկների, ինչպես նաև վերջին շրջանում՝ ուկրաինական դեպքերով պայմանավորված նավթի պակասորդի ժամանակ: Ու թեև այս պահին պաշարներն էապես կրճատվել են (հաշվի առնելով Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի կողմից որդեգրված արդյունահանման կրճատման քաղաքականությունը), այնուամենայնիվ, դրանք դեռևս կարևոր զսպող գործոն են հանդիսանում: Չմոռանանք, որ ռազմավարական պաշարներ ունի նաև Վաշինգտոնը:

3. Միջազգային նավթային ճգնաժամ կարող է սկսվել այն դեպքում, եթե Իրանն ուղիղ մասնակցություն ունենա ռազմական գործողություններին: Դա կնշանակի լարվածության էական աճ Պարսից ծոցում ու, մասնավորապես, Հորմուզի նեղուցում, որով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 25%-ը:

Ինչ վերաբերում է գազի շուկային, ապա ճգնաժամային միտումներն այստեղ, թերևս, ավելի հստակ են:

Շարունակելի

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2582

Մեկնաբանություններ